Վրաստանի վերջին օրերի սրբերը
Հոդվածի առանցքում
- Վրաստանում, որն ըստ հարցումների, առավել աստվածավախ երկիրն է Եվրոպայում, Նարիմանը վերջին ժողովրդական սուրբ մարդն է, որը գրավել է հավատացյալների սիրտը: Նրա հետևորդները պնդում են, որ Նարիմանն ամեն օր հրաշքներ է գործում, հպումով բուժում է թոքաբորբ ու գլաուկոմա: Վրաստանի ազդեցիկ եկեղեցական իշխանությունները համաձայն չեն. 2016-ին վրաց ուղղափառ եկեղեցին հայտարարեց, որ նա հեռացվել է եկեղեցուց, «անբացատրելի առողջական խնդիրների» անորոշ պատճառաբանությամբ: Սակայն նույնիսկ պաշտոնապես կարգալուծվելուց հետո էլ, Նարիմանը շարունակում է կրել իր քահանայական հագուստները և պահպանում է իր հետևորդներին: Քաղաքային ճգնավորը երդվել է չխոսել և մեկուսացել է կենտրոնում գտնվող բնակարանում, ապրելով հետևորդների նվիրատվություններով:
Ուշադրությանն արժանի
Սրբապատկերներ ու մոմեր պահելով, աղոթքներ շշնջալով և խաչի նշանն անելով, նրանք գիշեր-ցերեկ նայում էին շենքին:
Անցորդները փորձում էին կռահել, թե ինչ առանձնահատուկ բան կա այդ շենքում, որը ոչնչով չի տարբերվում խորհրդային շրջանում կառուցված մյուս մոխրագույն բնակելի շենքերից: Երբ անցած դեկտեմբեր լրագրողը համարձակություն ունեցավ հարցնել, թե ինչ է կատարվում ներսում, խմբի կանանցից մեկը, որը մյուսների նման ուղղափառ քրիստոնյա միանձնուհիներին բնորոշ գլխաշոր էր կրում, երանելի վստահությամբ պատասխանեց. «Այնտեղ Աստված է ապրում»:
Իր երկրային կերպարով Թբիլիսիի Բարնովի փողոցի շենքի բնակիչ Նիկոլոզ Մակարաշվիլին ինքնակոչ հոգևորական է և իր երկրպագուներին հայտնի է որպես վանական Նարիման:
Վրաստանում, որն ըստ հարցումների, առավել աստվածավախ երկիրն է Եվրոպայում, Նարիմանը վերջին ժողովրդական սուրբ մարդն է, որը գրավել է հավատացյալների սիրտը: Նրա հետևորդները պնդում են, որ Նարիմանն ամեն օր հրաշքներ է գործում, հպումով բուժում է թոքաբորբ ու գլաուկոմա:
Վրաստանի ազդեցիկ եկեղեցական իշխանությունները համաձայն չեն. 2016-ին վրաց ուղղափառ եկեղեցին հայտարարեց, որ նա հեռացվել է եկեղեցուց, «անբացատրելի առողջական խնդիրների» անորոշ պատճառաբանությամբ: Սակայն նույնիսկ պաշտոնապես կարգալուծվելուց հետո էլ, Նարիմանը շարունակում է կրել իր քահանայական հագուստները և պահպանում է իր հետևորդներին: Քաղաքային ճգնավորը երդվել է չխոսել և մեկուսացել է կենտրոնում գտնվող բնակարանում, ապրելով հետևորդների նվիրատվություններով:
Լռության երդումը նշանակում է, որ նա հարցազրույցներ չի տալիս, բայց նրա նվիրյալները ձգտում են վկայություններ անել նրա անունից: Նրանցից մեկը, սև գլխաշորով միջին տարիքի կինը, վերցրեց լրագրողի ձեռքը, որ կիսի իր անձնական փորձը: «Որդիս, անցյալ տարի ամբողջ ձմեռն այստեղ անցկացրեցի՝ աղոթելով», – ասաց նա, ձայնը իջեցնելով: «Ես աղոթում էի ու աղոթում, և վերջապես, նա նայեց պատուհանից ու հաջորդ օրը» , նրա ձայնը խզվեց, «գարուն եկավ» :
Հավատացյալներից մեկ ուրիշը Eurasianet –ին ասաց. « Վրաստանի բախտը բերել է, որովհետև Աստված մեզ է ընտրել»: Նարիմանն իր ծխի անդամների հետ շփվում է նրանց գրություններ հանձնելով, որոնք էլ հետո փորձում են բացատրել հաղորդագրությունների գաղտնի իմաստը: Հետևորդներից մեկը տեղական հեռուստաընկերությանը կարդացել է Նարիմանի ուղարկած գրությունը.«Ես կտրեցի իմ մազերը և մորուքը, որովհետև խնդիրներ ունեմ ուղեղիս հետ»: Հետևորդը շարունակում է, նշելով, որ դա ընթացիկ գործերի մեկնաբանությունն է: «Այնտեղ հիշատակվող հիվանդությունն այն քաղաքական կուսակցություններն են, որոնք արգելափակում են Վրաստանի արևը», – ասաց նա:
Քանի որ Նարիմանի հետևորդների թիվն ավելանում էր, Բարնովի փողոցի սրբի մասին պատմությունը ավելի շատ գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը: Լրագրողները գնում էին հարցազրույցներ վերցնելու Նարիմանի հարևաններից ու հետևորդներից: Շենքի բնակիչները, սակայն, ոգևորված չէին աստվածային վարձակալի հարևանությունից, ասելով, որ նա աղբը պատուհանից է դուրս նետում, հետևորդների մշտական ներկայությունն էլ հոգնեցնում է:
Քրիստոնեական տոների ժամանակ մեծ բազմություն էր հավաքվում, աղոթում էին, եկեղեցական երգեր երգում: Նվիրյալները հիմնականում երկրպագում էին շենքից դուրս, բայց հաճախ հավաքվում էին աստիճանների մոտ և սպասում, թե երբ է Նարիմանն աշխարհին փոխանցելու հերթական ուղերձը:
Տանտերն ասում էր, որ Նարիմանը խուսափում էր վարձը վճարելուց, բայց նրա ծխականները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս և թույլ չէին տալիս նրան հեռացնել բնակարանից: Ոստիկանությունը բազմիցս է միջամտել Բարնովի փողոցի կրքերը հանդարտացնելու համար: Վերջապես, այս ձմեռ վանականը տեղափոխվեց: Նա իր հետևորդների հետ այժմ հիմնվել է քաղաքի ծայրամասում գտնվող մեկ այլ շենքում:
Նարիմանն առաջին կարգալույծ քահանան չէ, որ անհանգստացնում է վրացական իշխանություններին: 1990-ական թվականներին և 2000-ականների սկզբին Հայր Բազիլ Մկալավիշվիլին խաչակրաց արշավանք սկսեց ուղղափառ Վրաստանը արևմտյան քրիստոնեական աշխարհի հերետիկոսությունից պաշտպանելու համար: Նա կարգալուծվեց 1996 թ.-ին, սակայն մնաց անդրդվելի: Իր նվիրյալների հետ, զինված սրբապատկերներով ու փայտե խաչերով, նա ավելի հեռու գնաց: Սկսեցին հետապնդել ու ծեծել Եհովայի վկաներին, բապտիստներին և այլ դավանանքների հետևորդներին: Բազիլը 2004 թվականին ձերբակալվեց ոստիկանների ստուգայցի ժամանակ, կողմերն իրենց բռնություններով համապատասխանում էին կամ նույնիսկ գերազանցում միմյանց:
Պաշտոնական վրացական եկեղեցին իրեն հեռու է պահում Նարիմանի ու Բազիլի նմաններից, բայց մի քանի ճանաչված հոգևորականներ էլ են ունեցել մոլեռանդ հետևորդներ: Նրանց մեջ ամենահայտնին Գաբրիել վանականն է, ևս մեկ ճգնավոր, որ հրաշքներ գործելու համբավ ունի:
Վրաստանի վերջին շրջանի սրբերը և նրանց նվիրվածության բացառիկ ձևերը ի հայտ եկան Խորհրդային Միության փլուզումից և պետության կիրառած աթեիզմից հետո: Վրաստանի կրոնական վերածննդի առանձնահատկություններից մեկն այն է, որ վրացիներն այն համարում են բացառիկ սուրբ վայր:
Անկախության առաջին տարիներին էկզոտիկ համոզմունքները սկսեցին շրջանառվել. Ըստ 10-րդ դարի վրացական ներբողի ժամանակակից մեկնաբանությունների, դատաստանի օրը կիրականացվի վրացերենով, ազգը գտնվում է Մարիամի անձնական հովանու ներքո, Վրաստանը կանցնի դժվարությունների միջով և ի վերջո կփայլի Աստծո շնորհով: Այս համոզմունքները տարածվում էին երգերի, արվեստի ստեղծագործությունների և ճաշի սեղանի շուրջ կենացների միջոցով:
«Կրոնական ազգայնականությունը ուժեղացել է, աճել է համոզվածությունը, որ Վրաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Աստծո նախագծում», – ասել է աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին Eurasianet- ում:
Կրոնական նոր ջերմեռանդությունը սկսել է ստանալ արտառոց ձևեր, հավատացյալներն իրենց շուրջը հրաշքներ են տեսնում: Տարեց տղամարդիկ և կանայք օժվում են առեղծվածային ուժերով, որոնց վկաները կարող են լինել միայն իրենց հետևորդները: Խաչաձև պատկերներ են հայտնվում փայտի մոխիրի, պատի վրայի խոնավ սվաղի վրա, որոնք էլ ընկալվում են որպես հայտնություն և խմբային աղոթքի ու եկեղեցու կառուցման առիթ են դառնում:
Այսօր սոցիոլոգները գտնում են, որ վրացական կրոնապաշտությունը միաժամանակ մակերեսային է և ջերմեռանդ: «Հավատքը մեր հետազոտությունների մեջ մշտական է», – «Eurasianet» – ին ասաց Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնից Կոբա Թուրմանիձեն: «Ամեն տարի հարցվողների 90% -ը մեզ ասում է, որ հավատում են Աստծուն և կրոնը կարևոր դեր է խաղում իրենց կյանքում»:
Սակայն վրացական կրոնապաշտությունը չի համապատասխանում ստանդարտ սոցիոլոգիական տրամաբանությանը: Այլ տեղերում հարցումները սովորաբար ցույց են տալիս, որ կրոնական մարդիկ ունեն արժեքային համակարգ, որը բխում է իրենց հավատքի դրսևորումներից, և սովորաբար արտացոլվում է կյանքի որոշումներում», – ասում է Թուրմանիձեն: «Դուք կարող եք նաև տեսնել կրոնական նվիրվածության մակարդակը կապված տարբեր տարիքային խմբերի, քաղաքային և գյուղական, կրթված ու չկրթված , բնակչության հետ: Վրաստանում դուք կտեսնեք ամեն ինչի խառնուրդ, ինչն էլ դժվարացնում է կայուն եզրակացություն անել»:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ, չնայած տարածված հավատքին, քիչ վրացիներ են պարբերաբար այցելում եկեղեցի կամ խստորեն հետևում նրա ուսմունքին: Փոխարենը, հավատացյալները հակված են Աստծուն մոտենալ հատուկ ծիսակատարությունների միջոցով: Յուրաքանչյուր եկեղեցու մոտ վարորդները թողնում են ղեկը և խաչակնքվում: Փոքրիկ սրբապատկերներով զարդարում են տները, գրասենյակները, տրանսպորտային միջոցները: Անհամար թվով ավտոմեքենաների, խանութների և բնակարանների վրա փակցնում են խաչաձև կպչուն պիտակներ, ցույց տալու, որ դրանք օրհնված են քահանայի կողմից:
Վրաստանի կրոնական նոր շրջանը, իր հարմարեցված ծեսերով ու թաղային սրբերով, «Որակով ալիք» հեռուստակայանի միջոցով հայտնվեց լրատվական դաշտում: Դրա մեկնաբանները հաճախ են դեպքեր պատմում որևէ սրբի կյանքից:
Գլխավոր հաղորդավար Գիորգի Ասատիանին բացատրեց, թե ինչպես է հասկացել, որ ինտերնետը սատանայի ստեղծածն է: «Անգլերեն այբուբենի« w »-տառը 23-րդն է», – ասել է նա հաղորդումներից մեկի ժամանակ: «Եթե երկուսը բազմապատկեք երեքով, կստանաք վեց: Այնպես որ www- ը, փաստորեն, 666-ն է, գազանի նշանը», – ասել է նա:
Վրացի չափավոր հավատացյալները ծիծաղում են նման քարոզիչների և Բարնովի փողոցի սրբի վրա: Հավատացյալ, աստվածաբան Մինդիաշվիլին կարծում է, որ Վրաստանի խնդիրն այն է, որ ազգը չի վերցնում քրիստոնեական գաղափարները, օրինակ՝ ուրիշներին օգնելը, ներողամտությունը, փոխարենը զբաղված է ծեսերով, սնահավատությամբ, կռապաշտությամբ: Մինդիաշվիլին մեջբերում է Մատթեոս 25-ը. «Երբ Աստված գա, կասի,« ես սոված էի, իսկ դու ինձ հաց չտվեցիր, ես ծարավ էի, ինձ ջուր չտվեցիր, ես մերկ էի, ինձ հագուստ չտվեցիր »: Եթե դու դրանք չես արել մարդկանց համար, ուրեմն չես արել նաև ինձ համար»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ