Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպումը հնարավորություն է Հյուսիսային Կորեայի համար

Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպումը հնարավորություն է Հյուսիսային Կորեայի համար

Հոդվածի առանցքում

  • Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկ ժամանել է գնացքով՝ առաջին անգամ հանդիպելու Ռուսաստանի նախագահին: Նրան դիմավորել են պաշտոնյաներ՝ աղ ու հացի ավանդական արարողությամբ: Ռուսական կողմը հայատարարել է, որ նախագահները քննարկելու են կորեական թերակղզու միջուկային հիմնախնդիրը, ինչպես նաև խոսակցություններ կան, որ Կիմ Չեն Ընը աջակցություն է փնտրում ԱՄՆ հետ բանակցությունների ձախողումից հետո:

Ուշադրությանն արժանի

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստանի հեռավոր արևելք՝ նախագահ Պուտինի հետ գագաթնաժողովին մասնակցելու:

Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկ ժամանել է գնացքով՝ առաջին անգամ հանդիպելու Ռուսաստանի նախագահին:

Նրան դիմավորել են պաշտոնյաներ՝ աղ ու հացի ավանդական արարողությամբ:

Ռուսական կողմը հայատարարել է, որ նախագահները քննարկելու են կորեական թերակղզու միջուկային հիմնախնդիրը, ինչպես նաև խոսակցություններ կան, որ Կիմ Չեն Ընը աջակցություն է փնտրում ԱՄՆ հետ բանակցությունների ձախողումից հետո:

ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահներն ավելի վաղ հանդիպել են Հանոյում՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, բայց նրանց երկրորդ գագաթնաժողովն ավարտվել է անարդյունք:

Վլադիվոստոկում ավանդական հացն ու աղը համտեսելուց հետո Կիմ Չեն Ընը լսել է փողային նվագախմբի ողջույնը, ապա նստել մեքենա, որն ընթացել է արդեն հայտնի ձևով՝ դրա շուրջն ընթացքի ժամանակ վազում էին թիկնապահները:

«Ռուսաստան եմ ժամանել մեր ժողովուրդների ջերմ զգացմունքներով և, ինչպես արդեն ասել եմ, հուսով եմ, որ այցը կլինի հաջող և օգտակար: Հուսով եմ, որ հարգելի նախագահ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կկարողանամ քննարկել Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունների զարգացումը», – ռուսական հեռուստաալիքներից մեկին ավելի վաղ՝ սահմանը հատելիս ասել էր Հյուսիսային Կորեայի նախագահը:

Բանակցությունները տեղի են ունեցել Վլադիվոստոկի մոտակա Ռուսկի կղզում:

Ռուսաստանի նախագահի խոսնակի խոսքով, Կրեմլը համոզված է, որ Հյուսիսային Կորեայի հետ վեցակողմ բանակցությունները միակ էֆեկտիվ ճանապարհն են Կորեական թերակղզու միջուկային հարցը կարգավորելու ուղղությամբ:

Այս բանակցությունները սկսվել են 2003-ին: Սա ձևաչափ է, որին մասնակցում են երկու Կորեաները, Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը և ԱՄՆ:

«Այս պահին այլ միջազգային էֆեկտիվ մեխանիզմ չկա: Բայց մյուս կողմից այլ երկրները ևս ջանքեր են գործադրում: Բոլոր ջանքերը կարևոր են, քանի դեռ դրանք ուղղված են դե-էսկալացմանը և 2 Կորեաների միջև հարաբերությունների կարգավորմանը», – ասել է Պեսկովը:

Հյուսիսային Կորեայի նախագահի այս այցը լայնորեն ընկալվում էր որպես հնարավորություն Հս. Կորեայի համար՝ ցույց տալու, որ ունի հզոր դաշնակիցներ ԱՄՆ հետ այս տարվա սկզբին ձախողված բանակցություններից հետո, ասում է BBC-ից Լաուրա Բայքերը:

Հս.Կորեան ԱՄՆ պետքարտուղարին է մեղադրել Հանոյի փետրվարյան գագաթնաժողովի տապալման համար:

Այս ամսվա սկզբին Հս. Կորեան պահանջել էր, որ Մայք Պոմպեոն չմասնակցի միջուկային բանակցություններին՝ պետքարտուղարին մեղադրելով անհեթեթություններ խոսելու մեջ և խնդրելով փոխարինել նրան ավելի զգուշավոր անձով:

 

Այս գագաթնաժողովը Փհենյանի համար նաև հնարավորությոն է ցույց տալու, որ իր տնտեսական ապագան կախված չէ միայն ԱՄՆ-ից:

 

Սառը պատերազմի տարիներին Խորհրդային միությունը սերտ ռազմական և առևտրային հարաբերություններ ուներ իր կոմունիստ դաշնակից Հյուսիսային Կորեայի հետ՝ գաղափարական և ռազմավարական պատճառներով:

1991-ին ԽՍՀՄ փլուզումից հետո, այս երկրների միջև առևտրային կապերը կրճատվեցին, իսկ Հյուսիսային Կորեան դարձավ Չինաստանի դաշնակիցը:

Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանում տնտեսական կապերը վերականգնվեցին և 2014-ին նա ներեց դեռ խորհրդային շրջանից Հյուսիսային Կորեայի պարտքերը՝ որպես բարի կամքի դրսևորում:

Թեև հիմա վիճելի է, թե հյուսիսի վրա հիմա Ռուսաստանն ազդեցության ինչ լծակներ ունի, կոմունիստական այդ երկիրը Մոսկվան ընկալում է որպես պակաս թշնամական ուժերից մեկը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment