Միջազգային դատարանը հրահանգել է Ռուսաստանին ազատ արձակել ձերբակալված ուկրաինացի նավաստիներին
Հոդվածի առանցքում
- Ուկրաինացի զինծառայողների ձերբակալությունն ու նրանց նավերի բռնագրավումը եղել է նոյեմբերի 25-ին: Ռուսական ռազմածովային ուժերը կրակել են նրանց ուղղությամբ և խափանել Ազովի ծովը Սև ծովին կապող ջրային տարածքով անցնելու ուկրաինական նավերի փորձը:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանն անտեսում է նավաստիներին ազատ արձակելու ԵՄ-ի և Ուկրաինայի կոչերը:
Միջազգային ծովային դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին ազատ արձակել 24 նավաստիներին, որոնց ձերբակալել էին նոյեմբերին, երբ Ղրիմի թերակղզու մոտ Մոսկվայի և Կիևի միջև դիմակայության ժամանակ բռնագրավեցին երեք ուկրաինական ռազմական նավերը:
Ուկրաինացի զինծառայողների ձերբակալությունն ու նրանց նավերի բռնագրավումը եղել է նոյեմբերի 25-ին: Ռուսական ռազմածովային ուժերը կրակել են նրանց ուղղությամբ և խափանել Ազովի ծովը Սև ծովին կապող ջրային տարածքով անցնելու ուկրաինական նավերի փորձը:
Համբուրգի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը պարտավորեցրել է Ռուսաստանին անմիջապես ազատել նավաստիներին ու նավերը՝ ավելացնելով, որ Մոսկվայի և Կիևի պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կարող են խորացնել լարվածությունը: 20 դատավորներից բաղկացած խորհրդի 19-ը անդամը որոշեց Ուկրաինայի օգտին, բացառությամբ Ռուսաստանի ներկայացուցչի:
«Տրիբունալը նշում է, որ ռազմածովային ուժերի անձեռնմխելիության հարցով ցանկացած գործողություն կարող է լուրջ վնաս հասցնել պետության արժանապատվությանն ու ինքնիշխանությանը և կարող է խաթարել նրա ազգային անվտանգությունը», – ասել է դատարանի նախագահ Ջին-Հյուն Փայկը, ըստ Reuters- ի:
Ռուսաստանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նոյեմբերին ստիպված էր այդ կերպ գործել, քանի որ նավերը`ուկրաինական երկու փոքր զրահապատ հրետանային նավն ու քարշակ նավը, տարածքային ջրեր էին մտել անօրինական ճանապարհով:
Միջադեպը հետևել է Ազովի ծովում ռուսական և ուկրաինական նավերի միջև երկարատև լարվածությանը, որը համընկավ Ռուսաստանից Ղրիմ Կերչի կամուրջի շինարարության հետ:
2014 թ.Կրեմլը կազմակերպեց Ուկրաինայից Սևծովյան թերակղզու բռնազավթումը, որը վատացրեց Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ու հանգեցրեց պատասխան տնտեսական պատժամիջոցների:
Ռուսաստանի և Ուկրաինայի համար Կերչի նեղուցը կենսական նշանակություն ունի Դոնի Ռոստովի ու Մարիուպոլի խոշոր նավահանգիստներից Սև ծով մուտք գործելու հարցում: Երկու կողմն էլ ամիսներ շարունակ բողոքում էր հակառակորդի ռազմական ոտնձգություններից, ինչը հանգեցրեց նոյեմբերին Ռուսաստանի նավատորմի կողմից ուկրաինական նավերի բռնագրավմանը: 2004 թ. կնքված պայմանագիրը երկու երկրներին Ազովի ծովն օգտագործելու հնարավորություն է տալիս:
Այդ ժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիտորդները մերժեցին այն պնդումները, որ բռնագրավումը կազմակերպել էին նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ նվազող վստահության և աջակցության վարկանիշը բարձրացնելու համար: Փոխարենը, նրանք նշել են, որ լարվածության կտրուկ աճի պատճառը Ուկրաինայի կողմից ռուսական «Նորդ» նավի ու նրա անձնակազմի ձերբակալությունն է:
Միջազգային դատարանը ստեղծվել է ծովային վեճերը լուծելու համար, համաձայն 1982թ. ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի, որը ստորագրել են Ուկրաինան և Ռուսաստանը: Այնուամենայնիվ, դատարանի որոշումները կատարելու պարտադրող միջոցներ չկան:
«Տրիբունալի կարգադրությունը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ չի կարող անպատժելիորեն խախտել միջազգային իրավունքը», – ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլենա Զերկալը`հավելելով, թե սպասում է, որ Ռուսաստանը արագ կկատարի հրամանը:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Կրեմլն ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին ու նավերը, դա կարող է լինել առաջին ազդանշանը, որ ռուսական ղեկավարությունը պատրաստ է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ չի մասնակցել լսումներին և ավելացրել է, թե մտադիր է պաշտպանել իր տեսակետը, ըստ որի դատարանը Կերչի միջադեպը քննելու իրավասություն չունի:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ազովի ծովի ափերին բռնկված միջադեպի պատճառով չեղյալ հայտարարեց անցած նոյեմբերին Արգենտինայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ նավաստիների ազատ արձակումը նախապայման է ղեկավարների հետագա ցանկացած հանդիպման համար:
Վերջին ամիսներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը մեծացել է`համընկնելով Զելենսկու ընտրության հետ: Մոսկվան ռուսական անձնագրեր է բաժանում Արևելյան Ուկրաինայի անջատական հանրապետությունների բնակիչներին և խոստացել է հունիսի 1-ից դադարեցնել ածուխի ու նավթամթերքի արտահանումը:
Միացյալ Նահանգներն անցյալ շաբաթ հայտարարեց, որ պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել «Nord Stream 2» խողովակաշարի նախագծում ներգրավված եվրոպական ընկերությունների նկատմամբ, որոնք թույլ կտան ռուսական գազը Արևմտյան Եվրոպա արտահանել շրջանցելով Ուկրաինան, քանի որ Կիևը կորցնում է տարանցման շահութաբեր վճարները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ