Լեռնային Ղարաբաղ. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմական իրավիճակում են ուղղաթիռի կործանման հետևանքով

Լեռնային Ղարաբաղ. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմական իրավիճակում են ուղղաթիռի կործանման հետևանքով

Հոդվածի առանցքում

  • Բաքուն հայտարարել է, որ երկու MI-24 կործանիչները հարձակվել են ադրբեջանական դիրքերի վրա, որտեղից էլ պատասխան հարված է հասցվել:
  • Հայկական կողմը միջադեպը նկարագրել է որպես «հանցավոր սադրանք» և երդվել է վրեժ լուծել:
  • ԱՄՆ-ը դատապարտել է միջադեպը և կոչ արել կրկնապատկել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության հասնելու համար:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանը հայտարարել է, որ ոչ թռիչքային գոտի է սահմանում հայկական վիճելի անկլավ Լեռնային Ղարաբաղում, այն բանից հետո, երբ խոցել է ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով աճել է լարվածությունը կովկասյան երկու հարևանների միջև: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բաժանված տարածքի մասին նշել է. «Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարել է իր օկուպացված շրջանների օդային տարածքը փակելու մասին»:

Ամեն ինչ սկվել է, երբ ադրբեջանական ուժերը խոցել են ռազմական ուղղաթիռ հայկական զինուժի կողմից վերահսկվող 4,400 քառակուսի կիլոմետր տարածքում` սպանելով անձնակազմի բոլոր երեք անդամներին:

Բաքուն հայտարարել է, որ երկու MI-24 կործանիչները հարձակվել են ադրբեջանական դիրքերի վրա, որտեղից էլ պատասխան հարված է հասցվել, ինչի հետևանքով կործանվել է ուղղաթիռներից մեկը:

Երևանը հերքել է մեղադրանքը` նշելով, որ ուղղաթիռները հարձակման են ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ:

Կառավարությունը միջադեպը նկարագրել է որպես «հանցավոր սադրանք» և երդվել է վրեժ լուծել: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է. «Այս աննախադեպ էսկալացիայի հետևանքները շատ ցավոտ են լինելու ադրբեջանական կողմի համար»:

ԱՄՆ-ը դատապարտել է միջադեպը, Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին նշել է. «Այսօրվա դեպքը ևս մեկ հիշեցում է, որ պետք է կրկնապատկել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության հասնելու համար` նվազեցնելով լարվածությունը և հարգելով հրադադարը»:

Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ տարաձայնությունների և բռնությունների աղբյուր է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ավելի քան 30,000 մարդ է մահացել 1990 թվականներին` ԽՍՀՄ փլուզումից հետո երկու երկրների միջև ընթացող պատերազմի ընթացքում: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարը կանգնեցրել է ռազմական գործողությունները, բայց դրանից հետո խաղաղության վերականգնման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը տապալվել են:

Շրջանը դե-ֆակտո ինքնավարություն է հայկական ուժերի հսկողության տակ: Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հողերը իր սեփականությունն են և համարում է դրանք օկուպացված տարածքներ` ընդգծելով, որ ինքնահռչակ կառավարությունը չի կարող ճանաչվել միջազգայնորեն: Օգոստոսին առնվազն 15 զինծառայող է զոհվել վերջին տարիների ամենամեծ բախման հետևանքով:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment