Օբաման գաղտնի նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին

Օբաման գաղտնի նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Օբաման դիտարկում է Իրանին որպես կարևոր գործոն:
  • Օբամայի Իրանի հետ գործարքի քաղաքականությունը հանդիպում է դիմադրության` ի դեմս հանրապետականների:
  • Սենատը կողմ է ավելացնելով ճնշումը Իրանի նկատմամբ և սահմանել նոր պատժամիջոցներ:
  • Սպիտակ տունը չի տեղեկացրել իր Մերձավոր Արևելքի դաշնակիցներին, Օբամայի հոկտեմբերին Ալի Խամենեին գրած նամակի մասին: Արաբական երկրների ղեկավարները վախենում են, որ Վաշինգտոնի մերձեցումը Թեհրանի հետ կարող է տեղի ունենալ իրենց շահերի հաշվին:
  • Այս առաջնորդները մեղադրել են ԱՄՆ-ին՝ իր դիվանագիտական լուծումները Թեհրանի հետ իրենցից գաղտնի պահելու մեջ:
  • Օբամայի վարչակազմը Իրանի հետ գաղտնի բանակցություններ էր սկսել Օմանի մայրաքաղաք Մուսկատում դեռևս 2012 թ. կեսերին:

Ուշադրությանն արժանի

Ըստ տրամադրած տեղեկությունների՝ անցյալ ամսվա կեսերին նախագահ Բարաք Օբաման գաղտնի նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին, ուր ներկայացրել է համատեղ շահը Իրաքում և Սիրիայում  «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքաում: Նամակի նպատակն էր ամրապնդելու «Իսլամական պետության» դեմ արշավը և Իրանի հոգևոր առաջնորդին մոտեցնելու միջուկային համաձայնագրի կնքմանը:

Նույն աղբյուրները հաղորդում են, որ Օբաման ընդգծել է պարոն Խամենեին, որ ցանկացած համագործակցություն «Իսլամական պետության» վերաբերյալ հիմնականում պայմանավորված է մինչև նոյեմբերի 24-ի դիվանագիտական վերջնաժամկետը համաշխարհային տերությունների և Թեհրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հասնելու հետ:

Հոկտեմբերին գրված նամակը արդեն 4-րդն է, որ Օբաման գրել է Իրանի ամենահզոր քաղաքական եւ կրոնական առաջնորդին 2009 թ-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց և Թեհրանի հարցով զբաղվելու խոստումից հետո:

Նամակագրությունը ընդգծում է, որ նախագահ Օբաման դիտարկում է Իրանին որպես կարևոր գործոն, կառուցողական կամ բացասական դերակատարությամբ, իր ռազմական ու դիվանագիտական քարոզարշավում՝ նպատակ ունենալով հեռացնել «Իսլամական պետությունը» տարածքներից, որ այն գրավել է վերջին 6 ամիսների ընթացքում:

Օբաման իր նամակում նաև ձգտում է մեղմացնել Իրանի մտահոգությունը իր սերտ դաշնակից՝ նախագահ Բաշար ալ-Ասադի և Սիրիայի ապագայի վերաբերյալ, ինչպես հայտնում է լավատեղյակ մեկ այլ աղբյուր: Այն նշում է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Սիրիայում ուղղված չեն պարոն Ասադի կամ նրան սատարող ուժերի դեմ:

Օբաման և իր վարչակազմի պաշտոնյաները վերջին օրերին Իրանի հետ գործարքի հնարավորությունը դիտարկում էին 50-50: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կիրակի մտադիր է սկսել ինտենսիվ ուղղակի բանակցություններ միջուկային հարցի շուրջ իր իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ Օմանում:

Առաջին անգամ այս շաբաթ, վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա պաշտոնապես հայտարարել է, որ բանակցությունները կարող են երկարաձգվել նոյեմբերի 24 վերջնաժամկետից հետո՝ ավելացնելով, որ Քերիի Օման այցից հետո միայն Սպիտակ տանը պարզ կդառնա, թե արդյոք հնարավոր է նոյեմբերի վերջին գալ համաձայնության Իրանի հետ:

«Այդ հանդիպումից հետո մենք կիմանանք, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ, թե ոչ մինչև վերջնաժամկետը»,- ասաց բարձրաստիճան պաշտոնյան: «Եթե լինի երկարաձգում, ապա հիմնական հարցն է, թե որոնք են պայմանները»:

Պարոն Օբամայի գործարքի խթանման քաղաքականությունը հանդիպում է դիմադրության հատկապես երեքշաբթի կայացած ընտրություններից հետո, երբ հանրապետականները իրենց վերահսկողության տակ առան Սենատը ՝ ավելացնելով ճնշումը համաձայնության խափանման և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման ուղղությամբ: Սենատորներ Մարկ Քրքը և Ռոբերտ Մենենդեսը ներկայացրել են նոր օրինագծեր՝ պատժամիջոցների ուժեղացման համար: «Իրանի միջուկային զենքի ստացումը կանխելու լավագույն ճանապարհը  Մենենդեզ-Քըրք երկկուսակցական օրինագծի արագ ընդունումն է՝ իրանցիներին չտալով հավելյալ ժամանակ ռումբը պատրաստելու համար», – ասել է պարոն Քըրքը չորեքշաբթի:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները իր մտահոգություն է հայտնել պարոն Օբամայի նամակի հետ կապված: «Ես չեմ վստահում իրանցիներին: Չեմ կարծում, որ մենք պետք է իրենց բերենք այստեղ», – ասել է պարոն Բեյները: Անդրադառնալով շարունակվող միջուկային բանակցություններին Իրանի և գերտերությունների միջև՝ պարոն Բեյները ասաց, որ «հույս ունեմ, որ բանակցությունները, որոնք ընթանում են, լուրջ բանակցություններ են, բայց ես ունեմ իմ կասկածները»:

Ինչպես հաղորում են աղբյուրներն ու դաշնակից երկրների ներկայացուցիչները, հաշվի առնելով Իրանի դիվանագիտության զգայունությունը՝ Սպիտակ տունը չի տեղեկացրել իր Մերձավոր Արևելքի դաշնակիցներին, այդ թվում Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրությանը, պարոն Օբամայի հոկտեմբերին պարոն Ալի Խամենեին գրած նամակի մասին: Վերջին շաբաթների ընթացքում այդ երկրների առաջնորդները հայտնել են իրենց աճող մտահոգությունը, որ ԱՄՆ-ն պատրաստվում է զգալիորեն մեղմել իր պահանջները Թեհրանի հետ միջուկային բանակցություններում: Նրանք ասել են, որ անհանգստանում են, որ գործարքը կարող է թույլ տալ Իրանին ձեռք բերել կարողություններ՝ միջուկային զենք արտադրելու համար:

Արաբական երկրների ղեկավարները նաեւ վախենում են, որ Վաշինգտոնի մերձեցումը Թեհրանի հետ կարող է տեղի ունենալ ողջ Մերձավոր Արեւելքում իրենց անվտանգության և տնտեսական շահերի հաշվին: Այս առաջնորդները մեղադրել են ԱՄՆ-ին՝ իր դիվանագիտական լուծումները Թեհրանի հետ իրենցից գաղտնի պահելու մեջ:

Օբամայի վարչակազմը Իրանի հետ գաղտնի բանակցություններ էր սկսել Օմանի մայրաքաղաք Մուսկատում դեռևս 2012 թ. կեսերին, բայց իր մերձավորարեւելյան դաշնակիցներին տեղեկացրել էր միայն 2013 թ. վերջում:

Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել The Wall Street Journal-ի հարցերին՝ կապված պարոն Խամենեին ուղված նամակի հետ: Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստը հինգշաբթի հրաժարվեց մեկնաբանել այս խնդիրը, որը նա կոչեց «մասնավոր նամակագրություն» նախագահի և համաշխարհային առաջնորդների միջև, սակայն խոստովանեց, որ ԱՄՆ պաշտոնյաները անցյալում քննարկել են Իսլամական պետության դեմ քարոզարշավը Իրանի պաշտոնատար անձանց հետ միջազգային միջուկային բանակցությունների շրջանակում: Նա ավելացրել է, որ բանակցությունների հիմնական հարցը մնում է Իրանի միջուկային ծրագիրը և վերահաստատեց, որ ԱՄՆ-ը չունի ռազմական համագործակցություն Իրանի հետ Իսլամական պետության հետ կապված հարցում: Վարչակազմի պաշտոնյաները չեն ժխտել նամակի գոյությունը, ի պատասխան վերջերս օտարերկրյա դիվանագետների հարցերին:

Պարոն Խամենեին ապացուցել է իր փոփոխական դիվանագիտական մոտեցումները պարոն Օբամային վերջին վեց տարիների ընթացքում: Պարոն Օբաման ուղարկել է երկու նամակ Իրանի 75-ամյա հոգևոր առաջնորդին 2009 թ. առաջին կիսամյակում՝ կոչ անելով բարելավվել Իրան-ԱՄՆ հարաբերությունները, որոնք սառեցված են 1979 թ. Թեհրանում Իսլամական հեղափոխությունից ի վեր: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ պարոն Խամենեին երբեք անմիջապես չի արձագանքել այդ փորձերին: Իսկ Իրանի անվտանգության ուժերը այդ տարի ճնշել են համազգային բողոքը, որը վիճարկում էր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրությունը:

ԱՄՆ-Իրան հարաբերություններում որոշակի ձնհալ է նկատվել Հասան Ռոհանիի 2013 թ հունիսին նախագահ ընտրվելուց հետո: Ինքն ու պարոն Օբաման 15-րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել 2013 թ. սեպտեմբերին, իսկ պարոնայք Քերին և Զարիֆը պարբերաբար քննարկում են միջուկային խնդիրներն ու տարածաշրջանային հարցերը: Այդուհանդերձ, պարոն Խամենեին հաճախ կասկածի տակ է դնում Վաշինգտոնի հետ լավ հարաբերությունների հնարավորությունը: Նա քննադատել է ԱՄՆ ռազմական արշավը Իսլամական պետության դեմ, որը հայտնի է նաև որպես ISIS կամ ISIL՝ պնդելով, որ դա Վաշինգտոնի եւ Արեւմուտքի հերթական փորձն է թուլացնելու իսլամական աշխարհը:

«Ամերիկան, սիոնիզմը և հատկապես բաժանումներ տարածող հարցում վետերան փորձագետ Բրիտանիայի չար կառավարությունը կտրուկ մեծացրել են իրենց ջանքերը սունիներին և շիաներին բաժանելու հարցում»,- ասել է պարոն Խամենեին անցյալ ամիս իր ելույթի ընթացքում, ըստ իր կայքում տեղադրած իր ելույթի պատճենի: «Իրենք ստեղծել են Ալ Քաիդան և (Իսլամական պետությունը)՝ նպատակ ունենալով բաժանելու և պայքարելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, բայց այսօր, նրանք դուրս են եկել իրենց դեմ»:

Ներկա և նախկին ԱՄՆ- ի պաշտոնյաները ասել են, որ պարոն Օբաման պարոն Խամենեին դիմում է, քանի որ իրենք կարծում են, որ հոգևոր առաջնորդն է վերջնական որոշում կայացնում Իրանի միջուկային ծրագրի և Իսլամական պետության դեմ պայքարի հարցերում: Պարոն Ռուհանին փորձում է պահպանել դժվար հավասարակշռությունը՝ իր արտաքին քաղաքականության վերաբերյալ Խամենեից համաձայնություն ստանալու և Իրանի ընտրողների միջև, ովքեր իրեն են ընտրել ակնկալիքով, որ կբարելավի Իրանի հարաբերությունները արևմտյան աշխարհի հետ:

Իսլամական պետության առաջացումը կտրուկ փոխեց թե Վաշինգտոնի և թե Թեհրանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Պարոն Օբաման ընտրվել էր Վաշինգտոնի պատերազմը Իրաքում դադարեցնելու խոստման ներքո: Սակայն վերջին երեք ամիսների ընթացքում, նա վերսկսել է ԱՄՆ օդային պատերազմը արաբական երկրում՝ փորձելով թուլացնել Իսլամական պետության դիրքերը արևմտյան եւ հյուսիսային Իրաքում, ուր վերջիններս գրավել են տարածքներ:

Իրանը ևս ստիպված է եղել մոբիլիզացնելու իր ռազմական միջոցները Իսլամական պետության դեմ պայքարում, ինչպես նշում են Իրանի և ԱՄՆ ավագ պաշտոնյաները: Թեհրանի էլիտար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները ռազմական խորհրդականներ են ուղարկել Իրաք՝ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին օգնելու համար, ով Իրանի մտերիմ դաշնակիցն է: ԻՀՊԿ նաեւ աշխատել է Սիրիայի նախագահ Ասադի կառավարության հետ, ինչպես նաև շիա աշխարհազորայինների հետ ողջ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում ռազմական գործողություններ վարելու համար:

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ իրենք չեն համակարգում Թեհրանի հետ իսլամական պետության դեմ պայքարը: Բայց պետքարտուղարությունը հաստատել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Իրաքի խնդիրը պարոն Զարիֆի հետ Վիեննայում կայացած միջուկային բանակցությունների շրջանակներում: ԱՄՆ դիվանագետները նույնպես հաղորդագրություններ են փոխանցել Թեհրանին Բաղդադում պարոն Աբադիի կառավարության և շիիթական ամենահզոր հոգևոր առաջնորդներից մեկի, Իրաքի մեծ այաթոլա Ալի ալ-Սիստանիի գրասենյակների միջոցով:

Թեհրանին փոխանցած հաղորդագրությունների թվում է, ըստ ամերիկացի պաշտոնյաների, այն, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում միտված չեն թուլացնելու Թեհրանին կամ իր դաշնակիցներին:

«Մենք հաղորդագրություններ ենք փոխանցել իրանցիներին Իրաքի կառավարության և Սիսթանիի միջոցով՝ ասելով, որ մեր գործողությունները ուղղված են ISIL-ի դեմ», – ասել է ավագ ամերիկացի պաշտոնյան: «Մենք չենք օգտագործում այն որպես հարթակ Իրաքի վերագրավման կամ Իրանի թուլացման համար»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment