Վրաստանի միջնադարյան թագավորը և Թբիլիսիում այսօր ապրող մուսուլմանները
Հոդվածի առանցքում
- Այսօր Դավիթ Շինարարի պողոտան խորհրդանշական և լարվածության կենտրոնն է՝ Վրաստանի քրիստոնյաների և մահմեդական ներգաղթյալների միջև, որոնց թիվը շարունակում է աճել: Տարածքի որոշ բնակիչներ ողջունում են արևելյան ռեստորանների, խանութների, հյուրանոցների բերած բիզնեսի և մշակութային բազմազանությունը: Մյուսները դժգոհում են, որ հարևանությամբ շատանում են օտարերկրացիները, որոնց նախնիները, ինչպես գրված է դասագրքերում, դարերով արյունաքամ են արել Վրաստանը:
Ուշադրությանն արժանի
Թբիլիսիում մի փոքր ու աշխույժ հարդարման սրահ կա՝ տղամարդկանց համար: Այնտեղ իրաքցի տղամարդիկ նստում են մեկ շարքով շարված աթոռներին՝ երկրաչափական կատարյալ ձևերով հարդարելու իրենց մորուքներն ու հոնքերը: Նրանց այտոսկրերը, ականջների ներքևի հատվածը և նույնիսկ ճակատները սափրվում են հայտնի ու անհայտ ձևերով: Վարսահարդարները, որոնց մեծ մասը ևս Իրաքից է, իրենց հաճախորդների մազերը ևս փարթամ և խնամված են դարձնում:
Այս սրահը Դավիթ Շինարարի անվան պողոտայի նկուղներից մեկում է, Թբիլիսիի արվարձանում, որը դարձել է քաղաքի Միջին Արևելյան անկյունը: Այստեղ դուք կարող եք հասկանալ, թե ինչքան կարևոր է իրաքցի տղամարդու համար լավ տեսք ունենալը, ինչպես նաև ինչպիսի փոխհարաբերություններ ունեն նրանք վրացիների հետ:
Սեփականատերը միջին տարիքի մոսուլցի է, դեմքին ավոկադոյից պատրաստված կանաչ դիմակով: Նրա մատները տաք ջրի մեջ են: Ամբողջ համբերությամբ նա սպասում է մատնահարդարման պրոցեդուրայի սկսվելուն և, որ իր վրացի հաշվապահը դադարի խոսել:
Հաշվապահը նյարդային, նիհար կին է, խոսում է դարերի ընթացքում արաբական զավթիչների Վրաստանին հասցրած վնասի համար: Նա անհանգիստ է, որ ոչ ոք չի լսում պատմության իր դասը: Վարսահարդարները միայն թեթևակի ժպտում են, երբ նա ձայնը փոքր-ինչ բարձրացնում է: «Նա այս պատմություններն ամեն օր է պատմում: Բայց իրականում նա շատ լավն է: Ամեն օր մեզ համար տորթեր և կարկանդակներ է բերում: Ինձ օգնել է նաև վիզայի փաստաթղթերի հարցում», – ասաց նրանցից մեկը:
Հաշվապահը պատմում էր, թե ինչպես է Դավիթ Շինարար թագավորը 900 տարի առաջ ազատագրել Թբիլիսին արաբների տիրապետությունից և Վրաստանի ոսկե դարաշրջանն առաջնորդել:
Միջնադարի վրաց թագավորը ոգեշնչում է մեր օրերի խաչակիրներին: Վերջերս նրա անունը հայտնվել էր ավստրալացու հրազենի վրա, որը Նոր Զելանդիայում մարտի 15-ին 50 մարդու սպանեց:
Վրաստանում ևս Դավիթ Շինարարը ոգեշնչում է իսլամաֆոբներին: Երկու տարի առաջ վրացի աջերը քայլեցին նրա անունը կրող պողոտայով, իրենց հետ վերցրել էին թագավորի նկարը և բողոքոմ են պողոտայում Միջին Արևելքից եկածների ներկայության դեմ:
Փոքր ինչ տխուր է և հեգնական այն փաստը, որ մուսուլմաններին թիրախավորած մարդասպանին ոգեշնչել է թագավորը, որը պարբերաբար հաճախում էր մզկիթներ, մասնակցում աղոթքների: Եվ վրացի ծայրահեղ ազգայնականները կուռք են դարձնում մի թագավորի, որն ընդունում էր մուլտիկուլտուրալիզմը: Նրանք հակված են ուշադրությունը կենտրոնացնել մուսուլմանների դեմ քրիստոնյա թագավորի ռազմական հաջողությունների վրա, սակայն պատմությունը Դավիթ Շինարարաին ներկայացնում է որպես իր մուսուլման ենթակաների մեծ պաշտպան: Նա առաջարկեց հարկերը նվազեցնել Թբիլիսիի մահմեդական բնակչության համար, արգելեց քրիստոնյաներին խոզ մորթել մահմեդականներով բնակեցված վայրերում, ինչպես նաև միջնորդ էր միջէթնիկ վեճերում:
Այսօր Դավիթ Շինարարի պողոտան խորհրդանշական և լարվածության կենտրոնն է՝ Վրաստանի քրիստոնյաների և մահմեդական ներգաղթյալների միջև, որոնց թիվը շարունակում է աճել: Տարածքի որոշ բնակիչներ ողջունում են արևելյան ռեստորանների, խանութների, հյուրանոցների բերած բիզնեսի և մշակութային բազմազանությունը: Մյուսները դժգոհում են, որ հարևանությամբ շատանում են օտարերկրացիները, որոնց նախնիները, ինչպես գրված է դասագրքերում, դարերով արյունաքամ են արել Վրաստանը:
Վրաստանում նման տրամադրությունները նկատվում են ամբողջ աշխարհում հականերգաղթային և հակամահմեդական տրամադրությունների աճի ֆոնին և թերևս ուժեղացնում է փոքր ժողովրդի գոյատևման վախը: Բարեբախտաբար, բռնության միջադեպեր չեն եղել: Բայց Վրաստանն ուժեղացրել է իր սահմանների հսկողությունը երկիր ժամանող մահմեդականների հարցում: Սովորական են դարձել վիզաների, բնակության իրավունքի մերժումները:
Ամեն ինչ այլ կլիներ, եթե պատմական փաստերի հավասարակշռությունը չխախտվեր: Եթե մարդիկ Դավիթ Շինարարի պատմությունն ամբողջությամբ պատմեին, ստիպված կլինեին ընդունել, որ իրենց նախնիները դարեր առաջ միայն չեն պատերազմել, այլև խաղաղությամբ ապրել են նույն քաղաքում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ