Լեռնային Ղարաբաղ՝ նոր սպառնալիքներ, լուծման հին ուղիներ

Լեռնային Ղարաբաղ՝ նոր սպառնալիքներ, լուծման հին ուղիներ

Հոդվածի առանցքում

  • 2014-2015 թթ. Ադրբեջանում կտրուկ աճել է ռազմական և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների թիվը՝ մասնավորապես երկրի շրջաններում
  • Ըստ Թոմաս դե Վաալի` Ադրբեջանի էլիտան կոռումպացված կառույց է ստեղծել՝ ուղիղ եկամուտ ստանալով նավթի վաճառքից՝ այդպիսով ավելի խորացնելով հարուստների և աղքատների տարբերությունը
  • Անգամ ներքին գործոններն անտեսելու դեպքում Ադրբեջանը կարող է կրկին դրդապատճառ ունենալ պատերազմի համար, քանի որ այն այժմ կարող է դիտվել որպես անվտանգության միջավայրը բարելավելու հնարավորություն

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի իշխանությունները կարող են փորձել օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկրի ներքին և միջազգային իրավիճակը բարելավելու համար, globalriskinsights.com կայքում գրում է Ելիսեյ Բոգուսլավսկին:

Հեղինակը հիշեցնում է, որ ապրիլի 1-ին խոշոր բախումներ բռնկվեցին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ դառնալով 1994 թվականի հրադադարի վերաբերյալ համաձայնությունից ի վեր ամենասուր միջադեպը:

Այս արյունահեղությունը երկու կարևոր հարցի է հանգեցնում. ի՞նչը դրդեց Բաքվին լայնամասշտաբ հարձակում գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերի վրա և որքանո՞վ է հավանական այն, որ դա պարզապես թեստ էր Ադրբեջանի զինված ուժերի և ղեկավարության համար՝ շրջանի վերջնական վերադարձի համար լայնամասշտաբ ռազմական արշավում ներգրավվելուց առաջ, հարցնում է հեղինակը:

Այս հարցերին պատասխանեու համար պետք է վերլուծվի Բաքվում տիրող իրավիճակը՝ դժվար ռիսկերի տեսանկյունից, որոնց բախվում է նախագահ Իլհամ Ալիևը: Դժբախտաբար, Ադրբեջանի համար 2014 թվականից հետո հայտնված տնտեսական, քաղաքական և ռազմական սպառնալիքների համակցումը Լեռնային Ղարաբաղի դեմ ավելի լայն հակամարտություն սկսելու որոշումը գրավիչ տարբերակ է դարձնում՝ Ալիևի ռեժիմի գոյատևման համար:

Ռադիկալացում

Ալիևի ռեժիմի հիմնական սոցիալ-քաղաքական վտանգները գալիս են նրանից, որ Ադրբեջանի էլիտաները խոշոր եկամուտներ են ստանում նավթից, ինչը կոռուպցիա է առաջացնում և խորը անվստահություն բնակչության կողմից՝ հող ստեղծելով ռադիկալ քաղաքական ընդդիմության համար: Նշվում է, որ իշխանությունները, մտահոգվելով «Արաբական գարնան» և Եվրամայդանի նախադեպերից, ուժեղացրել են ճնշումն իսլամական խմբերի վրա, որոնք քաղաքական փոփոխություն են խրախուսում:

Մտահոգիչ է նաև քաղաքական միջավայրի ռազմականացումը՝ որպես ռադիկալացման պատասխան: 2014-2015 թվականներին կտրուկ աճել է ռազմական և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների թիվը՝ մասնավորապես երկրի շրջաններում: Քաղաքական միջավայրի ռազմականացումը ստեղծում է «խուճապային մտածողություն»: Ռադիկալ բողոքի ալիքի բախվելու դեպքում՝ Ալիևը կարող է լայնամասշտաբ պատերազմը տեսնել որպես աննախադեպ ազգային միավորման հասնելու քայլ:

Անկում ապրող նավթի գները

Քարնեգի հիմնադրամի` Հարավային Կովկասի հակամարտությունների ու քաղաքականության հարցերով վերլուծաբան, քաղաքագետ Թոմաս դե Վաալի համաձայն՝

Ադրբեջանի էլիտան կոռումպացված կառույց է ստեղծել տասնամյակներ շարունակ՝ ուղիղ եկամուտ ստանալով նավթի վաճառքից՝ այդպիսով ավելի ու ավելի խորացնելով հարուստների և աղքատների տարբերությունը:

Այս գործընթացը դադարեց 2014 թվականին՝ նավթի եկամուտների անկման հետ: Նավթի գների անկման հետևանքով դեպի երկիր ներկայիս եկամուտների հոսքը նվազել է 53,4%-ով: Բյուջեում նման կտրուկ կրճատումը կարող է հանգեցնել սոցիալական ծախսերի կրճատումների, նախևառաջ՝ առողջապահության և կրթության ոլորտում, ինչը Բաքուն ավանդաբար օգտագործել է քաղաքական իրավիճակը կայունացնելու համար: Բացի այդ, ադրբեջանական մանաթի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 33%-ով՝ հանգեցնելով 8% գնաճի:

Նավթի բարձր գների ժամանակաշրջանի խոշոր ձեռքբերումը մեծ ռազմական արդյունաբերական համալիրն է: Այնուամենայնիվ, այս համալիրն իրական քաղաքական ուժի վերածելու համար Բաքուն ստիպված կլինի օգտագործել դրա պոտենցիալն իրական մարտի դաշտում, ինչը մեծացնում է լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը:

Անվտանգության երկընտրանք

Անգամ ներքին գործոններն անտեսելու դեպքում Ադրբեջանը կարող է կրկին դրդապատճառ ունենալ պատերազմի համար, քանի որ այն այժմ կարող է դիտվել որպես անվտանգության միջավայրը բարելավելու հնարավորություն:

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հսկայական ջանքեր են ներդնում իրենց ռազմական հնարավորությունները հզորացնելու համար: Սա փակուղի է ստեղծում անվտանգության հարցում:

Այնուամենայնիվ, 2016 թվականին Ռուսաստանը փոխել է ուժերի հավասարակշռությունը՝ ռազմական վարկ տրամադրելով Երևանին, ինչն ավելացրել է 2016 թվականի Հայաստանի ռազմական բյուջեն 50%-ով: Ադրբեջանը կարող է որոշել հարձակվել՝ մինչև Երևանը ռուսական ֆինանսական աջակցությունը փոխակերպի իրական ռազմական ուժի:

Արտաքին կոնտեքստը

Վերջապես, տարածաշրջանային և միջտարածաշրջանային իրադրությունը նույնպես կարող է Ադրբեջանին դրդել գործել հիմա: Ուկրաինական ճգնաժամը նախադեպ է ստեղծել, որտեղ միջազգային համայնքը բարոյական քարտ բլանշ է տվել Կիևին պայքարելու անջատողականության դեմ: Այս նախադեպը կարող է դրդել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պայքարել ռազմական միջոցներով: Այս դեպքում Հայաստանի դիրքորոշումը, որը պահանջում է Ղարաբաղի ճանաչումը Ղրիմի նմանությամբ հանրաքվեի միջոցով, կթուլանա:

Մինչդեռ ապրիլի 6-ի հրադադարը հույս ներշնչող քայլ է, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ծայրահեղ լարված է մնում: Մինչև միջազգային հանրությունը չմեծացնի իր խաղաղարար ջանքերը Ղարաբաղում, Բաքուն հավանաբար կդիտարկի ներկայիս սրացումը որպես իր մարտահրավերները և ռիսկերը լուծելու միջոց և, ի վերջո, լայնամասշտաբ ռազմական հարձակում կգործի:

Բնօրինակն` այստեղ:

Թարգմանությունը` Tert.am-ի:

Write a comment