Դժվար ժամանակ Վրաստանի կառավարությունը դիմում է սուրբ Մարիամին

Դժվար ժամանակ Վրաստանի կառավարությունը դիմում է սուրբ Մարիամին

Հոդվածի առանցքում

  • Կառավարությունը 300,000 դոլարից ավելի գումար է հատկացրել տոնակատարություններին, որոնք պետք է կրկնվեն ամեն տարի մայիսի 12-ին: Այս տարվա հանդիսավոր արարողությունների համար կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունները պատվիրել էին 200,000 սրբապատկեր և 200,000 բրոշյուր:

Ուշադրությանն արժանի

Նոր պետական կրոնական տոնն ընդունելով, իշխող կուսակցությունը հետևում է Վրաստանի քաղաքական կյանքում հաստատված օրինակին, խոնարհվում եկեղեցու առաջ:

Ըստ առասպելի, երբ Քրիստոսը երկինք համբարձվեց, կույս Մարիամն ու աշակերտները հավաքվեցին Երուսաղեմում, ընտրելու այն երկիրը, որտեղ կարող են տարածել Քրիստոսի խոսքը: Մարիամը ցույց է տվել Վրաստանը: Չնայած նա երբեք չի այցելել Վրաստան, այդ կապը խոր արմատներ է գցել Վրաստանի ազգային պատմության մեջ:

Դարեր շարունակ բանաստեղծները, գրողներն ու երգիչներն աղերսել են սուրբ Մարիամին, «տարածելու իր զգեստի քղանցքը» Վրաստանի վրա, որպեսզի պաշտպանի երկիրը: Դա հաճախ օգտագործվող արտահայտություն է Վրաստանում․  Փոխաբերական այս արտահայտությունն այսօր լայնորեն օգտագործվում է ինչպես եկեղեցական քարոզներում, այնպես էլ սեղանի շուրջ բաժակաճառերի ժամանակ:

Այժմ Մարիամի և Վրաստանի միջև հատուկ հարաբերություններն օրենքի ուժ են ստացել, քանի որ կառավարությունը այս ամիս ստեղծեց պետական տոն, նշելու Մարիամ Աստվածածնի կողմից Վրաստանի ընտրության խորհուրդը: Եկեղեցու ներկայացրած օրինագիծը, որը մայիսի 8-ին հաստատվել է խորհրդարանում, շատ շրջանակներում համարում են բարեպաշտության վերազանցում՝ ավելի ջնջելով եկեղեցու և պետության միջև սահմանը:

«Կարևոր է, որ Վրաստանը պաշտոնապես համարենք սուրբ Մարիամի երկիր», – ասում էր  «Վրացական երազանք» կուսակցության անդամ և խորհրդարանի Մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Սոպո Կիլաձեն, երբ հայտարարում էր երկրի աշխատանքային օրենսգրքում փոփոխության մասին:

Օրինագծի հիմքում ընկած է միջնադարյան տեքստը` առաջինը վրացական օրենսդրության պատմության մեջ: «Տերը հայտնվեց […] երկնային թագուհուն և հրամայեց, որ նա մնա Երուսաղեմում, բայց իր փոխարեն ուղարկի Անդրեասին իր ոչ ձեռագործ պատկերով», – նշվում է բացատրական գրության մեջ, վկայակոչելով «Վրացական քրոնիկներ» միջնադարյան տարեգրքերը: Առաքյալ Անդրես Առաջին կոչվածը, որն, ըստ հավատքի, Սուրբ Կույսի անունից ճանապարհորդել է նշված վայրում, համարվում է Վրաստանի Ուղղափառ եկեղեցու հիմնադիրը:  Սուրբ Մարիամի նվիրաբերության օրը նշելու գաղափարը պատկանում է «Վրաց Ուղղափառ եկեղեցուն և մենք այն լիովին աջակցում ենք», – ասել է վարչապետ Մամուկա Բախտաձեն անցյած ամիս:

Կառավարությունը 300,000 դոլարից ավելի գումար է հատկացրել տոնակատարություններին, որոնք պետք է կրկնվեն ամեն տարի մայիսի 12-ին: Այս տարվա հանդիսավոր արարողությունների համար կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունները պատվիրել էին 200,000 սրբապատկեր և 200,000 բրոշյուր:

Չնայած Եկեղեցու հանդեպ եղած ակնածանքին, առասպելն օրենքով ամրագրելը շատ հավատացյալներին մտածելու առիթ է տվել: Հասարակական գործիչներն ու քաղաքական ընդդիմության անդամները քննադատել են խորհրդարանին, որ հարկատուների սակավ միջոցներն օգտագործում է տոն ստեղծելու համար: Հանրաճանաչ գրող Լաշա Բուգաձեն օրինագիծը համարում է պոպուլիզմի ամենավատ տեսակը: «Ներկա խնդիրների պայմաններում խորհրդարանը ժամանակ, փող և էներգիա է գտել այս ամենն օրինականացնելու համար», – ասել է Բուգաձեն «Ազատություն» ռադիոկայանին: «Սուրբ Մարիամը դժվար երջանիկ լիներ ինստիտուցիոնալացված լինելու համար», – ավելացրել է նա:

Իշխող Վրացական երազանք կուսակցության նախագահը, որն ազգի ամենահարուստ ու հզոր մարդն է, նույնպես իր անձնական հարստությունից օգնություն է տրամադրում հավատացյալներին Սուրբ Կույսին իրենց նվիրվածությունն արտահայտելու համար: Ապրիլին Բիձինա Իվանիշվիլին այցելեց Արևմտյան Զուգդիդի քաղաք և խոստացավ, որ ավելի քան մեկ միլիոն լարի (մոտ 360 հազար դոլար) կնվիրաբերի Իվերիայի Մայր Տաճարի շինարարությանն աջակցելու համար: Ավելի վաղ Իվանիշվիլին հանդիպել է Վրաստանի եկեղեցու առաջնորդ Պատրիարք Իլիա Երկրորդի հետ և խոստացել վճարել Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարի որմնանկարների համար:

Վրացական երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ օրենքի գերակայություն դիտորդական խումբը, քննադատել է այդ խոստումները, դրանք համարելով ընտրակաշառք այս ամսվա տեղական ընտրություններից առաջ: Սանդրա Ռուլոֆսը, Իվանիշվիլի հակառակորդ և նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը, մասնակցել է Զուգդիդիի քաղաքապետի ընտրությանը և պարտվել «Վրացական երազանքի» թեկնածուին:

Եկեղեցու գամբիթը գրեթե նույնքան հին է, որքան անկախ Վրաստանը: Վրացական ղեկավարները պարբերաբար ծնկի են գալիս, աղոթում են և վրացական եկեղեցուն տրամադրում  արտոնություններ, որպեսզի արժանանան եկեղեցու բարեհաճությանը: Երբ հետխորհրդային Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան իշխանությունից զրկվեց իշխանափոխության միջոցով, նրա իրավահաջորդը՝ նախկին խորհրդային արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն, փորձեց օրինականացնել իր իշխանությունը, մկրտվելով որպես վերածնված քրիստոնյա և  սահմանադրական արտոնություններ տրամադրեց եկեղեցուն: Շևարդնաձեի դեմ ապստամբությունից հետո իշխանության եկած նախագահը՝ Սաակաշվիլին, միջնադարյան թագավոր և սուրբ Դավիթ շինարարի գերեզմանի վրա  խոստացավ իր հավատարմությունը պատմական եկեղեցուն:

2012 թվականին Իվանիշվիլիի հերթն էր Սահակաշվիլիին իշխանությունից հեռացնելու համար: Սկզբում Իվանիշվիլին սթափ արտահայտվեց եկեղեցու մասին, ասելով, որ այն պետք է բաց լինի հանրային քննադատության համար և առանձնացվի պետությունից: Նա նույնիսկ մեկ անգամ կատակով հարցրել էր Պատրիարք Իլիա II- ին, թե ում է ավելի նախընտրում, իրեն թե Սաակաշվիլիին: Բայց տարիներ անց, երբ նրա կուսակցության վարկանիշը նվազեց, Իվանիշվիլին սկսեց ավելի հաճախ հայտնվել եկեղեցում, մոմը ձեռքին:

«Երբ վրացական քաղաքական ուժը կորցնում է ժողովրդականությունը, այն փորձում է ստանալ եկեղեցուց», – «Eurasianet» – ին ասել է Վրաստանի Քաղաքական ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն, Կորնելի Կակաչիան:

Ազգի աշխարհիկները և աթեիստները նշում են, որ գրեթե երեք տասնամյակում Վրաստանը վերածվել է ազատական ժողովրդավարության, օլիգարխիայի և աստվածապետության խառնուրդի: Այսօր հոգևորականները հաճախ են խառնվում պետական քաղաքականության հարցերին: Օրինակ, զիջելով պահպանողական եկեղեցու ցանկություններին, իշխանությունները դպրոցներում ոչ պարտադիր են համարել  սեռական կրթությունը և սահմանադրությամբ ամուսնությունը սահմանել որպես տղամարդու և կնոջ միություն:

«Քաղաքական գործիչները դառնում են իրենց իսկ քաղաքականության պատանդները և շարունակում են զիջումներ անել եկեղեցուն` այն երջանիկ պահելու համար », – Eurasianet-ին ասել է աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին:

Անցյալ տարի իշխող կուսակցությունը պայքարում էր, նույնիսկ կանխիկ նվիրատվություններով, ապահովելու իր նախընտրած նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը: Իսկ հաջորդ տարի «Վրացական երազանք» -ը կդիմակայի ևս մեկ դժվար փորձության`խորհրդարանական ընտրություններին: «Ոչ ոք չգիտի, թե ինչ կորուստներ կունենա Իվանիշվիլին և նրա կուսակցությունը մինչև 2020 թ.: Այդ պատճառով նա նախազգուշական միջոցներ է ձեռնարկում», – ասել է Կակաչիան:

Այդ առանցքային քվեարկությանը մոտենալով, վրացիները պատրաստվում են ավելի շուքով ողջունելու սուրբ Մարիամին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment