Արդարություն Վիտոյի համար. Վրաստանում սկսվել է ատելության հողի վրա սպանության գործով դատը
Հոդվածի առանցքում
- Վիտալի Սաֆարովի սպանության գործով արդար դատավարությունը Վրաստանի իրավապահ համակարգի համար լուրջ փորձություն է: Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները չափազանց երկար ժամանակ են լռել արմատական աջակողմյան խմբերի կողմից ատելության հողի վրա քայլերի մասին: Եվ դատավարության արդյունքը կարևոր է Վրաստանի պես բազմազգմ էթնիկ բազմազանության բազմադարյա ավանդույթներով երկրում, որտեղ կան տարբեր մշակույթներ, լեզուներ և կրոններ: Ցավոք, Վրաստանը նաև այն վայրն է, որտեղ այսօր ծայրահեղ ատելությունն ավելանում է ժամ առ ժամ:
Ուշադրությանն արժանի
Վրաստանում իրավապաշտպան Վիտալի Սաֆարովի սպանությունից վեց ամիս անց ձերբակալվել էր երկու կասկածյալ և հիմա ընթանում է նրանց դատավարությունը:
Թբիլիսիի քաղաքային դատարանում դատավորի հարցին, թե ընդունում է իր մեղքը էթնիկ հողի վրա կանխամտածված խմբակային սպանություն կատարելու մասով, Գիորգի Սոխաձեն պատասխանել է՝ իհարկե ոչ:
Սոխաձեն 23 տարեկան է, նրա հետ ձերբակալված Ավթանդիլ Կանդելակիշվիլին՝ 20: Սափրած և ծայրահեղ ազգայնական դաջվածքներով ծածկված գլուխներով և պարանոցներով երիտասարդները կարծես թե պատրաստ էին մեղադրական հայացքներ տեսնել: Դատական նիստը դռնբաց էր: Սպանությունը, որի մեջ նրանց մեղադրում, են տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին:
25-ամյա Վիտալին տեղական հասարակական կազմակերպություններից մեկում՝ Centre for Participation and Development-ում ծրագրերի համակարգող էր: Այս կազմակերպությունը Վրաստանում աշխատանք է տանում անհանդուրժողականության և քսենոֆոբիայի դեմ պայքարի ուղղությամբ: Վիտալին աներևակայելի ջերմ և հոգատար մարդ էր, հրաշալի ուսուցիչ այն տասնյակ երեխաների համար, ում սովորեցնում էր մարդու իրավունքներ, միջմշակութային երկխոսություն և ամառային ճամբարներում պատմում ոչ խտրական վերաբերմունքի մասին: Sova News-ին տված հարցազրույցում Վիտալիի մայրը՝ Մարինա Ալանակյանը, տեղեկացրել է, որ ամառային ճամբարներից հետո երեխաները նամակներ էին ուղարկել՝ ասելով, որ ուզում են իր որդու նման լինել:
Հպարտանալով իր հրեական և եզդիական արմատներով՝ Վիտալին իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է քսենոֆոբիայի և բռնության դեմ: Բայց 2018-ի սեպտեմբերի 30-ին դաժանաբար սպանվել է Թբիլիսիի կենտրոնում:
Սաֆարովի ընտանիքի փաստաբան Էկա Կոբեսաշվիլիի խոսքերով, երեք տղամարդիկ Վիտալիին մոտեցել են հայտնի սրճարաններից մեկում և սկսել են վճել լեզվի, կրոնի և հայրենասիրության մասին: Դրանից հետո այս խումբը նրան քարշ է տվել սրճարանի անկյուն, հարվածներ հասցրել սառը զենքով և այդ ընթացքում ռասիստական վանկարկումներ արել: Փաստաբանի և լրատվամիջոցների տեղեկություններով կատարցածը նկարահանել են սրճարանի տեսախցիկները: Երեք տղամարդիկ անմիջապես փախել են հանցագործության վայրից: Վիտալին մահացել է դանակով հասցված բազմաթիվ վերքերից՝ մինչև դեպքի վայր կհասներ շտապ օգնությունը: Դատարանում տեսանյութը ներկայացվում է որպես ապացույց:
Տեսագրության և վկաների ցուցմունքների հիման վրա նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալներ `Գիորգի Սոխաձեին եւ Ավթանդիլ Կանդելակիշվիլին: Այդ ժամանակվանից ի վեր նրանք նախնական կալանքի տակ են: Երրորդ անձը, որը հանցագործության պահին անչափահաս էր, այժմ ներկայանում է որպես վկա:
Վիտալի Սաֆարովի սպանության գործի քննությունը և դատավարությունը առաջին դեպքն է, որ վրացական իրավապահները զբաղվում են ենթադրյալ ատելության հողի վրա սպանության գործով: Իսկ «էթնիկական ատելությունը»՝ որպես դրդապատճառ և, որ հանցանքը կատարվել է մի խմբի կողմից, ապացուցելը դատախազության համար հեշտ գործ չէ, պահանջում է բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ: Վրացի քննիչներից վկաների հայտարարությունները հավաքելու համար ավելի քան կես տարի է պահանջվել, ինչպես նաև անցկացվել են մի քանի փորձաքննություններ:
Centre for Participation and Development-ի ղեկավար Ագիթ Միրզոևի խոսքերով, երկու կասկածյալները համարվում են նեո-նացիստական խմբի անդամներ, որոնք հայտնի են Թբիլիսիի կենտրոնում արտասահմանցիների և անօթեւանների վրա հարձակվելու դեպքերից: Ապրիլի 16-ին նրանց պաշտպանները հայտարարել են, որ ոչ Կանդելակիշվիլին, ոչ Սոխաձեն ներգրավված չեն նեո-նացիստական կազմակերպությունում:
Միրզոևը նշում է, որ կասկածյալների սոցցանցերի էջերը լցված են աջ ծայրահեղական նկարներով և երաժշտությամբ: Նրանք խոսում են Հիտլերի նկատմամբ հարգանքի, քաղաքն անօթևաններից մաքրելու մասին: Սոխաձեն համարվում է խմբի ղեկավարը, օգտագործում է Slayer մականունը: Սոխաձեի սոցցանցերի էջերը նրա ձերբակալությունից հետո ջնջվել են, բայց Centre for Participation and Development-ը դրանից առաջ լուսանկարել էր ռասիստական գրառումները:
Իրավապաշտպան կազմակերպություններն աշխատում են հարցը հանրային ուշադրության կենտրոնում պահել և խրախուսել վրացի իրավապահներին: Սկզբում դատախազությունը հակված էր անտեսել ատելությունը որպես դրդապատճառ և մեղադրանք ներկայացնել միայն կանխամտածված սպանության հոդվածով:
Սակայն հանրային ճնշումն էֆեկտիվ էր: Ապրիլի 16-ին դատախազությունը երկու կասկածյալներին էլ մեղադրեց ազգային պատկանելության պատճառով ատելության հողի վրա խմբակային կանխամտածված սպանության մեջ: Եթե դատարանը որոշի, որ նրանք մեղավոր են, կպատժվեն 13-17 տարվա ազատազրկմամբ: Ամբաստանյալներից ոչ մեկը մեղքը չի խոստովանել:
Ապրիլի 16-ին Կանդելակիշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը սրճարանում չի էլ եղել: Միաժամանակ, Սոխաձեի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը և Կանդելակիշվիլին եղել են սրճարանում, մասնակցել են վեճին, բայց ոչ մի կապ չունեն Սաֆարովի սպանության հետ:
Ագիթ Միրզոև ենթադրում է, որ այս երկու հայտարարությունների հակասությունը միտված են դատավարությունը ձգձգելուն: Վրաստանի Քրեական դատավարության օրենսգիրքը նշում է, որ կասկածյալներն ու ամբաստանյալները կարող են կալանավորված մնալ ոչ ավելի քան ինը ամիս: 10 շաբաթից կլրանա այդ ժամկետը և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները անհանգստանում են, որ դատարանը չի հասցնի ուսումնասիրել մի քանի տասնյակ վկաների ցուցմունքները, բոլոր ապացույցները և ամբաստանյալներն ազատ կարձակվեն:
Ավելին, ապրիլի 16-ին փաստաբանները դատարանում միջնորդեցին մերժել բոլոր ապացույցներն ու ցուցմունքները: Դատավորը մերժեց պաշտպանական միջնորդությունը՝ ընդունելով բոլոր ապացույցները և վկայությունները, ինչպես մեղադրական, այնպես էլ պաշտպանական կողմից:
Վիտալի Սաֆարովի սպանության գործով արդար դատավարությունը Վրաստանի իրավապահ համակարգի համար լուրջ փորձություն է: Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները չափազանց երկար ժամանակ են լռել արմատական աջակողմյան խմբերի կողմից ատելության հողի վրա քայլերի մասին: Եվ դատավարության արդյունքը կարևոր է Վրաստանի պես բազմազգմ էթնիկ բազմազանության բազմադարյա ավանդույթներով երկրում, որտեղ կան տարբեր մշակույթներ, լեզուներ և կրոններ: Ցավոք, Վրաստանը նաև այն վայրն է, որտեղ այսօր ծայրահեղ ատելությունն ավելանում է ժամ առ ժամ:
Եվ իսկապես, Վիտալիի համար արդարության պահանջը նպաստեց քսենոֆոբիայի դեմ արշավին(Georgia: No Place for Hate), որը նախաձեռնել է Centre for Participation and Development-ը և որին մասնակցում են այլ կազմակերպություններ: Դատական լսումների առաջին օրը հարյուրից ավելի մարդ էր հավաքվել դատարանի առջև՝ համերաշխության ցույցի:
Ակցիայի մասնակիցներին նայելով, Լերի Սաֆարովը՝ Վիտալիի հայրը, չէր կարողանում զսպել արցունքները: «Միայն հիմա եմ սկսում իմ տղային ճանաչել և հասկանալ, թե ինչ էր նա անում: Խնդրում եմ, շարունակեք նրա գործը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ