Պարսից ծոցն այժմ պատկանում է Իրանին

Պարսից ծոցն այժմ պատկանում է Իրանին

Հոդվածի առանցքում

  • Յուրաքանչյուր ոք, ով դեռ հավատում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ուղղակի մարտահրավեր նետել Իրանին, պետք է վերանայի Թրամփի թվիթը: Դա նախազգուշացում է, թե ինչ է տեղի ունենալու ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: Միացյալ Նահանգները հեռանում է Պարսից ծոցից: Գուցե ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի, բայց կասկած չկա, որ ԱՄՆ դուրս գալու ճանապարհին է: Նախագահի թվիթերից բացի, տարածաշրջանից Ամերիկայի հեռանալու լավագույն ապացույցը Վաշինգտոնի անգործությունն է՝ ի դեմս Իրանի սադրանքների:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ արտաքին քաղաքականության շրջանակում վաղուց արդեն ընդունված փաստ է, որ եթե որևէ երկիր արգելափակի կամ խոչընդոտի բեռնափոխադրումը Հորմուզի նեղուցում, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կօգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող հսկայական ուժը՝  ազատ նավարկությունը պաշտպանելու համար:

Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ մեծ գումարներ է ներդրել Մերձավոր Արևելքում մի քանի կարևոր առաջադրանքներ կատարելու, մասնավորապես, ծովային ուղիները պաշտպանելու համար: Բայց այդ խնդիրը գործող նախագահը, կարծես թե, չի համարում Ամերիկայի առանցքային շահը: Հունիսի 24-ին նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել թվիթերում. «Չինաստանը նեղուցով ստանում է իր նավթի 91% -ը, Ճապոնիան՝ 62%-ը, և նման շատ այլ երկրներ: Այսպիսով, ինչու ենք մենք պաշտպանում բեռնափոխադրման ուղիներն ուրիշ երկրների համար`  զրոյական փոխհատուցման դիմաց: Այդ բոլոր երկրները պետք է իրենք պաշտպանեն իրենց նավերը,  ինչպես միշտ եղել է վտանգավոր ճանապարհորդության ժամանակ»:

Յուրաքանչյուր ոք, ով դեռ հավատում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ուղղակի մարտահրավեր նետել Իրանին, պետք է վերանայի Թրամփի թվիթը: Դա նախազգուշացում է, թե ինչ է տեղի ունենալու ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ:

Միացյալ Նահանգները հեռանում է Պարսից ծոցից: Գուցե ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի, բայց կասկած չկա, որ ԱՄՆ դուրս գալու ճանապարհին է: Նախագահի թվիթերից բացի, տարածաշրջանից Ամերիկայի հեռանալու լավագույն ապացույցը Վաշինգտոնի անգործությունն է՝ ի դեմս Իրանի սադրանքների: Պաշտոնյաներն ու վերլուծաբանները հաճախ կհակադարձեն դրան՝ նշելով անձնակազմի, ինքնաթիռների և նավերի քանակը, որոնք Միացյալ Նահանգները պահում է Պարսից ծոցում և դրա շուրջը, բայց Էր-Ռիադում, Աբու Դաբիում, Դոհայում, Մանամայում և Մասկատում ղեկավարները հասկանում են, թե ինչ է կատարվում: Նրանք անհանգստացած էին իրենց անվտանգության հարցում ԱՄՆ-ի պատասխանատվությունից և տարբեր եղանակներով պաշտպանվում էին, այդ թվում հաճոյանալով Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային: Չորեքշաբթի օրը էմիրաթցիներն ու իրանցիները վեց տարում առաջին անգամ հանդիպեցին Ծոցի ծովային անվտանգության հարցը քննարկելու համար: Դա դրական զարգացում է: Եվ մինչ երկու կողմերը պնդում են, որ հանդիպումը սովորական և ցածր մակարդակի էր, կասկած չկա, որ ամերիկյան անգործությունն է Աբու Դաբիի պաշտոնյաներին դրդել մտածել իրանական մարտահրավերին դիմակայելու մասին, ինչը կարող է հակասել Թեհրանը մեկուսացնելու ԱՄՆ ջանքերին:

Ըստ ընդունված կարծիքի, Պարսից ծոցը հանգիստ էր, քանի դեռ 2016 թվականի հունվարին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) չէր բռնել ինը ամերիկացի նավաստու և մեկ ռազմածովային սպայի, որոնց երկու փոքր նավերը 24 ժամվա ընթացքում անցան Իրանի տարածքային ջրերը: Դրանից հետո Միացյալ Նահանգները և մյուս պետությունները պնդում էին, որ իրանական ուժերը հարձակվել են վեց նավթային լցանավի վրա, IRGC ծովային ուժերը փորձել են խոչընդոտել բրիտանական նավի անցումը Հորմուզի նեղուցով, իրանցիները խփել են ամերիկյան անօդաչու սարքը, Միացյալ Նահանգներն էլ` իրանականը, իրանցիները կալանել են բրիտանական դրոշի ներքո շարժվող Stena Impero-ին: (Եվս երկու նավի իրանցիները կարճ ժամանակով կանգնեցրին, բայց թույլ տվեցին շարունակել ճանապարհը:) Stena Impero- ի արգելափակումն ուղղակի պատասխան էր հուլիսի 4-ին Ջիբրալթարի մերձակայքում իրանական լցանավի կալանմանը` նավթը Սիրիա առաքելու կասկածանքով:

Եթե ​​հավատալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտոնական քաղաքականությանը, ապա Պարսից ծոցում և նրա շուրջ ազատ նավարկությանն իրանական սպառնալիքը պետք է կոշտ պատասխան ստանար, բայց ընդհամենը ձեռքեր ոլորեցին: Երբ Stena Impero- ն կալանվեց, Բրիտանիայի այն ժամանակվա արտգործնախարարը խոստացավ, որ դա Իրանի համար «լուրջ հետևանքներ» կունենա: Միևնույն ժամանակ նա հաստատեց, որ բրիտանական կառավարությունը «չի դիտարկում ռազմական տարբերակները»: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խուսափեց միջադեպի վերաբերյալ հարցերից` նշելով, որ բրիտանական նավերի համար պատասխանատու է Միացյալ Թագավորությունը:

Այդ ժամանակից Միացյալ Նահանգները մշակել է Ծոցում անվտանգության ապահովման ծրագիր, բայց դա այն երկրի ծրագիրն է, որը պատրաստվում է հեռանալ և նախընտրում է հետագայում չխառնվել տարածաշրջանի գործերին: Իրանցիներին վախի մեջ պահելու համար ԱՄՆ նավատորմը կմատակարարի հրամանատարական և վերահսկիչ նավեր, մինչդեռ մյուս երկրները պատասխանատու են ուղեկցել իրենց նավերին: Բրիտանացիներն այլ պլաններ ունեն: Նրանք ցանկանում են ստեղծել եվրոպական ռազմածովային կոալիցիա (ամերիկյան դերակատարմամբ) Պարսից ծոցում բեռնափոխադրումներն ուղեկցելու համար: Արքայական նավատորմը չորեքշաբթի Բահրեյնում հանդիպել է ֆրանսիացիների և գերմանացիների հետ՝ քննարկելու այդ ծրագիրը: Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց ծովային անվտանգության այս ծրագրերն էլ լուրջ չեն թվում:

Դժվար է հասկանալ, թե ինչ են ուզում իրանցիները. գուցե նրանք փորձում են ստիպել բանակցություններ վարել, որպեսզի մեղմեն «առավելագույն ճնշումը», որը Թրամփի վարչակազմը կիրառում է, կամ գուցե նրանց գործողությունները պարզապես արտացոլում են Թեհրանի թշնամանքը միջազգային նորմերին: Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը հանդես է գալիս բազմակողմանիության օգտին: Ինչ էլ որ նրանք ցանկանան, IRGC- ի հրամանատարները հիմա պետք է որ հասկանան, որ Պարսից ծոցում կարող են անել ինչ ուզեն` չվախենալով հաշվեհարդարից, քանի որ Թրամփը խոսքով ու գործով հասկացրել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու տարածաշրջանից: Եթե ​​ԱՄՆ-ն մտադրվեր մնալ Ծոցում և կատարեր, բոլորի հավաստմամբ, ծովային ուղիները բաց պահելու իր պարտականությունը, վիճակն այսքան անօգնական չէր լինի:

Անշուշտ, Թրամփի վարչակազմը 1500 զինծառայող է տեղակայել Պարսից ծոցի տարածքում և այնտեղ ուղարկել լրացուցիչ մարտական ​​ինքնաթիռներ, բայց դրանք չապացուցին, որ զսպող գործոն են, նախագահը կարծես հակված չէ օգտագործել ամերիկյան ուժը: Թրամփը չպատասխանեց Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացմանը` վախենալով, որ դա կարող է սպանել 150 մարդու: Դա լավ է խոսում նախագահի մասին, բայց դժվար է հավատալ, որ մեծ թվով իրանցիներ սպանելու և չպատասխանելու միջև կապ չկա: Իր զսպվածության համար նա շահեց ժամանակավոր գովասանքներ: Բայց հիմնական խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կրել միայն Պարսից ծոցի նավահանգիստները պաշտպանելու նվազագույն ծախսերը, իսկ Իրանում Ամերիկայի հակառակորդները դա գիտեն:

Թրամփը սկսել է գործարկել մի բան, որը վերջին 15 տարիների ընթացքում նախկին նախագահներ Ջորջ Բուշը, Բարաք Օբաման և ԱՄՆ այլ պաշտոնատար անձինք տարբեր կերպ են ձևակերպել. ԱՄՆ-ն այժմ էներգիայի տեսանկյունից անկախ է և Պարսից ծոցն այլևս այնքան կարևոր չէ, ինչպես մի ժամանակ էր: Դա գուցե այնքան էլ ճիշտ չէ, բայց Թրամփին այլևս դա չի հետաքրքրում: Նա ցանկանում է լքել Մերձավոր Արևելքը, Միացյալ Նահանգները նավթի կարիքը չունի, իսկ Պարսից ծոցը ուրիշի խնդիրն է: Այդ հաղորդագրությունն էլ IRGC- ին դրդում է ավելի շատ լցանավերի որսի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment