Վրաստանի կառավարությունը փլուզվում է եւ նրա ամենասիրված, արեւմտամետ քաղաքական գործիչը դրան նպաստում է

Վրաստանի կառավարությունը փլուզվում է եւ նրա ամենասիրված, արեւմտամետ քաղաքական գործիչը դրան նպաստում է

Հոդվածի առանցքում

  • Կառավարությունը շեղվում է պետական հաստատությունների ապաքաղաքականացմանն ու օրենքի գերակայությանը հավատարիմ մնալու պարտավորություններից:
  • Վրացական բարեփոխումները ճիշտ ուղու վրա պահելու համար կարող է պահանջվել փոփոխություն կառավարությունում:
  • Ազատ դեմոկրատների եւ հանրապետականների համար միակ տարբերակն է սահմանադրական ճանապարհով ստիպել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ուշադրությանն արժանի

Վերջին երկու տարիների ընթացքում Վրացական երազանքը ստեղծել է ժողովրդավարական եւ սոցիալապես պատասխանատու իրավահաջորդի կերպար: Այն փոխարինում է Սահակաշվիլիի` նորարարարական, բայց դեսպոտ ռեժիմին, որը ծառայեց Արևմուտքին, բայց չպայքարեց աղքատության եւ գործազրկության դեմ: Սակայն Վրացական երազանք կոալիցիայի մեծահոգի կերպարն այժմ վտանգի տակ է: Ներքաղաքական պայքարի շրջանակներում Վրացական երազանքը չպետք է անակնկալի գար: Կոալիցիան հարմարավետության դաշինք էր, քանի որ այն ստեղծվել էր 2011 թ., միավորելով ուժերին, որոնք պատրաստ էին դուրս մղել 9 տարվա կառավարումից ուժասպառ եղած ՄԱՇ-ին:

40-ամյա Ալասանիան կոալիցիայի առաջատար դեմքերից էր, ում պաշտպանության նախարար էր նշանակել Ղարիբաշվիլիի նախորդը` օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին: Ալասանիայի Ազատ դեմոկրատներ կուսակցությունը եւ հանրապետականները` կոալիցիայի 2-րդ կուսակցությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, եղել են կոալիցիայի բարեփոխիչները: Վրացական երազանքի համանուն կուսակցությունը, որը եղել է Իվանիշվիլիի մտահղացումը, կատարել է իր առաքելությունը, երկիրն ազատել է Սահակաշվիլիից: Մեկ տարի անց Իվանիշվիլին նախընտրեց գործել կուլիսների ետևում և վարչապետի պաշտոնում նշանակում է իր նախկին աշխատակցին եւ ներքին գործերի նախարարին, 32-ամյա Ղարիբաշվիլիին: Շարունակելով հավատարիմ մնալ Վրաստանում ընդունված արևմտամետ կուրսին, Վրացական երազանքը շատ զգույշ է Ռուսաստանի հետ հարաբերություններում և պահպանողական ու ազգայնական երկրի ներսում:

Պաշտոնանկությունը հետևեց Ալասանիայի քննադատությանը. նա դատապարտեց հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին պաշտպանության նախարարության 10 պաշտոնյաների ու մեկ նախկին պաշտոնյայի ձերբակալությունները:

Դատախազությունը նրանց ձերբակալել էր` մեղադրելով ենթադրյալ կոռուպցիոն գնումներ կատարելու, և որքան տարօրինակ է, առողջապահական ու սանիտարական ոլորտում թույլ տված անփության համար, ինչ հետևանքով գրանցվել էին հարյուրավոր զինվորների սննդային թունավորման դեպքեր:

Ալասանիան պնդում էր, որ մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն և դրանք կոչեց «միտումնավոր հարձակում պաշտպանության նախարարության վրա»: Ղարիբաշվիլին Ալասանիայի խոսքերը որակեց որպես «լիովին անպատասխանատու» եւ ասաց, որ նախարարը անհարկի քաղաքականացնում է խնդիրը: Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, որը Ալասանիայի կնոջ քույրն է, հետևեց եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման պետական նախարար, Ալասանիայի կուսակցության անդամ Ալեքս Պետրիաշվիլիի օրինակին ու հրաժարական ներկայացրեց:.

Շատ արտասահմանյան դիտորդներ շտապեցին պաշտպանության նախարարության վրա հարձակումը վերագրել ենթադրյալ «ռուսամետ» հակումներ ունեցող Վրացական երազանքին, որն իբր ենթարկվում է Կրեմլի ճնշմանն ու գայթակղությանը: Ալասանիան ձեռնոց նետեց, ձերբակալությունները համարելով «հարձակում Վրաստանի եվրատլանտյան ընտրության» վրա: Մեղադրանքը բարկացրեց հատկապես Ղարիբաշվիլիին, որը Եվրամիության ասոցացման համաձայնագրի բացահայտ կողմնակիցներից է:

Վերջին զարգացումներն իսկապես մտահոգիչ են, ոչ այնքան ենթադրյալ աշխարհաքաղաքական պատճառաբանությունների պատճառով, որքան կասկածներով, որ կառավարությունը շեղվում է պետական հաստատությունների ապաքաղաքականացմանն ու օրենքի գերակայությանը հավատարիմ մնալու պարտավորություններից:Նույն խնդիրներով առաջնորդվելով` Վրացական երազանքը հաղթեց ՄԱՇ-ին:

Պետական ռիսկերի բարեփոխման ձախողումը ավելի շուտ վտանգի տակ է դնում Վրաստանի եվրաատլանտյան ուղղվածությունը, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Վրաստանի ջանքերը: Վրացական բարեփոխումները ճիշտ ուղու վրա պահելու համար կարող է պահանջվել փոփոխություն կառավարությունում, ինչը նշանակում է կամ անհավանական քաղաքական դաշինք Վրացական երազանքի բարեփոխիչների և մրցակիցների` ժողովրդականություն չվայելող ՄԱՇ-ի միջև, կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը բարեփոխիչներին հնարավորություն կտա վերադառնալ իշխանություն իրենց սեփական մանդատներով:

Ալասանիայի հեռացման մասին մանրամասները հայտնի չեն: Հնարավոր է, որ դա կապված է գնումների և սպասարկման ոլորտի հետ: Վրաստանը, հարևան պետությունների նման, պայքարում է կոռուպցիայի եւ կլիենտելիզմի ժառանգության համար: Ալասանիան ունի ազնիվ ու ուղղախոս մարդու հեղինակություն, սակայն խախտումները հնարավոր է, տեղի են ունեցել նրա ղեկավարման ժամանակ:

Ինչևէ, շատ կասկածելի է, որ Վրաստանի բոլոր նախարարություններից միայն պաշտպանության նախարարությունը համարվեց կոռումպացված ու վատ կառավարվող, այն դեպքում երբ նախարարությունը հպարտացել է իր թափանցիկությամբ ու պատշաճ կառավարմամբ:

Մյուսները նույնպես այդ կարծիքին են: Մինչեւ Ալասանիայի պաշտոնանկությունը, արտաքին գործերի նախարար Փանջիկիձեն անսպասելի միջամտել էր գործին` նշելով, որ ինքը «ընդունում է պաշտպանության նախարարի դիրքորոշումը, նախարարը գիտի ինչ է ասում»: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, համակարծիք է` նշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը աջակցում է վրացական բանակին, որը ծառայել է Աֆղանստանում եւ հետապնդում է ՆԱՏՕ-ի հետ սերտ ինտեգրում, «լիարժեք վստահում է նախարար Ալասանիային եւ պաշտպանության նախարարության ողջ ղեկավարությանը»:

Գնումներում ներգրավված Silknet հեռահաղորդակցության ընկերությունը հրապարակել է իր պաշտպանությունը, պնդելով, որ ընկերությունը հաղթել է գաղտնի մրցույթում` բարձր որակի ու բավական էժան առաջարկի համար: Ընկերությունը նախարարությունում պետք է տեղադրի օպտիկամանրաթելային մալուխ:

Նույնիսկ եթե հետաքննության համար հիմքեր կան, դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ է կառավարությունը որոշել շարունակել հետապնդումները «սկզբից ձերբակալություն, հետո հարցաքննություն» սկզբունքով` հիշեցնելով Միասնական ազգային շարժման գործելաոճը:

Արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին, որը Ալասանիայի կուսակցությունից է եւ հետապնդել է ՄԱՇ-ի նախկին պաշտոնյաներին, խիստ քննադատել է դատախազությանը պաշտոնյաներին ձերբակալելու համար` նախարարի գործով բացակայու ժամանակ: Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է գործելու արդարադատությունը, եթե ձերբակալվել են բժշկական սպաներ եւ սպասարկման ոլորտի ղեկավարներ, փոխանակ ենթադրյալ անփութության համար նրանց նկատմամբ համապատասխան կարգապահական միջոցառումներ եւ տուգանքներ սահմանվեին:

Ալասանիային հեռացնելով` Ղարիբաշվիլիին սպառնալից տոնով նշել է, որ պաշտպանության նախարարը «միանշանակ պետք է ազատվեր պաշտոնից», քանի որ «երկու տարի չի կարողացել լուծել զինվորների սննդի հարցը» եւ «իր ընկերներին է շնորհել մրցույթի իրավունքն ու գնումների պայմանագրերը»: Երբ Ալասանիայի կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից որպես բողոքի նշան, Ղարիբաշվիլին նրան կոչեց «դավաճան» եւ «արկածախնդիր»:

Ալասանիան երևելի դեմք է և ավելի բարձր հեղինակություն ունի կառավարության մյուս նախարարների, այդ թվում Ղարիբաշվիլիի համեմատ: Չնայած երկու տարի կա մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, Ազատ դեմոկրատները եւ հանրապետականները, հավանաբար, վարչապետի թիմից առանձին կմասնակցեն 2016-ի խորհրդարանական ընտրություններին, հույսով, որ կկարողանան վերահսկողություն հաստատել Վրաստանի բարեփոխումների կուրսի նկատմամբ:

Եթե Ալասանիայի գործը նախատեսում է կանխել նման քայլը եւ պահպանել կոալիցիան, դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և հետևանքները կարող են ավելի վատը լինել, քան արդեն կան: Սահակաշվիլիի ժամանակ կատարված սահմանադրական բարեփոխումների շնորհիվ, Վրաստանում այժմ կիսախորհրդարանական ժողովրդավարություն է, որտեղ վարչապետը գործում է խորհրդարանական մեծամասնության ցուցումով: Վրացական երազանքը բավարար տեղ ունի իշխանությունը պահելու համար, չնայած որ Ազատ դեմոկրատները հեռացել են իշխող կոալիցիայից: Բայց եթե Ուսուպաշվիլիի հանրապետականներն էլ հեռանան, ապա դա կարող է հանգեցնել կառավարության փլուզման:

Ազատ դեմոկրատների եւ հանրապետականների խնդիրն է այնպես հեռացնել կառավարությանը, որ չվտանգվի իրենց քաղաքական ապագան: Տեսականորեն 19 պատգամավոր կարող է դաշինք կազմել Միասնական ազգային շարժման 51 պատգամավորի հետ և ստանալ մեծամասնություն իշխանությանն անվստահություն հայտնելու համար (պահանջվում է միայն վեց լրացուցիչ ձայն): Նման դաշինքը, սակայն, քաղաքական ինքնասպանության վտանգ է կրում. Ղարիբաշվիլիինն եւ Վրացական երազանքին հասարակական աջակցության մակարդակը դեռևս բարձր է, իսկ վրացիների մեծ մասը Միասնական ազգային շարժումն ընդունում է քաղաքականապես անհուսալի: ՄԱՇ-ի հետ միությունը կարող վարկաբեկել Ալասանիային եւ Ուսուպաշվիլիին, որոնց ժողովրդականությունը մասամբ կախված է հանուն արդարության ՄԱՇ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումից (այդ թվում, Սահակաշվիլին, որն այժմ ապրում է Բրուկլինում`խուսափելով ձերբակալությունից):

Ազատ դեմոկրատների եւ հանրապետականների համար միակ տարբերակն է սահմանադրական ճանապարհով ստիպել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի ուղղակի ընտրված նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարող է լուծարել խորհրդարանը անվստահություն քվեներ ստանալուց հետո: Սա նույնպես ռիսկային է, հաշվի առնելով Վրացական երազանքի ժողովրդականությունը եւ այն փաստը, որ կան թաքնված այլ, ավելի բացահայտ ռուսամետ պահպանողական կուսակցություններ: Բայց այն նաեւ հաղթանակի մեծ հնարավորություն ունի: Երկրի երեք ամենահայտնի քաղաքական գործիչներից երկուսը` (Ղարիբաշվիլին երրորդն է), Ալասանիան եւ Ուսուպաշվիլին կարող են իրենց սեփական քարոզարշավը սկսկել: Այդ հնարավորությունը նրանք չունեին երկու տարի առաջ, երբ Իվանիշվիլիի հովանավորության տակ էին:

Վրացական երազանք կոալիցիան իշխանության եկավ մեկ առաքելությամբ` գահընկեց անել Միացյալ ազգային շարժումը: Նա պետք է կարողանա պետությունը տանել բարեփոխումների միջով, որոնք անհրաժեշտ են եվրատլանտյան ընտրության հաջողության համար: Մինչդեռ դրանք այսօր հարցականի տակ են: Բարեփոխիչները, որոնք աշխատել են կառավարությունում, միգուցե վստահ չեն, որ սեփական ուժերով կարող են հաղթել ընտրություններում: Բայց եթե նրանք իսկապես հավատում են, որ երկրի ապագան վտանգված է, ապա այլընտրանք չունեն: Վրաստանի բարեփոխումները դրանից են կախված:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment