Եվրամիությունը դեռ հույս ունի Ադրբեջանի հետ նոր համաձայնագիրը ստորագրել մինչև նոյեմբեր

Եվրամիությունը դեռ հույս ունի Ադրբեջանի հետ նոր համաձայնագիրը ստորագրել մինչև նոյեմբեր

Հոդվածի առանցքում

  • Յունկերի հանձնաժողովը դեռ հույս ունի, որ առաջիկա երկու ամսում կարող է կնքել նոր առևտրատնտեսական համաձայնագիր Ադրբեջանի հետ, պայմանով, որ Բաքուն առաջ կանցնի տեքստի առևտրային մասում, EURACTIV-ին հաղորդել են իր աղբյուրները: Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են ԵՄ-Ադրբեջան գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա, որն ուժի մեջ է 1999 թվականից: 2017-ի փետրվարին սկսվեցին բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Դրա եզրակացությունը մոտ է, բայց կան մի քանի ակնհայտ խնդիրներ:

Ուշադրությանն արժանի

Յունկերի հանձնաժողովը դեռ հույս ունի, որ առաջիկա երկու ամսում կարող է կնքել նոր առևտրատնտեսական համաձայնագիր Ադրբեջանի հետ, պայմանով, որ Բաքուն առաջ կանցնի տեքստի առևտրային մասում, EURACTIV-ին հաղորդել են իր աղբյուրները:

Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են ԵՄ-Ադրբեջան գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա, որն ուժի մեջ է 1999 թվականից: 2017-ի փետրվարին սկսվեցին բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Դրա եզրակացությունը մոտ է, բայց կան մի քանի ակնհայտ խնդիրներ:

Անցյալ տարվա հոկտեմբերին EURACTIV-ին տված բացառիկ հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է՝ իր երկիրը հույս ունի, որ համաձայնագիրը կարող է նախաստորագրվել գործող հանձնաժողովի հետ, որն աշխատանքը կավարտի նոյեմբերի 1-ին:

Ապրիլին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 16-րդ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ՝ ԵՄ արտաքին քաղաքականությունը համակարգող Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Բրյուսելն ու Բաքուն գտնվում են «նոր, հավակնոտ երկկողմ համաձայնագրի» բանակցությունների «վերջնական, վճռական փուլում»:

Սակայն, ժամանակն անցնում է և նկատելի է, որ այս նպատակին հասնելը գնալով ավելի քիչ իրատեսական է դառնում:  Բաքուն Եվրամիությանը մեղադրում է կարճատեսության մեջ, միաժամանակ շեշտելով տարածաշրջանում այս կառույցի անկասկած կարևոր դերը, ինչպես նաև իր ներդրումը ԵՄ էներգետիկ անվտանգության մեջ: Հարավային գազային միջանցքը միակ շոշափելի նախագիծն է, որը Ռուսաստանից բացի գազի այլ աղբյուր է:

Ադրբեջանը նաև վիրավորված է, որ ԵՄ-ն կարողացավ նոր պայմանագրեր կնքել այն երկրների հետ, որոնք Բաքուն համարում է, թե ավելի քիչ աշխարհառազմավարական նշանակություն ունեն, և որոնք ունեն ավելի սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Օրինակ, խոսքը Հայաստանի մասին է:

ԵՄ-ն ափսոսում է, որ Ադրբեջանում համաձայն չեն, որ նոր համաձայնագիրն անպայմանորեն պետք է ներառի ուժեղ տնտեսական բլոկ: Երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ և, ինչպես նկատում են Բրյուսելում, դրան միանալու լուրջ հավակնություն չունի: Ըստ այդմ, դա շատ ավելի է բարդացնում համաձայնագրում առևտրին վերաբերող գլխի շուրջ քննարկումները:

«Ադրբեջանը շահագրգիռ է կնքել նոր համաձայնագիրը, բայց չի ուզում վճարել պահանջվող գինը», – երեքշաբթի (սեպտեմբերի 27-ին) EURACTIV-ին ասել է եվրահանձնաժողովում իր աղբյուրը: Աղբյուրը կրկնել է, որ գնդակը գտնվում է Բաքվի դաշտում, և որ հանձնաժողովը պատրաստ է կատարել աշխատանքների իր մասը, պայմանով, որ Բաքուն «խոսքից անցնի գործի»:

Բաքուն դժվարանում էր առաջ գնալ ամեն անգամ, երբ ԵՄ-ն խոսում է բաց շուկայական տնտեսության կանոնների մասին:

Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթի և գազի վրա: «Այն ամենը, ինչը ածխաջրածին չէ, շատ թույլ է զարգացած», – ասել է աղբյուրը և բացատրել, որ դժվարություն է նաև այն, որ «այդ երկրի որոշ նախարարները ավելի շատ են հետաքրքրված ԵՄ-ի հետ համաձայնության գալ, քան մյուսները»:

Այնուամենայնիվ, աղբյուրը ակնհայտորեն լավատես էր, որ մինչև նոյեմբերի 1-ը դեռևս հնարավոր է համաձայնության գալ:

«Դա հնարավոր է անել: Մի քանի անքուն գիշեր և մենք կարող ենք ունենալ այդ համաձայնագիրը», – ասել է աղբյուրը՝ կրկնելով, որ գնդակը Բաքվի դաշտում է:

Բանակցությունների հաջորդ փուլը սեպտեմբերին է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment