Քարիմովի փլուզվող ավազակապետությունը

Քարիմովի փլուզվող ավազակապետությունը

Հոդվածի առանցքում

  • Ուզբեկստանի նախագահի ընտրությունները միշտ էլ ֆարս են եղել: Նախագահ Իսլամ Քարիմովը երկիրը ղեկավարում է 1989 թվականից, երբ այն դեռ խորհրդային ​​Միության մի մասն էր: Ուստի զարմանալի չէր, որ ամբողջ աշխարհի ԶԼՄ-ները մարտի 29-ի նախագահի ընտրությունների արդյունքն ընդունեցին որպես քվեարկությունից առաջ կանխորոշված:
  • Նույնիսկ տարածաշրջանային չափանիշներով, Ուզբեկստանը հազվագյուտ դեպք է իր ավտորիտարիզմով: Քարիմովի 25-ամյա պաշտոնավարումը ռեկորդային է տարածաշրջանում, իսկ նախագահը Ուզբեկստանին վերաբերում է որպես ֆեոդալական թագավորության, որն աշխատում է իր անձնական հարստացման համար:
  • Ուզբեկստանի ֆինանսական համակարգը հետխորհրդային հանրապետություններից ամենաշատն է կրում թելադրվող տնտեսության դրոշմը: Քարիմովի կենտրոնական կառավարությունը վերահսկում է հիդրոկարբոնները, հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտները, որոնք արտադրում են երկրի արտահանման եկամուտների մեծ մասը: Զարմանալի չէ, որ այդ ոլորտը վատ է ղեկավարվում և եկամուտներից օգտվում է իշխող վերնախավը:
  • Երկրում բավարար աշխատանք չկա երիտասարդ բնակչության կարիքները հոգալու համար (ուզբեկների 45 տոկոսը մինչև 24 տարեկան է), միլիոնավոր երիտասարդ տղամարդիկ և կանայք աշխատանք են փնտրում Ռուսաստանում, Ղազախստանում, Հարավային Կորեայում և Թուրքիայում: Իր հերթին, Ուզբեկստանի տնտեսությունը հենվում է օտարերկրյա աշխատուժի փոխանցումների վրա, որը կազմում է ազգի ՀՆԱ-ի 12 տոկոսը:
  • Անդիջանից հետո, կազմակերպված, անկախ քաղաքացիական հասարակության վերջին հետքերը հիմնականում ոչնչացվեցին: Գրանցված ընդդիմադիր կուսակցությունների բացակայության և իրավական համակարգում տարածված խոշտանգումների պատճառով Ուզբեկստանը աշխարհում առավել ռեպրեսիվ երկրներից մեկն է և հայտնվել է Freedom House-ի վատագույներից վատագույնի ցուցակում:
  • Ուզբեկստանի բանտերում ներկայումս մոտ 12,000 մարդ կա, որոնց բանտարկել են իրենց քաղաքական կամ կրոնական համոզմունքների ու գործունեության համար: Նույնիսկ, Քարիմովի հմայիչ և Twitter-ով տարված դուստրը` Գյուլնարա Քարիմովան, այժմ տնային կալանքի տակ է հոր բարեհաճությունից զրկվելուց հետո:
  • Ուզբեկստանի ներկան տխուր է, ապագա կարող է ավելի վատը լինել: Քարիմովը կանգնած է անհամար երկարաժամկետ ու կարճաժամկետ հարցերի առաջ: Ուզբեկստանի բնակչությունը երիտասարդ է և աճում է, իսկ աշխատատեղերը բացակայում են, երկիրը կոռումպացված է, անարդյունավետ տնտեսությունը ընդհատել է աճը:
  • Արևմուտքի ազնիվ, քննադատական ​​հրապարակային հայտարարությունները վերջին ընտրություններում Քարիմովի հաղթանակի մասին կլինեն լավ մեկնարկ ռեժիմի վրա ճնշում գործադրելու հարցում: Արևմուտքը կարող է խորհրդային վերապրուկին մղել իրական բարեփոխումների և դարձնել գործող ազգ:

Ուշադրությանն արժանի

Ուզբեկստանի նախագահի ընտրությունները միշտ էլ ֆարս են եղել: Նախագահ Իսլամ Քարիմովը երկիրը ղեկավարում է 1989 թվականից, երբ այն դեռ խորհրդային ​​Միության մի մասն էր: Ուստի զարմանալի չէր, որ ամբողջ աշխարհի ԶԼՄ-ները մարտի 29-ի նախագահի ընտրությունների արդյունքն ընդունեցին որպես քվեարկությունից առաջ կանխորոշված:

Քարիմովը, ընդգծելով իր բռնապետության անհանդուրժողականությունը, չի էլ փորձել պատրվակ հնարել բացատրելու, թե ինչպես է չորրորդ անգամ զբաղեցնում նախագահի պաշտոնը, երբ երկրի սահմանադրությունը այն սահմանափակում է երկու անգամով: Նույնիսկ տարածաշրջանային չափանիշներով, Ուզբեկստանը հազվագյուտ դեպք է իր ավտորիտարիզմով: Քարիմովի 25-ամյա պաշտոնավարումը ռեկորդային է տարածաշրջանում, իսկ նախագահը Ուզբեկստանին վերաբերում է որպես ֆեոդալական թագավորության, որն աշխատում է իր անձնական հարստացման համար:

Ինչևէ, Քարիմովի վերընտրությունը հաստատում է, որ նրա ստեղծած համակարգի գոյատևումը երաշխավորված չէ: Ուզբեկստանի ապագան ավելի ու ավելի անորոշ է դառնում: Ռուսական տնտեսության անկումը հանգեցրել է Ռուսաստանում աշխատող ուզբեկ բանվորների դրամական փոխանցումների նվազեցման, կրոնական հալածանքները դրդում են իսլամական ծայրահեղականության ձևավորմանը: Նաև մտավախություն կա ղեկավարության վակումի հարցում, քանի որ 77-ամյա նախագահը, որն, ամենայն հավանականությամբ, վատառողջ է, չունի իրավահաջորդի հստակ ծրագիր:

KARIMOVONOMICS

Իսկական ընդդիմադիր կուսակցությունների բացակայության և պետության իրավական համակարգում տարածված խոշտանգումների հարցով, Ուզբեկստանը աշխարհում առավել ռեպրեսիվ երկրներից մեկն է:

Ուզբեկստանի ֆինանսական համակարգը հետխորհրդային հանրապետություններից ամենաշատն է կրում թելադրվող տնտեսության  դրոշմը: Քարիմովի կենտրոնական կառավարությունը վերահսկում է հիդրոկարբոնները, հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտները, որոնք արտադրում են երկրի արտահանման եկամուտների մեծ մասը: Զարմանալի չէ, որ այդ ոլորտը վատ է ղեկավարվում և եկամուտներից օգտվում է իշխող վերնախավը:

Շատ ուզբեկներ են ստիպված եղել վերջին ձմեռները գոյատևել  առանց բնական գազի, քանի որ կառավարությունը արժութային արտահանումը մեծացնելու համար գազը վաճառել է արտերկրում տեղական շուկայի փոխարեն:

Քարիմովի ռեժիմը նաև մի համակարգ է, որը հիմնված է հարկադիր աշխատանքի վրա, բամբակ հավաքելու է ուղարկում բոլոր աշակերտներին և ուսուցիչներին, պետական ու  մասնավոր հատվածի աշխատողներին: Օտարերկրյա ներդրողներից, օրինակ General Motors-ից և սկանդինավյան հեռահաղորդակցության հսկա TeliSonera-ից նույնպես պահանջել են գումար և աշխատուժ տրամադրել բերքահավաքի համար, որի հասույթը այնուհետև անհետանում է արտաբյուջետային հիմնադրամի միջոցով, որը վերահսկում է Ուզբեկստանի բարձրագույն ղեկավարությունը:

Ուզբեկստանի տնտեսության վրա Քարիմովի ազդեցությունը չի սահմանափակվում հարկադիր աշխատանքով: Նրա ռեժիմը նաև պատասխանատու է ազգային փոխարժեքի կայացման համար և սահմանափակում է օրինական ճանապարհով շահույթը վերադարձնելու օտարերկրյա ներդրողների հնարավորությունը:

Երկրում բավարար աշխատանք չկա երիտասարդ բնակչության  կարիքները հոգալու համար (ուզբեկների 45 տոկոսը  մինչև 24 տարեկան է), միլիոնավոր երիտասարդ տղամարդիկ և կանայք աշխատանք են փնտրում Ռուսաստանում, Ղազախստանում, Հարավային Կորեայում և Թուրքիայում: Իր հերթին, Ուզբեկստանի տնտեսությունը հենվում է օտարերկրյա աշխատուժի փոխանցումների վրա, որը կազմում է ազգի ՀՆԱ-ի 12 տոկոսը:

Ռուսական ռուբլու անկման պատճառով Ուզբեկստանի տնտեսությունը ստիպված բախվել է երկակի սպառնալիքի. դանդաղում է արտերկրից փողի հոսքը և մեծանում է աշխատողների վերադարձի հավանականությունը: Եթե ​​մեծ թվով միգրանտներ ստիպված լինեն տուն վերադառնալ, ռուսական տնտեսության անկման պատճառով, հիասթափությունը կաճի, ինչպես դա պատահեց ֆերգանայի հովտում,  մինչև 2005-ի Անդիջանի կոտորածը:

Անդիջանի ժառանգությունը

Քարիմովի քաղաքականությունից վրդովմունքն իր գագաթնակետին հասավ 2005 թվականին, որին հետևեց տեղական մի խումբ գործարարների դատավարությունը, որոնց մեղադրեցին իսլամական ծայրահեղականություն տարածելու համար: Խաղաղ սկսված ցույցը վերածվեց բռնության, երբ մի խումբ ահաբեկիչներ ներխուժեցին բանտ, որտեղ պահվում էին մեղադրյալները: Անդիջանի ավելի քան 10,000 բնակիչներ դուրս եկան փողոց իրենց դժգոհությունը հայտնելու Քարիմովի ռեժիմին և տնտեսական քաղաքականությանը, իսկ զինված շարասյունն ամբոխի վրա անկանոն կրակ բացեց, ինչի արդյունքում հարյուրավոր կամ գուցե հազարավոր մարդիկ մահացան: Շատերի դիակները թաղում էին զանգվածային գերեզմանոցներում կամ նետում Կարասու գետը:

Անդիջանից հետո, կազմակերպված, անկախ քաղաքացիական հասարակության վերջին հետքերը հիմնականում ոչնչացվեցին: Գրանցված ընդդիմադիր կուսակցությունների բացակայության և իրավական համակարգում տարածված խոշտանգումների պատճառով Ուզբեկստանը աշխարհում առավել ռեպրեսիվ երկրներից մեկն է և հայտնվել է Freedom House-ի վատագույներից վատագույնի ցուցակում:

Կրոնական հալածանքը  շատ տարածված է և թիրախում ինչպես կրոնական փոքրամասնություններն են, այնպես էլ այն մահմեդականները, որոնք հրաժարվում են ընդունել իսլամի պետական  ​​վերահսկողության տարբերակը: Սակայն, պետության կողմից վերահսկվող կրոնական համակարգից դուրս իսլամն արգելելով, Քարիմովը ընդլայնում է իսլամական ծայրահեղական խմբերի հռետորաբանությունը, ինչպիսին  Ուզբեկստանի իսլամական շարժումն է, որն իր հավատարմությունն է հայտնել Իրաքի և ալ-Շամ Իսլամական պետությանը (ISIS):

Ուզբեկստանի բանտերում ներկայումս մոտ 12,000 մարդ կա, որոնց բանտարկել են իրենց քաղաքական կամ կրոնական համոզմունքների ու գործունեության համար: Նույնիսկ, Քարիմովի հմայիչ և Twitter-ով տարված դուստրը` Գյուլնարա Քարիմովան, այժմ տնային կալանքի տակ է հոր բարեհաճությունից զրկվելուց հետո:

Այսպիսի ընկերների հետ

Քարիմովը լավ է խաղացրել  իր միջազգային խաղաքարտերը վերջին տասնամյակում և Ուզբեկստանի ռազմավարական դիրքը, որը որպես երթուղի  օգտագործվեց Աֆղանստանում ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի զորքերի խոշոր մատակարարումների համար, երկիրը փրկեց լուրջ դատապարտումից: Չնայած Արևմուտքի հետ հարաբերությունները սառն են Անդիջանի կոտորածից հետո, Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք հաստատվել էին ջարդերից հետո, այդ թվում Ուզբեկստանին զենքի վաճառքի արգելքը, հանվեցին:

Ուզբեկստանի ներկան տխուր է,  ապագա կարող է ավելի վատը լինել: Քարիմովը կանգնած է անհամար երկարաժամկետ ու  կարճաժամկետ հարցերի առաջ: Ուզբեկստանի բնակչությունը երիտասարդ է և աճում է, իսկ աշխատատեղերը բացակայում են, երկիրը կոռումպացված է, անարդյունավետ տնտեսությունը ընդհատել է աճը, եկամուտների անհավասարությունը խորացել է ռուսական տնտեսության անկման պատճառով, քաղաքական իրավունքների բացակայությունն էլ  հաստատվեց կեղծված ընտրություններով:

Երկրի խնդիրների համար Քարիմովը մեղադրում է կրոնական արմատականացմանն ու իսլամական ծայրահեղականությանը: Սակայն նա չի անդրադառնում երկրի ներսում անկարգությունների հիմնական պատճառին` իր տասնամյակներ շարունակվող ավազակապետությանը:

ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է կրկին իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Ուզբեկստանի քաղաքականության վրա, ընդունելով, որ գործող ռեժիմը պատասխանատու է երկրի խնդիրների համար և Քարիմովի ռեպրեսիվ միտումները միայն բարձրացնում են անկարգությունների ներուժը: Արևմուտքը պետք է մեծացնի ճնշումը Ուզբեկստանի իշխանությունների վրա, պարտադրելով փոխել այդ քաղաքականությունը և ավելի շատ կենտրոնանալ մարդկային անվտանգության հարցերին` աշխատատեղեր ստեղծում, կրթության ապահովում, կոռուպցիայի նվազեցում և եկամուտների անհավասարության վերացում, քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ իրականացնելու իրենց իրավունքները, ինչը կխրախուսի նրանց նպաստել երկրի ապագային:

Քարիմովի համակարգը ոչինչ է, եթե պատրաստ չէ փոփոխության և պարզ է, որ հեշտ խնդիր չի Ուզբեկստանի ստատուս քվոն փոխելը:

Ուզբեկստանի իշխանությունները հաղորդում են, որ ընտրողների 91% – ը մասնակցել է մարտի ընտրություններին, անտեսելով, որ միայն Ռուսաստանում այսօր ավելի քան երկու միլիոն Ուզբեկստանի քաղաքացիներ կան: Արևմուտքի ազնիվ, քննադատական ​​հրապարակային հայտարարությունները վերջին ընտրություններում Քարիմովի հաղթանակի մասին կլինեն լավ մեկնարկ ռեժիմի վրա ճնշում գործադրելու հարցում: Արևմուտքը կարող է խորհրդային վերապրուկին մղել իրական բարեփոխումների և դարձնել գործող ազգ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment