Իրանը ևս մեկ քայլով հեռանում է միջուկային գործարքից
Հոդվածի առանցքում
- Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը շուտով կսկսի ուսումնասիրել և զարգացնել բարելավված ցենտրիֆուգներ` ուրանի հարստացման գործընթացն արագացնելու համար: «Մեր հետազոտությունների և զարգացման բոլոր սահմանափակումները կչեղարկենք ուրբաթ օրը», - ասել է Ռոհանին: Սա նշանակում է Իրանի կողմից 2015-ին ստորագրված միջազգային գործարքի երրորդ խախտումը: Գործարքով Իրանը համաձայնել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցները մեղմելու դիմաց:
Ուշադրությանն արժանի
Թեհրանը հայտարարել է ուրանի հարստացումն արագացնելու ջանքերի մասին, ինչը տապալվող միջուկային գործարքի երրորդ խախտումն է: Իրանը եվրոպական երկրներին ավելի շատ ժամանակ տվեց պայմանագիրը փրկելու համար, ԱՄՆ-ը սահմանեց նոր պատժամիջոցներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը շուտով կսկսի ուսումնասիրել և զարգացնել բարելավված ցենտրիֆուգներ` ուրանի հարստացման գործընթացն արագացնելու համար:
«Մեր հետազոտությունների և զարգացման բոլոր սահմանափակումները կչեղարկենք ուրբաթ օրը», – ասել է Ռոհանին:
Սա նշանակում է Իրանի կողմից 2015-ին ստորագրված միջազգային գործարքի երրորդ խախտումը: Գործարքով Իրանը համաձայնել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցները մեղմելու դիմաց:
Հուլիսին Իրանը հրաժարվեց գործարքով ստանձնած երկու այլ պարտավորություններից՝ թույլ տալով, որ հարստացված ուրանի պաշարները գերազանցեն 300 կիլոգրամի սահմանը և խախտելով ուրանի պաշարների մաքրության աստիճանը:
2015-ի գործարքը կնքվեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մտավախություններից հետո, ըստ որոնց թեև Իրանը պնդում էր, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է քաղաքացիական օգտագործմանը, դրա իրական նպատակը ռազմական է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարի դուրս եկավ համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ սահմանեց:
Հինգշաբթի Լոնդոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ աշխարհի առաջնորդներին կոչ անելով երկխոսություն չսկսել Իրանի հետ:
«Իրանի հետ բանակցություններ վարելու ժամանակը չէ: Հիմա ժամանակն է ճնշում գործադրել Իրանի վրա», – ասել է նա:
Ըստ Դաունինգ Սթրիթի խոսնակի, երկու վարչապետները համաձայնել են Իրանի միջուկային զենք ձեռք բերելը կանխելու անհրաժեշտության և Թեհրանի ապակայունացնող քաղաքականությանը վերջ տալու հարցում: Վարչապետ Ջոնսոնը շեշտել է երկխոսության անհրաժեշտությունը և դիվանագիտական լուծումը:
Նեթանյահուն Լոնդոնում նախատեսվում էր հանդիպել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ:
Եվրոպական տերությունները դեմ են արտահայտվել ԱՄՆ պատժամիջոցներին և փորձել են պահպանել գործարքը, մասամբ փորձելով պաշտպանել Իրանին այդ պատժամիջոցների ազդեցությունից:
Իրանի նոր քայլերը կարող են չեղարկվել, եթե եվրոպական տերությունները պահեն իրենց խոստումները, ասել է Ռոհանին: Նա գործարքի կողմերին տվել է ևս երկու ամիս՝ իր պայմանները լիարժեք իրականացնելու համար, ասելով, որ եթե դա տեղի ունենա, Իրանը կվերադառնա համաձայնագրի իրագործմանը:
Իրանը հայտարարել է, որ կարող է կրկին լիովին պահպանել գործարքը, եթե հաստատվի Ֆրանսիայից 15 միլիարդ դոլարի վարկային գիծը, որը պետք է մարվի, երբ վերսկսվի նավթի արտահանումը:
ԱՄՆ-ը կտրականապես չի մերժել այդ գաղափարը:
Միաժամանակ, ԱՄՆ-ը սահմանեց նոր պատժամիջոցներ, այս անգամ թիրախավորելով այն ընկերություններին, նավերին և մարդկանց, որոնք կապեր ունեն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Հըզբոլլահի հետ: Վաշինգտոնը նշել է, որ այդ ցանցը նավթ է վաճառում պատժամիջոցների խախտմամբ և օգտակար է լինում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին:
ԱՄՆ-ը նաև նախազգուշացրել է յուրաքանչյուրին, ով աշխատում է այս նոր սև ցուցակի սուբյեկտների հետ, որ նրանք ևս կարող են ենթարկվել պատժամիջոցների և 15 միլիոն դոլար պարգևավճար է առաջարկել այն տեղեկատվության համար, որը կխաթարի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսական գործունեությունը: Սա ԱՄՆ-ի արշավի մի մասն է, որի նպատակն է Իրանին ստիպել նոր միջուկային գործարք կնքել և զսպել Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ