Հակազդել Սովետին, հետո Հունգարիան տանել դեպի Պուտին

Հակազդել Սովետին, հետո Հունգարիան տանել դեպի Պուտին

Հոդվածի առանցքում

  • Եթե նախկինում Հունգարիան մարմնավորում էր ճանապարհ դեպի ժողովրդավարական կապիտալիզմի հաղթանակ, ապա այսօր ճիշտ հակառակը:
  • Երկրի վարչապետը կասկածի տակ է դնում արևմտյան արժեքները, զարկ տալիս ազգայնականությանն ու Ռուսասատանը դիտարկում իբրևէ զարգացման մոդել:
  • Պարոն Պուտինի ռազմատենչ ազգայնականությունն ավելի պոպուլյար է այստեղ, քան այն, ինչը շատերը կոչում են արևմտյան ժողովրդավարական սկլերոզ:
  • Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ լիբերալ ժողովրդավարությունն անկում է ապրում և գովասանքի խոսքեր ասել ավտորիտար «ոչ ազատ ժողովրդավարությունների»` Թուրքիայի, Չինաստանի, Սինգապուրի և Ռուսաստանի հասցեին:
  • Հունգարիան համարվում էր «կոմունիզմի գուլյաշ»: Ազատ ժողովրդավարությունն իր հետ բերեց խոսքի ազատություն, բայց նաև աշխատատեղերի և անվտանգության զգացմունքի կորուստ:

Ուշադրությանն արժանի

Եթե քառորդ դար առաջ Հունգարիան նպաստեց այն իրադարձություններին, որոնք օգնեցին փլուզել կոմունիզմը, այժմ ի հայտ է եկել նոր քաղաքական աստղ: Այդ տարիներին Վիկտոր Օրբանը 26 տարեկան էր` իրավաբանական դպրոցի երկար մազերով մի շրջանավարտ: 1989 թ. hունիսին` Բեռլինի պատի փլուզումից 5 ամիս առաջ, նա վառեց 1956 թ. Մոսկվայի դեմ ձախողված ապստամբության ճրագը՝ համարձակորեն կոչ անելով անցկացնել ազատ ընտրություններ և պահանջելով, որ 80.000-ոց խորհրդային զորքերը վերադառնան տուն: Այժմ, երբ նշվում է Բեռլինի պատի փլուզման 25 ամյակը, Հունգարիան ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է, իսկ պարոն Օրբանն իր վարչապետության երրորդ ժամկետին է:

Եթե նախկինում այս ամենը մարմնավորում էր մի ճանապարհ դեպի ժողովրդավարական կապիտալիզմի հաղթանակ, ապա այսօր երկրի և իր վարչապետի համար շրջադարձ է դեպի ավելի բարդ մի իրավիճակ, ուր առաջնորդը կասկածի տակ է դնում արևմտյան արժեքները, զարկ տալիս ազգայնականությանն ու Ռուսասատանը դիտարկում իբրևէ զարգացման մոդել:

Իր աջակողմյան կուսակցության ազգային և տեղական ընտրություններում մի շարք հաղթանակներից հետո պարոն Օրբանն արագորեն կենտրոնացնում է իշխանությունը, աճեցնում իր մտերիմ օլիգարխներին, ճնշում այլախոհությունը, ընդլայնում իր հարաբերությունները Մոսկվայի հետ և, ընդհանուր առմամբ, անհարմար համեմատություններ անցկացնում մի կողմից արևմտյան առաջնորդների ու ներքին հակառակորդների, մյուս կողմից` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

 «Նա միակ պուտինիստն է Եվրոպական Միությունում», – ասում է Յոշկա Ֆիշերը՝ Գերմանիայի նախկին արտգործնախարարը:

Արեւելյան Եվրոպայի մի շարք այլ երկրներ, հատկապես Լեհաստանը, շարունակում են կողմնորոշվել դեպի Արևմուտք և դեռ խորը կասկածով են վերաբերում Ռուսաստանին անգամ սառը պատերազմի ավարտից շատ հետո: Սակայն Հունգարիան մեկն է նախկին խորհրդային մի քանի երկրներից, որն ի հայտ եկավ անմիջապես Խորհրդային Միության անկումից հետո, և Ռուսաստանի ազդեցության միջև: Միջոցները, մշակույթը և էներգետիկ ռեսուրսները դեռ շարունակում են կապել տարածաշրջանի շատ երկրներին Ռուսաստանի հետ, այնքան, որքան դրանք կապված են Եվրոպային: Պարոն Պուտինի ռազմատենչ ազգայնականությունն ավելի պոպուլյար է այստեղ, քան այն, ինչը շատերը կոչում են արևմտյան ժողովրդավարական սկլերոզ:

Պարոն Օրբանը հիմք է դրել մի փիլիսոփայական տեսլական և իր ավտորիտար մոտեցումների արդարացում, որը ենթադրում է երկարաժամկետում Հունգարիան դարձնել բոլորովին այլ երկիր, որը տարբերվելու է երկաթե վարագույրի վերացումից և Բեռլինի պատի փլուզումից հետո Արևմուտքի սպասումներից:

Այս ամռանն իր ելույթներից մեկում պարոն Օրբանը հայտարարել էր, որ լիբերալ ժողովրդավարությունն անկում է ապրում և գովասանքի խոսքեր ասել ավտորիտար «ոչ ազատ ժողովրդավարությունների» Թուրքիայի, Չինաստանի, Սինգապուրի և Ռուսաստանի հասցեին:

Նա իր տեսակետները հիմնավորել է արևմտյան կառավարությունների, ըստ նրա, անհաջողություններով՝ 2008 թ. ֆինասական ճգնաժամը չկանխատեսելու և դրան ադեկվատ չարձագանքելու հիմնավորմամբ, որը բերել էր խորը անկման: Նա այդ ժամանակաշրջանը կոչել էր անցյալ դարի չորրորդ մեծ ցնցում Առաջին համաշխարհային պատերազմից, Երկրորդ համաշխարհային պատերազմից և Սառը պատերազմի ավարտից հետո, ինչպես նաև խթան, ըստ իրեն, այսօրվա հիմնական պայքարի ներքո՝ բնորոշված որպես «մրցավազք մի պետության կայացման համար, որն ի վիճակի է հաջողություն բերել ազգին»:

Արևմտյան ժողովրդավարությունները «ամենայն հավանականությամբ ի վիճակի չեն լինելու պահպանել իրենց գլոբալ մրցունակությունն առաջիկա տասնամյակների ընթացքում և անկում են ապրելու, եթե չկարողանան զգալիորեն փոխել իրենց»,- ասել է պարոն Օրբանն իր ելույթում, ըստ կառավարության կայքում տեղակայված դրա անգլերեն թարգմանության: Նա ասել է՝ «Հունգարիան կոտրելու է դոգմաներն ու գաղափարախոսությունները, որոնք ընդունվել են Արեւմուտքից» և դրա փոխարեն կկառուցի «նոր Հունգարական պետություն», որը «մրցունակ կլինի հաջորդ տասնամյակների գլոբալ մրցավազքում »: Դրան հասնելը կպահանջի ավելի կոշտ դիրքորոշում արտաքին ուժերի նկատմամբ, այդ թվում` հասարակական կազմակերպությունների, Եվրամիության և օտարերկրյա վարկատուների եւ ներդրողների հանդեպ, – ասաց նա:

Մինչև 2008 թ., պարոն Օրբանը պարոն Պուտինի կատաղի քննադատն էր: Սակայն տոնը փոխվեց, և երկուսը բարեկամացան, երբ Ռուսաստանը սկսեց մեծ ներդրումներ անել Հունգարիայում: «Օրբանը պոպուլիստ է, որ ոչ միայն խոսում է, այլև գործում», – ասել է անկախ հետազոտական կազմակերպության՝ Բուդապեշտի քաղաքական կապիտալի ինստիտուտի տնօրեն Պիտեր Կրեկոն: Նա ավելացում է՝ «Արդյունքում՝ Հունգարիան կարող է ծառայել որպես օրինակ Արեւելյան Եվրոպային` գայթակղելով այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ռումինիան և Բուլղարիան, որոնք կարող են բռնել ավտորիտար ուղի»: Միակ տարբերությունը պարոն Օրբանի և ավտորիտար այլ երկրների, ասել է պարոն Կրեկոն, այն է, որ «երբ նրանք շրջվում են դեպի Արևմուտք, իրենք փորձում են ժպտալ, ի տարբերություն Օրբանի»:

Բուդապեշտի կենտրոնում իր լուսավոր պալատներով Դանուբի ափին, խոշոր սրճարաններով, մարդաշատ թատրոններով և տուրիստներով լի փողոցներում, քիչ է զգացվում ավտորիտար ոգին: Սակայն այս ամենի հետևում բազմաթիվ երիտասարդ արվեստագետներ անհանգստանում են, որ պետական ֆինանսավորումը կարող է դադարել այլախոհության պարագայում կամ իրավապաշտպան խմբերը ենթարկվում են հարձակումների պետության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում՝ զայրույթով սպասելով քննիչների ժամանմանը: Հունգարիայի Արեւմուտքում գերմանական մեքենաշինական գործարանները և այլ օտարերկրյա ներդրումներ ստեղծել են նմանություն արևմտաեվրոպական կենսակերպի: Սակայն իրավիճակը բոլորովին այլ է արևելյան գյուղական շրջաններում, որտեղ չքավոր ընտանիքները, որոնցից շատերը ռոմաններ են, աշխատում են պարոն Օրբանի հիմնած հանրային աշխատանքի ծրագրերում կամ տառապում՝ հուսալով, որ տնտեսական վիճակը կբարելավվի:

Նույնիսկ Բուդապեշտի իկոնոգրաֆիան իր վրա է կրում պարոն Օրբանի կնիքը: Օրինակ, պառլամենտի մոտ ամռանը բացվել է չափազանց շատ ծաղրանքի ենթարկված մի արձան, որտեղ գերմանական արծիվը հարձակվում է հրեշտակի վրա: Այն դիտվում է որպես հունգարական ազգայնականների փորձ` սրբագրելու երկրի դաշինքը նացիստների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Պարոն Օրբանի ենթակաները իշխող Fidesz կուսակցությունից, որը նրա միանշանակ վերահսկողության ներքո է, ասում են, որ նա մնում է հակակոմունիստ, ինչպիսին եղել է անցյալում և որ բոլոր մեղադրանքները բռնապետության մեջ ձախերի երևակայության արդյունքն են: «Նա նույնն է, ինչ եղել է 25 տարի առաջ», – ասաց Զոլտան Կովաչը, որը վարչապետի միջազգային հարցերի խոսնակն է: «Նա ցանկանում է ձերբազատվել նախկին համակարգի մնացորդներից, երբ մարդիկ ապավինում էին սոցիալական օգնությանը՝ աշխատելու փոխարեն»: Նույնիսկ նրա ամենախիստ քննադատները գտնում են, որ պարոն Օրբանն այդքան հեռու չի գնացել իր ընդդիմախոսների լռեցման հարցում, որքան պարոն Պուտինը: Ոչ ոք բանտ չի նետվել՝ իշխանություններին քննադատելու համար: Չկա բացահայտ գրաքննություն: Վերջին զանգվածային բողոքը ընդդեմ առաջարկվող ինտերնետ հարկի թույլատրվեց և ավարտվեց պարոն Օրբանի նահանջով:

Այնուամենայնիվ, արտաքին քննադատությունն ուժեղանում է: Երբ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թվարկեց երկրներ, ուր լռեցվում են քաղաքացիական հասարակության խմբերը, միակ հիշատակված եվրոպական երկիրը Հունգարիան էր: Վաշինգտոնն արգելել է 6 անհայտ պետական պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ՝ համարելով իրենց չափազանց կոռումպացված:

1990 թվականի առաջին ազատ ընտրություններից հետո, պարոն Օրբանը մեկն էր, մի քանի գործիչներից, ովքեր օգնեցին տապալելու կոմունիստական ռեժիմը: Շատ հունգարացիներ Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպայում անիրատեսական էին համարում լավ կյանքի սպասելիքները ժողովրդավարության և կապիտալիզմի ներքո: Նրանք անդամակցեցին ՆԱՏՕ-ին, որը 1999թ. անմիջապես պարտավորեցրեց դեմ դուրս գալ Ռուսաստանին և մասնակցել Կոսովոյի պատերազմին: Նրանք երկար բանակցում էին, սակայն նախկին խորհրդային բլոկի7   այլ երկրների նման ողջունեցին 2004 թ. Եվրամիության անդամակցումը: Հունգարացիները թերևս ամենաշատն էին զգացել անցումային շրջանի դժվարությունները՝ մնացածների հետ համեմատած, քանի որ կոմունիզմի տարիներին նրանք ավելի լավ էին ապրում, քան մյուսները խորհրդային բլոկում:

Հունգարիան համարվում էր «կոմունիզմի գուլյաշ», – ասաց Heti Valasz իշխանամետ ամսագրի ներքաղաքական հարցերի խմբագիր Բալինտ Աբլոնչը: Ազատ ժողովրդավարությունն իր հետ բերեց խոսքի ազատություն, բայց նաև աշխատատեղերի և անվտանգության զգացմունքի կորուստ, – ասաց նա:

1998 թ.-ին ընտրողները դեմ ելան սոցիալիստական կառավարությանը և իշխանությունը հանձնեցին պարոն Օրբանին և նրա կուսակցությանը: Բայց որպես առաջին ժամկետի երկրի վարչապետ «նա չափից դուրս շատ ուշադրություն դարձրեց ազգայնական գաղափարախոսությանը», – ասաց Բուդապեշտում գտնվող հետազոտական խմբի՝ Արդար քաղաքական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Յուլիա Լակատոսը: 2002 թ. սոցիալիստները վերադարձրեցին իշխանությունը: Սակայն 2010 թ.-ին ընտրողները նորից շրջվեցին դեպի պարոն Օրբանը, որը դասեր էր քաղել իր նախորդ սխալներից: Քննադատները պնդում են, որ կառավարությունն օգտագործում է իր միջոցները արվեստի և լրատվամիջոցների վերահսկողության համար: Այլախոհները հարձակման են ենթարկվում պաշտոնական մամուլում, և երբեմն նրանց հետաքննում են իշխանությունները: Նույնիսկ որոշ պահպանողական կողմնակիցներ մի փոքր զգուշանում են, որ Օրբանն ավելի է կենտրոնացնում իշխանությունն՝ իր կողմնակիցներին նշանակելով դատարաններում ու գլխավոր դատախազությունում, փոփոխելով Սահմանադրությունը և օրենքներն ի շահ իր կուսակցությանը:

«Նա առաջադրվում էր որպես մեկը, որը կմիավորի հունգարական քաղաքականության երկու կողմերը, սակայն ընտրվելուց հետո, նա ասաց, ոչ, սա աջերի ժամանակն է, ձախերից վրեժխնդիր լինելու ժամանակը », – ասաց խմբագիր պարոն Աբլոնչը: «Նրա համար քաղաքականությունը պայքար է: Ես հարում եմ աջերին, բայց իմ խորին հիասթափությունն այս կառավարությունից կապված է հենց այս մշտական պայքարի տրամաբանության հետ »:

Ապրիլին Fidesz կուսակցությունը հաղթեց երկրորդ անգամ, կոալիցիան կրկին կազմում է մեծամասնություն՝ խորհրդարանի երկու երրորդը, որն, ըստ էության, թույլ է տալիս անցկացնել յուրաքանչյուր օրինագիծ: Կուսակցությունը նաև հաղթեց մայիսին կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում և հոկտեմբերի 12-ի տեղական ընտրություններում, հազվագյուտ եռակի հաղթանակ մերօրյա դյուրագրգիռ Եվրոպայում: Շատ փաստեր են վկայում այն մասին, թե որքան հեռու է գնացել Հունգարիան կոմունիզմի անկումից հետո: Լասլո Մագասն օգնեց կազմակերպել համաեվրոպական պիկնիկ Սոպրոնում՝ Ավստրիայի սահմանին, որը 1989 թ. դարձավ Բեռլինյան պատի անկման առաջին նախանշանը: Հարյուրավոր Արևելյան գերմանացիներ օգտագործեցին այս առիթը` գալով երբեմնի կնքված սահմանին: Այժմ Սոպրոնի քաղաքային խորհրդի և Fidesz կուսակցության անդամ պարոն Մագասը հրաժարվում է քննարկել քաղաքական զարգացումները, որովհետև, ինչպես ասում է, օտարները չեն հասկանում երկիրը: Նա ասում է, որ արևմտյան ԶԼՄ-ները լսում են միայն պարոն Օրբանի հակառակորդներին, որոնք աննշան փոքրամասնություն են այսօրվա Հունգարիայում:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment