Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունն ու Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ապագան

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունն ու Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ապագան

Հոդվածի առանցքում

  • «1915 և 1916 թվականներին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» վերնագրված բանաձևն այս վիճելի բառն է պարունակում նաև ամբողջ տեքստում
  • Այս հարցը զգայուն հարց է Գերմանիայում, քանի որ այն հատուկ կապեր ունի Անկարայի հետ՝ հաշվի առնելով նաև 3 մլն էթնիկ թուրք բնակչությանը
  • Կուսակցական առաջնորդներն ուշադրություն չեն դարձրել Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացմանը

Ուշադրությանն արժանի

Գերմանիայի խորհրդարանը հինգշաբթի կքվեարկի բանաձևի շուրջ, որն Օսմանյան կայսրության տարածքում հայերի կոտորածները որակում է «ցեղասպանություն»՝ չնայած Թուրքիայի կողմից խիստ նախազգուշացումներին, գրում է France-Presse գործակալությունը:

Իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Կանաչների կողմից մշակված «1915 և 1916 թվականներին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» վերնագրված բանաձևն այս վիճելի բառն է պարունակում նաև ամբողջ տեքստում։

Քվեարկությունը տեղի է ունենում ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը դարձավ Գերմանիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով կոտորածներն անվանեց «ցեղասպանություն»՝ առաջացնելով Թուրքիայի զայրույթը:

Քվեարկությունը նաև շատ անհարմար ժամանակ է տեղի ունենում, երբ Գերմանիան և ընդհանուր առմամբ Եվրամիությունն ունեն Անկարայի կարիքը՝ ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու հարցում՝ չնայած մի շարք հարցերի, այդ թվում՝ մարդու իրավունքների հետ կապված հարցի պատճառով երկու կողմերից աճող լարվածություններին:

Նախազգուշացնելով քվեարկության վերաբերյալ՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշն ասել է. «Գերմանիան պետք է զգույշ լինի՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ իր հարաբերությունները»:

«Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանն օրինագիծը ներկայացրած 2-3 քաղաքական գործչի պատճառով կփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ»,-ասել է նա։

Լրատվամիջոցը նշում է, որ բանաձևը հայերի դեմ վայրագությունները հստակ է բնորոշում. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և իսկապես ցեղասպանությունների օրինակ է, որն այդպիսի սարսափելի կերպով բնորոշեց 20-րդ դարը»: Այն նաև նշում է, որ «Գերմանական կայսրությունը մասնակի պատասխանատվություն է կրում այդ դեպքերի համար»:

Այս հարցը զգայուն հարց է Գերմանիայում, քանի որ այն հատուկ կապեր ունի Անկարայի հետ՝ հաշվի առնելով նաև 3 մլն էթնիկ թուրք բնակչությանը։

Շաբաթ օրը մոտ 1000 հոգի մասնակցել է թուրքական խմբերի կազմակերպած ցույցին:

Թուրքական կազմակերպությունները նաև նամակներ են ուղարկել օրենսդիրներին՝ նրանց կոչ անելով արշավ իրականացնել քվեարկության դեմ՝ նախազգուշացնելով «ինչպես այստեղ, այնպես էլ Թուրքիայում գերմանացիների և թուրքերի միջև խաղաղ  գոյակցության համար» հետևանքների մասին:

Գերմանիայում քրդերը հակընդդեմ արշավ են սկսել՝ Բունդեսթագի օրենսդիրներին հեղեղելով էլեկտրոնային նամակներով, որտեղ կոչ են անում դիմադրել թուրքական ճնշմանը:

Նշվում է, որ քվեարկությունը վճռական դեր ունի նաև կուսակցության ներսում:

Կառավարության ինտեգրման հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Այդան Օեզոգուզը նախազգուշացրել է, որ դա «սխալ ճանապարհ է», և քվեարկությունը, հակառակը, Թուրքիայում փոփոխությունների նպատակն «է՛լ ավելի կհեռվացնի»:

Այնուամենայնիվ, կուսակցական առաջնորդներն ուշադրություն չեն դարձրել Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացմանը։

Նպատակը «Թուրքիային դատապարտյալի աթոռին նստեցնելը չէ», ասել է խորհրդարանում քրիստոնյա դեմոկրատների խմբակցության նախագահի տեղակալ Ֆրանց Յոզեֆ Յունգը:

«Մենք չենք խնդրում Թուրքիայի կառավարությանն ընդունել ցեղասպանությունում իր մեղքը, այլ կոչ ենք անում ընդունել իր պատմական պատասխանատվությունը»,- ասել է նա։

Աղբյուրը` այստեղ:

Write a comment