Ղարաբաղյան դանդաղընթաց պատերազմը թակարդված է պահում կողմերին

Ղարաբաղյան դանդաղընթաց պատերազմը թակարդված է պահում կողմերին

Հոդվածի առանցքում

  • Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդպես էլ չեն կարողացել կտրել գորդյան հանգույցը
  • Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս մոռանալ բարձր տեխնոլոգիաներով պատերազմների մասին. սա ընդամենն իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նյարդերի սպասման խաղ է
  • Halo Trust-ի տվյալների համաձայն` այս տարածաշրջանում է հարյուրավոր կյանքեր խլած և աշխարհում ականների ու չպայթած սարքերի ամենաբարձր առկայությունը
  • Տասնամյակներ շարունակ Բաքուն դիմադրել է ստատուս քվոյի ինստիտուցիոնալացմանը, մինչդեռ Երևանը փորձել է պահպանել այն:

Ուշադրությանն արժանի

Ղարաբաղյան Թալիշ գյուղի 400 բնակիչները ստիպված էին փախչել ապրիլին 2-ին, երբ Ադրբեջանի ծանր հրետանին սկսեց հարվածներ հասցնել գյուղի ուղղությամբ, ինչից հետո ընթացող բախումների հետևանքով ավելի քան 100 մարդ զոհվեց և հարվածային ալիքներ փոխանցեց ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանով: Այս մասին գրում է Արևելյան Եվրոպայից, Եվրասիայից, Միջին Արևելքից և Աֆրիկայից բիզնես նորություններ հաղորդող bne IntelliNews կայքը, որի լրագրողը Լեռնային Ղարաբաղ է այցելել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հովանավորությամբ։

Հոդվածի հեղինակ Մոնիկա Էլենան գրում է, որ ավելի քան երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը թակարդված են դանդաղընթաց պատերազմի մեջ, և հիշեցնում, որ հակամարտությունը Խորհրդային միության փլուզումից հետո առաջացած «սառած հակամարտություններից» մեկն է։ Նա նշում է, որ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդպես էլ չեն կարողացել կտրել գորդյան հանգույցը:

Թալիշի մոտակայքում է գտնվում շփման գիծը, որը բաժանում է «տարածքային ամբողջականության» ձգտող ադրբեջանցիներին և ինքնորոշման սկզբունքը պաշտպանող Ղարաբաղի հայերին: Այն նաև քրիստոնյա հայերի և մահմեդական ադրբեջանցիների միջև սահմանն է, չնայած, ինչպես շտապում է ընդգծել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը,

«Սա երբեք կրոնական հողի վրա առաջացած հակամարտություն չի եղել»:

Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս մոռանալ բարձր տեխնոլոգիաներով պատերազմների մասին. սա ընդամենն իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նյարդերի սպասման խաղ է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի նմանությամբ խրամատներում գտնվող զինվորների համար:

Ականների մասին նախազգուշացնող նշանը հիշեցնում է, որ այս տարածաշրջանում է հարյուրավոր կյանքեր խլած և աշխարհում ականների ու չպայթած սարքերի ամենաբարձր առկայությունը՝ Halo Trust-ի տվյալների համաձայն:

Կայքը նշում է, որ զինվորների մեծ մասը երիտասարդ է, ավելի երիտասարդ, քան ինքը՝ հակամարտությունը, և նրանցից քչերն են, եթե կան առհասարակ այդպիսիք, երբևէ ադրբեջանցի տեսել:

Հեղինակը նշում է, որ շատ են նաև Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից և այլ երկրներից ժամանած կամավորները:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում և սովորել ենք այն պաշտպանել զենքով»,-ասում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Հոդվածագիրը գրում է, որ փորձագետները մտավախություն ունեին, որ ուժգին սրացում կլինի՝ հաշվի առնելով 2014 թվականի վերջից ընդհարումների աճող թիվը: Ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարն իր հերթին շատ անկայուն է մնում:

Հեղինակը մայիսի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ու վերսկսված բանակցություններն անվանում է փոքր քայլ, բայց պոտենցիալ հնարավորությամբ՝ մեծ ցատկ:

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի զինված հակամարտության և հակամարտության կառավարման ծրագրի տնօրեն Նեյլ Մելվինը զգուշավոր է մնում: Նա նշում է, որ տասնամյակներ շարունակ Բաքուն դիմադրել է ստատուս քվոյի ինստիտուցիոնալացմանը, մինչդեռ Երևանը փորձել է պահպանել այն, որպեսզի 1990-ականների պատերազմի ձեռքբերումները դե ֆակտո իրականություն դառնան:

Երևանն ու Բաքուն մեկ ընդհանուր բան ունեն՝ Մոսկվայից դժգոհություն:

Երկու կողմերին զենք վաճառելով և Հայաստանում ռազմաբազա ունենալով՝ Կրեմլը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ: Վիեննայի գագաթնաժողովը նաև ընդգծեց մեկ այլ կարևոր գործոն՝ Ստեփանակերտի իշխանությունները հրավիրված չէին:

«Լեռնային Ղարաբաղը պետք է կարողանա պաշտպանել իր սեփական շահերը բանակցային գործընթացում»,- կայքը մեջբերում է ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի խոսքերը:

Ստեփանակերտում հյուրանոցներն ընդունում են տարհանված գյուղերից մինչև 4000 մարդու։ Ավստրալահայ գործարարի կողմից հիմնված «Նաիրի» հյուրանոցի միջանցքներից և սենյակներից լսվում է խաղացող երեխաների ձայնը:

«Անխուսափելիորեն, խաղաղ բնակչությունն է, որ վճարում է ամենաբարձր գինը՝ փորձելով պահպանել նորմալ կյանքի զգացողությունը»,- եզրափակում է հոդվածագիրը։

Աղբյուրը` այստեղ:

Write a comment