Իրանն Ադրբեջանին զենք և ընկերություն է առաջարկում

Իրանն Ադրբեջանին զենք և ընկերություն է առաջարկում

Հոդվածի առանցքում

  • Իրանն ու Ադրբեջանը պաշտպանական միասնական հանձնաժողով ստեղծելու անակնկալ որոշում են կայացրել, քայլ, որը վկայում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին:
  • Ապրիլի 20-ին Բաքու կատարած այցի ժամանակ Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհքան Ադրբեջանին առաջարկել է գնել իրանական զենք:
  • Ապրիլի 21-ին Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այենն ասել է, որ հարևան երկրները կնախաձեռնեն պաշտպանական ոլորտի մարտահրավերներին միասին դիմակայելու մեխանիզմներ:
  • Կասպից ծովում Իրանի տարածքային պահանջներից մտահոգված Ադրբեջանը ավելի վաղ ԱՄՆ-ից խորհրդատվություն էր խնդրել կասպյան նավթի ու գազի նկատմամբ Իրանի ռազմական ներխուժումից պաշտպանվելու համար:
  • Իրանի այս քայլերը կարող են գրավիչ լինել Ալիևի վարչակազմի համար: Բաքուն չափազանց ավտորիտար լինելու պատճառով որոշակի սառնություն է փոխանցել Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերություններին: Սպիտակ տունը մի քանի անգամ դատապարտել է Ալիևի վարչակազմին քաղաքացիական հասարակության հանդեպ բռնությունների համար:

Ուշադրությանն արժանի

Իրանն ու Ադրբեջանը պաշտպանական միասնական հանձնաժողով ստեղծելու անակնկալ որոշում են կայացրել, քայլ, որը վկայում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին:

Ապրիլի 20-ին Բաքու կատարած այցի ժամանակ Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհքան Ադրբեջանին առաջարկել է գնել իրանական զենք: Այս քայլը հաջորդել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիտարկմանը, ըստ որի Վաշինգտոնը կսատարի Իրանի դեմ պատժամիջոցների կրճատմանը այդ երկրի միջուկային ծրագրի սահմանափակմանը զուգահեռ:

Ադրբեջանը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ աճող լարվածության պայմաններում է գտնվում, դեռ չի հաստատել իրանական զենք գնելու մտադրությունը, բայց Իրանն առաջարկում է ռազմական գործակցություն նաև այլ ոլորտներում: Ապրիլի 21-ին Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այենն ասել է, որ հարևան երկրները կնախաձեռնեն պաշտպանական ոլորտի մարտահրավերներին միասին դիմակայելու մեխանիզմներ:

«Համաշխարհային և ռեգիոնալ զարգացումներն ազդում են մեր տարածաշրջանի վրա», – ասել է դեսպանը, երբ Դեհքանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են, որ 2 երկրներն ունեն ռազմական գործակցությունը ընդլայնելու  հնարավորություն:

«Կողմերը քննարկել են ԻՊ-ից և ալ-Կաիդայից բխող սպառնալիքները, որոշվել է միասնական ջանքեր գործադրել կրոնական ծայրահեղականությունը սանձելու համար», – APA-ին ասել է Պակ Այենը:

Կրոնական ծայրահեղականության հանդեպ Իրանի բողոքը անակնկալների միայն մի մասն է:

Ոչ վաղ անցյալում Բաքուն Իրանին մեղադրում էր հենց կրոնական ծայրահեղականությունը Ադրբեջան արտահանելու փորձի համար, մինչդեռ Թեհրանը դժգոհում էր, որ Բաքուն իսրայելական հետախուզության հարթակ է դարձել: Կասպից ծովում Իրանի տարածքային պահանջներից մտահոգված Ադրբեջանը ավելի վաղ ԱՄՆ-ից խորհրդատվություն էր խնդրել կասպյան նավթի ու գազի նկատմամբ Իրանի ռազմական ներխուժումից պաշտպանվելու համար:

Բայց այժմ 2 երկրները, կարծես,  մի կողմ են դնում իրենց խորը արմատներ գցած տարաձայնությունները Կասպից ծովի, Իսրայելի, ԱՄՆ-ի և իսլամի նշանակության հարցերում:

Նախարարը ահազանգել է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի և արտաքին ուժերի ներգրավման մասին (այլ խոսքերով` սա վերաբերում է ԵՄ-ին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին) ու կոչ է արել տարածաշրջանային մարտահրավերները լուծել տեղական ուժերով:

Նախագահ Ալիևը, որը միշտ հավասարակշիռ քաղաքականություն է վարել Արևելքի և Արևմուտքի միջև, հրապարակայնորեն քիչ է արտահայտվել և հիմնականում խոսել է տարածաշրջանում Իրանի կարևոր դերի մասին: Իրանի այս քայլերը կարող են գրավիչ լինել Ալիևի վարչակազմի համար: Բաքուն չափազանց ավտորիտար լինելու պատճառով որոշակի սառնություն է փոխանցել  Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերություններին:

Սպիտակ տունը մի քանի անգամ դատապարտել է Ալիևի վարչակազմին քաղաքացիական հասարակության հանդեպ բռնությունների համար, ինչին ի պատասխան Բաքուն Վաշինգտոնին խորհուրդ է տվել զբաղվել սեփական գործերով: Այդ սառնությունը կարող է լինել պատճառների մի մասը, որն Ադրբեջանին դրդում է բաց պահել իր ռազմավարական ուղղությունները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment