Իրանի պատանդների ճգնաժամից 35 տարի անց. հետցնցումները պահպանվում են

Իրանի պատանդների ճգնաժամից 35 տարի անց. հետցնցումները պահպանվում են

Հոդվածի առանցքում

  • 1979թ. նոյեմբերի 4-ին 10:30-ին հարյուրավոր իրանցի երիտասարդներ գրոհով վերցրեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանությունը:
  • Մինչև կեսօր պատանդ վերցվեց ԱՄՆ 52 քաղաքացի` 444 օրով:
  • ԱՄՆ դեսպանության անձնակազմին պատանդ վերցնողները առաջնորդվում էին հստակ ռացիոնալ հաշվարկով:
  • Այս միջադեպը հիմք դրեց ԱՄՆ-Իրանյան երկարատև դիմակայման և թշնամության:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերի 4-ը Ջիմի Քարտերն անվանեց «մի օր, որը երբեք չեմ մոռանա»: Ամերիկացիներից շատերը գուցե և չհիշեն այս օրը, սակայն մենք` որպես ազգ, դեռ նվաստացուցիչ տրավմայի գերիներն ենք, որը տեղի ունեցավ 35 տարի առաջ` Քարտերի նախագահության օրոք: 1979թ. նոյեմբերի 4-ին 10:30-ին հարյուրավոր իրանցի երիտասարդներ գրոհով վերցրեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանությունը: Մինչև կեսօր նրանք պատանդ վերցրեցին Ամերիկայի մի քանի տասնյակ քաղաքացիների և դիվանագետների, որոնցից 52 պատանդի կարգավիճակում մնացին 444 օր:

Այսպես սկսվեց մի ճգնաժամ, որը հիմա կարելի է դիտարկել ԱՄՆ և Մերձավոր Արևելքի նորագույն պատմության շրջադարձային իրադարձություններից մեկը:

Վերջին տասնամյակների ընթացքում շատ են իրադարձությունները, որոնք թե’ ԱՄՆ-ին, և թե’ Իրանին միմյանց չվստահելու հիմքեր են տալիս: Այս երկրներից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին Մերձավոր Արևելքում ահաբեկչության տարածմանը նպաստելու համար, և յուրաքանչյուրը հարված է հասցրել մյուսի կենսական շահերին: Երբ ես հարցրեցի Վաշինգտոնի ներքին գործերին լավատեղյակ աշխատակցի, թե ինչու է ԱՄՆ քաղաքական դասակարգն այդքան տարված Իրանին մեկուսացնելու և պատժելու մոլուցքով, նա առանց վարանելու պատասխանեց «Այս ամենի ակունքները գալիս են 1979թ.-ի ճգնաժամից»: Այդ ամենի զգացմունքային ժառանգությունը զարմանալիորեն երկար կյանք ունի: ԱՄՆ դեսպանություն ներխուժումը խախտեց երկնային և երկրային բոլոր օրենքները, որը և զայրացրեց ամերիկացիներին: Այս հանցագործության ամենացավալի ասպեկտն այն էր, որ թվում էր, թե այն կատարված էր առանց նպատակի, անբացատրելի ատելության պատճառով:

Այս հանգամանքին գումարվեց նաև անօգնական ամերիկացի պատանդների պատկերները, ինչը և ստեղծեց ռացիոնալ աշխարհակարգից դուրս ատելությամբ լի ահաբեկիչ իրանցու պատկերը, որը շատ ամերիկացի քաղաքական գործիչներ պահպանում են առ այսօր:

ԱՄՆ դեսպանության շենք ներխուժածներից տարիներ անց մի քանիսը գրի առան իրենց հիշողությունները, որոնք պարզ են դարձնում մեր սխալ պատկերացումները վերջիններիս շարժառիթների վերաբերյալ: ԱՄՆ դեսպանության անձնակազմին պատանդ վերցնողները չէին առաջնորդվում մոլագար կրքի թելադրանքով. դրա հիմքում ընկած էին հստակ ռացիոնալ հաշվարկներ:

Գահնկեց եղած շահն այդ ժամանակահատվածում մեկնել էր ԱՄՆ` բուժվելու, և իրանցիները մտավախություն ունեին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կփորձեն իշխանությունը վերադարձնել նրան: Դա անիրատեսական չէր, քանզի ԿՀԳ-ն նման փորձ ուներ նախկինում: Դեռևս 1953թ.-ին շահը ստիպված էր փախուստի դիմել Իրանից, սակայն Թեհրանում ԱՄՆ դեսպանության նկուղում աշխատող ԿՀԳ գործակալները կարողացան պետական հեղաշրջում կազմակերպել և հետ վերադարձնել շահին իշխանությունը, ինչի արդյունքում Իրանը «դատապարտվեց» 25 տարվա արքայական բռնապետության:

Ամերիկացիների մեծամասնությունը գաղափար անգամ չուներ, որ Իրանում ժողովրդավարությունը տապալվեց հենց 1953 թ.-ին: Ավելի քչերը գիտեին, որ հենց ԱՄՆ-ն էր դրա մեղավորը: Այս ճշմարտությունը դուրս մնաց ամերիկյան ազգային գիտակցությունից:

Իրանի շահի ամենաազդեցիկ ամերիկացի գործընկերների` Դեվիդ Ռոքֆելլերի, Հենրի Քիսինջերի և Ջոն Մակքլոյի ճնշման արդյունքում ԱՄՆ նախագահ Քարտերը ընդունեց Իրանի Շահին: Նա անտեսեց Թեհրանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների զեկույցները այն մասին, որ այդ քայլը կարող է հանգեցնել «անհապաղ և կոշտ արձագանքի»: Թեհրանում աշխատող դիվանագետներից մեկը պատմում է, որ երբ նրանք իմացան Քարտերի դիրքորոշումը, «գունատվել էին»: Ցավալին այն է, որ Քարտերն ինքը նույնպես գիտակցում էր իր կատարած քայլի հետևանքները:

Սպիտակ Տանը տեղի ունեցած խորհրդակցություններից մեկի ժամանակ, Քարտերն իր խորհրդականներին հռետորիկ հարց է ուղղել. «Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, տղանե’ր, եթե նրանք գրավեն մեր դեսպանատունը և պատանդ վերցնեն մեր քաղաքացիներին»:

Այս ճգնաժամից քաղված դասերից մեկն այն է, որ նախագահները պետք է հետևեն իրենց դիվանագետների խորհուրդներին, այլ ոչ թե սեփական շահը հետապնդող կողմնակի անձնանց: Իսկ առավել կարևորն այն է, որ այս տխուր փորձը ցույց տվեց, որ ստեղծված կերպարները երկար ժամանակ մնում են ազգային գիտակցության մեջ: Պատանդների նվաստացուցիչ թատրոնը տևեց ավելի քան 14 ամիս, ինչն այնքան ուժեղ խոցեց ամերիկացի ժողովրդի զգացմունքները, որ դրա հետևանքները ակնհայտ են առ այսօր:

Մենք խորապես համոզված ենք, որ իրանցիներն ահաբեկիչներ են, որոնց նպատակն է քաոս սփռել աշխարհում, քանի որ սա համապատասխանում է Իրանի այն կերպարին, որը մենք սխալմամբ ստեղծեցինք 35 տարի առաջ:

Ենթադրելի էր, որ այս ճնգնաժամի հետևանքները կունենան իրենց շարունակությունը: Այն հնարավորություն տվեց Իրանի իսլամական վարչակազմին ամրապնդել իր իշխանությունը հայրենասիրական սենտիմենտալիզմի ալիքի վրա և դրդեց ԱՄՆ-ին աջակցել Սադամ Հուսեյնին Իրան-Իրաքյան պատերազմում, քանի որ ամերիկացիները շատ զայրացած էին Իրանի վարքագծից: Հնարավոր վատագույն արդյունքն այն էր, որ այն երկու երկրներում ստեղծեց այնպիսի կրքեր, որոնք թույլ չտվեցին մեզ տեսնել այն կենսական շահերը, որոնք մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում և դրանից դուրս:

Մեր հիշողության մեջ չկա ավելի լավ օրինակ, քան տապալմանը դատապարտված խոցված ինքնասիրությունը, որը դառնում է համաշխարհային քաղաքականության խեղաթյուրման պատճառ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment