Գոլունովի ազատ արձակումից հետո Ռուսաստանում որոշում են՝ շարունակել բողոքե՞լ, թե՞ ոչ

Գոլունովի ազատ արձակումից հետո Ռուսաստանում որոշում են՝ շարունակել բողոքե՞լ, թե՞ ոչ

Հոդվածի առանցքում

  • Ուշագրավ և անսպասելի շրջադարձ էր, երբ երեքշաբթի Ռուսաստանում կարճվեց հայտնի  հետաքննող լրագրող Իվան Գոլունովի դեմ հարուցված քրգործը: Նրա դաժան ձերբակալությունն անակնկալի էր բերել Կրեմլին: Այժմ ռուսների համար հարց է առաջացել՝ տոնել, թե շարունակել բողոքի շարժումը:

Ուշադրությանն արժանի

 

Ուշագրավ և անսպասելի շրջադարձ էր, երբ երեքշաբթի Ռուսաստանում կարճվեց հայտնի  հետաքննող լրագրող Իվան Գոլունովի դեմ հարուցված քրգործը: Նրա դաժան ձերբակալությունն անակնկալի էր բերել Կրեմլին:

Այժմ ռուսների համար հարց է առաջացել՝ տոնել, թե շարունակել բողոքի շարժումը:

«Մեդուզա» անկախ լրատվական կայքի լրագրող Գոլունովն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտարարել է, որ գործը կարճվել է ապացույցների բացակայության պատճառով:

«Ըստ կենսաբանական, դատաբժշկական և մատնահետքերի քննությունների և ԴՆԹ-ի փորձաքննության արդյունքների, որոշում է կայացվել դադարեցնել քաղաքացի Իվան Գոլունովի քրեական հետապնդումը` հանցագործությանը մասնակցելու մասին ապացույցների բացակայության պատճառով», – ասել է Կոլոկոլցևը:

Գոլունովը ձերբակալվել էր Մոսկվայում հինգշաբթի օրը՝ թմրադեղերին առնչվող մեղադրանքով, որը նրա կողմնակիցների պնդմամբ կեղծված էր:

Ոստիկանության աշխատակիցները, որոնք ձերբակալել են Գոլունովին, հեռացվել են ակտիվ աշխատանքից, և Կոլոկոլցևն ասել է, որ կպահանջի նաև ներքին գործերի նախարարության երկու բարձրագույն պաշտոնյաների պաշտոնանկությունը:

Սա ինքնին իրադարձությունների անսովոր շրջադարձ էր: Ռուսաստանում հազվադեպ է հնարավոր տեսնել իշխանությունների նման դիրքորոշում, հատկապես փողոցային բողոքների ֆոնին: Անցյալ տարի, օրինակ, Ռուսաստանի կառավարությունը հաստատեց կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, թեև փողոցում ցույցերի ալիք էր սկսվել:

Գոլունովը, որը հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մասին իր հոդվածներով, ձերբակալվելուց հետո Ռուսաստանի ամբողջ տարածքում աջակցություն էր ստացել:

Ռուսաստանի քաղաքական ընդդիմությունը համախմբվեց, բայց բոլորը ցնցվեցին՝ տեսնելով համերաշխության հայտարարություններ նույնիսկ Կրեմլին հավատարիմ և պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներից:

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան այս ֆոնին հուզվել էր և ասել. «Սա լավագույն օրն է, արցունքներս հոսում են, երջանիկ եմ»:

«Վերջին անգամ իմ երկրի համար այսպես երջանիկ էի Աշխարհի գավաթի խաղերի ժամանակ», – ասել է Կրեմլի կողմից ֆինանսավորվող RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նույնիսկ «Կրեմլի» խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Լիզա Պեսկովան Instagram-ում լուսանկարել է հրապարակել՝ պաշտպանելով Գոլունովին:

Գոլունովը տարբեր մարդկանց համար տարբեր առումով է կարևոր: Ոմանց համար նրա դեմ քրգործը ուշադրության կենտրոն բերեց ոստիկանության կոռումպացվածության խնդիրը, և նրա ազատ արձակումը դարձավ ոստիկանության լուռ համաձայնությունը, որ այդ խնդիրն իսկապես կա և ոստիկանությունում կա կասկածյալների իրերի մեջ թմրանյութեր գցելու պրակտիկա:

Այնուհետև կար մամուլի ազատության հարցը: Գոլունովը բացահատել էր Մոսկվայի քաղաքապետարանում կոռուպցիա և վտանգավոր իրավիճակում էր հայտնվել: Շատ ռուս լրագրողներ, որոնք փորձել են բացահայտել տեղական պաշտոնյաների խառը գործերը, ենթարկվել են սպառնալիքների, ոտնձգությունների և նույնիսկ բռնությունների:

Իսկ Գոլունովի անակնկալ ազատ արձակումը Կրեմլի քաղաքական հաշվարկների մասին լուրջ շահարկումների պատճառ դարձավ: Շատերը նշեցին, որ հաջորդ շաբաթ սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա հեռուստատեսային հարցազրույցը, իսկ լրագրողը ձերբակալությունը սպառնում էր փչացնել խստորեն կազմակերպված միջոցառումը, որի նպատակն է Պուտինին ցուցադրել որպես իմաստուն և բարի ցար, որը պատրաստ է լուծել իր ենթակաների խնդիրները:

Գործը կեղծած ոստիկաններին դատապարտելը ոմանց կարծիքով հնարավորություն կտա Պուտինին հակադրել իրեն և կոռումպացված պաշտոնյաներին:

Այնուամենայնիվ, Գոլունովի ազատ արձակումը շատերի կողմից ընկալվել է որպես Ռուսաստանի քաղաքացիական հասարակության հաղթանակ: Նախարարության հայտարարությունից հետո Գոլունովի գործընկերները հայտարարեցին՝ «ուրախ են, որ իշխանությունները լսել են հանրությանը»:

«Սա լրագրողական և քաղաքացիական համերաշխության աննախադեպ և միջազգային արշավի արդյունքն է: Միասին մենք աներևակայելի բան արեցինք: Դադարեցինք անմեղ մարդու հետապնդումը», – ասված է «Մեդուզայի» լրագրողների հայտարարության մեջ:

Մեդուզան Գոլունովի կողմնակիցներին կոչ արեց հրաժարվել չորեքշաբթի Մոսկվայի կենտրոնում կայանալիք ցույցից, բայց ցուցարարները չեն համաձայնել:

Կազմակերպիչներից ոմանք ասում են, որ շարունակելու են բողեքել: «Կարծում եմ, որ հունիսի 12-ի ակցիան չեղյալ հայտարարելը սխալ որոշում է», – ասում է «Նովայա գազետա» թերթի լրագրող Իլյա Ազարը՝ պնդելով, որ իշխանությունները դեռեւս պետք է պատժվեն Գոլունովի դեմ կեղծ քրեական գործ հարուցելու համար:

Գոլունովն ասել է, որ չի մասնակցի երթին: Տնային կալանքից ազատվելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոստացել է շարունակել հետաքննական աշխատանքը, ինչպես մինչև ձերբակալությունն է արել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment