Մահացել է Ժակ Շիրակը․ Ինչպե՞ս կհիշվի նա Եվրոպայի պատմության մեջ

Մահացել է Ժակ Շիրակը․ Ինչպե՞ս կհիշվի նա Եվրոպայի պատմության մեջ

Հոդվածի առանցքում

  • 12 տարվա նախագահությունից հետո Ժակ Շիրակը Ֆրանսիայի ժողովրդին թողեց սոցիալական անավարտ բարեփոխումների սար, բայց նա նաև հաստատեց երկրի կուրսը մի քանի կարևոր որոշումներով՝ վերացրեց պարտադիր զինծառայությունը և ստեղծեց հզոր գործող բանակ, պետական դպրոցներում և համալսարաններում մտցրեց գլխաշոր կրելու արգելքը:

Ուշադրությանն արժանի

 

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հայտնի էր իրաքյան պատերազմին դեմ արտահայտվելու և 2005-ին եվրոպական սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնելու համար։  Նա պաշտոնը թողնելուց հետո նաև մեղավոր ճանաչվեց կոռուպցիայի գործով:

Վերջին շրջանում նա հազվադեպ էր հայտնվում հանրության մեջ: Մարդ, որին ընդդիմախոսները և կողմնակիցները գիտեին որպես «բուլդոզեր», թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեբանական ծանր հարված էր ստացել: Նրա կինը ՝ Բերնադեթը, որը ուսանողական տարիներից նրա  հավատարիմ ուղեկիցն էր, ժամանակ առ ժամանակ ֆրանսիացիներին նոր զարգացումների մասին հայտնում էր Սենայի ձախ ափին գտնվող իրենց շքեղ բնակարանից:

Ժակ Շիրակը քաղաքական ուշադրության կենտրոնում էր ավելի քան 40 տարի: Նրա կարիերան սկսվել է 1962 թ.-ին՝ երկու հեղինակավոր ուսումնական հաստատությունները`  Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Կառավարման ազգային դպրոցը ավարտելուց հետո: Վարչապետ Ժորժ Պոմպիդուի կառավարությունում նա պետական աշխատող էր: Մի քանի տարի անց, Պոմպիդուի ղեկավարությամբ, Շիրակը ստանձնեց իր առաջին նախարարական պաշտոնը: Ավելի ուշ, երկու տարի վարչապետ եղավ նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի օրոք:

49 տարեկանում ամբիցիոզ պահպանողականն առաջին անգամ փորձեց նվաճել երկրի բարձրագույն պաշտոնը, բայց ձախողվեց: 1981 և 1988 թվականներին նա պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Միտերանին:

Նախագահ երրորդ փորձից

Շիրակը, որ ծնվել էր Փարիզում 1932 թվականի նոյեմբերի 29-ին, իր քաղաքական հայրենիքը գտավ Կորեզ գյուղական շրջանում, որտեղից ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր: Ինչևէ, նա հաստատվեց մայրաքաղաքում, որտեղ սովորեց և 1970-ականներին հիմնեց «Հավաք հանրապետության համար» (RPR) շարժումը, 1977 թ.-ին էլ ընտրվեց քաղաքապետ:

Շիրակը Փարիզում եկավ իշխանության,  Փարիզում էլ կորցրեց ժողովրդականությունը: Ընտրություններին ընդառաջ Շիրակը հայտարարեց, որ կբուժի « ֆրանսիական  հասարակության պառակտումը»: Սակայն ժողովուրդը նրա դեմ դուրս եկավ, երբ 1995 թ. –ին Շիրակը ժամանեց Ելիսեյան պալատ: Նրա կառավարության սոցիալական բարեփոխումների ծրագրերը հանգեցրին ծանր սոցիալական հակասության: Շիրակի նախագահության ընթացքում բազմաթիվ բախումներ եղան, և նա նահանջեց իր քաղաքականությունից:

Սակայն, ամենամեծ նվաստացումը եղավ նրա քաղաքական կարիերայի ավարտին: 2011-ին, նախագահի անձեռնմխելիությունը կորցնելուց հետո, Փարիզի դատարանը նրան դատապարտեց «պետական ​​միջոցները վատնելու, վստահությունը չարաշահելու և ապօրինի շահերի բախման համար»: Շիրակը երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց: Սա հանրապետության պատմության մեջ նախկին նախագահի դեմ ուղղված առաջին քրեական գործն էր և Փարիզի քաղաքապետի պաշտոնում Շիրակի 18 տարիների իրավական գնահատականը:

Գրավել մարդկանց ոգին

Շիրակն ավելի մեծ հաջողություն ուներ արտաքին հարաբերություններում, քան ներքին քաղաքականության մեջ, չնայած այն հանգամանքին, որ արտաքին քաղաքականության դժվարությունները նշեցին նրա պաշտոնավարման սկիզբը: Հարևան երկրները, ներառյալ շատ դաշնակիցներ, բողոքեցին Հարավային Խաղաղօվկիանոսյան շրջանում միջուկային փորձարկումների վերսկսման դեմ: Կանցլեր Հելմուտ Կոլը վրդովվել էր, որ Ֆրանսիայի նոր նախագահը չի խորհրդակցել իր գերմանացի գործընկերոջ հետ նախքան փորձարկումներ անցկացնելու մասին հայտարարություն անելը:

Կոլի իրավահաջորդ Գերհարդ Շրյոդերն էլ սկզբում հեռացավ նրանից, բայց հետո միավորեցին իրենց ուժերն ընդդեմ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և սերտորեն համագործակցեցին` ղեկավարելու իրաքյան պատերազմի դեմ շարժումը: 2003-ի ընտրություններում հաղթելուց շատ չանցած, Շիրակը հասել էր իր ժողովրդականության գագաթնակետին:

Բայց  երկրորդ պաշտոնավարման ընթացքում, նա երբեմն կորցնում էր իր ուժեղ քաղաքական բնազդը: Թեև Ֆրանսիայի սահմանադրությամբ չէր պահանջվում, եվրոպամետ Շիրակը այնքան վստահ էր հաղթանակի մեջ, որ հրահանգեց հանրաքվե անցկացնել այն հարցի շուրջ, թե արդյոք Ֆրանսիան պետք է վավերացնի եվրոպական սահմանադրությունը: 2005 թվականի մայիսին այդ նախագծի աջակիցները ահավոր պարտություն կրեցին: Ճիշտ կլիներ, որ նախագահը հեռանար, բայց Շիրակը մնաց և տեսավ իր պաշտոնավարման վերջին երկու տարիներին արվարձաններում սկսված քաղաքացիական խռովությունները: Քաղաքականապես առաջ շարժվելու և ամեն ինչ նորից սկսելու ուժ նա չուներ:

Շիրակի ժառանգությունը

2007-ին ֆրանսիացիների կարծիքը նախկին նախագահի մասին նորից փոխվեց, երբ նրա իրավահաջորդը՝ Նիկոլա Սարկոզին, տեղափոխվեց Ելիսեյան պալատ: Նրանց նյարդայնացնում էր հիպերակտիվ և փողի մոլուցքով համակված Սարկոզին: Շատերն ուզում էին հետ վերադարձնել Արևելքի արվեստի զգայուն սիրահարին, որը մարդկանց սրտերում էր իր շփումներով և զվարթ խառնվածքով:

12 տարվա նախագահությունից հետո Շիրակը Ֆրանսիայի ժողովրդին թողեց սոցիալական անավարտ բարեփոխումների սար, բայց նա նաև հաստատեց երկրի կուրսը մի քանի կարևոր որոշումներով՝ վերացրեց պարտադիր զինծառայությունը և ստեղծեց հզոր գործող բանակ, պետական դպրոցներում և համալսարաններում մտցրեց գլխաշոր կրելու արգելքը:

Պատմության դասագրքերում ուղղում կատարելը նույնպես մեծ ճանաչում բերեց պահպանողական առաջնորդին ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Շիրակը, որպես պետության ղեկավար, բացահայտ ընդունեց, որ նացիստական ​​օկուպացիայի ժամանակ ֆրանսիացիները մասնակցել են հրեաների հետապնդումներին և սպանություններին: Եվ հենց այս պատմական ժառանգությունն էլ կընդունվի նրա պաշտոնավարման կարևոր նվաճումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment