Փաշինյանի և Ալիևի իմիտացիոն խաղը բանակցային գործընթացը նոր ռիսկի է տանում

Փաշինյանի և Ալիևի իմիտացիոն խաղը բանակցային գործընթացը նոր ռիսկի է տանում

Հոդվածի առանցքում

  • Կա մեծ անհամապատասխանություն միջազգային հանրության մեծ ակնկալիքների և ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող իրողությունների միջև: Հակառակ դրական ազդակներին, հակամարտության կողմերի դիրքորոշումները և ռազմավարական շահերը միմյանցից այնքան հեռու են, որ պատերազմը շարունակում է մնալ ամենահավանական ելքը: Մադրիդյան սկզբունքները, որոնք այս կամ այն կերպ վերջին տասնամյակում բանակցային գործընթացի հիմքն էին, ենթադրում էին տարածքային զիջումներ հայկական կողմից, հետագայում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքով օրինական պարտադիր հանրաքվեի դիմաց:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի ներկայիս կառավարությանն իշխանության խաղաղ անցումից հետո տարածաշրջանային փորձագետները և միջազգային դիտորդները զգուշավոր լավատեսություն են հայտնել ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի հեռանկարների մասին: Թեև կան դրական նախանշաններ` այս տարածաշրջանին հատուկ վատեր կանխազգացումների փոխարեն, հակամարտության դինամիկան շարունակում է մնալ անփոփոխ` պատերազմի ուրվականի ընդգծվող ներկայությամբ:

Հակամարտության համար, որը երկար ժամանակ շարունակվում է գտնվել պայթյունավտանգ իրավիճակում, նոր դրական ազդակները զարմանալի են: Դրանք, հավանաբար, նկատվեցին 2018-ի սեպտեմբերի վերջին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումից հետո:

Երկու ղեկավարների կարճ հանդիպման արդյունքում անսպասելի համաձայնություն եղավ` նվազեցնել լարվածությունը և ուղիղ կապ ստեղծել: Սա անլուծելի թվացող հակամարտության պատմության մեջ եզակի դրական տեղաշարժերից էր: Այս ոչ պաշտոնական բանակցությունները հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2018-ի դեկտեմբերին և 2019-ի հունվարին կազմակերպված ԱԳ նախարարների երկու պաշտոնական հանդիպումներին: Դրանցից հետո Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել «կոնկրետ միջոցներ ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ»: Փաշինյանը և Ալիևը մեկ այլ ոչ պաշտոնական զրույց են ունեցել 2019-ի հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: Քննարկել են խաղաղ բանակցությունների առաջ տանելու քայլերը:

Այս հանդիպումներն ուղեկցվեցին երկու կողմում պաշտոնական հռետորաբանության զգալի մեղմացմամբ: Նաև զգալի նվազել է զոհերի և հրադադարի խախտումների թիվը: Դեկտեմբերին Ալիևը Հայաստանի հետ սահմանի երկու հատվածներում զորքը փոխարինեց սահմանապահների անձնակազմով: Չնայած փոփոխությունը ավելի շատ խորհրդանշական է, քան էական, քանի որ, ըստ էության, Ադրբեջանական սահմանապահ զորքը զինված է զորքի պես, այս որոշումը որոշ վերլուծաբաններ ներկայացնում են որպես կառուցողական քայլ: Միաժամանակ, սահմանից հեռացած զորամիավորումները տեղակայվել են շփման գծին շատ մոտ:

Այս զարգացումները ողջունեց միջազգային հանրությունը: Հունվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը բարձր գնահատեց երկու հատակառակորդների միջև նոր զարգացումները. «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական հանձնառությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային և խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը, ըստ որի պետք է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկվեն բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղությամ»: ԵՄ-ն ևս ողջունեց խաղաղ գործընթացում ջերմացումը և լիարժեք աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

Այնուամենայնիվ, կա մեծ անհամապատասխանություն միջազգային հանրության մեծ ակնկալիքների և ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող իրողությունների միջև: Հակառակ դրական ազդակներին, հակամարտության կողմերի դիրքորոշումները և ռազմավարական շահերը միմյանցից այնքան հեռու են, որ պատերազմը շարունակում է մնալ ամենահավանական ելքը: Մադրիդյան սկզբունքները, որոնք այս կամ այն կերպ վերջին տասնամյակում բանակցային գործընթացի հիմքն էին, ենթադրում էին տարածքային զիջումներ հայկական կողմից, հետագայում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքով օրինական պարտադիր հանրաքվեի դիմաց: Այլ կարևոր բաղադրիչները ներառում են Ղարաբաղյան միջանկյալ կարգավիճակ մինչև վերջնական պլեբիսցիտը, Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցք, փախստականների վերադարձ և հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում: Նույնիսկ լավատեսության այս պահին մոտ ապագայում նման համաձայնության հասնելը գրեթե անհնարին է թվում:

Ադրբեջանը բացառել է իր իրավասության սահմաններից դուրս Լեռնային Ղարաբաղի իրավական որևէ կարգավիճակի հնարավորությունը: Բաքուն բազմիցս հայտարարել է, որ կընդունի միայն Ղարաբաղի ինքնավարությունն իր սահմաններում: Հայկական կողմի համար սա անընդունելի է: Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս և անվտանգությունն առաջնահերթություն են: Ընդ որում, վերջին շրջանում քաղաքական միջավայրը զարգացել է այնպես, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ չի կարող ստորագրել խաղաղության գործարք, որը ներառում է տարածքային զիջումներ Ադրբեջանին, անգամ եթե փոխարենն առաջարկվի Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված, անկախ կարգավիճակ: Վերջին տասնամյակում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և սպառազինության մեծ ձեռքբերումները համոզել են հայերին, որ Ադրբեջանին խաղաղությունը չի հետաքրքրում և հայերի քաղաքակրթական ռիսկեր է առաջացնում: Արդյունքում, առաջացել է կոնսենսուս, որ նախկին ԼՂԻՄ-ի և հայկական ուժերի կողմից վերհասկվող տարածքները, ըստ էության, անբաժանելի են և փոխադարձաբար կարևոր Հայաստանի ռազմավարական անվտանգության համար:

Հայ և ադրբեջանցի առաջնորդները հիանալի հասկանում են այդ սահմանափակումները և ունեն իրենց հատուկ օրակարգերը: Նախագահ Ալիևը հավանություն է տալիս կառուցողական դիրքորոշումներին, որպեսզի Հայաստանի վրա բարդի խաղաղ գործընթացի անխուսափելի ձախողումը և պատրաստի նոր հարձակում Ղարաբաղի վրա: Միաժամանակ, Փաշինյանը ևս իմիտացիայով փորձում է ժամանակ շահել հայկական զինված ուժերի վերազինման և արդիականացման համար: Երբ խոսքը վերաբերում է խաղաղության համաձայնագրի հեռանկարներին, դրանք ավելի հավանական էին 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին, երբ թշնամանքի մակարդակը շատ ավելի ցածր էր և հակամարտող բանակներն այնքան էլ ուժեղ չէին:

Տարածաշրջանի ռազմավարական իրողությունները խեղաթյուրող իմիտացիոն խաղը հանգեցնում է անխուսափելի եզրակացության, որ, ամենայն հավանականությամբ, հակամարտության նոր փուլը, և ոչ թե խաղաղությունն է մոտ: Որոշ իմաստով, խաղաղ բանակցությունների առաջխաղացման կեղծ տպավորությունը կարող է նպաստել ապագայում ավելի արագ ապակայունացմանը: Բարձր մակարդակի բանակցությունները լավ վերնագրեր են բերում, սակայն քիչ են անում ռազմավարական պայմանների փոփոխությունները, մինչև որոշակի մեխանիզմներ հաստատվեն խաղաղ գործընթացը ինստիտուցիոնալացնելու համար: Հրադադարի ռեժիմը չպետք է կախված լինի հակամարտող կողմերի քմահաճույքներից կամ բարի կամքից: Այնպիսի միջավայրում, որտեղ պատերազմը դեռ շարունակում է մնալ պոպուլյար տարբերակ և օգտագործվում է որպես շանտաժի մարտավարության մաս, փոխզիջումը և իրական խաղաղությունը հեռու են թվում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment