Ջիբրալթարն ազատ է արձակել առգրավված իրանական տանկերը

Ջիբրալթարն ազատ է արձակել առգրավված իրանական տանկերը

Հոդվածի առանցքում

  • Ջիբրալթարի իշխանությունները ազատել են իրանական տանկերը՝ Իրանից հավաստիացում ստանալով, որ այն չի բեռնաթափվի Սիրիայում: ԱՄՆ արդարադատության նախարարությունն այնուհետև նավը նորից կալանավորելու պահանջ է ներկայացրել այն հիմքով, որ այն կապ ունի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, որը Վաշինգտոնը հայտարարել է ահաբեկչական խմբավորում:

Ուշադրությանն արժանի

Իրանական տանկերը, որը Սիրիա նավթ տեղափոխելու կասկածանքով հուլիսից առգրավել էր Ջիբրալթարը, լքել է նավահանգիստը:

Ծովային շարժին հետևող համակարգերը ցույց են տալիս, որ տանկերը շարժվում է դեպի արևելք՝ Միջերկրական ծով և որպես նպատակակետ նշված է Հունաստանի Կալամատա նավահանգիստը:

Ջիբրալթարն ավելի վաղ մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ կրկին առրգրավել նավը, որն անունը փոխել է և հիմա Grace 1-ի փոխարեն կոչվում է Adrian Darya-1:

ԱՄՆ այս հարցով դիմել է վերջին պահին՝ ուրբաթ, երբ նախօրեին Ջիբրալթարը չեղարկել էր խափանման միջոց կալանքը:

Ջիբրալթարը նշել է, որ չի կարող բավարարել Վաշինգտոնի հայցը և նոր կալանքի որոշում կայացնել, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կիրառվում ԵՄ-ում:

Թեհրանը հայտնել է, որ պատրաստ է ռազմածովային ուժեր ուղարկել իր տանկերին ուղեկցելու համար:

Հուլիսին Իրանի առգրաված բրիտանական տանկերի մասով ոչինչ չի փոխվել:  Կան քննարկումներ, որ եթե Grace 1-ը ազատվի, կազատվի նաև բրիտանական տանկերը՝ չնայած պաշտոնական հերքումներին:

Իրանի արտգործնախարարության խոսնակը երկուշաբթի ասաց, որ նավի շուրջ ցանկացած որոշման, նաև հնարավոր հանձնման դեպքում պետք է սպասել դատարանի կարգադրությանը, բայց հավելեց, որ  «որևէ կապ չկա» երկու նավերի  առգրավման միջև:

Նա նաև նախազգուշացրեց ԱՄՆ-ին չփորձել իրանական նավը առգրավել միջազգային ջրերում: Ուրբաթ, երբ Ջիբրալթարը մերժեց Վաշինգտոնի խնդրանքը,  ԱՄՆ-ում հաստատել են իրանական նավը բռնագրավելու օրդերը:

Հայտնի չէ, թե ինչու է նավը ուղևորվում դեպի Հունաստանի Կալամատա նավահանգիստ: Բլումբերգը զրուցել է նավերի երկու բրոքերների հետ, որոնք ենթադրում էին, որ փոքր նավահանգիստը հարմար է բեռնափոխադրումներ իրականացնելու համար:

Նավի իր 29 հոգանոց անձնակազմով, որի անդամները Հնդկաստանից, Ռուսաստանից, Լատվիայից և Ֆիլիպիններից են, բրիտանական ծովայինների օգնությամբ առգրավվել է հուլիսի 4-ին, երբ Ջիբրալթարի կառավարությունը ենթադրեց, որ այն պատրաստվում էր Սիրիա բեռներ տեղափոխել` խախտելով ԵՄ պատժամիջոցները:

Այս քայլը դիվանագիտական ճգնաժամի պատճառ է դարձել Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև, որը վերջին շաբաթներին սրվել է և Իրանն էլ Պարսից ծոցում առգրավել է բրիտանական դրոշով, շվեդներին պատկանող նավթային տանկեր:

Ջիբրալթարի իշխանությունները ազատել են իրանական տանկերը՝ Իրանից հավաստիացում ստանալով, որ այն չի բեռնաթափվի Սիրիայում:

ԱՄՆ արդարադատության նախարարությունն այնուհետև նավը նորից կալանավորելու պահանջ է ներկայացրել այն հիմքով, որ այն կապ ունի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, որը Վաշինգտոնը հայտարարել է ահաբեկչական խմբավորում:

Ջիբրալթարը նշել է, որ չի կարող բավարարել այդ խնդրանքը, քանի որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԵՄ-ի կողմից չի դիտվում որպես ահաբեկչական կազմակերպություն։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրանից նավթի արտահանումը կանխող ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող կիրառվել ԵՄ-ի կողմից հաշվի առնելով «շատ տարբեր դիրքորոշումներն ու իրավական ռեժիմները ԱՄՆ-ում և ԵՄ-ում»:

Վաշինգտոնից դեռ ոչ մի արձագանք չի եղել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment