Դևիդ Իգնատիուս. Իրանի հետ փակուղում

Հոդվածի առանցքում

  • Վիեննական ոչ-ոքիի հետևում կանգնած է իրանական ավելի խորը հակամարտությունը:
  • Միջուկային բանակցությունները ազդարարում են Իրանի հեղափոխական անցյալի և դրա հետհեղափոխական ապագայի միջև բեկումը:
  • Իրանում կարծում են, որ փոխզիջումները կխարխլեն 1979 թ.-ի Իսլամական հեղափոխության հիմքերը:
  • Հենրի Քիսսինջերի հաճախ մեջբերվող ձևակերպումն էր, որ Իրանը պետք է որոշի` արդյոք այն պետություն է, թե ընդհանուր գործ:

Ուշադրությանն արժանի

Իրանի միջուկային բանակցությունները, թվում է, չեն կարող պարզ համեմատություն ունենալ: Բայց պատկերացրեք աշխատակիցների և գործատուների միջև բանակցությունները, որտեղ աշխատողների համար շատ թանկ է գործադուլ անելը, իսկ գործատուների համար շատ դժվար է գործադուլներ արգելելը: Քանի դեռ բանակցություններն ընթացքի մեջ են, երկու կողմերն էլ շարունակում են իրենց գործողությունները առանց փոխադարձ համաձայնության: Իրավիճակը թվում է կայուն, բայց դա մասամբ նրանից է, որ այն փակուղում է:

Թիմային բանակցության այս համանմանությունը ցույց է տալիս Իրանի և Արևմուտքի միջև միջուկային բանակցությունների որոշակի դինամիկան:

Երկուշաբթի բանակցողները համաձայնեցին երկարաձգել իրենց ջանքերը յոթ ամսով համապարփակ համաձայնության հասնելու համար: Նրանք դեռ շատ հեռու են որոշ մանրուքներից, բայց կողմերից և ոչ մեկը չի ցանկանում, որ բանակցությունները տապալվեն:

Վիեննական ոչ-ոքիի հետևում կանգնած է իրանական ավելի խորը հակամարտությունը: Իրանում բանակցությունների նկատմամբ խիստ դիրքորոշման կողմնակիցները հայտարարում են, որ այդ հարցում փոխզիջումները կխարխլեն 1979 թվականի Իսլամական հեղափոխության հիմքերը:

Համաձայնությունը կլինի այնպիսի ազդանշան, ինչպիսին էր The Economist պարբերականի վերջին գլխավոր հոդվածի վերնագիրը` «Հեղափոխությունն ավարտվեց» (ինչը մի փոքր ժամանակավրեպ էր):

Արևմուտքի համար խաղադրույքները նույնպես շատ բարձր են:Համաձայնելով զիջումներին` Իրանը ցանկանում է բացել ուրանի հարստացման ճանապարհ: Սա կհանգեցնի Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանային այլ երկրների միջուկային միևնույն տեխնոլոգիաների զարգացմանը` սկիզբ դնելով միջուկային սպառազինության մրցավազքին, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Այնպես որ, յուրաքանչյուր կողմը, տարբեր պատճառներով, թվում է ընդունում է, որ «համաձայնության բացակայությունն ավելի լավ է, քան վատ համաձայնությունը»` պայմանով, որ բանակցությունները շարունակվեն: Համաձայնության բացակայության ընդունումից անմասն չեն Իսրայելը և Ծոցի արաբական երկրները:

Երբ մեկ տարի առաջ Թեհրանում էի, ակնհայտ էր, որ միջուկային հարցը Իրանում դարձել է քաղաքական և տնտեսական խաչմերուկների հիմնարար թեման: Իրանի արտաքին գործերի նախարար ու գլխավոր բանակցող Մոհամմադ Ջավադ Զարիֆն ինձ  ասաց, որ վերջնական համաձայնությունը «կարող է փոխել Արևմուտքի հետ մեր հարաբերությունների կուրսը»: Բայց Հուսեյն Շարիաթմադարին` հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կոշտ քաղաքականության կողմնակիցը, նշեց, որ Արևմուտքի պահանջների ընդունումը հեղափոխության համար կնշանակի դիրքերի ամբողջական հանձնում. «Խնդիրը կլուծվի, երբ կողմերից մեկը հանձնի իր ինքնությունը, միայն այդ դեպքում»:

Մեկ տարի անց, չնայած բազմաթիվ հարցերում առաջընթացին, որոնք պետք է ձևավորեն համաձայնագիրը, Թեհրանում այս պառակտումը դեռ առկա է, ինչը սահմանափակում է զիջումներ առաջարկելու Զարիֆի հնարավորությունը, որի դիմաց Արևմուտքը պատրաստ է վերացնել պատժամիջոցները:

Իրանում հնչեցին այնպիսի հայտարարություններ, որոնց հետևեցին պատժամիջոցների երկարաձգման կոչեր:

Երկուշաբթի երեկոյան նախագահ Հասան Ռոուհանին ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ, ինչը, կարծես, դիտավորություն էր, որի նպատակն էր հանգստացնել համաձայնություն ցանկացող իրանական հասարակությանը, միաժամանակ քարոզել համաձայնություն չցանկացող կոշտ քաղաքականության կողմնակիցների դիրքորոշումը:

Լավատեսորեն տրամադրված Ռոուհանին հայտարարեց. «Ես վստահ եմ, որ մենք կհասնենք բանակցությունների վերջնակետին, եթե ոչ այսօր, ապա վաղը»` հավելելով, որ  «բանակցություններում և քննարկումներում Իրանի տրամաբանությունը մեկն է», և  բանակցողները «ունեցել են կուլիսային որոշ համաձայնություններ, բայց դրանք թղթին հանձնելը դեռ տեղի չի ունեցել»:

Ռոհանիի լավատեսական մեկնաբանություններին հաջորդ օրը հակադրվեց  Խամենեիի խիստ ուղերձը. «Միջուկային հարցում ԱՄՆ-ը և եվրոպացի գաղութարար երկրները հավաքվել և ներդրել են իրենց ամբողջ ջանքերը Իսլամական Հանրապետությունը ծնկի բերելու համար, բայց դա անել նրանք չեն կարող և չեն կարողանա»:

Իրանական ներքաղաքական գործընթացները կարող են կարևոր լինել այնքան, որքան հենց միջուկային բանակցությունները, որոնք իրենք իրենցից արդեն ազդարարում են Իրանի հեղափոխական անցյալի և դրա հետհեղափոխական ապագայի միջև բեկումը:

Նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերի հաճախ մեջբերվող ձևակերպումն էր, որ Իրանը պետք է որոշի` արդյոք այն պետություն է, թե ընդհանուր գործ: «Պետությունը», որը ներկայացնում է Ռոուհանին, ցանկանում է ողջամիտ համաձայնություն, բայց Խամենեիի «ընդհանուր գործը» շարունակում է դիմադրել:

Ի՞նչ են անում աշխատակիցներն ու գործատուները, երբ հասնում են նման փակուղում: Տեխնիկական դասական միջոցներից է այն հարցերի ընդգծումը, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Դա հենց այն է, ինչ երկուշաբթի արեց պետքարտուղար Ջոն Քերին: Նա ասաց, որ «Մենք տեսանք նոր գաղափարների մակերեսը» բանակցությունների վերջին օրերին, ինչը կարող է լուծել ամենածանր հարցերը: ԱՄՆ բանակցողները ասացին, որ կաշխատեն համաձայնության հատվածների վրա` Իրանի ցենտրիֆուգների քանակի, պահեստի չափի, համաձայնության ժամկետի, ապագա արդիականացման շրջանակների, գործընթացների ստուգումների վրա` նվազեցնելու համար իրանցիների անհանգստությունները, միաժամանակ համոզվելով, որ եթե անգամ նրանք որոշեն խաբել, միջուկային ռումբ ստանալու համար տարիներ կպահաջվեն:

Աշխատանքային բանակցություններում տնտեսական ճնշումները հաճախ ստիպում են համաձայնության գալ: Այս փոխաբերությունը, թվում է, աշխատում է Արևմուտքի օգտին:

Պատժամիջոցները մնում են իրենց տեղում, նավթի գները ցածր են, իրանական եկամուտները նվազել են Իրաքում և Սիրիայում պատերազմների հետևանքով:  Եթե տնտեսական ճնշումներն էլ լինեն նույնքան ազդեցիկ, Իրանը կգա համաձայնության:

Բայց Խամենեին հայտնի խոսք ունի. «Ես դիվանագետ չեմ, ես հեղափոխական եմ»:  Այս տրամաբանությունը կարող է մարդկանց հեռացնել համաձայնություններից, եթե անգամ դրանցից որոշները բխեն իրենց ռացիոնալ շահերից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment