Լեռնային Ղարաբաղ. «Սառեցված» հակամարտությունը սպառնում է բռնկվել
Հոդվածի առանցքում
- Ուկրաինայի արևելքում «Սառեցված հակամարտության» զարգացման մտավախության ետնապատկերին BBC-ի թղթակից Ռեյհան Դեմիտրին ուսումնասիրել է հետխորհրդային ամենաձգձգված հակամարտություններից մեկի թատերաբեմ դարձած Լեռնային Ղարաբաղի կյանքը:
- Չնայած հրադադարից անցել է 20 տարի, հակամարտության գոտին չափազանց ռազմականացված է: Շփման գծում հաճախակի կրակոցներ են լինում, կողմերը միմյանց մեղադրում են ռազմական կորուստների համար, ինչը վերջին ամիսներին կտրուկ ավելացել է:
- Այսօր Լեռնային Ղարաբաղում մնում են բազմաթիվ լքված տներ, որոնց մի մասը ավերված է: Կանգուն մնացած տների տարածքներում աճել են այգիներ, իսկ տների մոտ դեռ մնացել են փակ ու ժանգոտ դարպասները: Այստեղ, կարծես, ժամանակը կանգ է առել: Բայց հակամարտությունն ինքնին շատ էլ ողջ է: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունը քիչ առաջընթաց է գրանցել:
- Իրականում Լեռնային Ղարաբաղը մեկուսացված է: Ֆինանսական և ռազմական առումով կախված է Հայաստանից: Մարդկանց ձեռքին հայկական անձնագրեր են: Միջազգային օդակայանը դատարկ է, քանի որ Ադրբեջանը սպառնացել է կործանել օդակայանից օգտվող ցանկացած օդանավ:
- «Մենք մտահոգված ենք, որ Ռուսաստանը, տարբեր պատճառներով զենք է վաճառում Ադրբեջանին», - Երևանում վերջերս կայացած հանրային ֆորումում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Խնդիրը զենքի որակը չէ, այլ փաստը, որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտի, որ իրեն կարող են սպանել ռուսական զենքով»:
Ուշադրությանն արժանի
Ուկրաինայի արևելքում «Սառեցված հակամարտության» զարգացման մտավախության ետնապատկերին BBC-ի թղթակից Ռեյհան Դեմիտրին ուսումնասիրել է հետխորհրդային ամենաձգձգված հակամարտություններից մեկի թատերաբեմ դարձած Լեռնային Ղարաբաղի կյանքը:
14-ամյա Կարենը ձախ ձեռքի անդամահատված մասը թաքցնում է գրպանում: Նրա եղբայրներն ու քույրերը հավաքվում են համակարգչի մոտ, որ տեսնեն Facebook-ում տեղադրված ընտանեկան լուսանկարները: «Չեմ կարող ներել ինքս ինձ տեղի ունեցածի համար», – ասում է նրա մայրը` Լյուդմիլա Բաղդասարյան-Միրզոյանը:
Երկու տարի առաջ Կարենը պարտեզում գտել էր հակաօդային չպայթած հրթիռ ու սկսել էր խաղալ դրա հետ: 1990-ականներին Ադրբեջանի հետ պատերազմի մնացորդը պայթել էր նրա ձեռքերում:
Ընտանիքն ապրում է Մատաղիսում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի` սարերով շրջափակված հատվածում` Ադրբեջանի հետ շփման գծի մոտակայքում: Խորհրդային Միության փլուզումից հետո բռնկվեց պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը տևեց 1992-1994 թվականներին: Մոտ 30 հազար մարդ սպանվեց:
Չնայած հրադադարից անցել է 20 տարի, հակամարտության գոտին չափազանց ռազմականացված է: Շփման գծում հաճախակի կրակոցներ են լինում, կողմերը միմյանց մեղադրում են ռազմական կորուստների համար, ինչը վերջին ամիսներին կտրուկ ավելացել է:
Լյուդմիլայի խոսքով, իր երեխաները կրակոցներ և տագնապի ազդանշաններ հաճախ են լսում:
«Նրանք արթնանում և ինձ հարցնում են. «Մայրիկ, պատերազմը վերսկսվե՞լ է»»:
Լքված տներ
Հակամարտության ժամանակ Ադրբեջանը տարածքներ կորցրեց, Ղարաբաղից ու հարակից տարածքներից մոտ 600 հազար ազերիներ ստիպված հեռացան: Ավելի քան 300 հազար հայեր, որոնք ապրում էին Ադրբեջանում, նույնպես տեղահանվեցին հակամարտության պատճառով:
Այսօր Լեռնային Ղարաբաղում մնում են բազմաթիվ լքված տներ, որոնց մի մասը ավերված է: Կանգուն մնացած տների տարածքներում աճել են այգիներ, իսկ տների մոտ դեռ մնացել են փակ ու ժանգոտ դարպասները:
Այստեղ, կարծես, ժամանակը կանգ է առել: Բայց հակամարտությունն ինքնին շատ էլ ողջ է: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունը քիչ առաջընթաց է գրանցել:
«Եթե նայենք խաղաղ գործընթացին, ապա այն ներկայացնում է միայն այն, ինչ ես անվանում են «հիմքերին վերադարձող» քաղաքականություն», – ասում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Հարցն այլևս Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունը չէ, այլ հիմքերին վերադարձը նվազագույն նպատակներին հասնելու համար: Միջնորդության առաջին նպատակը խաղաղ գործընթացը կենդանի պահելն է, երկրորդը` պատերազմը կանխելը, քան իրական դիվանագիտությունը: Վիճակն այնպիսին է, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել նույնիսկ օրակարգը: Ահա թե որքան հեռու են կողմերի մոտեցումները»:
Մեկուսացված
Միջազգայնորեն Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մասը, բայց հայ բնակիչներն իրենց անվանում են Արցախի Հանրապետության քաղաքացիներ ու մնում են Ադրբեջանի երդվյալ թշնամիները:
Տարածքն ունի իր սեփական դրոշը, միջազգային օդակայանը, ոստիկանությունն ու բանակը, չնայած առաջնագծում ծառայում են նաև հայաստանցի զինվորներ:
Իրականում Լեռնային Ղարաբաղը մեկուսացված է: Ֆինանսական և ռազմական առումով կախված է Հայաստանից: Մարդկանց ձեռքին հայկական անձնագրեր են: Միջազգային օդակայանը դատարկ է, քանի որ Ադրբեջանը սպառնացել է կործանել օդակայանից օգտվող ցանկացած օդանավ:
Զայրացած լինելով դիվանագիտական լուծման թուլությունից` Ադրբեջանի ղեկավարությունը սպառնում է հետ վերցնել տարածքը ռազմական միջոցներով: Նավթով հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում ժամանակակից զենք գնելու համար:
Զենքերի մեծ մասը մատակարարում է Ռուսաստանը: Սա խորապես անհանգստացնում է Հայաստանին, որը Ռուսաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր և իր տարածքում պահում է տարածաշրջանի ռուսական միակ ռազմաբազան:
«Մենք մտահոգված ենք, որ Ռուսաստանը, տարբեր պատճառներով զենք է վաճառում Ադրբեջանին», – Երևանում վերջերս կայացած հանրային ֆորումում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խնդիրը զենքի որակը չէ, այլ փաստը, որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտի, որ իրեն կարող են սպանել ռուսական զենքով»: Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի իշխանությանը, բայց տարածքի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի խոսքով, առանց բանակցություններին իրենց մասնակցության, հակամարտության լուծում լինել չի կարող:
«Երբ դուք հեռացնում եք Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից, շատ հեշտ է ասել, որ հակամարտությունը ինքնորոշման իրավունքի համար չէ, այլ ընդամենը տարածքային հարց է: Նման դեպքում շատ հեշտ է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր: Բայց իրականում այս հակամարտությունն ինքնորոշման իրավունքի մասին է»:
Լյուդմիլան հաճախ է մտորում նոր պատերազմի հետևանքների մասին:
«Եթե լինի մեկ այլ պատերազմ, մենք կտուժենք, իմ երեխաները կտուժեն», – ասում է նա:
«Ադրբեջանի զինված ուժերին չի մտահոգում` մենք մեղավոր ենք, թե ոչ, նրանք կմտածեն միայն, որ մենք հայեր ենք, հետևաբար չունենք գոյություն ունենալու իրավունք»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ