Ադրբեջանում մեղմացնում են կանոնները, որ հետո ավելի խստացնեն
Հոդվածի առանցքում
- Առաջին իսկ հնարավորության դեպքում ռեժիմը վերադարձավ հին վարքին: Միջազային կազմակերպություններն Ադրբեջանի իշխանություններին ուղղված պահանջների հարցում պետք է լինեն սկզբունքային: Շարունակեն ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները, և աչք չփակեն, երբ Ադրբեջանում քաղհասարակությունը, մեդիան և քաղկազմակերպությունները ոչնչացվում են։
Ուշադրությանն արժանի
Վերջին շրջանում այլախոհների նկատմամբ Բաքվի մեղմացած մոտեցումը ժամանակավոր և կոսմետիկ էր, ասում են ադրբեջանցի ակտիվիստները:
Հունվարին՝ մի կարճ ժամանակաշրջան, իշխանությունները մեղմել էին իրենց վերաբերմունքը ցույցերի մասով: Նրանք եզակի քայլի էին գնացել՝ արտոնելով հունվարի 19-ի հավաքը, որի մասնակիցներն աջակցություն էին հայտնում բանտարկված բլոգեր Մեհման Հուսեյնովին և մյուս քաղբանտարկյալներին:
Ապա երկու օր անց Հուսեյնովին առաջադրված նոր մեղադրանքները, որոնց արդյունքում նրա ազատազրկման ժամկետը, հնարավոր է, երկարեր, կարճվեցին: Նա ազատ կարձակվի մարտի սկզբին:
Այնուամենայնիվ, հավաքից հետո հարյուրավոր մասնակիցների զանգել և հրավիրել են ոստիկանություն: Լրագրող Ռամին Դեկոյին ևս: Ասում է, որ հեռախոսային ընկերություններն իշխանություններին են փոխանցել հավաքի վայրում եղած մարդկանց հեռխոսային տվյալները:
«Ինձ զանգեցին այն հեռախոսահամարից, որի մասին շատ քիչ մարդ գիտի: Եվ հենց հավաքի օրն այդ հեռախոսահամարով կապի մեջ եմ եղել խմբագրիս հետ», – ասում է նա:
Մեկ այլ լրագրող՝ Այթան Բարհադովան, IWPR-ին ասել է, որ իր հորեղբայրը, որը չէր մասնակցել ցույցին, նույնպես զանգ է ստացել և նրան հարցրել են ցույցի մասին:
«Հարցն այն է, որ իմ հեռախոսահամարը գրանցված է հորեղբորս անունով և ես մասնակցել եմ հավաքին: Նոր հեռախոսահամր եմ գնել և գրանցել իմ անունով: Նախկինն էլ չեմ օգտագործում, որ իմ պատճառով ոչ ոք հորեղբորս չվնասի», – ասում է նա:
Քաղհասարակության ներկայացուցիչ և ակտիվիստ Սունբար Հայդարովան ֆեյսբուքում գրել է, թե ինչպես են ոստիկանությունից զանգել իր մորն ու հարցեր տվել ցույցի մասին. «Վերջին անգամ նրանց հետ ես խոսեցի և ասացի, որ ցույցն արտոնված էր և ոչ մի սխալ բան չկա, որ մենք մասնակցել ենք դրան: Եթե հատուկ հարցեր ունեն, կարող են մեզ ոստիկանության բաժանմունք տանել»:
Քաղբանտարկյալներին աջակցություն հայտնելու նպատակով մեկ այլ հավաք էլ նախատեսված էր հունվարի 26-ին, բայց իշխանությունները չարտոնեցին այն:
Մարդու իրավունքների ակտիվիստ Սամիր Կազիմլին ասում է, որ վաղաժամկետ էր մտածելը, որ իշխանությունները մեղմել են սահմանափակումները:
«Դա ճնշումը մեղմելու որոշում չէր, միայն մեկ փոքր քայլ հետ էր: Եվ դա արվեց միջազգային համայնքի ճնշումների պատճառով: Մենք չպիտի մոռանանք, որ 2018-ին քաղբանտարկյալների դեմ չորս նոր խարդախ քրգործ է բացվել, երբ նրանց քիչ ժամանակ էր մնացել բանտից դուրս գալու համար: Եվ միայն մեկ՝ Մեհմանի դեպքում, նոր քրգործը կարճվեց: Մյուսների դեմ նոր մեղադրանքներ են առաջադրված և նրանք դեռ բանտում են: Ի՞նչ մեղմ քաղաքականության մասին է խոսքը», – ասում է նա:
Միաժամանակ ակտիվիստներին շարունակում են ձերբակալել:
Ժողճակատ կուսակցությունից Թուրան Իբրահիմը IWPR-ին ասաց, որ հունվարին տարբեր կազմակերպություններ ներկայացնող 46 ակտիվիստներ ձերբակալվել են և դատապարտվել 15-20 ազատազրկման: Ավելի քան 20 ակտիվիստ տույժ է վճարել:
Ձերբակալվածների նկատմամաբ դաժան վերաբերմունքը ևս շարունակվում է:
Գիյաս Իբրահիմովը և իր ընկեր Բայրամ Մամադովը ձերբակալվել են 2016-ի մայիսին, երբ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրել էին «Շնորհավոր ստրուկների օրը»: Նրանք դատապարտվել են տասը տարի ազատազրկման թմրանյութերի թրաֆիքինգի հոդվածով:
Իբրահիմովի մայրը՝ Շուրա Ամիրասլանովան IWPR-ին ասաց, որ որդուն նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել և մի քանի այլ քաղբանտարկյալներ էլ հացադուլ են սկսել՝ ի աջակցություն Հուսեյնովի:
Կինը պատմում է, որ որդու անկողինը, անձնական իրեր, գրպանները խուզարկում են, և ուրիշ բատարկյալների հրահանգում են հրահրել նրան, որ բանտապահները կարողանան ծեծել:
«Գիյասի հետ հեռախոսով խոսել եմ փետրվարի վեցին: Ասաց, որ բանտի ոչ մի ներքին կանոն չի խախտել և խնդիրեր չի ստեղծել: Ասաց, որ եթե իր ներքնակի տակ զենք, թմրանյութ կամ մի ուրիշ բան հայտնաբերվի, դա բանտի իշխանությունների ձեռքի գործն է», – ասում է նրա մայրը:
Լեյլա Մուսատաֆաևան բանտարկված լրագրող Աֆղան Մուխթարլիի կինն է և նույնպես պնդում է, որ ամուսնուն ծաղրանքների ենք ենթարկում:
2017-ի մայիսին Մուխթարլին առևանգվել է Թբիլիսիում, նրան տարել են Ադրբեջան և դատապարտել վեց տարվա ազատարկման՝ սահմանն անօրինական հատելու և մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով:
«Վերջին անգամ անցած շաբաթ ենք խոսել, հեռախոսով, ասաց, որ իրեն անհավանական հոգեբանական ճնշումների են ենթարկում: Ծննդյան օրը երկու հարյուր շնորհավորանք-նամակ է ուղարկվել նրան, բայց բանտի իշխանությունները ոչ մեկը նրան չեն տվել: Ընկերները նրան գրքեր են ուղարկում, բայց դրանք էլ նրան չեն տալիս: Մի անգամ էլ հեգնել են, թե թագդ կկորցնե՞ս, եթե չկարդաս:
Երբեմն նրան արգելում են զանգել: Գիտեն, որ տաքարյուն է, հրահրում են ու պատժում: Ասաց, որ հազիվ է զսպում իրեն», – պատմում է կինը:
Օգթայ Գուլաիևաը Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի համակարգողն է և ինքն էլ նախկին բանտարկյալ, ասում է, որ կտտանքները տարբեր կերպ են դրսևորվում:
Նա բերեց Մուսուլմանական միություն շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեի և երկու հետևորդների՝ Աբբաս Հուսեյնի և Ջաբբար Ջաբբարովի օրինակները, որոնց կտտանքների են ենթարկել Գաբուստանի բանտում:
«Թալեհ Բագիրզադե, որը հակառակ մի քանի ձերբակալություններին, շարունակում էր ըմբոստանալ, բանտում ինքն իրեն վնասել է՝ բողոքելով կտտանքների դեմ: Աբբաս Հուսեյնին էլ այնքան էին ծեծել, որ նրա հագուստից ոչինչ չէր մնացել»,- ասում է Գուլաիևը:
Այս երեք ակտիվիստները ձերբակալվել են 2015-ի նոյեմբերին Նարդարանի դեպքերի ժամանակ և դատապարտվել են քսան տարվա ազատազրկման մի քանի մեղադրանքներով, ներառյալ՝ ահաբեկչություն:
Մեղադրյալները հերքում են մեղադրանքները և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նրանց հայտարարել են քաղբանտարկյալ:
Կազիմլին ասում է, որ հունվարին կառավարության որոշումները հաշվարկված էին և տակտիկական՝ միջազգային համայնքի ճնշման ազդեցությամբ: Սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում ռեժիմը վերադարձավ հին վարքին:
«Միջազային կազմակերպություններն Ադրբեջանի իշխանություններին ուղղված պահանջների հարցում պետք է լինեն սկզբունքային: Շարունակեն ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները, և աչք չփակեն, երբ Ադրբեջանում քաղհասարակությունը, մեդիան և քաղկազմակերպությունները ոչնչացվում են»,- ասում է նա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ