ԱՄՆ քննադատությունը խթանել է  Հունգարիայի ընդդիմադիր շարժումը

Հոդվածի առանցքում

  • Օրբանի դեմ սոցիալական տրամադրության աճի պատճառը հիմնականում քաղաքացիական հասարակության դեմ նրա ռեպրեսիվ միջոցներն են։
  • Հունգարացիները բողոքում էին վարչապետ Օրբանի ծրագրից, ըստ որի նախատեսվում էր հարկ սահմանել Ինտերնետի օգտագործման համար։
  • Մաքքեյնը հայտարարել է, որ Հունգարիայի ինքնիշխանությունը նեո-ֆաշիստական դիկտատորին զիջելու եւ Վլադիմիր Պուտինի հետ անկողին մտնելու վտանգի տակ է:
  • 51-ամյա Օրբանը 2010 թ. խորհրդարանի 2/3 մեծամասնության շնորհիվ նորից ստանձնեց վարչապետի պաշտոնը և սկսեց ձևավորել կենտրոնացված իշխանություն:

Ուշադրությանն արժանի

Բուդապեշտ, Հունգարիա.

Միացյալ Նահանգների ճնշումը սովորական հունգարացիներին դրդել է պայքարել վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ, որն ամրապնդում է իշխանությունը քաղաքացիական ազատությունները հետապնդելու միջոցով:

Հոկտեմբերի կեսին հունգարացիները Բուդապեշտում եւ այլ քաղաքներում փողոցային հանրահավաքներ անցկացրեցին՝ բողոքելով Օրբանի ենթադրյալ չարագործությունների դեմ, այդ թվում`  ժողովրդավարական նորմերի խախտումը, կոռուպցիայի հանդեպ հանդուրժողականությունը, ինչպես նաև առավել ռուսամետ դիրքորոշումը, որը վնասում է Արեւմուտքի հետ հարաբերություններին:

ԱՄՆ-ի քննադատությունը ուժեղ աջակցություն է հունգարացիներին, այս շաբաթ էլ սենատոր Ջոն Մաքքեյնը Օրբանին կոչեց «նեոֆաշիստ դիկտատոր»: Չորեքշաբթի Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան բարձրաստիճան դիվանագետից բացատրություն է պահանջել Մաքքեյնի մեկնաբանությունների առիթով: Անցած ամիս Վաշինգտոնը մուտքի արգելք կիրառեց Հունգարիայի վեց պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց կասկածում են կոռուպցիայի հարցով, իսկ նախագահ Բարաք Օբաման եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը քննադատում են Օրբանի ավտորիտար քաղաքականությունը:

Տամաս Մելարը` Օրբանի նախկին դաշնակիցը, հոկտեմբերի վերջին ելույթ է ունեցել վարչապետի դեմ իր առաջին հանրահավաքի ժամանակ և հայտարարել է, թե ԱՄՆ-ի կոռուպցիոն մեղադրանքները հույս են ներշնչում, որ փոփոխությունը հնարավոր է:

«Այդ պահին ես էլ զգացի, որ մենք բոլորովին մենակ չենք, եւ այս ամբողջ խնդիրը լուծելի է», – ասել է Մելարը՝ Օրբանի նախկին տնտեսական խորհրդականը, որն այժմ դասավանդում է համալսարանում,- «Կարծում եմ, մեզանից շատերը սկսեցին այս կերպ մտածել, եւ շատ մարդիկ, ովքեր քաղաքականապես ակտիվ չեն եղել, փողոց դուրս եկան»:

Յուլյա Լակատոսը՝ Բուդապեշտի Արդար քաղաքական վերլուծության կենտրոնի վերլուծաբանը բողոքի ակցիաները համարել է «բեկումնային պահ»:

«Չնայած ցույցերը չեն հանգեցնի արտահերթ ընտրությունների կամ իշխանափոխության, այնուամենայնիվ,  դրանք ցույց տվեցին, որ հիասթափություն է տիրում ամբողջ քաղաքականդաշտում»,- ասել է Լակատոսը: Նա պնդում է, որ այդ հիասթափությունը քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն է, որը կարող է, ի վերջո, մի խումբ ակտիվիստների առաջ մղել:

Օրբանի դեմ  սոցիալական տրամադրության աճի պատճառը հիմնականում  քաղաքացիական հասարակության դեմ նրա ռեպրեսիվ միջոցներն են, այդ թվում օրենքները, որոնք պետք է լռեցնեն քննադատող լրագրողներին և պահպանողական քրիստոնեական արժեքների սահմանադրական պաշտպանությունը:

Օրբանի պաշտոնավարման որոշիչ պահը  եղավ հուլիսին, երբ նա ելույթ ունեցավ՝ ասելով, որ ցանկանում է Հունգարիան դարձնել «ոչ լիբերալ պետություն» եւ, որպես հաջողված օրինակներ, վկայակոչել է Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ Սինգապուրը:

Շատ հունգարացիներ զայրացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցում Օրբանի ակնհայտ անօգնական վիճակի համար, որը վարչապետը դրսևորում  է Մոսկվայի հետ առանցքային էներգետիկ գործարքներ կնքելով:

 «Հունգարիան պատկանում է Արեւմուտքին», – ասաց Անթալ Փինթերի առաքիչը վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ,- «Բավական է անընդհատ Ռուսաստանի կողմը նայել»:

Հոկտեմբերին բողոքի ամենամեծ ակցիաների պատճառը Օրբանի ծրագիրն էր, որը նախատեսում էր հարկ սահմանել Ինտերնետի օգտագործման համար, ինչն ընդունվեց որպես խոսքի ազատության խախտում:

Միջին դասի երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիաները  ստիպեցին Օրբանին հետաձգել այդ գաղափարի կիրառումը, սակայն նա հայտարարեց, որ այդ հարցին կվերադառնա հաջորդ տարի:

Հազարավոր մարդիկ մասնակցեցին նոյեմբերին  կոռուպցիայի դեմ բողոքի հանրահավաքներին: Այդ նույն ժամանակ, նոյեմբերի 22-ին մոտ 2000 մարդ երթ կազմակերպեց  ծախսերի կրճատումների եւ կրթական համակարգի կենտրոնացման դեմ: Փոփոխությունները նախատեսում էին խրախուսել երիտասարդներին ընտրելու միջին մասնագիտական կրթությունը համալսարանականի փոխարեն: Օրբանին քննադատողները դա համարում էին  քաղաքացիական հասարակությունը թուլացնելու եւս մեկ փորձ:

«Կառավարությունը չի ցանկանում, որ շատ մտածող մարդիկ լինեն, ովքեր կձեւավորեն անկախ մարդու կերպարն աշխարհում», – ասել է Մելարը:

Բացի Ինտերնետի հարկային փոփոխությունից, Հունգարիայի իշխանությունն առանձնապես  ուշադրություն չի դարձնում քննադատություններին:

Կառավարությունը Վաշինգտոնից պահանջել է ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն  վեց արգելված պաշտոնատար անձանց ներգրավվածությունը ենթադրյալ կոռուպցիայում, ինչը հնարավորություն կտա  հետաքննություն սկսել:

Հունգարիան, հատկապես, հրաժարվում է հեռացնել Իլդիկո Վիդային՝ հարկային ծառայության ղեկավարին, որը  հերքել է կոռուպցիայի հարցով ներկայացված մեղադրանքները:

Երեքշաբթի Մաքքեյնի մեկնաբանությունը հնչեց այն ժամանակ, երբ ապարդյուն փորձ էր արվում համոզել Սենատին մերժել Հունգարիայում ԱՄՆ դեսպանի թափուր տեղի համար նախագահ Օբամայի առաջադրած թեկնածուին: Մաքքեյնը հայտարարել է, թե  սերիալների պրոդյուսեր Քոլին Բելը բոլորովին չի համապատասխանում այդ պաշտոնին:

Մաքքեյնը, ով հանդիպել էր Օրբանին փետրվարին, հայտարարել է, որ Հունգարիայի ինքնիշխանությունը նեո-ֆաշիստական դիկտատորին զիջելու  եւ Վլադիմիր Պուտինի հետ անկողին մտնելու վտանգի տակ է:

Լեվանտե Մագյարը՝  արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության գծով պետական քարտուղարը ասել է, որ  Հունգարիայի կառավարությունը մերժել է Օրբանի  մասին Մաքքեյնի դիտողությունները եւ Հունգարիայի ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ սենատորի մեկնաբանությունները համարել «անընդունելի»:

Օրբանի կառավարության եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը ներկայացվել է նաև Twitter-ում:

ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրե Գուդֆրենդը մասնակցել է ինտերնետի հարկերի դեմ բողոքի ակցիային, և կառավարության մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը հանդիմանել է նրան:  Վերջինը նրան քննադատել է ընդդիմադիր լիբերալների ու սոցիալիստների գլխավորած հանրահավաքին միանալու համար եւ ներկայացրել հունգարական գործերի վրա ազդելու մեղադրանք:

Գուդֆրենդին Բուդապեշտում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետին չորեքշաբթի կանչել էին բացատրության: Նա ասել է , որ պարզապես փորձել է տեսնել, թե ինչ է կատարվում երկրում: Ավելի ուշ, Գուդֆրենդը Twitter- ում է տեղադրել իր լուսանկարը Օրբանի կողմնակիցների կազմակերպած հանրահավաքում` ասելով. «Ես փորձում եմ տեսնել Հունգարիայի կյանքի ամբողջական պատկերը»:

51-ամյա Օրբանը 2010 թ. խորհրդարանի երկու երրորդ մեծամասնության շնորհիվ նորից ստանձնեց վարչապետի պաշտոնը և սկսեց ձևավորել կենտրոնացված  իշխանություն: Այս տարի ճնշող մեծամասնությամբ նա հաղթեց վերընտրությունը, քանի որ փոխել էր ընտրությունների օրենքը հօգուտ իր կուսակցության:

Բալաշ Նեմենը՝  կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպիչը, հայտարարել է, որ հանրահավաքները ինկուբատորի դեր են կատարում քաղաքացիական հասարակության կազմակերպչական գործընթացը սկսելու համար: «Մեր ցանկությունն է ստեղծել ժողովրդավարական եւ թափանցիկ քաղաքական համակարգ», – ասաց 22-ամյա ուսանողուհին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment