Ինչքանո ՞վ են Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ խաղաղության

Ինչքանո ՞վ են Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ խաղաղության

Հոդվածի առանցքում

  • Ամենից առաջ անհրաժեշտ են հայ-ադրբեջանական ինտենսիվ շփումներ, քան եղել են վերջին տարիներին: Քաղաքացիների շփումներն արգելափակող գործողություններին վերջ տալը չափազանց կարևոր է, եթե ներկա նախաձեռնությունները ևս չեն ցանկանում վերածել ձանձրալի դեժավյուի: Եթե Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես ուզում են ժողովուրդներին պատրաստել խաղաղության, առաջին քայլը պետք է լինի նրանց գործողությունների ազատություն տալը:

Ուշադրությանն արժանի

Լարվածության թուլացմանն ուղղված քայլերը և նոր դեմքերը շունչ են տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Բայց իրենց պարտավորությունները կատարելու համար կողմերը պետք է վերափոխեն նաև իրենց քաղաքական ռազմավարությունը:

Հայաստան-Ադրբեջան ձգձգվող խաղաղ գործընթացում շարժ է նկատվում: Հունվարի 16-ին Փարիզում կայացած ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը 4-րդն էր վերջին 9 ամսում:

Հանդիպմանը նախորդել են քայլեր, որոնք վերջին ամիսներին նկատելի թուլացրել են տարիների լարվածությունը: Այդ քայլերից են օպերատիվ կապը շփման գծի երկու կողմերում կանգնած զինուժերի միջև և հրադադարի ռեժիմի խախտումների նվազումը:

Այս ֆոնին հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածեց հայտարարություն` նկատելի դրական տոնով: Նշելով բանակցությունների շուրջ քաղաքական գործընթացների կայունացումը` դրանում ընդգծված է, որ Մամեդյարովն ու Մնացականյանը համաձայնել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հստակ քայլերի անհրաժեշտության շուրջ: Երկար ժամանակ անց սա Մինսկի խմբի առաջին հայտարարությունն էր, որում նկատելի առաջընթաց կա:

Իրականում կան նաև թերահավատության շատ հիմքեր: Մեկ տասնամյակ առաջ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը, Հարավային Օսեթիայում վրաց-ռուսական պատերազմի շոկային ֆոնին հրավիրվեցին Մոսկվա և համաձայնեցին քայլեր ձեռնարկել վստահության ստեղծման շուրջ: 2016-ի մայիսին Ալիևը և Սարգսյանը նորից համաձայնեցին քայլեր ձեռնարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմների և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ կարողություններն ընդլայնման շուրջ: Պայմանավորվածությունները դեռ կատարված չեն:

Բայց այժմ քաղաքական նոր կոնյուկտուրան ենթադրում է, որ կողմերն ունեն մոտիվացիա` գնալու ապաէսկալացիայի ուղղությամբ:

2016-ի ապրիլին լայնամասշտաբ, բայց չորսօրյա էսկալացիան ցույց տվեց Ադրբեջանի ռազմական կարողություններն ու Բաքվի ռազմական հսկայական ծախսերի արդյունքը:

Սա ավելի երկարատև պատերազմի պատրաստակամության թեստ էր, որը երկու կողմերը հանձնեցին դրական արձագանքով: Հայկական ուժերի երկարաժամկետ ինքնավստահությունը ցնցվեց, իսկ ադրբեջանական ուժերը չկարողացան պահպանել ապրիլի 2-ին գրաված դիրքերը 2017թ-ի սկզբին հնչած կրակոցները ևս ինդիկատոր էին, որ հանկարծակի պատերազմի գործոնը հօդս է ցնդում` ադրբեջանցի զինվորները սպանվեցին դեռ հայկական դիրքերից բավական հեռավորության վրա: 2017թ-ի մայիսին էլ Ադրբեջանի բանակում լրտեսական սկանդալը ցույց տվեց ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտությունը և Ադրբեջանի ուժային կառույցներում պատերազմի պատրաստակամությունը:

Ավելին, շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին չորսօրյա պատերազմը երկրի տնտեսական խնդիրներից ուշադրություն շեղելու նպատակով, ապա 2016թ-ից նավթի գնի զգալի բարձրացումը նոր բռնությունը պակաս ակտուալ է դարձնում:

Հայաստանի համար 2018-ի թավշյա հեղափոխությունը վերափոխել է անվտանգության և ժողովրդավարության մասին մտածողությունը: Հայաստանի նոր ղեկավարությունը, որն արդեն լեգիտիմ է դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո, ներքին ռեֆորմների հավակնոտ ծրագիր ունի: Թե ինչքան հաջողակ կարող է լինել այդ ծրագիրը, երբ Հայաստանը ներքաշվանծ է Ադրբեջանի հետ երկարաժամկետ, ասիմետրիկ մրցակցության մեջ, դեռ հարց է: Բայց հատկապես հիմա Ադրբեջանի հետ էսկալացիան կարող է միայն վտանգել Փաշինյանի օրակարգը և կուժեղացնի նրա մրցակիցներին:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր անդրադարձն ունեցավ նաև Ադրբեջանում՝ Ղարաբաղի հետ ասոցացվող ֆիգուրների փոփոխությամբ: Օրինակ, նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը, որը Հայաստանին քննադատում էր խիստ, զգուշավոր և հրապարակային, տեղափոխվեց նախագահի ադմինիստրացիա:

Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքը, որի ձայն ամենաքիչն են լսում, բայց որը հակամարտության կարգավորման գործում պետք է ձայնի իրավունք ունենա, նոր երիտասարդ առաջնորդ ունի: Թուրալ Գյանջալիևն ակտիվ դիվանագիտական գործունեության է անցել՝ Բաքվում հանդիպումներ ունենալով միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

Ներկա իրավիճակում ոչինչ չկա, որ կհուշեր, թե հակամարտության կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր են ձեռնարկվում, էլ չենք խոսում խաղաղության համաձայնագրի մասին: Ավելի շուտ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն վերանայել այն, ինչ գիտնականներն անվանում են մրցակցության հիմնական մակարդակ: Սա կարող է նշանակել շփման գծում հրադադարի խախտումների և լարվածության կտրուկ նվազում, ինչը քաղաքական պայմաններ կստեղծի բանավիճել այն հարցերի շուրջ, որոնք չեն առնչվում անվտանգությանը:

Մինսկի խմբի հունվարի 16-ի հայտարարութունը մասնավորապես ընդգծում է տարածաշրջանի տնտեսական պոտենցիալը ռեալիզացնելու երկկողմ շահավետ նախագծերի կարևորությունը: Դրական դեր կարող է խաղալ, օրինակ, նոր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նման ենթակառուցվածք կառուցելը:

Բայց կարող է ոչ մի շոշափելի փոփոխություն էլ չլինի, առնվազն քանի դեռ կողմերը հակված են ավտորիտար կոնֆլիկտի ռազմավարության: Սա ներառում է վերահսկելու ստրատեգիան, ինչը ձայնից զրկում է կարևոր խմբերի, որոնք առնչվում են հակամարտությանը, ինչպիսին ԼՂ հայերն են և այնտեղից տեղահանված ադրբեջանցիները: Այս ռազմավարությունն ուժգնացել է հատկապես վերջին տարիներին՝ ոչ բռնի այլընտրանքի համար քաղաքական միջավայրն արգելափակելու միջոցով:

Այնուամենայնիվ, ամենից առաջ անհրաժեշտ են հայ-ադրբեջանական ինտենսիվ շփումներ, քան եղել են վերջին տարիներին: Քաղաքացիների շփումներն արգելափակող գործողություններին վերջ տալը չափազանց կարևոր է, եթե ներկա նախաձեռնությունները ևս չեն ցանկանում վերածել ձանձրալի դեժավյուի: Եթե Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես ուզում են ժողովուրդներին պատրաստել խաղաղության, առաջին քայլը պետք է լինի նրանց գործողությունների ազատություն տալը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment