Այաթոլլահ Ալի Խոմենեյ.«Միջուկային բանակցություններում ԱՄՆ-ին չի կարելի վստահել»
Հոդվածի առանցքում
- Այաթոլլահ Ալի Խոմենեյը ասել է, որ ԱՄՆ-ը ավելի շատ պահանջներ կներկայացնի, եթե Իրանը համաձայնվի սահմանափակել ուրանի հարստացումը:
- Նրա մեկնաբանությունները հնչել են Իրանի և աշխարհի այլ ուժերի միջև բանակցությունների նոր ռաունդից առաջ, որը նախատեսված է անցկացնել Ժնևում այս ամսվա վերջին:
- Խոմենեյը հայտարարել է, որ Իրանը պետք է «դիմակայման տնտեսություն» զարգացնի, որտեղ կբարձրացվի ռազմավարական ապրանքների տեղական արտադրույթունն ու կնվազեցվի երկրի կախվածությունը նավթի արտահանումից:
Ուշադրությանն արժանի
Իրանի գերագույն առաջնորդը չորեքշաբթի ասել է, որ առաջիկա միջուկային գործարքում պատժամիջոցները հանելու հարցում ԱՄՆ-ին «չի կարելի վստահել» և որ Թեհրանը, անշուշտ, պետք է զարգացնի «դիմակայման տնտեսություն»:
Այաթոլլահ Ալի Խոմենեյը, ով ազգային անվտանգության բոլոր հարցերում՝ այդ թվում և միջուկային ծրագրում, վերջնական որոշում կայացնողն է, ասել է, որ ԱՄՆ-ը ավելի շատ պահանջներ կներկայացնի, եթե Իրանը համաձայնվի սահմանափակել ուրանի հարստացումը:
«Ամերիկացիները լկտիաբար ասում են, որ եթե անգամ Իրանը ետ կանգնի միջուկային ծրագրից, բոլոր պատժամիջոցները միանգամից չեն հանվի: Նրանք դա հստակ են ասել: Սա ցույց է տալիս, որ այս թշնամուն վստահել չի կարելի»,- ելույթում նշել է Խոմենեյը Թեհրանի իր նստավայրի այցելուների առաջ, որը ցուցադրվել է նաև պետական հեռուստաալիքով:
Նրա մեկնաբանությունները հնչել են Իրանի և աշխարհի այլ ուժերի միջև բանակցությունների նոր ռաունդից առաջ, որը նախատեսված է անցկացնել Ժնևում այս ամսվա վերջին: Թեհրանը և վեց երկրների խումբը՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա, հույս ունեն համաձայնության գալ մարտին, իսկ վերջնական համաձայնագիրը նախատեսվում է կնքել հունիսի 30-ին:
Խոմենեյը հավանություն է տվել նախագահ Հասան Ռոուհանիի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակ ձգվող դիմակայությանը դիվանագիտական լուծում տալու ձգտումներին: Այս ծրագիրը, ըստ Արևմտյան պետությունների, նպատակ ունի զարգացնել զենքի պոտենցիալը: Իրանը այս մեղադրանքները կտրուկ հերքում է:
Սակայն Խոմենեյը առաջվա նման հոռետեսական է տրամադրված ԱՄՆ-ի մտադրությունների նկատմամբ, և նա ասել է, որ կասկածում է, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն և կաթվածահար անող պատժամիջոցները կհանվեն:
«Պաշտոնյաները չպետք է հույսները դնեն օտարերկրացիների վրա և պետք է իմանան, որ իրենց նահանջի մեկ քայլը թշնամու առաջխաղացման քայլն է: Եթե դուք հույսներդ դնեք թշնամու վրա, պատժամիջոցները կմնան իրենց տեղում»,-ասել է նա:
Խոմենեյը հայտարարել է, որ Իրանը պետք է «դիմակայման տնտեսություն» զարգացնի, որտեղ կբարձրացվի ռազմավարական ապրանքների տեղական արտադրույթունն ու կնվազեցվի երկրի կախվածությունը նավթի արտահանումից: Այս քայլերով պատժամիջոցներն ավելի անցավ կդարձնեն:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ