Հենրի Քիսինջեր. Պուտինը Ստալին չէ

Հենրի Քիսինջեր. Պուտինը Ստալին չէ

Հոդվածի առանցքում

  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աճող հակամարտությունն այսօր նույնը չէ, ինչ սառը պատերազմի ժամանակ:
  • Ըստ Քիսինջերի, Պուտինը խորապես վիրավորված է արեւմտյան գործողություններից եւ արձագանքում է այնպես, որ Պետրոս Մեծին էլ հասկանալի կլիներ:
  • Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները վատ մեթոդ է միջազգային հարաբերություններում:

Ուշադրությանն արժանի

Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աճող հակամարտությունն այսօր նույնը չէ, ինչ սառը պատերազմի ժամանակ էր , Հենրի Քիսինջերը ասել է այս շաբաթ Նյու Յորքում, Արտաքին հարաբերությունների խորհրդի սիմպոզիումի ժամանակ, որը նվիրված էր Բեռլինի պատի անկման 25-ամյակին:

Այնուամենայնիվ, նախկին պետքարտուղարը, որը 91 տարեկանում էլ ուժեղ եւ ազդեցիկ հեղինակություն է արտաքին քաղաքականության ոլորտում, ասաց. «Ես շատ եմ ցավում իրավիճակի համար, որը զարգանում է և չի ապահովում խաղաղությունն Ուկրաինայում, ոչ էլ կայունությունը`միջազգային համակարգում»:

Հարցին, թե արդյոք նա տեսնում է զուգահեռներ Ստալինի եւ Պուտինի միջև, Քիսինջերը պատասխանել է, «Իրականում, ոչ: Ես չեմ կարծում, որ Պուտինը մտածում է թե Ռուսաստանի կառավարման համակարգը իր բնույթով անհամատեղելի է Արևմտյան կառավարման համակարգին: Նա խորապես վիրավորված է արեւմտյան գործողություններից եւ արձագանքում է այնպես, որ Պետրոս Մեծին էլ հասկանալի կլիներ: Բարդ իրադրություն է: Բայց չեմ կարծում, որ մենք կանգնած ենք նույն երեւույթի առաջ, ինչ սառը պատերազմն է»:

Քիսինջերը, որը նաեւ ազգային անվտանգության հարցերով նախագահ Ռիչարդ Նիքսոնի խորհրդականն էր, Ուկրաինայի հակամարտության համար մասամբ մեղադրում է Արեւմուտքին: «Ստեղծված իրավիճակը հասունացավ մի քանի ամսում: Կարծում եմ, արեւմտյան կողմը լիովին չի գիտակցում կատարվող իրադարձությունների հետեւանքները եւ չի օգտագործում այն հնարավորությունները, որոնք կարող են մատչելի դարձնել հիմնարար խնդրի` Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկարաժամկետ հարաբերությունների մասին քննարկումը»:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ միջազգային հանրությունը չի կարող «ընդունել այն հիմնավորումը, որ մի երկիր հանգիստ կարող է վերցնել մեկ այլ երկրի մի հատվածը: Մենք ընդունում ենք, որ տարածքի մի մասի բռնակցումը դեմ է միջազգային համակարգին»:

Այս տարվա սկզբին Ռուսաստանը կազմակերպեց Ղրիմի` Սևծովյան թերակղզու տարանջատումը Ուկրաինայից: Արեւմտյան կառավարությունները մեղադրում են Ռուսաստանին, որ շարունակում է աջակցել Կիևի դեմ պայքարող անջատողական խմբերին և ապակայունացնում արևելյան Ուկրաինայի իրադրությունը: Մի քանի օր առաջ, Ուկրաինայի անջատողականները ընտրություններ անցկացրին արեւելյան ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետություններում: Ռուսամետ ղեկավարները շահեցին «համոզիչ» հաղթանակներ: Օբամայի վարչակազմը դատապարտել է ընտրությունները, որոնք անօրինական են և սպառնում են փխրուն հրադադարի ռեժիմին: Ռուսաստանն էլ, մյուս կողմից, տոնում է ընտրությունները, դրանք համարելով հարավարևելյան Ուկրաինայի ժողովրդի կամքի ինքնարտահայտում:

Կասկածներ պատժամիջոցների վերաբերյալ

Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս` Քիսինջերը նշել է, որ դրանք տարբեր են Իրանի դեմ պատժամիջոցներից: Վերջիններն, ըստ նրա, ավելի խիստ են, բայց հաջողված, քանի որ Միացյալ նահանգները կարողացավ ջանքերի շուրջ համախմբել ամբողջ միջազգային հանրությանը և պատժամիջոցներն էլ ամբողջովին ուղղված են միջուկային արդյունաբերության դեմ: Իսկ Պուտինի մերձավորներին ուղղված պատժամիջոցները այլ հարց է:

«Ինձ անհանգստացնում է այդ հայեցակարգը»: – ասել է նա: «Սա վատ մեթոդ է միջազգային հարաբերություններում… Միջազգային ի՞նչ համակարգի մասին է խոսքը, եթե ամեն երկիր կարող է պատժել այլ երկրների անհատներին… Ես կփորձեի օգտագործել ուրիշ մեթոդ, որպեսզի հստակ ցույց տայի Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման նկատմամբ մեր չափազանց մեծ դժգոհությունը»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

Write a comment