Կիմ Չեն Ընի քույրն ամուսնանում է. Հյուսիսային Կորեան ուժային նո՞ր զույգ ունի

Կիմ Չեն Ընի քույրն ամուսնանում է. Հյուսիսային Կորեան ուժային նո՞ր զույգ ունի

Հոդվածի առանցքում

  • Հյուսիսային Կորեայի լիդեր Կիմ Չեն Ընի քրոջ՝ երկրի ամենաահեղինակավոր պաշտոնյաներից մեկի որդու հետ ամուսնության լուրը առաջացրել է ԱՄՆ հետախուզական վերլուծաբանների անհանգստությունը:
  • Մինչև ամուսնանալը փեսացուն, ում անունը կարծես Չո Սուն է, համարվում էր երկրի ամենացանկալի ամուրին: Նա փոխմարշալ Չո Ռեն-հե-ի որդին է, ում հայրը պատերազմել է Կիմ Իր Սենի կողքին ընդդեմ ճապոնական օկուպացիայի՝ այսպես կոչված 88-րդ բրիգադի կազմում, որի անդամներն էլ դարձել են երկրի իշխող էլիտան:
  • Նա նաև Մոսկվա է ուղարկվել նոյեմբերին Ռուսաստանի հետ տնտեսական ու անվտանգության փոխհամագործակցության համաձայնագիրը կնքելու համար, և հնարավոր է դա Ռուսաստանի նախագահ Պուտինի ու Կիմի այս տարվա վերջին կայացած հանդիպման նախերգանքն էր:

Ուշադրությանն արժանի

Հյուսիսային Կորեայի լիդեր Կիմ Չեն Ընի քրոջ՝ երկրի ամենաահեղինակավոր պաշտոնյաներից մեկի որդու հետ ամուսնության լուրը առաջացրել է ԱՄՆ հետախուզական վերլուծաբանների անհանգստությունը՝ որպեսզի թեկուզ մի փոքր հասկանան փակ պետության ներքին գործունեությունը:

Վիճարկելի է, որ այն կարող է ներկայացնել Հյուսիսային Կորեայի ապագա ուժեղ զույգը: Իշխող Աշխատավորական կուսակցության օրենքի տեսակետից միայն Հյուսիսային Կորեայի առաջին ղեկավար Կիմ Իր Սենի ժառանգները կարող են դառնալ երկրի օրինական ղեկավարներ:

Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնում Ասիա-խաղաղաօվկիանոսյան անվտանգության ծրագրի տնօրեն Պատրիկ Կրոնինը ասաց. «Այսպիսով մենք գործ ունենք ընտանեկան դինաստիայի հետ: Եթե դուք փնտրում եք, թե ուր է գնում այս երրորդ սերունդը, ապա այժմ դուք ունեք նոր ուժային զույգ, որը կկերտի Հյուսիսային Կորեայի ուղին»:

Մինչև ամուսնանալը փեսացուն, ում անունը կարծես Չո Սուն է, համարվում էր երկրի ամենացանկալի ամուրին: Նա փոխմարշալ Չո Ռեն-հե-ի որդին է, ում հայրը պատերազմել է Կիմ Իր Սենի կողքին ընդդեմ ճապոնական օկուպացիայի՝ այսպես կոչված 88-րդ բրիգադի կազմում, որի անդամներն էլ դարձել են երկրի իշխող էլիտան:

Ինչպես նշում է դոկտոր Կրոնինը՝ Չո Ռեն-հեն որպես պատվիրակ հոկտեմբերին գնացել է Սեուլ: Այս այցը անսպասելի ու աննախադեպ էր և կարող էր «բացել բանակցությունների ուղին կամ որևէ այլ դիվանագիտական ճանապարհ» Հարավային Կորեայի հետ:

Նա նաև Մոսկվա է ուղարկվել նոյեմբերին Ռուսաստանի հետ տնտեսական ու անվտանգության փոխհամագործակցության համաձայնագիրը կնքելու համար, և հնարավոր է դա Ռուսաստանի նախագահ Պուտինի ու Կիմի այս տարվա վերջին կայացած հանդիպման նախերգանքն էր:

Դոկտոր Կրոնինը նաև նշեց, որ Կիմը բավականին մտերիմ է քրոջ՝ Կիմ Յո-Չենի հետ, ով չորս տարի փոքր է եղբորից: «Նա այն քչերից էր, որ տեսանելի է Կիմ Չեն Իրի թաղման նկարներում, և նա, ըստ երևույթին, առավել ակնառու դեր է ստանձնել Հյուսիսային Կորեայի մամուլի նկարներում ու հիշատակումներում»:

Հյուսիսային Կորեայի մամուլի այս հաղորդագրությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը այն ճանապարհներից է, որոնցով ԱՄՆ հետախուզությունը ինֆորմացիա է քաղում այս երկրի ռեժիմի մասին:

Անգամ պարզ չէ, թե Կիմը ինքն անձամբ երեխա ունի, թե՞ ոչ: Կրոնինը նշեց, որ «հաղորդագրություն է եղել երեխայի, անգամ երկրորդ երեխայի մասին: Դա քաղվել էր Կիմի կնոջ նկարից, որը հայտնվել էր մամուլում: Այդ նկարում նա ավելի գեր էր՝ մի քանի ամիս անհետանալուց հետո»:

Ոչ թափանցելի լինելը այս ընտանիքի ամենակարևոր միջոցն է ուժն իր ձեռքում պահելու համար: «Սա շատ փակ ընտանիք է, փակ ռեժիմ, փակ երկիր: Այն մանիպուլյացիայի է ենթարկում ինֆորմացիան՝ թույլ չտալով քեզ ինֆորմացիա ունենալ»: Կիմի քույրը այս ընտանիքի մյուս միակ անդամն է, որ այդ կուսակցությունում խոսքի իրավունքով դեր ունի, նշում է Կրոնինը:

«Նա վերահսկողություն ունի կուսակցության կարգապահության, արձանագրությունների, տեղեկատվական-քարոզչական համակարգի վրա: Սա այն պորտֆելն է, որով նրանք փորձում են թաքցնել այդ կնոջ իշխանություն ունենալը, բայց իրականում նա մեծ ուժ ունի»:

«Որպես օրինակ՝ մինչև Սեուլ և Մոսկվա ուղարկվելը Չոն պատասխանատու էր մշակույթի ու սպորտի հարցերի համար: Թվում է, թե դա կարևոր  պորտֆել չէ, բայց նա ստանում էր դրսի բոլոր փողերը այլ երկրներից՝ թաքցնելով անօրինական բանկային գործարքները»,-նշեց Կրոնինը:

Այժմ, երբ նրա որդին ամուսնացել է Կիմի քրոջ հետ, այս ընտանիքը գտնվում է հետախուզական վերլուծաբանների դիտարկման կենտրոնում՝ այն հույսով, որ այս զույգը կարող  է դառնալ ռեժիմի հիմնական պատվիրակը և, իհարկե, նոր հույս առաջացնել Հարավային Կորեայի հետ երկխոսության վերսկսման հարցում:

Այս երկխոսությունը իր հերթին կարող է «հանգեցնել խաղաղեցման ու նոր դիվանագիտական դարաշրջանի մեկնարկին: Այն նաև կարող է անհաջողության հանգեցնել»,-նշեց Կրոնինը:

Չնայած երկխոսությունը դժվար թե բերի միավորման, բայց այն կարող է նախանշել կոնֆեդերատիվ միավորման որոշակի ձևեր, քանի որ «շատ կորեացիներ երազում են ֆիզիկական կապ հաստատել հյուսիսի ու հարավի միջև», -ավելացրեց Կրոնինը: «Հսկայական խոչընդոտներ կան այս փոփոխություններին հասնելու համար, սակայն այն կարող է տեղի ունենալ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment