Նոր պատերազմի հայտարարում Երուսաղեմում

Նոր պատերազմի հայտարարում Երուսաղեմում

Հոդվածի առանցքում

  • Իսրայելում լարվածությունը նորից սկսվել է: Արևելյան Երուսաղեմից պաղեստինցի դեռահասին առևանգեցին ու կենդանի այրեցին:
  • Իսրայելի իշխանությունը հակամարտությունից խուսափելու համար փակեց Տաճարի լեռը:
  • Պաղեստինում փաստացի երկիշխանության պատճառով Գազայի հատվածի շինարարությունը ձգձգվում է:
  • Նաթանհյահուն ուժեղացնում է ոստիկանությունը, Աբասը` խրախուսում անկարգությունները:

Ուշադրությանն արժանի

Իսրայելի ոստիկանությունն ու քաղաքական գործիչները ֆոտոսեսիաներ և մամուլի ասուլիսներ էին կազմակերպել, որպեսզի վստահեցնեն հանրությանը, որ Երուսաղեմը անվտանգ է: Սակայն մեկ շաբաթ անց` հոկտեմբերի 29-ին, լարվածությունն այս քաղաքում կտրուկ աճեց, երբ աջ թևի ակտիվիստ Յեհուդա Գլիքի դեմ կատարվեց մահափորձ: Նրա վրա կրակեցին մոտ տարածությունից, երբ դուրս էր գալիս համաժողովից:

Մեկ ժամ անց ոստիկանները վերացրին Գլիքի սպանության մեջ կասկածվող անձին, ինչն Արևելյան Երուսաղեմում ոստիկանության և պաղեստինցի երիտասարդների միջև բախումների պատճառ դարձավ: Իսրայելի իշխանությունը դիմեց աննախադեպ քայլի. հակամարտությունից խուսափելու համար փակեց Տաճարի լեռը: Տեղական ակտիվիստներն ասում են, որ նման դեպք չի եղել 1967 թվականից հետո:

Իսրայելցի ու պաղեստինցի ղեկավարների միջև սկսվեց լեզվակռիվ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը մասամբ մեղավոր է մահափորձի համար: Աբասն էլ Տաճարի լեռան փակումը համարեց «պատերազմի հայտարարում»:

Մի քանի ամիս չհանդարտվող անկարգություններից հետո Երուսաղեմում սկսեց տարածքների գրավումը: Այս ամսվա ընթացքում Գլիքի մահափորձը երկրորդ աղմկահարույց հարձակումն էր: Անցած շաբաթ Արևելյան Երուսաղեմում մի պաղեստինցի մեքենան քշել էր տրամվայի կանգառում հավաքված ուղևորների վրա, ինչի հետևանքով զոհվեց 3 մարդ, այդ թվում` 3 ամսական երեխա: Երկու հարձակվողներն էլ, թվում է, թե մենակ էին աշխատում, սակայն Պաղեստինի մի քանի խմբավորում շտապեց ստանձնել գործողությունների պատասխանատվությունը և արժանացավ հասարակության համակրանքին:

Պաղեստինցիների զայրույթը եռում է նաև մեկ այլ տեղ: Գազայի հատվածում մոտ 2 միլիոն մարդ վրդովված է հետպատերազմյան վերականգնողական աշխատանքների բացակայությունից: Այդ ուղղությամբ ջանքերը խափանվում են Իսրայելի ստեղծած սահմանափակումների և Պաղեստինի իշխանության խարխուլ վիճակի պատճառով:

Նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ստատուս քվոն հանգուցալուծվում է, քաղաքական խավը տարօրինակ ձևով տարբեր կերպ է արձագանքում: Համասը և Ֆաթհը շարունակում են կռվել իրար հետ, չնայած բարձրաձայն հայտարարում են իրենց միասնության մասին: Կարճատև ամառային սիրավեպից հետո Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության իշխանությունները վերադարձան իրենց ձգձգվող բաժանությանը: Կնեսետի անդամներն էլ առաջին հերթին զբաղված են արտահերթ ընտրությունների մշուշոտ հեռանկարով:

«Դա կարճ ժամանակում հարաբերություններ հաստատելու քաղաքական մշակույթ է:» – Թել Ավիվում ասել է եվրոպացի ավագ դիվանագետ . «Դժվար է խփել տագնապի զանգը»:

Զանգերը, հավանաբար, սկսեցին ղողանջել հուլիսին, երբ Արևելյան Երուսաղեմից պաղեստինցի դեռահասին առևանգեցին ու կենդանի այրեցին: Դա գրավյալ Արևմտյան ափին հրեա երեք պատանիների սպանության վրեժխնդրություն էր: Նրա սպանությունից հետո անկարգություններ սկսվեցին, և մեկ շաբաթում հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ու ձերբակալվեցին: Առևանգումներն օգնեցին կայծի բռնկմանը, որն ավելի ուշ վերածվեց հասարակական բողոքի. Գազայի պատերազմ, շարունակվող ձերբակալություններ, տների ավերում, Արևելյան Երուսաղեմի Սիլվան թաղամասում նոր հրեա վերաբնակների ժամանում: Կառավարությունն էլ այս շաբաթ ընդլայնեց երկու թաղամասերում 1000 նոր տների կառուցման ծրագիրը: Տեղացի դեռահասները Երուսաղեմում շարունակում են իսրայելցի ոստիկանների վրա վառելիքով շշեր, ավտոբուսների ու գնացքների վրա էլ քարեր նետել, ինչի հետևանքով դրանց 40 տոկոսը շարքից դուրս է եկել: Չնայած հուլիսից ավելի քան 700 մարդ է ձերբակալվել, անկարգությունները չեն դադարում,:

Բայց մինչև անցած շաբաթվա հարձակումները, Երուսաղեմի վատթարացող անվտանգության վրա մեծ ուշադրություն չէին դարձնում, ինչն էլ առաջացրեց կառավարությանն ուղղված քաղաքային իշխանության բողոքը: «Նաթանյահուն… չի ցանկանում ոստիկանությանը Երուսաղեմում հակաահաբեկչական պայքար սկսելու հրաման տալ», ասաց Արյե Քինգը, քաղաքային խորհրդի աջ թևի անդամը:

Հոկտեմբերի 23-ին վարչապետը, վերջապես, հայտարարեց քաղաքում ոստիկանության ուժերն ուժեղացնելու մասին, որպեսզի վերականգնի «հանգիստն ու անվտանգությունը»: Նա Աբասին մեղադրեց բռնությունների համար՝ հայտարարելով, որ Պաղեստինի նախագահը մեծարում է մարդասպաններին և ընդունում Համասին՝ ահաբեկիչների կազմակերպությանը:

Աբասին որակելով թշնամի՝ Նաթանյահուն այս ամառ շրջադարձ կատարեց, մինչդեռ թվում էր, թե երկու ղեկավարները կհարթեն իրենց տարաձայնությունները: Գազայի 7-շաբաթյա պատերազմին Նաթանյահուի կաբինետի մի քանի անդամ փորձեց Պաղեստինի նախագահին ընդունել որպես դաշնակցի: Մարդու, որը կարող է վերականգնել Գազայի հսկողությունը և օգնել Համասին իշխանությունից հեռացնելուն: Պաղեստինի Ինքնավարությունը, որը ղեկավարում է Աբասին նվիրված կառավարությունը, նախատեսել է հսկել Գազայի հատվածի կառուցմանն ուղղված ջանքերը, ներառյալ 5,4 միլիարդ դոլարը, որն այս ամսվա սկզբին Կահիրեում խոստացել են միջազգային դոնորները:

Սակայն Համասին հեռացնելու ռազմավարությունը չգործեց ծրագրվածի պես: Պաղեստինի իսլամիստական շարժումը Գազայի հատվածի իշխանությունը դեռ իր ձեռքում է պահում: Աբասն, այնուամենայնիվ, խմբին մեղադրում է տարածաշրջանում «ստվերային կառավարությանն» աջակցելու համար: Երկու շաբաթ առաջ, երբ Պաղեստինի նոր կառավարությունն առաջին անգամ հանդիպում էր Գազայում, Համասի ռազմական թևը սկսել էր նոր հավաքագրում:

«Դա նշանակում է, որ գոյություն ունի երկու իշխանություն»,- ասել է Գազայի հատվածում Ֆաթհի պատգամավոր Ֆեյսալ Աբու Շահլան: «Համասը խնդրել է միջազգային հանրությանը գալ այստեղ և Գազան վերականգնել միջազգային կարգերի համաձայն: Դուք դա կանենք՞»:

Վերակառուցման խոստումներն, այնուամենայնիվ, պահպանվում են: Հատվածի ենթակառուցվածքները քայքայվել են հոսանքի 12-ժամյա անջատումից ու ջրի պակասից: Տասնյակ հազարավոր ընտանիք անօթևան է, պատսպարվել են բրեզենտե ծածկոցների տակ ու իրենց տների փլատակներում: Իշխում է համատարած հուսահատությունը, որը խորանում է մոտեցող ցուրտ ու անձրևոտ ձմռան պատճառով:

«Հիմա ես գիտեմ, որ եթե տունս քանդվի, պետք է պայքարեմ իսրայելցիների դեմ», ասաց Գազայի 26-ամյա բնակիչ Իբրահիմ ալ-Նաջարը, որի տունը հրետանային ռմբակոծությունից հողին է հավասարվել:

Անցյալ շաբաթ Գազա է հասել ցեմենտի և շինարարական այլ նյութերի նախնական առաքումը: Այդ ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այցելել էր Գազա: Շատ անսպասելի Իսրայելի բանակի բարձրաստիճան սպաները կոչ արեցին քաղաքացիական ղեկավարությանը վերջ տալ շրջափակմանը: « Մենք պետք է բացենք Գազան սպառողական ապրանքների համար», Haaretz թերթին ասել է իսրայելական բանակի գեներալ Բենի Հանցը: «Այդ մարդիկ պետք է ապրեն»:

Սակայն պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, որ ոչինչ չի փոխվել: Մուֆիդ ալ-Հասայնան՝ Գազայի բնակարանային շինարարության նախարարը, հայտարարել է, որ շինարարական սարքավորումների պակաս կա: Իսկ դա նշանակում է, որ տարիներ կպահանջվեն ավերակները մաքրելու համար: Չեն բավարարում շինարարական նյութերը: Պաղեստինյան կառավարության տվյալով, շաբաթական ստացվում է 50 ժամանակավոր կացարան, ինչը չափազանց քիչ է, քանի որ տարածքի 60 հազար տուն ավերվել է կամ վնասվել:

«Մարդիկ կհամբերեն մի քանի օր, բայց մենք վախենում ենք հետագայի համար», ասաց Հասայնան: «Այս ձմեռ մարդիկ ամեն օր ծեծելու են իմ դուռն ու հարցնելու են, թե ինչ եմ անում իրենց համար: Եվ ի՞նչ պետք է նրանց պատասխանեմ: Ոչինչ չունենք նրանց առաջարկելու»:

Համասը կցանկանար, որ Գազան վերականգնվեր, քանի դեռ համատարած ավերածությունը չի խարխլել իր ժողովրդականությունը: Իսկ վերակառուցման ձգձգման համար նա փորձում է մեղադրել Պաղեստինի ղեկավարությանը:

«Հանգիստ իրավիճակը պահպանելու համար պետք է անհապաղ սկսել վերակառուցումը»,-ասաց Գազայում Համասի խոսնակ Սամի Աբու Զուհրին: «Բայց մենք վերակառուցմանը չենք մասնակցում… Կառավարությունը պետք է պատասխանատու լինի դրա համար»:

Այս հարցում Իսրայելն ու Համասը, կարծես թե, լեզու են գտել: Նաթանյահուն բազմիցս հերքել է այն կարծիքը, որ իր քաղաքականությունը նպաստում է Երուսաղեմում անկարգություններին և Ռամալահին է մեղադրել դրանք հրահրելու համար: Նույն ձևով նա մերժեց Երուսաղեմում անօրինական բնակարանների կառուցման ծրագրին ուղղված ԱՄՆ-ի քննադատությունը՝ այն անվանելով իրականությունից կտրված:

Շինարարությունը փչացրել է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Կուլմինացիան եղավ անանուն պաշտոնյայի Նաթանյահուին տված նկարագիրը, որ նրան կոչել էր վախկոտ, փոքրոգի վարչապետ: Վաշինգտոնի հետ դիվանագիտական սկանդալը համընկնում է Եվրոպայի ճգնաժամի հետ, որտեղ մի քանի պետություն խորհրդանշորեն ճանաչեցին Պաղեստին պետությունը: Շվեդիան ճանաչեց հինգշաբթի, իսկ այս ամսվա սկզբին բրիտանական խորհրդարանն ընդունեց չպարտավորեցնող բանաձև:

Դրանք, իհարկե, չարթնացրին նոր մտահղացումներ: Նաթանյահուն դարձյալ ոչինչ չի կարողանում առաջարկել Երուսաղեմի բնակիչներին և խնդիրը լուծելու համար ուղարկում է լրացուցիչ հազար ոստիկան: Աբասը խրախուսում է անկարգությունները, որոնք չի կարողանում վերահսկել, Համասն էլ ձգտում է քննարկել ամեն ինչ, բացի Գազայի աղետալի վիճակը: Այս ամսվա սկզբում նա ցույցեր անցկացրեց Գազայում՝ կոչ անելով Երուսաղեմի բնակիչներին հետևել իր հաջողված օրինակին ու խռովություն կազմակեպել: Երեք կողմն էլ գործում է նախկինի պես, ինչպես ստատուս-քվոն, որ վերջին յոթ տարիներին մնացել անփոփոխ:

«Ամենուրեք փակուղի է», ասաց Գազայի քաղաքական վերլուծաբան Մուխայմեր Աբու Սաադը: «Ոչ ոք լուրջ չի, ոչ Համասը, ոչ Ֆաթհը, ոչ իսրայելցիները: Այդ պատճառով մարդիկ ավելի ու ավելի հոռետես են դարձել… անկայուն վիճակ է»:

Իրոք, տեղացիները հույս չունեն, որ Արևելյան Երուսաղեմի փողոցներում անկարգությունները կդադարեն: «Ամառվանից սկսած ամեն օր սա է կյանքը: Սա պատերազմ է», ասաց Աբու-Թոր արվարձանի բնակիչ Մուհամեդը՝ հետևելով հինգշաբթի տեղի ունեցած բախումներին: «Ես սրա վերջը չեմ տեսնում»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment