Կատալոնիան անկախության հանրաքվեի հարցում չի ենթարկվում իսպանական դատարանի որոշմանը

Կատալոնիան անկախության հանրաքվեի հարցում չի ենթարկվում իսպանական դատարանի որոշմանը

Հոդվածի առանցքում

  • Իսպանիայի ՍԴ-ն Կատալոնիայի կառավարությանը արգելել է կիրակի անցկացնել հանրաքվե:
  • Կատալոնիան հայտարարել է, որ դա ոչ թե հանրաքվե է, այլ «Քաղաքացիների մասնակցության գործընթաց»:
  • Ոչ պաշտոնական քվեարկության քվեաթերթիկին լինելու է երկմասանոց հարց` լինել նահանգ, թե պետություն:
  • Ավելի քան երկու միլիոն մարդ է պատրաստվում մասնակցել քվեարկությանը:

Ուշադրությանն արժանի

Իսպանիայից անջատվել ցանկացող Կատալոնիան բարձրացրել է խաղադրույքները կենտրոնական կառավարության հետ կոնֆլիկտում` պնդելով, որ նպատակ ունի արհամարհել դատարանի վճիռը և հանգստյան օրերին թույլատրել անկախության մասին խորհրդանշական քվեարկություն: Կատալոնիայի քայլը կարող է լարվածության պատճառ դառնալ շաբաթվա վերջում: Անկախության կողմնակիցների հանրահավաքները գրավում են հարյուր հազարավոր տաքարյուն մարդկանց: Կենտրոնական կառավարությունը հայտարարել է, որ Կատալոնիայից սպասում է հարգանք դատարանի վճռի նկատմամբ, բայց չի նշել, թե ինչպես կարձագանքի, եթե կիրակի այդ հարգանքը չդրսևորվի:

«Սա հավերի խաղ է» վարչապետ Մարիանո Ռախոյի և կատալոնացի առաջնորդ Արթուր Մասի միջև: Նման կարծիք ունի Բարսելոնայի Ինքնավար Համալսարանի քաղաքետ Ջոան Բոտելլան:

Սահմանադրական դատարանի վճռից կարճ ժամանակ անց, որն, ի դեպ, պետք է արգելակեր անկախության հանրաքվեի անցկացումը, Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է, որ դատարանը չի կարող վերահսկել այսպես կոչված «Քաղաքացիների մասնակցության գործընթացը»: Հանրաքվեի պատրաստություններն արվել են առանց համապետական ընտացուցակների, կամավորները փոխարինել են պաշտոնական աշխատակիցներին: Բայց միևնույնն է, հանրաքվեի անցկացումը դատարանը արգելակել է դեռ սեպտեմբերին: Կատալոնիայի մամուլի քարտուղար Ֆրանցիսկ Հոմսը հայտարարել է. «Կատալոնիայի կառավարությունը երբեք չի անի որևէ քայլ ընդդեմ կատալոնացիների արտահայտման ազատության»: Նա նաև նշել է, որ Կատալոնիան կենտրոնական կառավարության դեմ հայց կներկայացնի Գերագույն դատարան` կատալոնացիների «հիմնարար իրավունքները» իբր խախտելու համար:

Իսպանիայի կառավարությունը իսկական գրոհի է ենթարկվել «թաքցրած հանրաքվեով», անցած շաբաթ Կատալոնիան երկորրդ հայցն է ներկայացրել Սահմանադրական դատարան: Երեքշաբթի համաձայնելով լսել հայցը` դատարանը Կատալոնիայի կառավարությանը արգելել է անցկացնել կիրակի սպասվող քվեարկությունը: Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆաել Կատալան ասել է, որ ինքը հավատում է, որ պարոն Մասը կհամաձայնի դատարանի վճռի հետ և կհրաժարվի ներքաշվել ուրիշների նախագծած «խաբեության» մեջ:

«Ցանկացած կառավարություն, որ ենթարկվում է օրենքին, պետք է այդպես անի, և ես վստահ եմ, որ Կատալոնիայի կառավարությունը պատրաստվում է կանխել համակարգային գործողությունները և չի արհամարհի դատարանի վճիռը» նշել է Կատալան:

Քարդիֆի համալսարանի` Իսպանիայի և Կատալոնիայի պատմության մասնագետ Էնդրյու Դոուլինգի խոսքով, Ռախոյն ու Մասը հարում են ավելի կոշտ դիրքորոշմանը, քանի որ նրանց քաղաքական կշիռը թույլ է կոռուպցիոն սկանդալների և խիստ խնայողության քաղաքականության պատճառով: Կիրակի El Pais թերթի հրապարակած հարցումը ցնցել է քաղաքական շրջանակները` ցույց տալով, որ նոր թափ ստացող աջակողմյան Պոդեմոս կուսակցության հեղինակությունը աճել է` իր ետևում թողնելով Ռախոյի պահպանողական Ժողովրդական և գլխավոր ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցություններին:

Ռախոյի կառավարությունը հարվածներ է ստացել վերջին շաբաթներին սկանդալների պատճառով, արձանագրվել են կաշառակերության ենթադրյալ դեպքեր կառավարության անդամների մասնակցությամբ, ինչպես նաև պաշտոնյաների կողմից կորպորատիվ կրեդիտ քարտերի չարաշահումներ բանկերում, որոնք բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Մյուս կողմից, Մասի քաղաքական կշիռը թուլացել է հարկերից խուսափելու համար բարձրացած սկանդալի պատճառով, որում ներգրավված էր նրա Մտերմացում և Միություն կոալիցիայի հիմնադիրը: Անցած շաբաթ հարցումները ցույց են տվել, որ Կատալոնիայի անկախության ամենաեռանդուն կողմնակիցը` Աջ Հանրապետություն կուսակցությունը, ավելացնում է իր առավելությունը Մասի կոալիցիայի նկատմամբ:

Կատալոնիայի մամուլի քարտուղար Ֆրանցիսկ Հոմսը նշել է, որ այլընտրանքային քվեարկությունը հիմնավորապես տարբերվում է արգելված հանրաքվեից, և դատարանի վճիռը «արգելում է անել այն, ինչ մենք չենք էլ անում»:

Նա ընդգծել է մոտ 40.000 կամավորների դերը այլընտրանքային քվեարկության մեջ` նշելով. «Նրանք աշխատողներ չեն, որոնք գործ են անում, նրանք գործում են որպես կամավորներ»:

Կենտրոնական կառավարության պաշտոնյաներն ասում են, որ Կատալոնիայի կառավարությունը կեղծավորությամբ նվազեցնում է իր կշիռը: Կատալոնական կառավարությունը ստեղծել է իրենից ուղեցույց ներկայացնող էլեկտրոնային կայք, շատ ընտրատեղամասեր տեղակայված են հանրային դպրոցների շենքերում: Ավելին, քվեաթերթիկին լինելու է երկմասանոց հարց, որը նախատեսված է կասեցված հանրաքվեի համար: Առաջինն այն մասին է, թե ցանկանում են արդյոք բնակիչները, որ Կատալոնիան լինի նահանգ: Երկրորդը` արդյոք նրանք ցանկանում են Կատալոնիան տեսնել որպես անկախ պետություն: Հարցին, թե սահմանադրական դատարանի վճռի հանդեպ արհամարհանքը ինչ հնարավոր հետևանքներ կունենա, պարոն Հոմսը անկաշկանդ պատասխանեց. «Մենք կանենք դա անկախ բոլոր հետևանքներից»: Նա ավելացրեց. «Մենք խթանում ենք մասնակցության գործընթացը, դա ջրից էլ պարզ է»:

Շատ կատալոնացիներ, որոնք աջակցում են անկախությանը, քննադատում են Մասի այլընտրանքային քվեարկությունը` դա ընդունելով որպես վստահության և վճռականության պակաս: Ամեն դեպքում, հարցումները ցույց են տալիս, որ ավելի քան երկու միլիոն մարդ է պատրաստվում մասնակցել քվեարկությանը: Պարոն Բոտելլան նշել է, որ չի պատկերացնում, թե ինչպես է Ռախոյը դիմելու ոստիկանության ուժին, քանի որ ծանր ձեռքը միայն կավելացնի հակամադրիդյան տրամադրությունները: Բայց սխալ հաշվարկի հնարավորությունը, որը կհանգեցնի լարվածության, շատ իրական է:

Բոտելան նշել է. «Կարծում եմ և Ռախոյը և Մասը չեն կարող սպասել մինչև նոյեմբերի 9-ը` որպեսզի իրավիճակն ավելի հանդարտվի»: Բոտելան դեմ է անկախությանը` պնդելով, որ Իսպանիան պետք է դառնա դաշնային երկիր:

Կատալոնացի անջատողականները դժգոհում են, որ Մադրիդը չի հարգում տարածաշրջանի լեզուն և մշակույթը, կամ անազնիվ է վճարած հարկերի բաշխման հարցում: Մադրիդի կառավարությունը հայտարարել է, որ Կատալոնիայի գլխավոր խնդիրը իր սեփական քաղաքական դեմքերն են, և որ այդ շրջանը ունի բավարար ինքնավարություն և տնտեսական օգուտներ Իսպանիայի սահմանադրության շրջանակում: Կատալոնիայում բնակվում է 7.6 միլիոն մարդ, այն ապահովում է Իսպանիայի տնտեսական ներուժի 20%-ը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment