Մեկ դար անց Իսրայելը բարոյապես պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ-ի Կոնգրեսի 44 անդամ վերջերս օրինագիծ են ներկայացրել, որով կոչ են արել Օբամայի վարչակազմին ճանաչել Հայոց հոլոքոստը որպես «ցեղասպանություն»: Պարզ չէ, թե երբ կլինի քվեարկությունը, սակայն, թվում է թե ԱՄՆ-ն շուտով կմիանա 21 երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
- Հայոց Ցեղասպանության պատասխանատուն երիտթուրքերի վերնախավն էր՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան և պատերազմի նախարար Էնվեր փաշան: Այս բարձրաստիճան պաշտոնյաները հրահանգել էին հիմնել ռազմականացված կազմակերպություն՝ «Հատուկ կազմակերպությունը» (Techkilat-i Mahsoussé), որը լուծելու էր «հայկական հարցը»:
- Նյուրենբերգյան դատավարության փաստաթղթերից մեկը բացահայտում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի սպանդի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը և այն ժամանակվա ուժեղ պետությունների համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսեց Ադոլֆ Հիտլերին նվաճել տարածքներ և ոչնչացնել հրեաներին Եվրոպայում:
- Իսրայելը երբեք պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքականությունը միշտ եղել է «չնեղացնել» թուրքերին:
- ես բացել եմ «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը», կոչ եմ անում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին և վարչապետ Բենիամին Նաթանյահուին անհապաղ քայլեր ձեռնարկել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում, որը նրանց բոլոր նախորդներն անտեսել են:
Ուշադրությանն արժանի
ԱՄՆ-ի Կոնգրեսի 44 անդամ վերջերս օրինագիծ են ներկայացրել, որով կոչ են արել Օբամայի վարչակազմին ճանաչել Հայոց հոլոքոստը որպես «ցեղասպանություն»: Պարզ չէ, թե երբ կլինի քվեարկությունը, սակայն, թվում է թե ԱՄՆ-ն շուտով կմիանա 21 երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին:
Հայերը, որոնք ձգտում էին իրագործել իրենց ազգային նկրտումները և հիմնել հայկական ինքնավարություն կայսրությունում, ընկալվում էին որպես դավաճաններ և ռուսների հետ համագործակցողներ: «Երիտասարդ թուրքեր» թուրքական ազգայնական կուսակցությունը, որը գահընկեց արեց Սուլթան Աբդուլ Համիդ II-ին, այլ ծրագրեր ուներ իր տարածքի հայերի վերաբերյալ: Կուսակցությունը որոշել էր «թուրքացնել» իր հսկողության տակ գտնվող տարածքները, ինչը նշանակում էր քրիստոնեական փոքրամասնության էթնիկ զտում:
Հայոց Ցեղասպանության պատասխանատուն երիտթուրքերի վերնախավն էր՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան և պատերազմի նախարար Էնվեր փաշան: Այս բարձրաստիճան պաշտոնյաները հրահանգել էին հիմնել ռազմականացված կազմակերպություն՝ «Հատուկ կազմակերպությունը» (Techkilat-i Mahsoussé), որը լուծելու էր «հայկական հարցը»: Կազմակերպությանը հանձնարարել էին վերացնել ու ոչնչացնել հայերին: Հանցագործներին և հատուկ ազատ արձակված դատապարտյալներին ներգրավեցին իրենց շարքերը, ծրագիրն իրագործելու համար:
1915-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, թուրքական բանակը մտավ հայ փոքրամասնության առաջնորդների տները, դաժանորեն սպանեց հարյուրավոր մարդկանց:
Հետևաբար, ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց Ցեղասպանության սկիզբը և հաստատվել է որպես հիշատակման պաշտոնական օր: Ուսումնասիրողները կարծում են, որ 1914 -ից մինչև 1918 թվականը մեկից մինչև 1.5 միլիոն հայ տղամարդ, կին ու երեխա դաժանաբար ու պարբերաբար սպանվել է: Ժամանակակից Թուրքիան կտրականապես հրաժարվում է ընդունել իր պատմական ներգրավվածությունը հայ ժողովրդի սպանությանը և մեծ միջոցներ է ներդնում Հայոց հոլոքոստը մերժող քարոզչության համար:
Նյուրենբերգյան դատավարության փաստաթղթերից մեկը բացահայտում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի սպանդի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը և այն ժամանակվա ուժեղ պետությունների համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսեց Ադոլֆ Հիտլերին նվաճել տարածքներ և ոչնչացնել հրեաներին Եվրոպայում:
«Ո՞վ է հիշում այդ հայերին»: Հիտլերն ասել է իր շտաբին, տեղեկացնելով նրանց Լեհաստան ներխուժելու որոշման մասին, ավելացնելով, որ նրանք չպետք է վախենան միջազգային արձագանքից և հայերի կոտորածն օգտագործել է որպես ապացույց:
Իսրայելը երբեք պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքականությունը միշտ եղել է «չնեղացնել» թուրքերին: ԶԼՄ-ներին ցուցում է տրվել չհրապարակել այդ թեմայով հոդվածներ և խմբագիրներն էլ գիտակցաբար Իսրայելի հանրությանը հեռու են պահել հայկական ողբերգության մասին տեղեկանալու իրավունքից: Շատ իսրայելցիներ անտեղյակ են հարցից, չնայած նրա կարևորությանն ու հրեական պատմության վրա ունեցած ազդեցությանը:
Իսրայելը, ընդհանուր առմամբ, և հրեա ժողովուրդը, մասնավորապես, բարոյական պարտավորություն ունի ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Մի ժողովուրդ, որ Հոլոքոստի ժամանակ կորցրել է իր քաղաքացիների մեկ երրորդին, չի կարող ժխտել ցեղասպանությունը մեկ այլ ժողովրդի, որը, կորցրել է իր քաղաքացիների երկու երրորդին:
Վերջին տարիներին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստող ցանկացած փորձ ձախողվել է և դա հիմնականում Թուրքիայի արձագանքի հանդեպ Իսրայելի մտահոգության հետևանքն է:
Այսօր, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահպանում է հստակ հակաիսրայելական և հակասեմական գիծը, արտաքին գործերի նախարարությունը շարունակում է անտեսել Հայոց հոլոքոստը և առաջնորդվում է սխալ նկատառումների վրա հիմնված մանր քաղաքականությամբ:Կա Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բարոյական և պատմական հիմնավորում: Հայերի հոլոքոստը պետք է դասավանդվի դպրոցներում:
Մի ամսից, ապրիլի 24-ին, մենք պետք է ոգեկոչենք 1,5 միլիոն հայերի սպանության 100 տարին: Այս առիթով, ի լրումն ֆեյսբուքյան էջին, ես բացել եմ «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը», կոչ եմ անում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին և վարչապետ Բենիամին Նաթանյահուին անհապաղ քայլեր ձեռնարկել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում, որը նրանց բոլոր նախորդներն անտեսել են:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ