Իրանի հարցի վերջնափուլը

Իրանի հարցի վերջնափուլը

Հոդվածի առանցքում

  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Իրանի և մեծ տերությունների միջև մոտենում են վերջնաժամկետին:
  • Համաձայնագիրը պետք է ենթադրի, որ Իրանը երբեք չի անցնի ուրանի հարստացման վերջնափուլին:
  • Միջազգային հանրությունը պետք է վստահ լինի, որ Իրանը աշխատում է միայն միջուկային էներգիա ստանալու ուղությամբ։
  • Իրանն ունի 19,000 ցենտրիֆուգների մեքենաներ, որից գործում են 10,200-ը:
  • Գրեթե մեկ տարի է Իրանը սառեցրել և կանգնեցրել է միջուկային ծրագիրը։

Ուշադրությանն արժանի

Մեկ տարվա աշխատանքից հետո, խոշոր տերություններն ու Իրանը մոտենում են նոյեմբերի 24-ի վերջնաժամկետին՝ բանակցություններն ավարտելու և պայմանագիր կնքելու համար, որը պետք է սահմանափակի Իրանի միջուկային ծրագիրը պատժամիջոցների վերացման դիմաց: Թեև բանակցությունների վերջնական փուլը պետք է տեղի ունենա այս շաբաթ, անցած շաբաթվա բարձր մակարդակի բանակցությունները Օմանում, ըստ ամենայնի, առաջընթաց չեն գրանցել հիմնական հարցերի շուրջ բանակցություններում, որի հետևանքով շատանում են շահարկումները, որ վերջնաժամկետը կխախտվի:

Քանի որ ոչ ոք չի ցանկանում տապալված տեսնելու գործընթացը՝ խոսակցություններ են գնում բանակցությունների երկարացման և անգամ, լայն առումով, գրանցած զգալի առաջընթացի ամրացման մասին:

Ամեն դեպքում, պետք է օգտագործվի պահը և հնարավորությունը՝ համապարփակ մշտական համաձայնագիր կնքելու համար: Ավելի փոքր արդյունքը ողբերգություն է:

Միջազգային հանրությունը Իրանի միջուկային ծրագիրը դիտում է որպես սպառնալիք իր հանրայնացման առաջին իսկ օրվանից՝ 2002 թ.-ից:

Չնայած այն հանգամանքի, որ Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագրի նպատակն է ստանալ միջուկային էներգիա, այդ ծրագրի չափը և ծավալը մտահոգություն է առաջացնում, որ Թեհրանը կարող է մեկ օր արտադրել նաև միջուկային զենք: Ցանկացած համաձայնություն պետք է կառուցվի այնպես, որ ոչ մի դեպքում Իրանը  չկարողանա մի օր անցնել միջուկային զենքի կառուցման վերջնափուլին առանց համաշխարհային հանրության բավարար լծակների՝ միջամտելու համար:

Հաջողության հասած համաձայնագիրը շահավետ է երկու կողմերի համար: Իրանի դեմ պատժամիջոցները աստիճանաբար կհանվեն՝ աշխուժացնելով երկրի տնտեսությունը և բացելով դուռը միջազգային հանրության հետ Իրանի վերաինտեգրմանը:

Համապատասխան վավերացմամբ,  համաձայնագիրը պետք է հավաստիացնի միջազգային հանրությանը, որ Իրանը աշխատում է միայն միջուկային էներգիա ստանալու ուղությամբ, այլ ոչ թե միջուկային զենք, և կարող է համագործակցություն ծավալել նաև այլ մարտահրավերների, այդ թվում իսլամական պետության դեմ պայքարի ուղղությամբ:

Դիվանագիտական գործընթացի խոչընդոտները կապված են հիմնականում Իրանի հետ, որը չի համաձայնվում նվազեցնել իր կարողությունը հարստացված ուրան արտադրելու հարցում, որը օգտագործվում է էներգետիկ ռեակտորների և բժշկական հետազոտության ոլորտներում, ինչպես նաև միջուկային զենքում մեծ կոնցենտրացիաներում:

Times-ի վերջերս հրապարակած Դևիդ Սանգերի զեկույցը գտնում է, որ Իրանը քննարկում է փոխզիջումային տարբերակ, ըստ որի՝ այն իր ուրանի պաշարների մեծ մասը նավով կփոխանցի Ռուսաստան՝ այն մասնագիտացված վառելիքի ձողերում պահելու համար, եթե հնարավոր դարձավ հասնել համապարփակ միջուկային համաձայնությանը Արևմուտքի հետ: Ռուսաստանը այդ դեպքում կկառուցի երկու միջուկային էներգիայի ռեակտորներ Իրանի համար՝ պահպանելով հնարավորություն կառուցելու ևս վեց այլ ռեակտորներ:

Ի դեպ, ռեակտորներից մեկը արդեն գործում է Բուշերում: Նման քայլերը Իրանին կհամոզեն, որ իր էներգետիկ կարիքները անպայման կապահովվեն, և  կարիք չի ունենա արդյունաբերական չափերի  հարստացրած ուրանի կարողության:

Նման միջոցառումները Միացյալ Նահանգներին և իր գործընկերներին` Ռուսաստանին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Չինաստանին, հնարավորություն կտան հետևելու, թե որքան ցենտրիֆուգներ, որոնք օգտագործվում են ուրանի հարստացման գործընթացում, կարող է օգտագործել Իրանը:

Իրանն  այժմ ունի մոտ 19,000 ցենտրիֆուգների մեքենաներ, որից գործում են 10,200: Մեծ տերությունները ի սկզբանե առաջարկում էին սահմանափակել Իրանի շահագործող ցենտրիֆուգները 1500-ով և հետո ավելացնել այդ թիվը մինչև 4000:

Իրանը, սակայն, չհամաձայնվեց կրճատմանը: Այլ չլուծված հարցերից է, թե որքան արագ կհանվեն տնտեսական պատժամիջոցները ու արդյոք միջազգային տեսուչները հնարավորություն կունենան ազատ այցելելու կասկածվող ենթակառուցվածքներ:

Համաձայնության չհասնելու հետևանքները լինելու են լուրջ, որոնցից են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու նրա արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի դիրքերի թուլացումը: Վերջիններս Իրանում համարվում են զուսպ, և, ինչպես նախագահ Օբաման, դիմել են քաղաքական ռիսկի՝ փորձելով հասնել համաձայնության:

Գրեթե մեկ տարի է՝ Իրանը հավատարիմ է միջանկյալ համաձայնությանը, որը սառեցրել և կանգնեցրել է միջուկային ծրագիրը: Այս փորձը որոշ հույսեր արթնացրեց, որ Իրանը, համապատասխան վերահսկողության ներքո,  ի վիճակի է կատարել ավելի մշտական համաձայնություն: Նախագահ Օբաման վերջերս ճիշտ քայլ կատարեց, երբ նամակ գրեց Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին՝ փորձելով մոտեցնել նրան միջուկային համաձայնությանը: Մնացած ղեկավարները ևս պետք է կշռադատված մոտենան: Այս համաձայնագիրը չափազանց կարևոր է, որպեսզի թույլ տալ, որ այն տապալվի:

Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ։

Write a comment