Քերրի. Ուկրաինայի քաղաքականության պատճառով Ռուսաստանը մեկուսացնում է իրեն
Հոդվածի առանցքում
- ԵԱՀԿ բարձրաստիճան դիվանագետների հանդիպման ժամանակ իր ելույթում Քերրին ասել է, որ Ռուսաստանը մեկուսացնում է ինքն իրեն:
- Քերրին նշել է, որ պատժամիջոցները չեն մեղմացվելու, քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինայի արևելյան շրջաններից ու Ղրիմից դուրս չի եկել։
- ԵԱՀԿ-ն պատասխանատու է հրադադարի համաձայնագրի համար, որը սկսել է գործել Արևելյան Ուկրաինայում սեպտեմբերի 5-ից։
Ուշադրությանն արժանի
Չորեքշաբթի օրը պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Մոսկվան ինքն է մեղավոր Ուկրաինա ներխուժելու պատճառով առաջացած պատժամիջոցների դժբախտության համար:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպման ժամանակ իր ելույթում Քերրին ասել է, որ Ռուսաստանը մեկուսացնում է ինքն իրեն:
«ԱՄՆ-ը և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու իրավունքներին աջակից այլ երկրներ առճակատման չեն ձգտում: Ռուսաստանին իր իսկ գործողությունների պատճառով մեկուսացված տեսնելը մեր ծրագիրը կամ ցանկությունը չէ»,-նշել է նա:
Արևմուտքը մեղադրեց Մոսկվային Ուկրաինայում ռուսամետ ահաբեկիչներին աջակցելու մեջ, ովքեր այս տարի զենք վերցրեցին և փողոց դուրս եկան, ինչը ստիպեց երկրի Ռուսաստանի դաշնակից նախագահին ու այլ լիդերների ձգտել մերձենալու Արևմուտքի հետ: Ռուսաստանը հետագայում բռնակցեց Ղրիմը, որը ռազմավարական նավակայաններ ունի Սև ծովում:
Քերրին նաև նշեց, որ պատժամիջոցները չեն մեղմացվելու, քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինայի արևելյան շրջաններից ու Ղրիմից դուրս չի բերել իր զենքն ու զինվորներին և չի դադարեցրել իր աջակցությունը կառավարական զորքերի դեմ կռվող անջատողականներին:
«Արդյունքը իր վստահության կորուստը, իր սեփական քաղաքացիների` բարձր տնտեսական ու մարդկային գին վճարելն է, ներառյալ նաև հարյուրավոր ռուս զինվորների կյանքերը, ովքեր կռվում ու մեռնում են մի երկրում, որտեղ նրանք գտնվելու իրավունք չունեն և չեն էլ ունեցել»,-նշեց նա:
Կրեմլում իր տարեկան ելույթի ժամանակ Պուտինը պատժամիջոցներն անվանեց Ռուսաստանի աճող ուժի ու անկախության նկատմամբ Արևմուտքի «նյարդային ռեակցիա»:
Նա նաև Ղրիմի բռնակցումը բնութագրեց, որպես Ռուսաստանի համար «սրբազան նշանակություն» ունեցող գործողություն և պնդեց, որ Մոսկվան իրավունք ունի խառնվելու Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական ցնցումներին:
Քերրիի ելույթից կարճ ժամանակ անց նա հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Անցյալում նրանք հաճախ են խոսել Ուկրաինայի մասին, բայց այս անգամ քննարկումների գլխավոր թեման, ինչպես սպասվում էր, լինելու էր Մերձավոր Արևելքը:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կարևոր հովանավորն է: Նա նաև առանցքային դեր ունի Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում:
Այնուամենայնիվ, Ուկրաինայի ճգնաժամը գերակշռող դեր ունեցավ ԵԱՀԿ հանդիպման ժամանակ: Դրա 57 անդամ երկրներից շատերը անհանգստություն արտահայտեցին, որ այս հակամարտությունը կարող է տարածվել Ուկրաինայից դուրս:
ԵԱՀԿ-ն պատասխանատու է հրադադարի համաձայնագրի համար, ինչը սկսեց գործել Արևելյան Ուկրաինայում սեպտեմբերի 5-ից, որտեղ հակամարտությունը 4300 կյանք է խլել:
Հրադադարը, սովորաբար, խախտվում է: Նոր հրադադարը, որն ուժի մեջ մտավ երեքշաբթի, արդեն իսկ կանգնած է քայքայման եզրին Դոնեցկի արևելյան մասում գտնվող օդանավակայանում անջատողականների սպորադիկ հարձակումների ֆոնին:
Անգամ ԵԱՀԿ հանդիպման ընթացքում Ուկրաինայի զինուժը տեղեկացրեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 70 անգամ անջատողականները հարձարկվել են զինվորների վրա: Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը ներկայիս հրադադարը կոչեց «հիբրիդ» տարբերակ, և նշեց, որ Արևելյան Ուկրաինայում իրական հրադադար է պետք:
ԵԱՀԿ հանդիպման ժամանակ նա լրագրողներին ասաց. «Այն, ինչի կարիքը մենք ունենք հիբրիդ պատերազմի համար, հիբրիդ հրադադարը չէ: Մենք իրական երկկողմ հրադադարի կարիքն ունենք»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։