Խախտելով լռությունը. Այաթոլլան ասում է, որ Իրանը վստահորեն պատրաստ է Արևմուտքի հետ միջուկային բանակցություններին

Հոդվածի առանցքում

  • Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ.-ի հունիսի 30-ը:
  • Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, մոտ մեկ տարի է, ինչ բանակցում են Իրանի հետ՝ միջուկային խնդրի շուրջ:
  • Իրանի հոգևոր առաջնորդը կասկածում է, թե բանակցությունները փոխադարձ համաձայնությամբ կավարտվեն:
  • Խամենեյը մեղադրում է Արևմուտքին՝ Մերձավոր Արևելքում քաղաքականությանը միջամտելու և սունիական զինյալ խմբերն օգտագործելու համար։

Ուշադրությանն արժանի

Միջուկային համաձայնության գալու սահմանված վերջնաժամկետի հաջորդ օրը, երբ վերջնաժամկետը հետաձգվեց յոթ ամսով, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեյին հանդես եկավ բանակցությունների վերաբերյալ իր առաջին դիտողություններով, որտեղ մասնավորապես ասվում էր, որ Արևմուտքին չհաջողվեց «ծնկի բերել Իրանին»:

Երեքշաբթի օրը Իրանի մայրաքաղաք Թեհրանում մուսուլմանական հոգևորականության հետ հանդիպման ժամանակ Այաթոլլա Խամենեյը մերժեց դիվանագիտական և տնտեսական ճնշումը, որը մեծ պետությունները գործադրել էին, որպեսզի ստիպեն իր երկրին՝ հրաժարվել միջուկային ձգտումներից:

«Միջուկային խնդրում Ամերիկան և եվրոպական գաղութտիրական պետությունները միասին են հանդես եկել և արել են հնարավոր ամեն ինչ՝ Իսլամական հանրապետությունը ծնկի բերերու համար, սակայն դա նրանց չի հաջողվել, չի հաջողվի նաև հետագայում»,- Այաթոլլայի խոսքերն է մեջբերում նրա անձնական վեբ-կայքը:

Իրանի կարևորագույն քաղաքական որոշումներում, ներառյալ նաև միջուկային ծրագիրը, Այաթոլլա Խամենեյի խոսքը վճռական է: Նրա դիտողություններից ենթադրվում է, որ նա կշարունակի օժանդակել բանակցություններին, սակայն միաժամանակ նա կասկածում է, որ դրանք փոխադարձ համաձայնության ձեռքբերմամբ կավարտվեն:

Վեց խոշոր պետություններ՝ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, մոտ մեկ տարի է, ինչ բանակցում են Իրանի հետ՝ միջուկային խնդրի շուրջ: Գտնում են, որ Իրանը միջոցներ և նյութեր է մշակում միջուկային զենքի համար, չնայած վերջինս պնդում է, որ իր ծրագիրը միայն խաղաղ և քաղաքացիական նպատակներ ունի:

Բոլոր երկրների դիվանագետները մինչև վերջերս պնդում էին, որ նոյեմբերի 24-ին նշանակված վերջնաժամկետը այս խնդրի համար բարդ է և անբավարար: Սակայն երկուշաբթի օրը, առանց վերջնական համաձայնության գալու, ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 30-ը:

Երբ օրենսդիրը, քննարկելով ժամանակի երկարաձգման խնդիրը, նշեց «ԱՄՆ-ի նենգադուլող ջանքերն ու նրա անվստահելիությունը, Իրանի պառլամենտում օրենսդիրները «Մահ Ամերիկային» (“Death to America”) իրենց սովորական երգը երգեցին»:

Պառլամենտի փոխխոսնակ պատգամավոր Մոհամմեդ-հասան Աբոթորաբի-Ֆարդը նշում է, որ Իրանը միջուկային բանակցություններից դաս է քաղել, որ ինքը բավականին ուժեղ է:

«Այսօր մենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ կարող ենք խոսել ուժի դիրքերից,-մեջբերում է նրա ելույթի խոսքերը նորությունների «Fars» գործակալությունը, – վերջին բանակցություններից դաս պետք է քաղած լինենք, որ զանազան պատճառներով ԱՄՆ-ը վստահելի չէ»:

Իր գրասենյակի կողմից օգտագործվող Թվիթերի էջում մի շարք հայտարարություններում Այաթոլլա Խամենեյը մեղադրում է Արևմուտքին՝ Մերձավոր Արևելքում քաղաքականությանը միջամտելու և սունիական զինյալ խմբերի օգտագործման մեջ՝ ներմուսուլմանական պայքարի միջոցով Արաբական գարնան ապստամբությունները խափանելու համար, «իրենց ամբարտավան նպատակներին համապատասխան»: Իրանի պաշտոնյաները հաճախ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կրճատ անվանում են «ամբարտավան ուժեր»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

 

Write a comment