Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան միացել է բանտարկված բլոգերի հացադուլին

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան միացել է բանտարկված բլոգերի հացադուլին

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը մեկ անգամ արդեն բանտարկվել է իր երկրում իշխող ռեժիմի կողմից, հայտարարել է, որ կմիանա բանտում գտնվող իր գործընկեր Մեհման Հուսեյնովի հացադուլին: Հուսեյնովը ֆեյսբուքում 335,000 հետևորդ ունեցող Sancaq էջի հիմնադիրն է, որտեղ հրապարակվում են Ադրբեջանում սոցիալական խնդիրների, պաշտոնյաների հարստություննեի և շքեղ կյանքի մասին գրառումներ: Նա ձերբակալվել է 2017-ի մարտի երեքին, երբ նախորդ օրը հրապարակել էր տեսանյութ, որում քննադատում էր կնոջն առաջին փոխնախագահ նշանակելու նախագահ Ալիևի որոշումը:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը մեկ անգամ արդեն բանտարկվել է իր երկրում իշխող ռեժիմի կողմից, հայտարարել է, որ կմիանա բանտում գտնվող իր գործընկեր Մեհման Հուսեյնովի հացադուլին:

«Սա վերջին միջոցն է: Առողջությունիցս բացի զոհաբերելու ուրիշ ոչինչ չունեմ: Կանգնեցրեք ինձ, եթե կարող եք»,- ֆեյսբուքում գրել է նա ու ներկայացրել նաև մի քանի պահանջներ.

1) Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղարկի ազատազրկման ժամկետն ավարտող հինգ քաղբանտարկյալների դեմ նոր մեղադրանքները

2) Ազատ արձակել բոլոր լրագրողներին, բլոգերներին և ակտիվիստներին, որոնք պայքարում են խոսքի ազատության համար

3) Ադրբեջանում պետք է լինի «զրո քաղբանտարկյալ» քաղաքականությունը, ներառյալ վերանայելով բոլոր քաղբանտարկյալների գործերը՝ մարդու իրավունքների անկախ պաշտպանների հետ:

Իսմայիլովայի հացադուլը քաղաքական չէ, նա ասում է՝ հանուն խոսքի ազատության է:

«Մեզ մտահոգում է Խադիջայի անվտանգությունը, բայց հասկանում ենք նրա սկզբունքային դիրքորոշումը: Մենք միշտ կաջակցենք մեր խմբագիրներին»,- ասել է OCCRP-ի համահիմնադիր և խմբագիր Դրյու Սալիվանը:

Իսմայլիովան աջակցություն է ստանում ամբողջ աշխարհից՝ իր երկրի կառավարության մասին քննադատական նյութեր գրելու համար: 2016-ին նա արժանացել է  ամերիկյան Foreign Policy-ի աշխարհի ամենահայտնի այլախոհ լրագրող կոչմանը: 18 ամիս բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել համաշխարհային ճնշման արդյունքում:

Հացադուլի մասին հայտարարելուց հետո նա OCCRP-ին ասել է, որ երբ իրեն ազատեցին բանտից, դա նվազեցրեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար կառավարությանն ուղղված քննադատությունը՝ առանց քաղբանտարկյալների հարցում լուրջ ձեռքբերումների:

«Ուզում եմ աշխարհին հիշեցնել, որ խնդիրը կարգավորված չէ և մենք դեռ տասը բանտարկված լրագրող ունենք, և երկուսն էլ դեռ սպասում են դատավճռի: Ես ինձ մեղավոր եմ զգում նրանց գործերից ուշադրությունը գողանալու համար: Իմ  ազատ արձակումը շատերին հանգստացրեց, բայց խնդիրը կա ինչպես նախկինում»,- ասել է Իսմայիլովան:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ կազմակերպությունները Ադրբեջանը նշում են որպես աշխարհի ամենառեպրեսիվ երկրներից մեկը, և հավելում, որ Ադրբեջանի արդարադատության համակարգն անկախ չէ ազդեցիկ կառավարությունից:

Հուսեյնովին միանալու Իսմայիլովայի հայտարարությունը հետևեց այս շաբաթ տարածված լուրին, որ բանտում գտնվող բլոգերի հացադուլն անդրադառնում է նրա առողջության վրա:

Հուսեյնովը ֆեյսբուքում 335,000 հետևորդ ունեցող Sancaq էջի հիմնադիրն է, որտեղ հրապարակվում են Ադրբեջանում սոցիալական խնդիրների, պաշտոնյաների հարստություննեի և շքեղ կյանքի մասին գրառումներ: Նա ձերբակալվել է 2017-ի մարտի երեքին, երբ նախորդ օրը հրապարակել էր տեսանյութ, որում քննադատում էր կնոջն առաջին փոխնախագահ նշանակելու նախագահ Ալիևի որոշումը:

Հուսեյնովը պետք է ազատ արձակվեր այս մարտին, բայց անցած ամիս իշխանությունները նրա դեմ նոր մեղադրանքներ առաջադրեցին, որոնք նրան կարող են բանտում պահել յոթ տարի:

Նրա հացադուլին միացել են ևս յոթ բողոքողներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment