Իսրայելն ու Գազան կրակը դադարեցնելու համաձայնագիր են կնքել

Իսրայելն ու Գազան կրակը դադարեցնելու համաձայնագիր են կնքել

Հոդվածի առանցքում

  • Պաղեստինցի պաշտոնյաները հայտնում են, որ Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել, վերջ դնելու խորացող բռնությանը Գազայի հատվածում և Իսրայելի հարավում, որը հանգեցրել է 25 պաղեստինցու և չորս իսրայելցու մահվան: Գազայի պաշտոնյաները հաստատել են Al Jazeera- ին, որ գործարքը ձեռք է բերվել Գրինվիչի ժամանակով ժամը 1: 30-ին և դրանից հետո պաղեստինյան տարածքում Իսրայելի օդային հարձակումներ չեն գրանցվել:

Ուշադրությանն արժանի

 

Պաշտոնյաները հայտնել են Al Jazeera- ին, որ հրադադարն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով ժամը 1:30-ին եռօրյա հրթիռակոծությունից ու օդային հարձակումներից հետո:

Պաղեստինցի պաշտոնյաները հայտնում են, որ Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել, վերջ դնելու խորացող բռնությանը Գազայի հատվածում և Իսրայելի հարավում, որը հանգեցրել է 25 պաղեստինցու և չորս իսրայելցու մահվան:

Գազայի պաշտոնյաները հաստատել են Al Jazeera- ին, որ գործարքը ձեռք է բերվել Գրինվիչի ժամանակով ժամը 1: 30-ին և դրանից հետո պաղեստինյան տարածքում Իսրայելի օդային հարձակումներ չեն գրանցվել:

Պաշտոնյաները հայտարարել են, որ Եգիպտոսը և Քաթարն են միջնորդել, վերջ դնելու Գազայի և Իսրայելի միջև հարձակումներին:

Իսրայելական կողմը չի հաստատել այդ տեղեկությունը: Սակայն երկուշաբթի վաղ առավոտյան իսրայելական բանակը վերացրել է հանգստյան օրերին իրադրության սրացման պատճառով Գազայի հատվածի մոտ տեղադրված բոլոր պաշտպանիչ սահմանափակումները:

Ներքին ճակատի հրամանատարը հրահանգել է հարավային շրջանի բնակիչներին վերադառնալ իրենց սովորական ռեժիմին:

Իսրայելի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հարավային հատվածում ավտոբուսային բոլոր երթուղիները կվերադառնան լիարժեք և նորմալ աշխատանքի: Առավոտյան վերսկսվել է նաև Աշկելոն ու Բեըրշեբա քաղաքների երկաթուղային հաղորդակցությունը:

Իսլամական ջիհադի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ հրադադարի համաձայնագիրը հիմնված է Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը թուլացնելու վրա:

Նրա խոսքերով, համաձայնության պայմաններից են Գազայի ափից 12 ծովային մղոն տարածքում գործող ձկնորսության գոտում սահմանափակումների նվազեցումը, Գազայի էլեկտրաէներգիայի և վառելիքի իրավիճակի բարելավումը:

Եգիպտոսցի պաշտոնյան, դարձյալ անանունության պայմաններում,  հաստատել է գործարքը:

Արևմտյան Ափի Պաղեստինյան ինքնավարության կառավարության ղեկավար Մոհամմեդ Շթայյեն երկուշաբթի հայտարարել է, որ կառավարությունը ողջունում է «հրադադարին ուղղված բոլոր, հատկապես Եգիպտոսի ջանքերը»:

«Հուսով ենք, որ դա կհանգեցնի մեր ժողովրդի դեմ ողբերգության ավարտին և կյանքեր կպահպանի», – ասել է նա `ելույթ ունենալով Ռամալլահում կայացած կառավարության նիստի ժամանակ:

Շթայյեն կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը`կանգնեցնել Իսրայելի ագրեսիան Պաղեստինի դեմ և միջազգային աջակցություն ցուցաբերել իր ժողովրդին Գազայի հատվածում:

Նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո սա երկու կողմերի միջև ամենալուրջ բախումն էր:

Հանգստյան օրերին Իսրայելի հարավում հրթիռներ էին պայթում և ստիպում էին բնակիչներին թաքնվել, երկուշաբթի լուսաբացից մի քանի ժամ առաջ լռություն էր:

Երկօրյա էսկալացիայից հետո կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել էր օդից և ծովից «զանգվածային հարվածներ» հասցնել Գազայի հատվածին, որտեղից զինյալները հրթիռակոծում էին հարավային Իսրայելը:

Կիրակի, հարձակման արդյունքում սպանվեց Համասի 34-ամյա հրամանատարը, ում Իսրայելի զինված ուժերը համարում էին իրենց հիմնական թիրախը:

Բանակի հայտարարության մեջ Համադ ալ Խոդորին մեղադրվում է Գազայի զինված խմբավորումների համար Իրանից «մեծ գումարներ փոխանցելու» հարցում:

Պաղեստինցի զոհերի թվում երկու հղի կին էր և երկու նորածին: Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիայում, Իսրայելի օդուժը ռմբակոծել է բնակելի շենք, ինչի հետևանքով զոհվել է չորս ամսական երեխա ու նրա հայրը:

Նույն հարձակման ժամանակ սպանվել է նաև 12-ամյա մի տղա, ծնողների հետ: Նրանց մարմինները հայտնաբերել են փլատակների տակ: Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 25-ի:

Իսրայելի Աշկելոն քաղաքում էլ պաղեստինյան հրթիռակոծությունից մահացել է 58-ամյա իսրայելցի տղամարդ: Կիրակի կեսօրին երկու իսրայելցի էլ ծանր վիրավորվել է գործարանի վրա կատարված հրթիռային հարձակման ժամանակ, ավելի ուշ մահացել են:

Մոտ երկու միլիոն պաղեստինցի է ապրում Գազայում, որի տնտեսությունը տուժում է իսրայելական և եգիպտական շրջափակումներից: Վերջերս էլ Պաղեստինի վարչակազմը, որը համարվում է Համասի մրցակիցն Արևմտյան ափին, կրճատել էր տարածաշրջան առաքվող միջազգային օգնությունն ու պատժամիջոցներ սահմանել Գազայի նկատմամբ:

Իսրայելը հայտարարել է, որ իր շրջափակման նպատակն էր դադարեցնել զենքի մատակարարումը Համասին, որի դեմ նա երեք պատերազմ է վարել: Խմբավորումը Գազայի նկատմամբ հսկողություն է իրականացնում 2007-ից, տարածքից իսրայելցի բնակիչներին ու զորքերը դուրս բերելուց երկու տարի հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment