ԱՄՆ պաշտոնյան հաստատում է, որ  Իրանը ռմբակոծել է Իրաքում ԻՊ դիրքերը

Հոդվածի առանցքում

  • Իրաքում Իսլամական պետության դիրքերը ռմբակոծող երկրների ցանկը համալրել է Իրանը:
  • Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը չեն համագործակցում Իսլամական պետության դեմ պայքարում:
  • Վերլուծաբանները զգուշացնում են, որ թեև Իրանն ու ԱՄՆ-ը ներկա պահին կիսում են ԻՊ-ի սպառնալիքը, նրանք տարածաշրջանի համար չունեն ընդհանուր երկարաժամկետ կոնցեպցիաներ:

Ուշադրությանն արժանի

Իրաքում Իսլամական պետության դիրքերը ռմբակոծող երկրների ցանկը մինչև այժմ ներառում էր ԱՄՆ դասական գործընկերներին՝ Կանադա, ՄԲ, Ֆրանսիա: Այժմ, կարծես թե, ԱՄՆ-ը օդում ունի նոր քվազի-գործընկեր՝ Իրանը:

ԱՄՆ-ը տեղյակ է իրանյան ռմբակոծման ակտիվության մասին օդային այն նույն տարածքում, որտեղ Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի ինքնաթիռներն են գործում: Այս մասին երկուշաբթի երեկոյան The Huffington Post-ին հայտնեց պաշտպանության աշխատակիցը:

Աշխատակիցն ասաց, որ իրանյան ռմբակոծությունները, դժվար թե, դադարեն այնքան ժամանակ, քանի դեռ մեծամասամբ շիա բնակչությամբ երկրին սպառնում է սուննիական ծայրահեղական խմբավորումը՝ ISIS-ը: Ռմբակոծությունները ԱՄՆ պատասխանի չեն արժանանա, քանի որ Իրանի ներկայությունը անմիջական վտանգ է ներկայացնում օդում ԱՄՆ ուժերի համար:

«Մենք տեղյակ ենք այդ մասին: Ես չէի ասի, թե մենք պարտադիր կերպով կապված ենք դրա հետ, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այդ»,-նշեց պաշտոնյան: Նա շեշտեց, որ իրանյան ռմբակոծությունները տեղի են ունեցել իրանյան սահմանում, ԱՄՆ-ի և  նրա կոալիցիոն ուժերի գործողությունների տարածքից դուրս, բայց  ինքը միայն անանունության պայմանով կարող է հաստատել ռմբակոծությունների մասին հայտարարությունները:

Այն ժամանակ, երբ նախորդ զեկույցները հայտնում էին, որ Իրանը զենք ու զինամթերք է տալիս Իրաքի կառավարությանը, պաշտոնյաների մեկնաբանությունները ներկայացնում են առաջին հաստատումներն այն մասին, որ Իրանի սեփական օդուժը ներառված է Իրաքում Իսլամական պետության դեմ պայքարում:

 Հարցն այն է, որ ԱՄՆ-ը այս մակարդակում մարտահրավեր չի նետում իրանյան ներկայությանը, ինչը վկայում է, որ Օբամայի վարչակարգը Իրանի կառավարությանը Մերձավոր Արևելքում դիտարկում է, որպես տակտիկական գործընկեր:

Դիրքորոշումը վիճելի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ դաշնակիցները, ներառյալ Իսրայելն ու Իսլամական պետության  դեմ պայքարող Արաբական երկրները, ինչպիսին օրինակ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմրություններն են, սպառնալիք են զգում Իրանից:

Պաշտպանության նախարարության աշխատակիցների մեկնաբանությունները ապացույց էին Իրանի՝ Իրաքի երկնքում ներկայության մասին: Այս մասին հայտնում է բրիտանական վերլուծական ընկերություն IHS Jane’s Defence Weekly-ն և իսրայելական հայտնի Haaretz լրատվականը: Երկու աղբյուրներն էլ նշում են, որ ինքնաթիռը նկատվել է ալ-Ջազիրայի՝ նոյեմբերի վերջերին հրապարակած տեսանյութերից մեկում: Նրանք ասացին, որ ամառվանից այն օգնություն է ցույց տալիս ԱՄՆ-ի գլխավոր ցամաքային դաշնակից Իրաքի զինուժին՝ ընդդեմ Իսլամական պետության:

Աղբյուրներից ոչ մեկը չէր կարող հաստատել, արդյոք ինքնաթիռը իրանական էր: Երկուսն էլ նշում են, որ Իրանն ու Իսլամական պետության դեմ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի  անդամ Թուրքիան են թռչում տեսանյութում պատկերված ինքնաթիռներով: Աղբյուրները նաև տարբեր օրեր են ներկայացնում թռիչքների համար: IHS Jane’s-ը նշում է, որ դա տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, իսկ Haaretz-ը դեկտեմբերի 1-ին  հայտնում է, որ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ:

Աշխատակիցն ասաց, որ ԱՄՆ-ը ավելի վաղ է տեղեկացվել Իրաքում իրանական ռմբակոծությունների մասին, քան վերջին պնդումներն են, և որ ԱՄՆ զինուժը տեղյակ է՝ ինքնաթիռները Իրանի օդուժի մասն են:

Քիչ հավանական է, որ ԱՄՆ ներկայությունը Իրաքում իրանյան օդային գործողությունները աննկատելի է դարձնում, նշեց նա. «Մենք մեծ ուժ ենք կազմում օդում, եթե ներառենք նաև հետախուզական խումբը, այնպես որ մենք քաջատեղյակ ենք Իրաքի օդային տարածքում կատարվող իրադարձությունների պատկերից: Մենք չէինք գործի Իրաքում, եթե հստակ պատկերը չունենայինք»:

Սպիտակ տունը հրաժարվեց մեկնաբանել պաշտպանության  աշխատակիցների հայտարարությունները կամ նախորդ զեկույցները: Պետդեպարտամենտը անմիջականորեն պատասխան չտվեց մեկնաբանության խնդրանքին:

Իրանը Իրաքին Իսլամական պետության դեմ օգնություն սկսեց ցուցաբերել ավելի շուտ, քան ԱՄՆ-ն  օգոստոսին սկսեց թիրախավորել ԻՊ խմբավորումը:

Չնայած ԱՄՆ մասնակցությանը՝ Թեհրանը առաջվա նման Իրաքի կառավարության, Իրաքի ամենաարդյունավետ զինուժի և շիա զինյալների վրա լայն ազդեցություն ունի:

Շիա զինյալները, թեև պաշտոնապես կապված են կառավարության հետ, բայց պայքարում են Իսլամական պետության դեմ: Սեպտեմբերին Իրանի հայտնի հրամանատարը սպառնացել էր խորը հարձակում գործել Իրաքի տարածքում, եթե Իսլամական պետությունը սպառնա Իրանի սահմաններին:

ԱՄՆ պաշտոնյաները անցած ամիս HuffPost-ին հայտնեցին, որ երկու երկրներում էլ՝ Իրաքում և Սիրիայում, որտեղ ԱՄՆ-ը թիրախավորել է Իսլամական պետությանը, ԱՄՆ-ը գիտի, որ պետք է խաղա Թեհրանի կանոներով: Սա հատկապես կարևոր է, քանի որ վախ կա, թե իրանական զինուժը կամ շիա զինյալները կարող են դեմ լինել Իրաքում ամերիկացիների աճող թվին: Հավելյալ խնդիր է Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ընթացիկ բանակցությունների ապագան, որը արդյունքի հասնելու դեպքում կարող է լինել նախագահ Բարաք Օբամայի երկրորդ պաշտոնավարման արտաքին քաղաքականության գլխավոր նվաճումը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը նոյեմբերին նշեց, թե ԱՄՆ-ն և Իրանը չեն համագործակցում Իսլամական պետության դեմ պայքարում:

Բայց նա ավելացրեց, որ երկու երկրներն էլ, որոնք երկարամյա մրցակիցներ են և 1979թվականից սկսած չունեն դիվանագիտական կապեր, հետաքրքրված են այս խմբավորման պարտությամբ, և որ երկու երկրների ներկայացուցչները քննարկել են համապատասխան ջանքերը  ընդդեմ ԻՊ-ի:

Պաշտպանության նախարարության աշխատակիցը, ով հաստատեց իրանյան ներգրավվածությունը, ասաց, որ Իրանի՝ Իրաքի կառավարության հետ ունեցած հարաբերությունների պատճառով Իրաքի օդային տարածքում Իրանի ներկայության դեմ դուրս գալը ԱՄՆ-ի գործը չէ:

«Մենք այնտեղ ենք իրաքյան կառավարության հրավերով»,-նշեց նա՝ հղում անելով ամռանը Իրաքի խնդրանքին, որպեսզի միջազգային օգնություն տրամադրվի ընդդեմ ԻՊ-ի,- «Սա նույնը չէ, ինչ որ 2010-ին ՝ ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիայի ժամանակ: Մենք այստեղ ենք Իրաքի կառավարության հրավերով, այնպես որ մենք չեն կարող ասել՝ ինչը նրանք թույլ տան, ինչը՝ ոչ: Դա նրանց երկիրն է: Մեր միակ խնդիրը կարող է լինել, եթե այդտեղ լինեն ուժով պաշտպանության խնդիրներ: Ինչպես ես արդեն ասացի, մենք լավ տեղեկացված ենք, թե ինչ է կատարվում օդում»:

Մերձավոր Արևելքում Իրանի դերի հետ կապված վերլուծաբաններն ու հակառակորդները զգուշացնում են, որ թեև Իրանն ու ԱՄՆ-ը ներկա պահին կիսում են ԻՊ-ի սպառնալիքը, նրանք, այնուամենայնիվ, տարածաշրջանի համար չունեն ընդհանուր երկարաժամկետ կոնցեպցիաներ:

Carnegie-ի ֆոնդի հրավիրված հետազոտող և Ֆրանսիայի արտգործնախարարության նախկին խորհրդական Ջոզեֆ Բահութը անցյալ ամիս HuffPost-ին ասաց, որ Իրանը, կարծես թե, որոշել է, թե ինչպիսին է ուզում տեսնել Մերձավոր Արևելքը` տարիների ցածր ինտենսիվության բաց պայքարի ճահիճ:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները, մի գործարք, որի առաջին քայլը, կարծես թե, լինելու է Իրանին միջազգային հասարակության մեջ ներառելը և դրա նկրտումները կանխելը, վերսկսվելու են այս ամիս:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment