Ստամբուլի նոր քաղաքապետը արագորեն դառնում է Էրդողանի մրցակիցը
Հոդվածի առանցքում
- Նույնիսկ նախքան Ստամբուլի նոր քաղաքապետի աշխատանքը սկսելը, Էքրեմ Իմամօղլուն խոսում էր ինչպես մի մարդ, ով կարող է մրցել չորս տարի անց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան առաջնորդելու համար: Այս պահի դրությամբ նա խուսափում է այդ հարցից՝ պնդելով, որ նա հաջորդ հինգ տարիների ընթացքում կփորձի ծառայել Ստամբուլին՝ 15 միլիոն բնակչություն ունեցող այս մեգապոլիսին, որի քառորդ մասը ապրում է աղքատության գծից ցածր:
Ուշադրությանն արժանի
Նույնիսկ նախքան Ստամբուլի նոր քաղաքապետի աշխատանքը սկսելը, Էքրեմ Իմամօղլուն խոսում էր ինչպես մի մարդ, ով կարող է մրցել չորս տարի անց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան առաջնորդելու համար:
Այս պահի դրությամբ նա խուսափում է այդ հարցից՝ պնդելով, որ նա հաջորդ հինգ տարիների ընթացքում կփորձի ծառայել Ստամբուլին՝ 15 միլիոն բնակչություն ունեցող այս մեգապոլիսին, որի քառորդ մասը ապրում է աղքատության գծից ցածր:
«Այժմ ես մարդ եմ, ով լիովին կենտրոնացած է կառավարման վրա», – ասել է նա օտարերկրյա լրագրողներին անցյալ ուրբաթ իր գրասենյակում առաջին օրվա ճեպազրույցի ընթացքում: «Բայց եթե կան նրանք, ովքեր տեսնում են մեր աստղային ժամը, մենք շնորհակալ ենք նրանցից»:
Կասկած չկա, որ նա նախագահի համար մեծ սպառնալիք է ներկայացնում: Պարոն Իմամօղլուն հայտարարել է, որ պատրաստ է օգտագործել այն հսկայական համաժողովրդական աջակցությունը, որը նրան ընտրեց զարմանալիորենմեծ տարբերությամբ հունիսի 23-ի կրկնակի ընտրություններին՝ նրան տալով մանդատ, հանդես գալու ընդդեմ պարոն Էրդողանի ավտորիտարիզմի և հաստատելու ժողովրդավարություն և արդարություն բոլորի համար:
«Դա վերածվեց ազգի պայքարի», – ասել է քաղաքապետը ընտրությունների մասին, որը կրկին էր անցկացվել, երբ Էրդողանի կուսակցությունը բողոքել էր խախտումների վերաբերյալ և կասկածի տակ դրել իր պարտությունը: «Սա Ստամբուլի ընտրությունն էր, սակայն միևնույն ժամանակ պայքար էր ժողովրդավարության համար»:
Նրան աջակցում է Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը, կամ C.H.P, որը Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցություններից է՝ հիմնադրված երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից և Էրդողանի քաղաքական դաշտի գերիշխանության գլխավոր ընդդիմախոսը:
Էրդողանն իր Արդարադատություն և զարգացում կուսակցության կամ A.K.P -ի հետ իշխանության եկավ 2002 թ-ի կայացած ընտրություններում: Ընդդիմությունը չկարողացավ հեռացնել նրան կամ խոչընդոտել Թուրքիայի ինստիտուտների նկատմամբ նրա վերահսկողության ընդլայնմանը, որոնցից շատերը հպարտ են Աթաթուրքի ժառանգությամբ:
Ընդհակառակը, ընդդիմադիր կուսակցությունը շատ ընտրություններում ձախողվեց և կարծես թե դատապարտված էր:
Կուսակցությունը փորձում էր դիմադրել աճող այն ընկալմանը, որ պարոն Էրդողանը անպարտելի է, ասել է 2010 թվականից կուսակցության նախագահ Քեմալ Քիլիքդարօղլուն: Քվեարկությանը նրան ձայն էր տալիս մոտ 25 տոկոսը, իսկ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը ստանում էր 45 մինչև 50 տոկոս:
70-ամյա նախկին բյուրոկրատ պարոն Քիլիքդարօղլուն հանգիստ աշխատում էր իրավիճակը փոխելու ուղղությամբ:
Ընդդիմության 9 տարիները նրան սովորեցրեցին, որ պետք է ոչ միայն նորացնել Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը, այլև բացել այն ինչպես մտավոր, այնպես էլ ակադեմիական աշխարհի և հասարակ մարդկանց առջև:
Էրդողանին քննադատելու փոխարեն, նա պետք է լուծումներ առաջարկեր ժողովրդի խնդիրների համար: Այդ մասին նա հայտարարել է մայրաքաղաք Անկարայում իր կուսակցության կենտրոնակայանում:
«Մեր և A.K.P-ի հռետորաբանության մեջ մեծ տարբերություններ կան», – ասաց նա: «Մենք մշակեցինք մի լեզու, որը նրանց կողմնակիցները կլսեն: Մենք հնարավորություն ունեցանք խոսելու իրենց տարածքում »:
Կուսակցությունը հիմնվում էր հասարակության մեջ անարդարության զգացողության վրա ոչ միայն կապված պարոն Էրդողանի՝ ձերբակալությունների և ճնշումների վերաբերյալ կարգադրության հետ 2016 թ. ձախողված հեղաշրջումից հետո, այլ նաև ավելի լայն ընտրազանգվածի դժգոհության արդարության պակասի վերաբերյալ:
Պարոն Քիլիքդարօղլուն գլխավորեց 2017 թ. ամռանը Անկարայից Ստամբուլ 250 մղոն երկարությամբ քայլերթը հանուն հասարակության ներգրավմանը երկրի գործընթացներում:
Ամենակարևոր վերջին զարգացումներից էր կուսակցության հաջողությունը Թուրքիայի վեց խոշոր քաղաքներում քաղաքապետերի ընտրության հարցում` շնորհիվ իր թեկնածուների և մասամբ պայմանավորված ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ դաշինքով հանդես գալուն:
Պարոն Իմամօղլուն այդ վեց քաղաքապետերից մեկն է, ում կուսակցությունը տեսնում է իր նորաստեղծ սերնդի քաղաքական գործիչների ավանգարդում, որոնք կարող են ավելի լայն զանգվածներին հասնել: Շատերը չեն պատկանում կուսակցության ավանդական համակարգին:
«Դա մեր պարտականություններից մեկն է` կայունացնելու իրավիճակը », – ասում է պարոն Քիլիքդարօղլուն: «Մեր աշխատանքն այժմ սկսվել է: Մենք պետք է հաջողության հասնենք և պահպանենք մեր հարաբերությունները մյուս կողմերի հետ, որոնք ժողովրդավարության կողմնակիցն են »:
Իր երդմնակալության արարողությունից անմիջապես հետո պրն. Իմամօղլուն հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից լրագրողներին՝ հայտարարելով իր բաց և թափանցիկ ռազմավարության մասին, որի շնորհիվ նա հույս ունի ներգրավվել միլիոնավոր զբոսաշրջիկների և ներդրողների դեպի Ստամբուլ:
Նա ասել է, որ ինքը մտադիր է աշխատել պարոն Էրդողանի հետ և նշել, որ նախագահը նրան հաջողություն է մաղթել ընտրություններից երկու օր անց:
«Երբ հաշտվենք, կարող ենք այս երկիրն ու այս քաղաքը շենացնել ի շահբոլորի», – ասում է քաղաքապետը պարոն Էրդողանի հետ ունեցած հարաբերությունների մասին: «Ես ամբողջովին այդպես էմ տրամադրված: Ես դա պահանջելու եմ անընդհատ, և միասին կհետևենք պարոն նախագահի գործողությունների»:
Բայց նա նաև ազդարարեց, որ ինքը կհակազդի պարոն Էրդողանին, եթե նախագահը փորձի խոչընդոտել քաղաքի վարչակազմին:
Ընտրություններից անմիջապես հետո Էրդողանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետերի լիազորությունների սահմանափակման մասին որոշումը, քաղաքապետարաններին ծառայող ընկերությունների ղեկավարներ նշանակելու մասին:
Իշխանական լիազորւոյւնները տեղափոխվեցին քաղաքապետից դեպի քաղաքային խորհուրդ, որտեղ պարոն Էրդողանի կուսակցությունը հաճախ մեծամասնություն ունի: Անկարայի քաղաքապետարանը արդեն բողոք է ներկայացրել որոշման դեմ և չեղարկել այն:
Դա, հավանաբար, միայն առաջին նման փորձերից էր, ասել է Իմամօղլուն՝ ավելացնելով, որ «դրա արդյունքում կարող է դատական գործընթաց լինել»:
«Այսպես է լինելու, եթե նրանք դասեր չեն քաղել հունիսի 23-ից», – ասում է պարոն Իմամօղլուն: «Մենք տեսնում ենք, երբ քաղաքական մանևրերը բերում են փակուղուն, այլ ոչ թե լուծմանը, ժողովրդի կամքը, քաղաքացու կամքը ամեն ինչից վեր է»:
Նա ասել է, որ իշխանամետ լրատվամիջոցները ընտրությունների արդյունքում ստիպված կլինեն մեղմացնել իրենց թշնամանքը: «Կարծում եմ, որ այս ընտրությունները դաս էր նրանց համար », – ասաց նա: «Նրանք հասկացան, որ զրպարտող և ապակողմնորոշող նորությունները չեն ընդունվում»:
Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ թուրք ժողովուրդը չընդունեց թելադրանքը », – ասաց նա:
«Մենք ապացուցեցինք, որ քաղաքական գործիչներն ու քաղաքական կուսակցությունները, որոնք ունեն « Ինչ որ ասում եմ ճիշտ է» մոտեցումը, երբեք չեն կարող կառավարել այս ազգը», – ասել է նա: «Եթե նրանք այդպես պահեն իրենց, ապա օրը կգա, երբ ազգը նրանց կրկին դաս կտա քվեատուփի միջոցով»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ