Վրացիները պնդում են՝ Ադրբեջանը միջամտում է վրացական ընտրություններին

Վրացիները պնդում են՝ Ադրբեջանը միջամտում է վրացական ընտրություններին

Հոդվածի առանցքում

  • Վրաստանում անցած տարվա նախագահական ընտրություններից հինգ օր առաջ Մարնեուլիում տեղի է ունեցել փակ հանդիպում, որին մասնակցում էին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը, խորհրդարանի Վրացական երազանք կուսակցության անդամները, Թբիլիսիում ադրբեջանական դեսպանատան պատվիրակությունը, տեղական պաշտոնյաները և համայնքի ղեկավարները: Վրաստանում ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Միասնական ազգային շարժման անդամները, բողոքում էին այն թեյատան դիմաց, որտեղ անցկացվում էր հանդիպումը: «Դուք իրավունք չունեք միջամտել վրացական ընտրություններին», - ասում էին ցուցարարները:

Ուշադրությանն արժանի

 

Անցյալ ամսվա սկզբին ադրբեջանական և վրացական կառավարությունների մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել էին Ադրբեջանի հետ սահմանին և Վրաստանի հարավում գտնվող Մարնեուլի քաղաքում: Նրանք այնտեղ էին «Ինտեգրացիոն կենտրոն» բացելու համար, որը համայնքային կենտրոնի պես մի բան է՝ տարածքի մեծամասնությամբ ադրբեջանցի բնակիչների համար:

Պաշտոնատար անձանց թվում էին Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը, Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանը, Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները և տարածաշրջանի փոխմարզպետ Զաուր Դարգալին: Վրացի պաշտոնյաները իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ էին, իսկ Դարգալին մայիսի 19-ին կայանալիք Մարնեուլիի քաղաքապետի ընտրություններում նրանց թեկնածուն է:

Մարնեուլիը մոտավորապես 80 տոկոսով բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով, մոտակա Քվեմո Քարթլին՝ 42 տոկոսով: Այստեղ Ադրբեջանի ազդեցությունը լայնորեն տեսանելի է: SOCAR-ը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը և Հեյդար Ալիևի հիմնադրամը բարեգործական ծրագրեր են իրականացրել` դպրոցների վերանորոգման և գրքի նվիրատվությունների միջոցով: Սադախլո գյուղի մի դպրոցում պատերից կախված են ավագ Ալիևի դիմանկարները, ոչ թե վրացի պաշտոնյաներինը: Երևում է, թե ինչպես է Բաքուն փորձում ազդել տարածաշրջանում քաղաքականության վրա:

«Ֆուադ Մուրադովը չի եկել ընտրություններից առաջ հենց Ինտեգրացիայի կենտրոն բացելու համար: Դա ուղերձ էր մարդկանց համար, թե ում օգտին պետք է քվեարկեն», -Eurasianet-ի հետ զրույցում ասաց «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղական լրագրող Ջեյհուն Մուհամմադալին:

Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները ևս աշխատում են Դարգալիի համար: «Ընտրողները Դարգալիին տեսնում են քաղաքապետի պաշտոնում» վերնագրով հոդված է հրապարակվել DiasporPress.az կայքում Մարնեուլիի հանդիպումից երեք օր անց:

Ադրբեջանի Սփյուռքի պետական կոմիտեի մամուլի քարտուղարը հերքել է ընտրություններին միջամտելու մեղադրանքները: «Ապրիլի 3-ին Ֆուադ Մուրադովի Վրաստան կատարած այցի վերաբերյալ պնդումները լիովին կեղծ են», – ասել է Աղասի Ասադովը:

Մառնեուլիում «Վրացական երազանքի» մասնաճյուղի ղեկավար Ռուսլան Հաջիևը հերքել է Բաքվի կողմի ցանկացած միջամտության մասին լուրերը:

«Ադրբեջանը երբեք չի միջամտել Վրաստանի ներքին գործերին: Ադրբեջանի պետպաշտոնյաները միշտ այցելում են Վրաստան, որտեղ ապրում են ադրբեջանցիները: Նրանք չպե՞տք է գան, որովհետև ամեն տարի մենք ունենք ընտրություններ: Դա մեր մեղքը չէ: Այսպիսին է իրավիճակը», – ասել է Հաջիևը:

Սակայն տեղացի ակտիվիստները նշում են, որ Բաքվի ներգրավվածությունը Վրաստանի ընտրություններին  երկրի այս մասում Ադրբեջանի աշխատանքի միայն մի օրինակն է:

Վրաստանում անցած տարվա նախագահական ընտրություններից հինգ օր առաջ Մարնեուլիում տեղի է ունեցել փակ հանդիպում, որին մասնակցում էին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը, խորհրդարանի Վրացական երազանք կուսակցության անդամները, Թբիլիսիում ադրբեջանական դեսպանատան պատվիրակությունը, տեղական պաշտոնյաները և համայնքի ղեկավարները:

Վրաստանում ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Միասնական ազգային շարժման անդամները, բողոքում էին այն թեյատան դիմաց, որտեղ անցկացվում էր հանդիպումը: «Դուք իրավունք չունեք միջամտել վրացական ընտրություններին», – ասում էին ցուցարարները:

Հանդիպմանը մասնակցած պաշտոնյաներից մեկը Դարգալին էր, որը լրագրողներին ասել է՝ պատահականություն է, որ հանդիպումը տեղի է ունեցել քվեարկությունից 5 օր առաջ: «Մեր երկրում շատ բաներ համընկնում են», – ասաց նա:

Վրաստանում Ադրբեջանական երիտասարդական միության ղեկավար Լեյլա Մամեդովան նշել է, որ SOCAR-ի պաշտոնյաների տարածաշրջան այցելությունները կարծես թե համընկնում են ընտրությունների հետ: «Ավանդույթ դարձավ: Ինչու է SOCAR- ը միայն ընտրությունների ժամանակ հիշում տարածաշրջանի խնդիրները», – գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

«Ռադիո Մարնեուլիի» լրագրող Ամիլ Մամեդովը հայտնել է, որ աղբյուրները փոխանցել են՝ «նրանք քննարկել են ենթակառուցվածքային նախագծեր, բայց քանի որ հանդիպումը ընտրություններից առաջ էր, խոսել են նաև այն մասին, թե ում օգտին են քվեարկելու»:

SOCAR-ի պաշտոնյաները հերքել են այդ մեղադրանքները: «SOCAR-ը չի միջամտում Վրաստանի և այլ երկրների ներքաղաքական գործընթացներին և խստորեն հերքում է բոլոր անհիմն մեղադրանքները», – ասել է SOCAR-ի Վրաստանի գրասենյակի ղեկավար Մահիր Մամեդովը: «SOCAR-ը կշարունակի հետաքրքրվել Վրաստանում ապրող մեր հայրենակիցների սոցիալական հարցերով և կշարունակի աջակցել նրանց անկախ քաղաքական պատկանելությունից», – հավելել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment