Ինչպես կարող է Ամերիկան վերադարձնել Թուրքիայի բարեկամությունը

Ինչպես կարող է Ամերիկան վերադարձնել Թուրքիայի բարեկամությունը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը տարիներ շարունակ անհանգստացրել է Վաշինգտոնին, բայց այժմ առաջացել է այնպիսի ճեղքվածք, որը վճռական քայլի դեպքում կողմերին կարող է մղել բաժանման: Թրամփի վարչակազմը խառը ազդանշաններ է ուղարկում Սիրիայում իր ընդհանուր քաղաքականության մասին: Նախագահ Թրամփը ցանկանում է դադարեցնել ամերիկյան ռազմական պարտավորությունները «Իսլամական պետության» պարտությունից հետո, քայլ, որը սկզբում ընդունվեց, բայց հետո չեղյալ հայտարարվեց: Մյուսներն ուզում էին, որ ամերիկյան հետքը մնա Իրանի ազդեցության դեմ պայքարելու և ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իսլամական պետության վերականգնումը կանխելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Սիրիայի քաղաքացիական պատերազմը մտնում է ևս մեկ փուլ, քանի որ Բաշար Ասադի ռեժիմը փորձում է հետ ստանալ իր երկրի ամեն մի թիզը, որը ապստամբում էր ավելի քան ութ տարվա քաղաքացիական պատերազմի ընթացքում: Այժմ մարտերը կենտրոնացել են Սիրիայի դիմադրության վերջին հենակետում ՝ Իդլիբում: Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում ապրում են ավելի քան երեք միլիոն խաղաղ բնակիչներ և հազարավոր ապստամբներ՝ չափավոր և ծայրահեղական, որոնք դեմ են Ասադի կառավարությանը:

2018 թվականի սեպտեմբերից շրջանում գործել է Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությամբ ձեռք բերված հրադադարը: Ամիսներ շարունակ համաձայնագիրը աշխատում էր Իդլիբում բռնությունը նվազեցնելու համար, բայց այն ավարտվեց մայիսին, երբ Դամասկոսը, նահանգում իշխանությունը վերականգնելու նպատակով Ռուսաստանի աջակցությամբ վերսկսեց ցամաքային հարձակումները: Մայիսից սկսած մարտերի ժամանակ երկու կողմում հազարավոր մարդիկ սպանվեցին, ավելի քան 450,000 խաղաղ բնակիչ տեղահանվեց՝ առաջացնելով Թուրքիա փախստականների նոր ալիք:

Այն պահից, երբ Թուրքիան մտավ սիրիական ճահիճ, հայտնվեց վտանգավոր իրավիճակում: Հրադադարի ռեժիմի համաձայնագրի շրջանակում հաստատված դիտորդական կետերում թուրքական ուժերը հայտնվել են ռեժիմի կրակոցների թիրախում և Մոսկվան քիչ ուշադրություն է դարձնում նրանց կոչերին: Սիրիայում Թուրքիայի գործողություններին ի պատասխան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներն ավելի են պաշտպանում սիրիական ռեժիմը՝ բազմիցս հաստատելով դրա ինքնիշխանությունը: Արձագանքելով սիրիացի պաշտոնյաներին՝ ռուս դիվանագետները կոչ են անում Թուրքիային ստանալ Դամասկոսի թույլտվությունը նրա տարածքում հետագա ցանկացած գործողության համար, և ռեժիմին վերադարձնել Թուրքիայի հսկողության տակ գտնվող  շրջանները: Այս դիտողությունը վերաբերում է հատկապես այն տարածքներին, որոնք Թուրքիան առգրավել է «Եփրատի վահան» կոչվող հակաքրդական գործողությունների ժամանակ, իսկ դրանք Ռուսաստանը նախկինում ողջունում էր:

Բացի այդ, Մոսկվան մեղադրում է Անկարային, որ նա ավարտին չհասցրեց գործարքը, չկարողացավ զինաթափել կամ հեռացնել ծայրահեղական տարրերին, որոնց ներկայությունը Ասադն օգտագործեց որպես թուրք-ռուսական զինադադարը խախտելու պատրվակ: Առայժմ Թուրքիան կարծես թե ընդունում է իր դիրքի փխրունությունը: Իդլիբի հարցով Մոսկվայում կայացած հանդիպումից շատ չանցած  Էրդողանը հրադադարը անվանեց «անվտանգության գոտի միայն անունով», Ռուսաստանի հետ Թուրքիայի գործընկերության ձախողման ոչ այնքան նրբանկատ խոստովանություն: Դրա մեջ է ԱՄՆ-ի ոսկե հնարավորությունը:

Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը տարիներ շարունակ անհանգստացրել է Վաշինգտոնին, բայց այժմ առաջացել է այնպիսի ճեղքվածք, որը վճռական քայլի դեպքում կողմերին կարող է մղել բաժանման: Թրամփի վարչակազմը խառը ազդանշաններ է ուղարկում Սիրիայում իր ընդհանուր քաղաքականության մասին: Նախագահ Թրամփը ցանկանում է դադարեցնել ամերիկյան ռազմական պարտավորությունները «Իսլամական պետության» պարտությունից հետո, քայլ, որը սկզբում ընդունվեց, բայց հետո չեղյալ հայտարարվեց: Մյուսներն ուզում էին, որ ամերիկյան հետքը մնա Իրանի ազդեցության դեմ պայքարելու և ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իսլամական պետության վերականգնումը կանխելու համար:

Իդլիբում Թուրքիային աջակցելը կարող է դժվար խնդիր լինել Վաշինգտոնի համար, հատկապես անցյալում Սիրիայում ամերիկյան զորքերի վրա հարձակվելու Թուրքիայի սպառնալիքներից և ԱՄՆ-ի օրենսդրությանը հակասող ռուսական S-400 պաշտպանական համակարգերի գնումներից հետո: Չնայած այս թերություններին, ԱՄՆ-ն պետք է գիտակցի, որ Թուրքիայի տարբերակները շատ սահմանափակ են, քանի որ Ռուսաստանը Իդլիբին մղում է ներքին պայթյունի: Թուլացող տնտեսության և սիրիացի միգրանտների հանդեպ սառնության պայմաններում Իդլիբի անկումը և դրան ուղեկցող մարտահրավերները էական սպառնալիք են Թուրքիայի կայունության համար:

Մոսկվան դժգոհություն է հայտնել Սիրիայի հյուսիսարևելքում անվտանգության գոտու ստեղծման համար ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վերջերս ձեռք բերված գործարքի կապակցությամբ, ինչը կարող է խորացնել YPG- ի և թուրք զինվորականների միջև թշնամանքը: Ռուսաստանը դատապարտել է այդ պայմանավորվածությունը որպես Սիրիայի տարածքային ինքնիշխանության խախտում: Պատահական չէ, որ Թուրքիայի հանդեպ Ռուսաստանն իր անտարբերությունը դրսևորեց Իդլիբի վրա գրոհներով, որոնք սկսվեցին այդ գործարքի մասին հայտարարությունից անմիջապես հետո: Թուրքիայի շուրջ գցած պարանը ձգելով՝ Ռուսաստանը կրկնում է այն նույն պահվածքը, որը թուրքերին դրդեց առաջնահերթ համարել ռուսական գործընկերությունը:

ԻՊ-ի դեմ Քրդական YPG- ի հետ ԱՄՆ-ի դաշինքը Անկարան դիտարկում էր որպես թուրքական մտահոգությունների կոպիտ անտեսում՝ նրանց և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) միջև կապի պատճառով: Տեսնելով այս բաժանումը, Ռուսաստանը ուրախությամբ ընդունեց քրդերի վրա Թուրքիայի հարձակումները՝ խորացնելով Ամերիկայի հետ նրա կապերի սառեցումը: Այժմ հակառակ իրավիճակն է: Ռուսաստանն անտեսում է Թուրքիայի շահերը` հրաժարվելով Իդլիբում հրադադարի ռեժիմից, լավ գիտակցելով, թե այդ փլուզումը ինչ է նշանակում Թուրքիայի համար:

ԱՄՆ-ն պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի համոզվի, որ իր գործարքը կարողացել է բաժանել YPG- ն և թուրք զինծառայողներին, միևնույն ժամանակ պետք է թույլ չտա ավելի շատ ուշադրություն մի կողմի նկատմամբ: Այսպիսով, Մոսկվայի հաշվին կարելի է վերականգնել վստահությունն Անկարայում: Նախագահ Էրդողանն արդեն ցուցաբերել է նախագահ Թրամփի հետ աշխատելու բավական մեծ ունակություն: Որոշ դեպքերում այն ակնհայտ հակասում էր ԱՄՆ շահերին, լինի դա երկուսի միջև հեռախոսազանգը, որն ի սկզբանե համոզում էր Թրամփին դուրս գալ Սիրիայից, կամ հանդիպումը վերջին րոպեին, որը կասեցրեց ամերիկյան նոր պատժամիջոցները S-400- ի նկատմամբ: Այնուամենայնիվ, Էրդողանը բարձր է գնահատել Թրամփի որոշումը՝ երկու անգամ հարձակումն Ասադի զինված ուժերի վրա, քիմիական զենք կիրառելու պատճառով:

Երբ Թուրքիան հայտարարեց, որ Էրդողանը նախագահ Պուտինի հետ քննարկելու է Իդլիբում տիրող իրավիճակը, այն նաև նշում էր, որ այդ հարցը քննարկվելու է նախագահ Թրամփի հետ: Թրամփը մեկ անգամ արդեն նախազգուշացրել է Ռուսաստանին և նրա դաշնակիցներին զերծ մնալ Իդլիբի վրա հարձակումներից: Եթե ​​ YPG- ն ու Թուրքիան տարանջատելու գործարքը շարունակվի, ԱՄՆ-ն հնարավորություն կունենա ավելի շատ կենտրոնանալ Իդլիբի վրա, որտեղ, ինչպես Սիրիայում ԱՄՆ դեսպանորդ Ջիմ Ջեֆրին է վկայել, թուրքական և ամերիկյան շահերը ավելի համաձայնեցված են:

ԱՄՆ-ն նույնիսկ կարող է իր աջակցությունը հայտնել Թուրքիային նախկինում Ռուսաստանի հետ համաձայնեցված պարտավորությունների կատարման հարցում: Թուրքիային Իդլիբում աջակցելու և հարձակումից պաշտպանելու ԱՄՆ-ի խոստումը կարող է շատ բան անել` կրճատել ավելի լայն առճակատման հանգեցնող գործողությունները, ինչպես նաև դրդել Ռուսաստանին, որ Ասադին զսպի թուրքական դիրքերի վրա հարձակվելուց: Այն կարող է նաև Թուրքիային տրամադրել դիվանագիտական ​​ նոր լծակներ Պուտինի հետ հետագա հանդիպումներից առաջ, ինչն էլ թույլ կտա վերականգնել նախնական հրադադարը:

Վերջապես, ԱՄՆ-ն կարող է աջակցել Թուրքիային Իդլիբում ծայրահեղականների դեմ պայքարում: Իդլիբում պարտության վտանգներից մեկը կլինի գրոհայինների տեղափոխությունը Թուրքիային մոտ շրջաններ կամ հենց Թուրքիա: Այս զինյալների ներկայությունն արդարացնում է Իդլիբի վրա Ռուսաստանի և Ասադի հարձակումները, Թուրքիայի համար էլ դժվարություն է ստեղծում հրադադարի մասին նախնական համաձայնագիրն իրականացնելու հարցում: Ամերիկացիները շահագրգռված են օգնել Թուրքիային կատարելու Ռուսաստանի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները:

Սիրիան շատ առումներով եղել է Միացյալ Նահանգներին և Թուրքիային բաժանող ուժը: Դա հանգեցրեց թուրք-ռուսական կապերի վերականգնմանը և երկու դաշնակիցներին կանգնեցրեց առճակատման եզրին: Այժմ, երբ պատերազմը ևս մեկ անգամ սրվում է, բարենպաստ պայմաններ է ստեղծում ԱՄՆ-ի և Թուրքիայի նոր գործընկերության համար: Հուսահատության պահին Թուրքիային ցույց տրված օգնությունը կարող է շատ բան անել Սիրիայում նոր ազդեցություն ձեռք բերելու և Թուրքիային Ռուսաստանից հեռացնելու հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment