Ո՞վ է այն գեներալը, ով առաջնորդում է Իսլամական Պետության դեմ Իրաքի պայքարը. նա իրանցի է

Ո՞վ է այն գեներալը, ով առաջնորդում է Իսլամական Պետության դեմ Իրաքի պայքարը. նա իրանցի է

Հոդվածի առանցքում

  • ԻՀ պահապանների գվարդիայի՝ Սուլեյմանիի ղեկավարության տակ գտնվող խորհրդականները ցուցումներ են տվել շիա զինյալներին:
  • Սուլեյմանին նաև առանցքային անձ է համարվում շիական Ամիրլի քաղաքի՝ «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքից ազատագրելու գործում:
  • Սուլեյմանին օգնել է քուրդ զինյալներին՝ իրենց մայրաքաղաք Իրբիլը պաշտպանելու գործում:
  • Գեներալները Սուլեյմանիին նկարագրել են որպես «անվախ»՝ մատնանշելով այն փաստը, որ իրանցի գեներալը անգամ առաջնագծում զրահաշապիկ չի կրում:

Ուշադրությանն արժանի

Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին կանգնած է Իրաքի ցամաքային ուժերին վերագրվող մի շարք հաղթանակների ետևում: Գեներալը Իրաքում Իսլամական պետության դեմ պայքարում սերտորեն համագործակցում է Իրանի իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի և լիբանանյան Հըզբոլլահի հետ:

Երբ անցյալ շաբաթ Իսլամական պետության զինյալները նահանջեցին ռազմական պատրաստվածության բերված Ջուրֆ ալ-Սախեր քաղաքից, իրաքյան զինվորականները շտապեցին ծայրահեղական խմբավորման դեմ տարած հազվադեպ այս հաղթանակը հեռարձակել հեռուստատեսությամբ՝ ցույց տալով տանկերի ու ջիպերի շքերթը և զինվորականներին, ովքեր վերահսկում էին այն պետական կառույցների շենքերը, որոնք օգոստոսից ի վեր վերահսկում էին զինյալները:

Սակայն շուտով իրաքյան անկախ լրատվամիջոցների կայքերում հայտնված լուսանկարները բացահայտեցին իրանցի հզոր գեներալ Ղասեմ Սուլեյմանի ներկայությունը, ում անունը սկսեց օգտագործվել որպես իրաքյան ցամաքային ուժերի հաղթանակների հոմանիշ:

Տեղի հրամանատարները նշեցին նաև, որ առաջնագծում է եղել Լիբանանի շիական հզոր Հըզբոլլահ խմբավորումը: Շիա զինյալները առանցքային դեր են ունեցել սուննիական գյուղերի՝ այսպես կոչված Բաղդադյան գոտուց «Իսլամական պետություն» խմբավորմանը դուրս մղելու գործում: Սակայն այս զինյալները վաղուց արդեն ներգրավված են երկրի սուննիական բնակչության դեմ դաժանությունների մեջ: ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածներից օգտվելու արդյունքում նրանց առաջխաղացումը կարող էր խափանել անհանգիստ երկրի միավորման ջանքերը:

Հրամանատարները The Associated Press-ին ասացին, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի և լիբանանյան Հըզբոլլահի տասնյակ խորհրդականներ Ջուրֆ ալ-Սախերում եղել են առաջնագծում` ապահովելով 7,000 զինվորների և զինյալների զինպատրաստումը և հրամանատարների հետ նախապես համաձայնեցնելով գործողությունը:

Մի հրամանատար, ով համաձայնվեց ասել միայն իր կեղծանունը՝ Աբու Զայնաբ, ասաց, որ Սուլեյմանին Ջուրֆ ալ-Սախերի օպերացիան դեռևս երեք ամիս առաջ է սկսել պլանավորվել: Մայրաքաղաքից 50 կիլոմետր (30 մղոն) հյուսիս գտնվող քաղաքը ընկած է այն ճանապարհի վրա, որտեղով հաճախ անցնում են շիա ուխտագնացները, ովքեր այս շաբաթ գնալու են սուրբ քաղաք Քերբալա՝ Մուհամմադ մարգարեի թոռ իմամ Հուսեյնի մահվան հիշատակը հարգելու համար: Այս իրադարձությունը 7-րդ դարում սկիզբ դրեց սուննի-շիա երկպառակությանը:

Իրաքցի ռազմական պաշտոնյաները հրաժարվեցին քննարկել Սուլեյմանիի ներկայությունը ինչպես Ջուրֆ ալ-Սախերում, այնպես էլ նախորդ հաղթանակների ժամանակ, որոնցում նա հայտնի է իր առանցքային դերով: Այդ հաղթանակների թվում են օգոստոսին պաշարված Ամիրլի քաղաքի և հունիսին շիական սուրբ քաղաք Սամարայում կազմակերպված գործողությունները:

Հըզբոլլահը բացահայտորեն միացավ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին՝ ընդդեմ հիմնականում սուննի զինյալների դեմ, ովքեր պայքարում են Բաշար ալ-Ասադին պաշտոնանկ անելու համար: Այս որոշումը Լիբանանում կրոնական լարվածություն առաջացրեց: Իրանի կողմից հովանավորվող այս խումբը, սակայն, ոչ մի կերպ չմեկնաբանեց Իրաքում կատարվող նույնանման գործողությունների ժամանակ իր ներկայությունը կամ բացակայությունը: Բեյրութում, չորեքշաբթի Հըզբոլլահի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել սա՝ ասելով, որ ինքը լիազորված չէ քննարկել այդ հարցը:

Հուլիսին Լիբանանում պաշտոնյաները ասացին, որ Իրաքում «ջիհադի» ժամանակ Հըզբոլլահի հրամանատար է սպանվել: Իբրահիմ Մուհամմադ ալ-Հաջը թաղվեց Լիբանանում, և նրա հուղարկավորությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նա Իրաքում Հըզբոլլահի տված առաջին զոհն էր: Հըզբոլլահին մոտ կանգնած լիբանանցի պաշտոնյաներից մեկն ասաց, որ Հըզբոլլահը Իրաքում «սահմանափակ թվով խորհրդականներ» ունի, ովքեր ուղղակիորեն չեն մասնակցում առաջնագծի կռիվներին: Ալ-Հաջը այդ խորհդրականներից մեկն էր: Պաշտոնյան, լիազորված չլինելով արտահայտվել լրատվական դաշտում, խոսեց անանունության պայմանով:

Իրաքցի պաշտոնյաները նաև ասացին, որ Հըզբոլլահի խորհրդականների խումբը խորհրդատվություն է առաջարկում իրաքյան շիա զինյալներին, ովքեր Բաղդադի հյուսիսում կռվում են սուննի ծայրահեղականների դեմ:

ԱՄՆ-ը և Իրանը միևնույն կողմում հայտնվեցին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, որը հունիսին մոլեգնում էր Իրաքի հյուսիսում ու արևմուտքում՝ զավթելով երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլը: Սակայն այն ժամանակ, երբ ԱՄՆ ռազմական մասնագետները կենտրոնացած էին ներսից լավ ամրացված բազաների ուղղությամբ կոալիցիոն օդային հարվածներ իրականացնելու վրա, Սուլեյմանին ու նրա հրամանատարները առաջնագծում էին ու առանցքային դեր էին խաղում խոշոր քաղաքների ազատագրման գործում:

Սա կարող էր կանխել Իրաքի սուննի փոքրամասնության դժգոհությունը: Զինյալները մասնակցել էին 2006 և 2007 թվականներին իրականացված սուննիների զանգվածային սպանությանը, իսկ վերջերս մեղադրվում էին սուննի գերիների հետ դաժան վերաբերմունքի մեջ: Սուննիները նաև մտահոգված են Իրանի շիական մեծ ներուժով, որը 2003 թվականից է վեր մեծ դեր է խաղացել Իրաքում, երբ կոալիցիոն ուժերը ԱՄՆ ղեկավարությամբ ներխուժեցին Իրաք, ինչի արդյունքում իշխանությունից զրկվեց Սադամ Հուսեյնի սուննիական կառավարությունը:

«Ճիշտ է՝ Իրաքը այսօրվա իրավիճակում ցանկացած օգնության կարիք ունի, բայց այդ օգնությունը պետք է հասարակական լինի և մաս կազմի միջազգային ջանքերի: Իրանի կողմից այդ չհայտարարված օգնությունը վնասում է ազգային համերաշխությանն ու Իրաքի սուվերենությանը»,- AP-ին տրված հարցազրույցում նշեց սուննի օրենսդիր Համիդ ալ-Մուտլիկ:

Անցած ամիս Amnesty International-ն հայտնեց, որ կառավարության լուռ համաձայնությամբ շիա զինյալները առևանգել և սպանել են տասնյակ սուննի քաղաքացիների՝ ի պատասխան «Իսլամական պետության» հարձակումների:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին խոստացել է իշխանություն հաստատել շիա զինյալների վրա և ստեղծել ազգային գվարդիա՝ ծայրահեղականների դեմ սուննիներին մոբիլիզացնելու համար: Սակայն նման ուժի համախմբումը կարող է ամիսներ պահանջել և այդ նույն ժամանակ Սուլեյմանիի զինյալները կարող են լավագույն օգնությունը ցուցաբերել Իրաքի շրջափակված զինուժին՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի նախաձեռնությունը վերցնելու գործում:

Սուլեյմանիի ալ-Կուդսը՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի հատուկ օպերացիաների ստորաբաժանումը, տարիներ շարունակ մասնակցել է Իրաքի շիա զինյալների վերապատրաստմանն ու ֆինանսավորմանը: Այն նաև երկար ժամանակ Լիբանանում աշխատել է Հըզբոլլահի հետ և աջակցել Ասադի ուժերին:

Հունիսին Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի՝ Սուլեյմանիի ղեկավարության տակ գտնվող խորհրդականները ցուցումներ են տվել շիա զինյալներին մեծամասամբ սուննիական բնակչություն ունեցող, Բաղդադից հյուսիս գտնվող և շիական սրբավայրով հայտնի Սամարա քաղաքի շրջակայքի սուննիական դիրքերի գնդակոծման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել են տեղի հրամանատարները: Սուլեյմանին նաև առանցքային անձ է համարվում շիական Ամիրլի քաղաքի՝ «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքից ազատագրելու գործում: Սեպտեմբերին Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի գեներալը նշեց, որ Սուլեյմանին նույնիսկ օգնել է քուրդ զինյալներին՝ իրենց մայրաքաղաք Իրբիլը պաշտպանելու գործում:

Անանունության նախապայմանով հանդես եկած գեներալները Սուլեյմանիին նկարագրել են որպես «անվախ»՝ մատնանշելով այն փաստը, որ իրանցի գեներալը անգամ առաջնագծում զրահաշապիկ չի կրում: «Սուլեյմանին մեզ սովորեցրել է, որ մահը կյանքի սկիզբն է, ոչ թե ավարտը»,-ասաց հրամանատարներից մեկը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment