Ինչքա՞ն հեռու կգնա Չինաստանը՝ պաշտպանելով Քաշմիրում Պակիստանի դիրքորոշումը

Ինչքա՞ն հեռու կգնա Չինաստանը՝ պաշտպանելով Քաշմիրում Պակիստանի դիրքորոշումը

Հոդվածի առանցքում

  • Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Քուրեշին այցելեց Պեկին՝ Քաշմիրի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշման դեմ միջազգային դիմադրություն կազմակերպելու Իսլամաբադի ջանքերի շրջանակում:  Պեկինը դեմ է Նյու Դելիի այդ քայլին և հատկապես Լադախ շրջանը Ջամուու և Քաշմիր նահանգից դուրս բերելու և ֆեդերալ կառավարմանը միացնելու որոշմանը: Չինաստանի կառավարության խոսնակը այդ քայլը համարեց «անընդունելի» և ասաց, որ դա կօգնի Պակիստանին Քաշմիրի շրջանում պաշտպանել «իր օրինական իրավունքներն ու շահերը»:

Ուշադրությանն արժանի

 

Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Քուրեշին այցելեց Պեկին՝ Քաշմիրի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշման դեմ միջազգային դիմադրություն կազմակերպելու Իսլամաբադի ջանքերի շրջանակում:

Պեկինը դեմ է Նյու Դելիի այդ քայլին և հատկապես Լադախ շրջանը Ջամուու և Քաշմիր նահանգից դուրս բերելու և ֆեդերալ կառավարմանը միացնելու որոշմանը: Չինաստանի կառավարության խոսնակը այդ քայլը համարեց «անընդունելի» և ասաց, որ դա կօգնի Պակիստանին Քաշմիրի շրջանում պաշտպանել «իր օրինական իրավունքներն ու շահերը»:

Քուրեշին պնդում էր, որ Չինաստանը «լիակատար» աջակցություն է առաջարկել Պակիստանին, եթե Իսլամաբադը հարցը տեղափոխի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Կիրակի օրը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջաիշանկարը ժամանել էր Պեկին նախապես նախատեսված եռօրյա այցով: Երկուշաբթի օրը Չինաստանը պնդում էր, որ Հնդկաստանը պետք է «կառուցողական դեր» խաղա տարածաշրջանային խաղաղության և կայունության համար:

Չինաստանը պատմականորեն աջակցել է Պակիստանին տարածաշրջանային հարցերում, բայց Պեկինի աջակցությունը կարևոր է ինչպես Իսլամաբադի, այնպես էլ Նյու Դելիի համար:

Ինչպես Հնդկաստանը, այնպես էլ Պակիստանը պնդում է, որ վերահսկում է Քաշմիրը, չնայած երկու երկրներն էլ վերահսկում են միայն դրա մասերը: Տարածքային շարունակական վեճ է առաջացել, քանի որ երկու երկրներն էլ անկախացել են 1947-ին:

Այսօր Հնդկաստանը դե ֆակտո վերահսկում է նահանգի շուրջ 45%-ը և բնակչության մեծամասնությանը, Պակիստանը վերահսկում է շուրջ 35%-ը: Բայց մնացած 20% -ը իրականում գտնվում է Չինաստանի վերահսկողության տակ:

Չինաստանը Հնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգում պահանջում է մոտ 90,000 քառակուսի կիլոմետր (35,000 քառակուսի մղոն), որը որոշ չինացիների կողմից ոչ պաշտոնապես անվանվում է Հարավային Տիբեթ: Մյուս կողմից, Հնդկաստանը պահանջում է ինքնիշխանություն Աքսայ Չինի սարահարթում 38,000 քառակուսի կիլոմետրի վրա:

Որպես աշխարհում ամենամեծ բնակչությամբ երկու պետություններ՝ Հնդկաստանը և Չինաստանը ունեն մրցակցային և չկարգավորված տարածքային պահանջներ: Վեճերը ժամանակ առ ժամանակ բռնկվում են, ինչը հանգեցնում էր սահմանային աննշան փոխհրաձգությունների:

«Չինաստանը միշտ դեմ է, որ Հնդկաստանը Չինաստանի տարածքի մի մասը՝ Չինաստան-Հնդկաստան սահմանի արևմտյան հատվածում ներառի իր վարչական իրավասության մեջ», – ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունինգը՝ Քաշմիրի հարցում Հնդկաստանի քայլից հետո:

«Վերջերս Հնդկաստանը շարունակեց խարխլել Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը՝ միակողմանիորեն փոխելով իր ներքին օրենսդրությունը», – ավելացրել է Հուան: «Հնդկաստանի գործողություններն անընդունելի են և որևէ իրավական արդյունք չեն ունենալու»:

Ջամուի և Քաշմիրի հետ երկար սահման ունեցող Չինաստանը նախկինում ներգրավված էր Քաշմիրի լարվածության մեջ: 1962-ին Չինաստանը գրավեց Հնդկաստանի մի մասը, որը սահմանակից է Քաշմիրին և դաշինքի մեջ մտավ Պակիստանի հետ:

Այսօր Չինաստանը և Պակիստանը առևտուր են անում նորակառույց Քարաքորամ մայրուղու միջոցով, որը միացնում է երկրները Քաշմիրի արևմուքով: Որպես Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) բազմամիլիոնանոց ծրագրի մի մաս՝ նախկին խճածածկ այս ճանապարհը ներկայում վերածվում է բազմաշերտ ասֆալտով մայրուղու, որը կարող է օգտագործվել ամբողջ տարվա ընթացքում:

Չինաստանը 57 միլիարդ դոլար (51 միլիարդ եվրո) ներդրում է կատարում պակիստանյան ենթակառուցվածքների և էներգետիկ նախագծերում, ավելին, քան հարավ-ասիական ցանկացած այլ երկրում: Իր հզոր հարևանի հետ տնտեսական դաշինքն օգնեց ամրապնդել Պակիստանի պահանջները Հիմալայներում:

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Լադախի հարցում Նյու Դելիի որոշումը աշխարհաքաղաքական քայլ է: Հնդկաստանի արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող Gateway House միջազգային անվտանգության ուսումնասիրությունների հետազոտող Սիմեր Պատիլը DW-ին ասել է, որ Չինաստանի ազդեցությունը Լադախում ժամանակի ընթացքում աճում էր, ինչը հիմնականում պայմանավորված է այնտեղ տնտեսական խթաններով: Միևնույն ժամանակ, ըստ Պատիլի, տարածաշրջանը տուժել է Հնդկաստանի կառավարության կողմից հետաքրքրության պակասի պատճառով:

«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի որոշումը պայմանավորված է ինչպես վարչական, այնպես էլ աշխարհաքաղաքական գործոններով: Նյու Դելին անհանգստացած էր, որ Լադախը ուշադրության չէր արժանանում, ինչը Չինաստանին թույլ տվեց այնտեղ ամրացնել դիրքերը», – ասում է Պատիլը:

Այս որոշումը Մոդիին հնարավորություն կտա Լադախի շրջանը ղեկավարել կենտրոնական կառավարության հրահանգներով: Բայց հրապարակավ, Հնդկաստանը փորձել է քողարկել այս գործոնը: Վարչապետ Մոդիի կառավարությունն ասել է, որ նոր որոշումն ուղղված է Լադախի զարգացմանը:

«Չինաստանը ակնկալում էր, որ Հնդկաստանը կլուծի տարածքային վեճը երկու երկրների միջև նոր սահմանային մեխանիզմներ կիրառելով, և ոչ միայն Հնդկաստանի ներքին որոշումների շրջանակներում», – ասում է Պատիլը:

Նյու Դելիից արտաքին քաղաքականության փորձագետ Նարայանի Բասուն կարծում է, որ Քաշմիրի ճգնաժամը հսկայական ազդեցություն չի ունենալու Չինաստան-Հնդկաստան հարաբերությունների վրա: «Չինաստանը ներկայում զբաղվում է մի շարք ներքին և գլոբալ հարցերով, ուստի այն չի կարող բացառապես կենտրոնանալ Քաշմիրի վրա», – ասել է Բասուն DW-ին՝ վկայակոչելով Պեկինի խնդիրները Հոնկոնգում և Թայվանում, ինչպես նաև շարունակական առևտրային պատերազմը Միացյալ Նահանգների հետ:

«Երկու կողմերից էլ կլինեն դիվանագիտական քայլեր, բայց խոշոր հետևանքները քիչ հավանական են», – ավելացրել է Բասուն:

Այս իրավիճակը միայն ավելի է բարդացնում իրադրությունը Պակիստանի համար, որը մինչ այժմ չի ստացել այն միջազգային աջակցությունը, որն ակնկալում է:

Քաշմիրի հատուկ կարգավիճակը չեղարկելու մասին Մոդիի որոշումից հետո Վաշինգտոնը ասաց, որ իր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ չի փոխվել: Ռուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցեցին Նյու Դելիի քայլին: Սաուդյան Արաբիան՝ Պակիստանի մեկ այլ դաշնակից, նույնպես չի աջակցել Իսլամաբադին:

«Չինաստանը, չնայած խիստ քննադատում է Հնդկաստանին, ասել է, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման պատասխանատվությունը ընկնում է ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Պակիստանի վրա: Դիվանագիտական լեզվով ասած Պեկինը պատասխանատվությունը դրել է ինչպես Իսլամաբադի, այնպես էլ Նյու Դելիի վրա», – ասում է Բասուն:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջաիշանկարը Պեկինում շեշտել է, որ և՛ Չինաստանը, և՛ Հնդկաստանը պետք է կայունացնող դիրքորոշում ունենան գլոբալ անորոշության պահին:

Վերլուծաբան Բասուն կարծում է, որ Չինաստանի և Հնդկաստանի կապերը քիչ հավանական է, որ խաթարվեն Քաշմիրի հարցում Մոդիի այս քայլից հետո: «Թե՛ Հնդկաստանի վարչապետ Մոդին, թե՛ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ցույց են տվել հասունություն՝ կարգավորելու իրենց հարաբերությունները այնպես, որ վեճերը չեն ստվերում համագործակցությանը:

Բայց վերլուծաբան Պատիլը կարծում է, որ Չինաստանը կարող էր օգտագործել Քաշմիրի հարցը՝ տնտեսական և առևտրային հարցերով Հնդկաստանին ճնշելու համար:

Արտաքին գործերի նախարար Ջաիշանկարի Չինաստան կատարած այցին հաջորդում է Մոդիի հնարավոր այցը Փարիզ՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար, որը նախատեսվում է այս ամսվա վերջին: Հոկտեմբերին սպասվում է Չինաստանի նախագահի այցը Հնդկաստան ՝ Մոդիի հետ ոչ պաշտոնական հանդիպման համար:

Հոդվածի բնպրինակն՝ այստեղ

 

Write a comment