Ռուսական ներդրումային հիմնադրամում ղեկավարի անհետանալուց հետո քաոսային վիճակ է
Հոդվածի առանցքում
- Blackfield Capital ընկերության հիմնադիր ղեկավար Կիմ Կարապետյանը անհետացել է: Պատճառները հայտնի չեն: Նրա որևէ կերպ հետ չեն կարողանում կապ հաստատել:
- Ղեկավարները հայտնել են, որ ամբողջ գումարը, որ ընկերության հաշիվների վրա էր` մոտ 20 մլն դոլար, այդ թվում ներդրողների կանխիկը բացակայում են:
- հոկտեմբերին, ըստ նախկին աշխատակիցների, ընկերությունը ծրագրել էր առևտրային գործունեություն սկսել Լոնդոնի ֆոնդային բորսայում և Չիկագոյի բորսայում: Ընկերությունը նաև քայլեր էր ձեռնարկել Նյու Յորքում հայտնվելու համար:
- Դժվարության առաջին նախանշանները երևացին 2014-ի գարնանը Ուկրաինայում հակամարտության բռնկումից հետո, որը հանգեցրեց միջազգային պատժամիջոցների կիրառմանն ընդդեմ Ռուսաստանի ձեռնարկությունների և անհատների: Դրանից կարճ ժամանակ անց Blackfield-ը դադարեցրեց իր լիզերը ԱՄՆ-ում և ազատեց բոլոր աշխատակիցներին:
- Ոմն մեկը, ով ներկայացել էր որպես պարոն Կարապետյան, կապվել էր ժամանակավոր էլեկտրոնային փոստից անձնակազմի անդամների և ներդրողների հետ իր անհետացումից մի քանի օր անց: Ըստ նամակի հասցեատերերի, այնտեղ նա գրում էր, որ փախուստի մեջ է իր դեմ անորոշ սպառնալիքների արդյունքում: Նա նաև խոստացել էր վերադարձնել բոլոր միջոցները ներդրողներին:
Ուշադրությանն արժանի
Blackfield Capital-ը դեպի ԱՄՆ ընդլայնվելու ծրագրեր ուներ: Blackfield Capital ՓԲԸ Մոսկվայի խոշոր ընկերություններից էր, որը կազմակերպում էր շքեղ միջոցառումներ և ուներ հավակնոտ ծրագրեր ընդլայնվելու դեպի ԱՄՆ: 2013-ին ընկերության հիմնադիրը, ըստ անշարժ գույքի բրոքերի, Մանհհետանում ռեկորդային գնով բնակարան էր վարձակալել, և հրահանգել իր ԱՄՆ աշխատակազմին գնել սպորտային ավտոմեքենա 300,000 դոլար արժողությամբ:
Այժմ, ընկերության հիմնադիրը անհետացել է, իբր, ընկերության բոլոր ակտիվների հետ միասին, ըստ նախկին աշխատակիցների, սա միջազգային միստիկ իրադարձություն է, որը գտնվում է Մոսկվայի ներդրումային համայնքի ուշադրության կենտրոնում:
Ընկերության աշխատակիցները ոչինչ չգիտեին մինչև հոկտեմբերի կեսը, երբ երեք տղամարդիկ հայտնվեցին Մոսկվա գետի երկայնքով ձգվող բարձրակարգ համալիրում տեղակայված Blackfield-ի գրասենյակում, պատմում են ականատեսները: Այդ նույն աղբյուրները պնդում են, որ այդ նույն մարդիկ, ովքեր չեն ներկայացել, փնտրում էին Blackfield ընկերության 29-ամյա հիմնադիր Կիմ Կարապետյանին: Սակայն պարոն Կարապետյանը գրասենյակում չէր այդ օրը և հաջորդած օրերին նույնպես: Ընկերության բարձրաստիճան ղեկավարները բացատրեցին իրենց աշխատակազմի մոտ 50 անդամներին, որ այլևս գումար չկա վճարելու իրենց աշխատավարձերը, նշում է ընկերության նախկին ղեկավարներից և նախկին աշխատակիցներից մեկը: Ղեկավարները հայտնեցին, որ ամբողջ գումարը, որ ընկերության հաշիվների վրա էր` մոտ 20 մլն դոլար, այդ թվում ներդրողների կանխիկը նույնպես բացակայում են: Պարզ չէ, թե արդյոք ներդրողները ՌԴ-ից էին, թե այլ երկրներից:
«Մեր ընկերության գլխավոր տնօրենը պարզապես … անհետացել է»,-իր հարցազրույցում ասաց Սերգեյ Գրեբենկինը, ով ընկերության ծրագրային մշակողներից էր:
Պարոն Կարապետյանին գտնելու բոլոր ջանքերը հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գործընկերների և ընկերների միջոցով ապարդյուն էին: Այլ բարձրաստիճան ղեկավարներ ևս չեն արձագանքել` մեկնաբանություններ ստանալու հարցմանը: Պարոն Կարապետյանին չէին մեղադրում որևէ խախտման մեջ: Դժվար է հասկանալ, թե արդյոք ընկերությունը շարունակում է գործել, թե ոչ:
Blackfield-ը իր գործունեությունն սկսել է 2009-ին` ծրագրելով տեղ զբաղեցնել ժամանակակից շուկաներում: Մոսկվայի ֆոնդային բորսայում ընկերությունը կենտրոնացել էր ալգորիթմային առևտրի կամ վիճակագրական վերլուծության միջոցով շուկայի հետագա զարգացումը պարզելու գործունեության վրա: Մի քանի նախկին աշխատակիցների խոսքով, պարոն Կարապետյանը նրանց ասել էր, որ ընկերությունը տնօրինում է մոտ 300 մլն դոլար:
Ընկերության կայքէջում տեղակայված վիդեոները՝ մարդկային ուղեղի ֆոնի ներքո, նշում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են, «Մենք գիտնականներ ենք » կամ «Մենք հասնում ենք կայունությանը քաոսում»: «Մեր ամբողջ համակարգը օգնում է խուսափել մարդկային գործոնից, նախապաշարմունքներից և զգացմունքային մակարդակում առևտրային սխալներից », – գրված է կայքում:
Քանի որ ընկերությունը ընդլայնվում էր, Blackfield-ի տարեկան միջոցառումներին մասնակցելու հրավերը դարձել էր չափազանց հեղինակավոր Մոսկվայի ներդրումային համայնքի շրջանակներում: 2013-ի Ամանորի նախօրեին ընկերությունը Մեծ Բրիտանիայից բերեց Blue երաժշտական խմբին: Միջոցառմանը յուրաքանչյուր աշխատակից ստացել էր iPod որպես նվեր, ասում են նախկին աշխատակիցները: 2013-ի հուլիսին ընկերությունը կազմակերպեց գալա-համերգ «Ալիսան հրաշքների աշխարհում» թեմայով:.
Իսկ վերջերս՝ հոկտեմբերին, ըստ նախկին աշխատակիցների, ընկերությունը ծրագրել էր առևտրային գործունեություն սկսել Լոնդոնի ֆոնդային բորսայում և Չիկագոյի բորսայում: Ընկերությունը նաև քայլեր էր ձեռնարկել Նյու Յորքում հայտնվելու համար:
Ըստ քաջատեղյակ աղբյուրների ու անշարժ գույքի հետ կապված հրապարակումների` պարոն Կարապետյանը իր աշխատակիցներին կարգադրել էր բացել ամերիկյան Blackfield Capital ՍՊԸ ընկերությունը և վարձակալել 18 գրասենյակներ 46-րդ հարկում 7 World Trade Center հասցեով: Նա աշխատանքի է հրավիրել մի քանի աշխատակիցների այդ ժամանակ, սակայն չուներ ակտիվներ տնօրինելու համար:
Պարոն Կարապետյանը նաև վարձակալել է 1,625 քառակուսի ֆուտ չափսի պենտհաուս 15 Վիլյամ փողոց հասցեով ամիսը 15,000 դոլար արժողությամբ , նշում են փաստաթղթերը և անշարժ գույքի բրոքեր Ադամ Մարիուչին:
«Նա վարձակալել էր այն առանց տեսնելու », – ասաց պարոն Մարիուչին, ով ներկայացրել է պարոն Կարապետյանին: «Գրվեց չեկ, գումարը փոխանցվեց և գործարքը ավարտվեց: Ես երբեք չեմ տեսել նրան այս շենքում»:
Ըստ նախկին աշխատակիցների և The Wall Street Journal- ի ուսումնասիրած փաստաթղթերի` պարոն Կարապետյանը նաև գնել էր 2014 Aston Martin Vanquish մեքենան, որի գինն է մոտ 300,000 դոլար:
Ըստ որոշ տվյալների` պարոն Կարապետյանը ասել էր աշխատակիցներին, որ իր ուսումը ավարտելուց և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում մագիստրոսական աստիճան ստանալուց հետո այցելել է այդ քաղաք` աշխատելով որպես պորտֆելի մենեջեր Morgan Stanley ընկերության համար:
Morgan Stanley խոսնակը ասել է, որ բանկը չունի որևէ տվյալներ Կիմ Կարապետյան անունով աշխատակցի մասին ընկերության որևէ գրասենյակում: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի խոսնակն իր հերթին ասաց, որ համալսարանը ևս չունի որևէ տեղեկություն այդ անունով գիտական աստիճան ստացած անձի մասին:
Դժվարության առաջին նախանշանները երևացին 2014-ի գարնանը Ուկրաինայում հակամարտության բռնկումից հետո, որը հանգեցրեց միջազգային պատժամիջոցների կիրառմանն ընդդեմ Ռուսաստանի ձեռնարկությունների և անհատների: Դրանից կարճ ժամանակ անց Blackfield-ը դադարեցրեց իր լիզերը ԱՄՆ-ում և ազատեց բոլոր աշխատակիցներին:
Աշխատողներն ասացին, որ գործունեության դադարեցումը կապված է հիմնականում ֆինանսավորման բացակայության հետ «Ռուսաստանում տնտեսական խնդիրների» արդյունքում, ասում է նախկին աշխատակիցը, ով լսել էր Մոսկվայի գրասենյակի իր գործընկերոջից, որ մի քանի խոշոր ներդրողներ դուրս են բերել իրենց ակտիվները ընկերությունից:
Գարեթ Ֆիլերը, ով նախկինում գլխավոր խորհրդատուն էր և ԱՄՆ-ի Blackfield Կապիտալ ՍՊԸ գործունեության համակարգողը ԱՄՆ-ում, հրաժարվեց մեկնաբանել:
Այնուհետև հոկտեմբերից, պարոն Կարապետյանը դադարեցրեց գալ ընկերության մոսկովյան գրասենյակներ, ինչպես նաև դադարեցին այցելել գրասենյակներ նաև եղբայրներ Հենրի և Հայկ Մխիթարյանները, ասում են նախկին աշխատակիցները: Հենրի Մխիթարյանը Blackfield-ի գլխավոր օպերացիոն տնօրեն էր, իսկ Հայկը` ավագ աշխատողը: Մխիթարյան եղբայրները ևս չարձագանքեցին մեկնաբանելու խնդրանքին:
Համառոտ հաղորդագրությունը, որը կարճ ժամանակով տեղադրվեց Blackfield-ի կայքում, այցելուներին խորհուրդ էր տալիս փնտրել պարոն Կարապետյանին ԱՄՆ-ում: Այդ ուղերձը, որը դիտել էր նաև The Wall Street Journal- ը, հանվեց ժամեր անց:
Ոմն մեկը, ով ներկայացել էր որպես պարոն Կարապետյան, կապվել էր ժամանակավոր էլեկտրոնային փոստից անձնակազմի անդամների և ներդրողների հետ իր անհետացումից մի քանի օր անց: Ըստ նամակի հասցեատերերի, այնտեղ նա գրում էր, որ փախուստի մեջ է իր դեմ անորոշ սպառնալիքների արդյունքում: Նա նաև խոստացել էր վերադարձնել բոլոր միջոցները ներդրողներին, բայց չէր թողել իր հետ կապվելու որևէ տարբերակ:
Պարոն Կարապետյանի, գրեթե բոլոր հետքերը անհետացել են ինտերնետից: Նրա LinkedIn և Facebook հաշիվները ջնջված են: Gmail-ը հետ է վերադարձնում նամակները այն հաշվից, որը ինքը օգտագործել է ընդամենը մի քանի օր առաջ` ասելով, որ այդ հաշիվը այլևս գոյություն չունի: Նրա բջջայինի համարը անջատված է:
Blackfield-ի մոսկովյան գրասենյակների աշխատակիցների համար այս ամենը տեղի ունեցավ առանց նախազգուշացման:
Հոկտեմբերի 8-ին Blackfield աշխատակից Դանիլ Կրիվոպուստովը ժամանել էր իր գրասենյակ նոր գաղափարներով: Ավելի ուշ այդ օրը, նա իմացավ, որ Blackfield-ը սնանկ է և որ ընկերության հիմնադիրը անհետացել է: «Ես գնացի գրասենյակից ժամը 5-ին առանց փողի և աշխատանքի», – ասում է Կրիվոպուստովը.«Դրանից հետո մենք այլևս ոչինչ չենք լսել»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ