Ինչպե՞ս Ռուսաստանը և Իրանը դոմինանտեցին G7-ի գագաթնաժողովում

Ինչպե՞ս Ռուսաստանը և Իրանը դոմինանտեցին G7-ի գագաթնաժողովում

Հոդվածի առանցքում

  • Հանգստյան օրերի ամենաաղմկոտ վերնագրերը Ֆրանսիայի կառավարության հրավերով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի մասին էին:  Սա շատ զարմացրեց Միացյալ Նահանգներին, քանի որ վերջին ամիսներին նկատվում է Իրանի հետ հարաբերություններում լարվածության սրացում, և այս պետությունները հազիվ են խուսափում պատերազմից: Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև հենց Զարիֆի նկատմամբ:

Ուշադրությանն արժանի

 

Ֆրանսիայի Բիարից քաղաքում եզրափակվել է G7-ի եռօրյա գագաթնաժողովը, որին մասնակցում էին աշխարհի ամենաառաջատար տնտեսություններն ունեցող երկրների՝ Ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների առաջնորդները: Ներկա էր նաև Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ինչպես նաև մի քանի պետությունների ղեկավարներ, որոնք հրավիրվել էին G7-ի անդամի կողմից:

Այս տարվա հանդիպումը շատ կարևոր ժամանակաշրջանում էր՝ բոլոր հիմնական մասնակիցների համար: Հյուրընկալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը վերջին երեսուն տարում ամենացածրն է և պատճառը նրա հակազդեցությունն է դեղին ժիլետների շարժմանը:  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի շուրջ կոռուպցիոն սկանդալ է: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առևտրային պատերազմի մեջ է Հարավային Կորեայի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ սա պաշտոնավարման իր վերջին ժամկետն է և փորձում է իրավահաջորդ գտնել: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական տվեց գագաթնաժողովից օրեր առաջ և ներկա էր միայն որպես պաշտոնակատար: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը իր պաշտոնում է միայն մեկ ամիս և պատրաստվում է հոկտեմբերին Բրեքսիթ իրականացնել առանց գործարքի: Եվ նախագահ Դոնալդ Թրամփը ուր էլ լինի բերում է իր սեփական օրակարգը:

Հանգստյան օրերի ամենաաղմկոտ վերնագրերը Ֆրանսիայի կառավարության հրավերով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի մասին էին:  Սա շատ զարմացրեց Միացյալ Նահանգներին, քանի որ վերջին ամիսներին նկատվում է Իրանի հետ հարաբերություններում լարվածության սրացում, և այս պետությունները հազիվ են խուսափում պատերազմից: Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև հենց Զարիֆի նկատմամբ:

«Եթե ֆրանսիացիները Իրանի արտգործնախարար Զարիֆին փաստացի հրավիրեին G7- ին՝  առանց ԱՄՆ-ի հետ խորհրդակցելու, դա Իրանի համար մեծ թուլության ազդանշան կլիներ և վիրավորական նախագահ Թրամփի համար: Հուսով եմ, որ նախագահ Թրամփը կայուն վճռականություն է ցուցաբերում իրանական ագրեսիայի դեմ», – թվիթել է սենատոր Լինդսի Գրեհեմը, որն ազդեցիկ դեր ունի Թրամփի ստվերային կաբինետում:

«Սա անհարգալից վերաբերմունք է նախագահ Թրամփի և G7-ի մյուս առաջնորդների նկատմամբ: Իրանը ամեն կերպ աջակցում է ահաբեկչությանը և շարունակում է պնդել «մահ Ամերիկային»: Մակրոնի կողմից սա մանիպուլյացիա էր», – համաձայնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիկկի Հեյլին:

Մամուլի ասուլիսին Թրամփն ասաց, որ իրականում գիտեր հրավերի մասին, և որ դա անհարգալից վերաբերմունքի հակառակն էր: «Նախագահ Մակրոնն այդ հարցում խնդրել է իմ հավանությունը: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք», – ասել է նա լրագրողներին:

«Հեյլիի և Գրեհեմի մեկնաբանությունները իսկապես հիմարություն են», – ասում է Ատլանտյան խորհրդի «Իրանի ապագան» նախաձեռնության տնօրեն Բարբարա Սլավինը,- «Ակնհայտ է, որ Մակրոնը Թրամփին տեղեկացրել է Զարիֆի այցի մասին:  Հակառակը չէր կարող  լինել: Թրամփը ինքնուրույն մարդ է, նա անում է ինչ ցանկանում է»:

«Պաշտպանության առաջնահերթություններ» ծրագրի մասնակից Դանիել ԴեՊետրիսը կարծում է, որ Իրանի հարցում կոշտ քաղաքականությանը կողմ ամերիկացի պաշտոնյաների ներքին քննադատությունները պարզապես սրում են իրավիճակը: «Կարծում եմ, որ դա կեղծ վրդովմունք է, ուղղված է ներքաղաքական լսարանին: Կարծում եմ, որ մենք հիմա իրանացիների հետ հասել ենք մի իրավիճակի, որ ինքներս մեզ համար փոս ենք փորել, և փոխարենը փորձենք դուրս գալ փոսից, ավելի խորն ենք  փորում», – ասում է նա: «Կարծում եմ, որ Զարիֆին հրավիրելով Բիարից, Մակրոնը Թրամփին լավություն արեց: Ակնհայտ էր, որ Թրամփն այս անգամ չի հանդիպել Զարիֆի հետ, բայց այն փաստը, որ նա բաց է քննարկման, նույնիսկ նախագահ Ռոհանանի հետ, հնարավորություն է ստեղծում, որ նախագահները հանդիպեն հաջորդ ամիս՝ Գլխավոր ասամբլեայում»:

Նախագահ Թրամփը այս շաբաթավերջին կրկին հաստատեց, որ ինքը շահագրգռված է նոր առանց նախապայմանների բանակցություններ վարել Իրանի կառավարության հետ:

«Պետք է նաև նշել՝ հիանալի է, որ Մակրոնը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի կողմից Զարիֆի նկատմամբ պատժամիջոցները անիմաստ էին բազմաթիվ առումներով: Զարիֆը ճամփորդում է ամբողջ աշխարհում, նա պատրաստվում է հանդիպումների, այնպես որ, ակնհայտորեն, ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրա դեմ պատժամիջոցներին», – ավելացրել է Սլավինը:

G7- ի մյուս առանցքային դերակատարը, որն ընդհանրապես այնտեղ չէր, Ռուսաստանն է: Մոսկվային հեռացրել են G8-ից՝ 2014-ին Ղրիմի բռնակցումից հետո:

1987-ից 1991 թվականներին Խորհրդային Միությունում ԱՄՆ դեսպան Ջեք Մաթլուկը բացատրում է այն ժամանակ Ռուսաստանին G8-ից դուրս թողնելու համատեքստը. «Դա արձագանք էր Ուկրաինայում տիրող իրավիճակին, որը հիմնականում Ուկրաինայի ներքին գործ էր: Ռուսաստանը այդպես չէր վարվի, եթե չլիներ Ուկրաինան ՆԱՏՕ և ԵՄ մտցնելու փորձ: Դա համարվեց խիստ սադրիչ, ուստի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, անշուշտ ողբերգություն էր Ուկրաինայի համար, բայց դա արևմտյան քաղաքականությանը Ռուսաստանի արձագանքն էր»:

 

Թրամփը և Մակրոնը կողմ են հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանին հրավիրելուն: Սա քննադատում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում նախագահ Թրամփի քննադատողները:

«Քանի որ Միացյալ Նահանգները ստանձնում է G7-ի հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու և հյուրընկալելու պատասխանատվությունը, սարսափելի է, որ նախագահ Թրամփը կարծես թե ցանկանում է հրավիրել Վլադիմիր Պուտինին, քանի որ Ռուսաստանը շարունակում է բռնի կերպով գրավված պահել Ղրիմը, միջամտում է մեր ընտրություններին և նախաձեռնում է սպառազինության նոր մրցավազք: Ռուսաստանի G7 վերադառնալը միայն ցույց կտա նախագահ Թրամփի թույլ կողմը՝ Պուտինի և նրա օլիգարխների դեմ և ավելի քիչ անվտանգ կդարձնի Միացյալ Նահանգները», – հայտարարել է Սենատի փոքրամասնությունների առաջնորդ Չակ Շումերը:

Նյու Յորքի համալսարանում և Պրինսթոնում ռուսագիտության և քաղաքականության պրոֆեսոր Ստեֆան Քոենը կարծում է, որ Ռուսաստանը արևմտյան հաստատություններից բացառելը չի դանդաղեցնի Արևմուտքի աշխարհաքաղաքական ճկունությունը: «Պատմականորեն Արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները, շատ բաներ են արել «Ռուսաստանի վարքը փոխելու համար»: Եվ ես չեմ կարող հիշել որևէ դեպք, որ դա հաջողվեր: Այնպես որ, սա կարծես հիմարություն է», – ասում է նա:

«Կարծում էի, որ դա սխալ էր», – համաձայնեց Մատլոկը: «Ինձ թվում է, դա է վնասում այդ կառույցին, այլ ոչ թե Ռուսաստանի ներկայությունը: Եվ այն գաղափարը, որ դա ինչ-որ կերպ կփոխի նրանց արտաքին քաղաքականությունը, կարծում եմ, ապացուցված է, որ սխալ է »:

Հաջորդ տարվա հանդիպմանը Պուտինին հրավիրելու Թրամփի նախաձեռնության մասով ԴեՊետրիսը, Մատլոկը և Քոենը լիահույս չեն և կարծում են, որ այն արդյունք չի տա: ԴեՊետրիսը շեշտում է, որ G7-ը ավելի շատ ցուցադրական է, քան բովանդակային և Պուտինի հետ հանդիպելու համար Թրամփը կարիք չունի, որ Ռուսաստանը լինի դրա կազմում: Մատլոկը ասել է, որ Պուտինը պետք է մերժի առաջարկը, քանի դեռ մյուսների հետ հավասարը հավասարի պես G7-ի անդամ չի համարվում:

Քոենն անհամբերությամբ է սպասում լրատվամիջոցների վրդովմունքին, եթե այցը կայանա: Ռուսաստանի և Խորհրդային Միության առաջնորդների միջազգային այցերը ժամանակին սովորական էին, բայց այժմ դրանք դարձել են քաղաքական առումով թունավոր: «Կար ժամանակ, երբ ԽՄ կամ Ռուսաստանի ղեկավարի հետ Արևելք-Արևմուտք հաջող գագաթնաժողով ունենալը նախընտրական շրջանում դրական ֆոն էր ստեղծում: Որովհետև նախագահները կարող են ընտրողներին ասել, որ խաղաղություն են պահպանում, նվազեցնում են միջուկային սպառնալիքը, ունեն զենքի վերահսկման նոր պայմանագրեր և հիմա աշխարհն այլևս այլ է», – զգուշացնում է Քոենը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment