Հենրի Քիսսինջերի իմաստուն խոսքերը

Հենրի Քիսսինջերի իմաստուն խոսքերը

Հոդվածի առանցքում

  • Քիսսինջերը մտահոգված է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ճկուն ու բավականին հաջողված աշխարհակարգն այսօր քայքայվում է:
  • Այս աշխարհակարգի վերակառուցումը էական նշանակություն ունի 21-րդ դարի համար:
  • Այս կառուցվելիք աշխարհակարգում ԱՄՆ-ը կմնա ամենաազդեցիկ երկիրը, բայց ստիպված կլինի իշխանությունը կիսել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ:
  • ԱՄՆ-ը պետք է վերագտնի ինքնավստահությունը՝ որպես առաջնային միջազգային դերակատար:

Ուշադրությանն արժանի

91-ամյա Հենրի Քիսսինջերի համար կայուն ու ներդաշնակ աշխարհակարգի ստեղծումը եղել է նրա արտասովոր կյանքի ու կարիերայի հիմնական նպատակը: Պատահական չէ, որ «Աշխարհակարգ»-ը (World Order) նաև նրա կարևոր նոր գրքի վերնագիրն է, որը հաստատում է այն, որ Քիսսինջերն ամերիկյան պատմության մեջ արտաքին հարաբերությունների ու դիվանագիտության բնագավառի ամենահաջողված մտածողներից մեկն է:

Այս շաբաթ Քիսսինջերը վերադարձել է Հարվարդի համալսարան, որտեղ  Երկրորդ աշխարհամարտից հետո նա կատարել է իր առաջին քայլերը որպես փայլուն ուսանող և պրոֆեսոր: Նա ուսանողների հետ խոսելու է Չինաստանի Մաո Ցզե Դունի ու Ժոու Էլնայի,  Խորհրդային Միության, Լեոնիդ Բրեժնևի և 1973 թվականի հոկտեմբերյան պատերազմից հետո Իսրայելի, Սիրիայի ու Եգիտպոսի ղեկավարների հետ ունեցած իր առավել դժվար բանակցությունների մասին:

Քիսսինջերը, ում Վոլտեր Իսաաքսոնը (Ասպեն ինստիտուտ) անվանել է «Ձմեռային առյուծ», գրել է մի ազդեցիկ գիրք, որը կօգնի ամերիկացիներին՝ հասկանալու անկայուն աշխարհակարգն ու մեր տեղը դրանում:

Եվ կատարվեց ճիշտ ժամանակին: Այս տարվա միջազգային սեյսմիկ ցնցումները հաստատում են, որ մենք փորձում ենք համաշխարհային խաղաղության հասնել՝ առանց մնացած մարտահրավերները հաշվի առնելու, որոնք կարող են առավել մեծ բռնությունների ու անկարգությունների հանգեցնել հաջորդ տարի: Թեժ Մերձավոր Արևելքում 2011 թվականի ժողովրդական հեղափոխությունները մեծամասամբ ձախողվել են, որի արդյունքում գրեթե բոլոր երկրներն է՛լ ավելի վատ վիճակում են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շարունակվող ագրեսիան Արևելյան Ուկրաինայում սպառնում է Եվրոպայի նվիրական դեմոկրատական խաղաղությանը, որը ձեռք է բերվել Սառը պատերազմի ավարտից հետո: Ինքնավստահ ու հաստատակամ Չինաստանը վիճարկում է Ֆիլիպինների, Վիետնամի ու Ճապոնիայի օրինական սահմանները՝ հյուսիսում և Արևելա-չինական ծովում: Իսկ ՄԱԿ-ի նոր զեկույցը նախազգուշացնում է, որ կլիմայական փոփոխությունների հետևանքները կարող են ավելի ծանր լինել, քան ամենազգուշավոր գիտնականները կանխատեսել էին:

Ըստ Քիսսինջերի այս և այլ փորձությունները քայքայում են միջազգային կարգը, որը նա, արդարացիորեն, գլոբալ կայունության, բարգավաճման ու խաղաղության անհրաժեշտ նախապայման է համարում: Միասին դրանք այնպիսի եղանակներով են մարտահրավեր նետում նախագահ Օբամայի դիվանագիտական հնարամտությանը, որոնք քչերը կպատկերացնեին երկու տարի առաջ նրա վերընտրվելու ժամանակ:

Քիսսինջերը մտահոգված է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Հարրի Թրումենի, Ջորջ Մարշալի, Դին Աչեսոնի և այլոց կողմից ստեղծված ճկուն ու բավականին հաջողված աշխարհակարգն այսօր քայքայվում է: Ըստ Քիսսինջերի՝ այս աշխարհակարգի վերակառուցումը էական նշանակություն ունի 21-րդ դարի համար: Այս կառուցվելիք աշխարհակարգում ԱՄՆ-ը կմնա ամենաազդեցիկ երկիրը, բայց ստիպված կլինի իշխանությունը կիսել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ: Ամերիկացիները պետք է օգնեն իդեալիզմի ու ռեալիզմի միախառնման միջոցով ձևավորել այս աշխարհակարգը և, ինչպես Քիսսինջերը գրել է, «գործել երկու ռեժիմով»: Այս միջանկյալ ուղին պարտադիր է խաղաղության վերահաստատման ու գերհզոր ուժերի պոտենցիալ ավերիչ պայքարից խուսափելու համար:

Քիսսինջերի գրքի այս մեջբերումները անմիջականորեն խոսում են այն մասին, ինչը ես համարում եմ Օբամայի վերջին երկու տարվա գլխավոր մարտահրավերը:

ԱՄՆ-ը պետք է վերագտնի ինքնավստահությունը՝ որպես առաջնային միջազգային դերակատար: Մենք պետք է հարգենք ամերիկյան իդեալները՝ հակադրվելով Ուկրաինայում ռուսական ագրեսիային ու Ասիայում չինական արկածախնդրությանը, միևնույն ժամանակ սելեկտիվ սկզբունքով անենք այն ամենը, ինչը կկանխի Մերձավոր Արևելքում բռնությունը:

Այդ նույն ժամանակ մենք պետք է դռները բաց պահենք Մոսկվայի ու Պեկինի համար այնպիսի խնդիրների դեպքում, որտեղ նրանք մեծ ազդեցություն ունեն, ինչպիսին են, օրինակ, կլիմայական փոփոխությունները, ահաբեկչությունը, Իրանն ու Հյուսիսային Կորեան: Չնայած Ռուսաստանի ու Չինաստանի հետ ունեցած մեր մի շարք հակասություններին՝ մենք չենք կարող մեկուսի գործել: Այս մարտահրավերները արմատավորվում են պատմական ու մտավոր մի տիրույթում, որը Քիսսինջերը ցանկացած ամերիկացուց լավ կարող է հասկանալ: ԱՄՆ-ը չի կարող աշխարհի՝ հանրապետական ու դեմոկրատ նախագահների կողմից ստեղծված կենտրոնական դերից հրաժարվել, քանի որ, ինչպես զգուշացնում է Քիսսինջերը, «միջազգային համակարգի վերակառուցումը մեր ժամանակներում պետության ղեկավարման գլխավոր խնդիրն է»: Սրանք հարգարժան ամերիկացու իմաստուն խոսքերն են:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment