Վրացական կոալիցիան քաղաքական պայքարի արդյունքում թուլանում է

Վրացական կոալիցիան քաղաքական պայքարի արդյունքում թուլանում է

Հոդվածի առանցքում

  • Իրակլի Ալասանիան, իր կուսակցության՝ Կոալիցիան լքելու մասին որոշումը ներկայացնելիս, այդ ՊՆ հետաքննությունը անվանել է «հարձակում Վրաստանի Եվրո-Ատլանտյան ընտրության նկատմամբ:
  • Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ժխտել է այն միտքը, թե Վրաստանը դանդաղեցնում է դեպի Արևմուտք իր քայլերը:
  • Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլենդը նշել է, որ նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ հետապնդումների ծավալը ստիպում է մտածել, որ Վրաստանում դատական համակարգը ծառայեցվում է քաղաքական նպատակներին:
  • Իվանիշվիլին անձամբ մասնակցություն է ունեցել կառավարող կոալիցիայի նիստին և կողմ է ՊՆ գնումների վերաբերյալ հետաքննության անցկացելուն:

Ուշադրությանն արժանի

Արևմտամետ համարվող Ազատ ժողովրդավարական կուսակցությունը չորեքշաբթի լքել է Վրաստանի կառավարական կոլալիցիան՝ դրանով իսկ խորացնելով քաղա­քա­կան ճգնաժամը նախկին խորհրդային այս հանրապետությունում: Դեպքի կապակցությամբ քննադատները անհանգստություն են հայտնում, որ դա կարող է դանդաղեցնել Արևմուտքի հետ Վրաստանի ինտեգրացման տեմպերը:

Կառավարության արևմտամետ անդամների, որոնց թվում է Պաշտպանության հայտնի նախարար և Ազատ ժողովրդավարների կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, կառավարությունը լքելու որոշման պատճառը զինված ուժերում կոռուպցիայի հետ կապված հետաքննության անցկացումն էր, ինչն ըստ Ալասանիայի քաղաքական ենթատեքստ ունի:

Իրակլի Ալասանիան, իր կուսակցության՝ Կոալիցիան լքելու մասին որոշումը ներկայացնելիս, այդ հետաքննությունը անվանել է «հարձակում Վրաստանի Եվրո-Ատլանտյան ընտրության նկատմամբ»՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի հետաքրքրվածությունը և Եվրոպական Միության հետ կապերի ամրապնդումը:

«Հիրավի, սա վատ նորություն է նաև Ազատ ժողովրդավարների համար»,-ասել է կուսակցության անդամներից Վիկտոր Դոլիձեն, ով հեռախոսային հարցազրույցի ընթացքում հաստատել է կոալիցիան լքելու մասին իրենց որոշումը:

«Ինչպես նախկինում, մենք արել ենք հնարավոր ամեն ինչ կոալիցիան պահպանելու համար, սակայն այստեղ խնդիրը վերաբերում է սկզբունքներին»,- շեշտել է նա:

4,5 միլիոնանոց բնակչությամբ Վրաստանը 2008 թ. Միխայիլ Սաակաշվիլու նախագահության օրոք «Հնգօրյա պատերազմի» մեջ մտավ Ռուսաստանի հետ, իսկ «Վրացական երազանք» կուսակցության կառավարման ընթացքում փորձում է վերականգնել Ռուսատանի հետ հարաբերությունները՝ Արևմուտքի հետ համագործակցության ընդլայնմանը զուգահեռ: Հիշեցնենք, որ Վրաստանը, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին հունիսին ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով երեքշաբթի հեռացրել է Ի. Ալասանիային, ժխտել է այն միտքը, թե Վրաստանը դանդաղեցնում է դեպի Արևմուտք իր քայլերը՝ նշելով, որ դրա անդառնալի մեկնարկը այլևս տրված է և մեղադրել է Ալասանիային և նրա միությանը՝ օրինական հետաքննությունը քաղաքականացնելու մեջ:

Ի նշան Ալասանիայի հեռացման դեմ բողոքի՝ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և Եվրոպական և Եվրո-Ատլանտյան ինտեգրման պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլին հրաժարական են տվել: Վրաստանի 150 պատգամավորներից կազմված պառլամենտում Ազատ ժողովրդավարների կողմից կոլալիցիան լքելու որոշման արդյունքում «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարած կոալիցիան մեծամասնություն լինելու համար երեք ձայնի պակաս ունի: Նշենք, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հիմնվել է միայնակ միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից:

Ըստ Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Գիա Նոդիայի կոալիցիան պառլամենտում դեռևս կարող է անկախ պատգամավորների ձայների հաշվին փաստացի մեծամասնություն կազմել, սակայն Նոդիան նշում է նաև, որ եթե այլ կուսակցությունները ևս լքեն կոալիցիան, դա կարող է արտահերթ ընտրությունների պատճառ դառնալ:

«Պարոն Ալասանիան ընկալվում էր որպես Եվրոպական միության և, հնարավոր է նաև, ՆԱՏՕ-ի հետ միության «երաշխավորը», սակայն առայժմ ոչինչ չի վկայում կառավարության կուրսի փոփոխության մասին: Ես չեմ կարծում, որ մենք ճգնաժամային իրավիճակում ենք»,- նշել է պարոն Նոդիան հեռախոսային հարցազրույցի ընթացքում:

Բ. Իվանիշվիլին, ով կատարեց քաղաքականությունը լքելու մասին իր խոստումը 2013 թ. հրաժարվելով վարչապետի պաշտոնից, դեռևս մեծ ազդեցություն ունի: 2012 թ պառլամենտական ընտրություններում տարած հաղթանակից հետո Իվանիշվիլին անցավ նախորդ կառավարության անդամների հետապնդմանը: Մի քանի ամսվա ընթացքում ավելի քան երկու տասնյակ պաշտոնյաներ մեղադրվեցին կաշառակերության, խոշտանգումների և այլ հանցագործությունների մեջ:

Դոլիձեի հաղորդմամբ չորեքշաբթի Իվանիշվիլին անձամբ մասնակցություն է ունեցել կառավարող կոալիցիայի նիստին և արտահայտվել է Պաշտպանության նախարարության գնումների հարցերի վերաբերյալ հետաքննության անցկացման օգտին՝ դրանով իսկ նպաստելով ազատ դեմոկրատների հեռանալուն:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլենդը նշել է, որ չի մեկնաբանում կոնկրետ հետաքննությունների անցկացումը, սակայն ընդգծել է, որ նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ հետապնդումների ծավալը ստիպում է մտածել, որ Վրաստանում դատական համակարգը ծառայեցվում է քաղաքական նպատակներին:

Հունիսին գլխավոր դատախազը նախկին նախագահ Սաակաշվիլու դեմ մեղադրանք առաջադրեց՝ նրան մեղադրելով 2007 թ. նոյեմբերին քաղաքական բողոքի շարժումների ընթացքում իշխանության չարաշահման մեջ: Սակայն այժմ Բրուկլինում բնակվող Սաակաշվիլին նշել է, որ իր դեմ առաջադրած մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի:

Սաակաշվիլու «Ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները ծրագրում են նոյեմբերի 15-ին փողոցային բողոքի ակցիաներ անցկացնել: Հիշեցնենք, որ 2003 թ պառլամենտական ընտրություններից հետո անցկացված զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում Սաակաշվիլին եկավ իշխանության: Դոլիձեն նշում է, որ Ազատ ժողովրդավարները չեն պլանավորում միանալ բողոքի ակցիաներին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment