Որբը հանդիպում է իր պապին․ Ջորջ Սեբուհյանի հուշերը

Որբը հանդիպում է իր պապին․ Ջորջ Սեբուհյանի հուշերը

Հոդվածի առանցքում

  • Նյու Յորքի նախկին պետական համալսարանի պրոֆեսոր և OBSERVER –ի սյունակագիր Ջորջ Սեբուհյանը պատրաստվում էր գրել իր կյանքի պատմությունը, երբ 2013 թ. նրա մոտ ախտորոշվեց Ալցհեյմերի հիվանդությունը: Երեք տարի անց նա մահացավ, թողնելով հետազոտական նշումների, բանաստեղծությունների և հուշերի հարյուրավոր էջեր: Նրա որդին `Դամիան Սեբուհյանը, պատասխանատվություն է ստանձնել ավարտել ու տարածել թեմատիկ հոդվածների հիման վրա գրված իր գործերը, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Ջորջ Սեբուհյանի կյանքն ու ժամանակները իր իսկ խոսքերով:

Ուշադրությանն արժանի

 

Սուլող հայը

Հայրս 9 տարեկան էր, երբ իմացավ, որ ազգանունը հայկական է: Մինչև այդ նա չէր լսել այդ բառը, առավել ևս, չգիտեր հայերի մասին:

1940 թվականն էր, Բրոնքսում, նույն տարին, երբ Cincinnati Reds-ը յոթ խաղում պարտության մատնեց Detroit Tigers-ին` երկրորդ անգամ հաղթելով World Series-ում: Նույն տարին Ֆրանսիան վեց շաբաթվա ընթացքում հանձնվեց նացիստական Գերմանիային: Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը մոլեգնում էր օվկիանոսից այն կողմ, պատանի Ռոյը, ում մայրը լքել էր նրան 1931 թ.-ին, թերթ էր բաժանում և ապրում էր իր երրորդ խնամակալ ընտանիքում:

Մի փոքրիկ մթերային խանութ կար անկյունում, ուր մտնում էի ամեն շաբաթ կեսօրին, թերթերը բաժանելուց հետո: Սեփականատերը բարի մարդ էր, միշտ մեղմ էր խոսում և կարծես երջանիկ էր, որ տեսնում էր ինձ: Նա նույնիսկ գովում էր ինձ իր մյուս հաճախորդների մոտ, ինչն ինձ շփոթեցնում էր:

Մի օր նա հարցրեց, թե ինչու է ազգանունս տարբերվում իտալացիներից, որոնց հետ ապրում եմ: Ես ասացի, որ որբ եմ և ծնողներիս չեմ ճանաչում: Նա մտահոգվեց, վաճառասեղանի վրայով առաջ հակվեց ու ասաց, որ ազգաանունս հայկական է: Ես վախեցա: Երբեք չէի լսել այդ բառը, չգիտեի, թե դա ինչ է նշանակում: Այնքան տարօրինակ էր:

Նա հարցրեց. «Որևէ հայի ճանաչու՞մ ես»:

Ես շփոթված էի: «Ովքե՞ր են հայերը»:

«Ինչո՞ւ է ազգանունդ հայկական: Չգիտեի՞ր, որ դա հայկական է:Նրանք քեզ չէի՞ն ասել»:

Հետո նա պատմեց, որ Հայաստանը երկիր է, շատ հայեր Ամերիկա են եկել թուրքերի պատճառով և ես պետք է հպարտանամ, որ հայ եմ: Նա ենթադրեց, որ ինչ-որ դեպքի պատճառով եմ որբ մնացել, բայց պնդեց, որ չմոռանամ հայկական արմատներիս մասին: Իր ազգանունով նա հայտարարեց հայկական ծագումը և բացատրեց, որ «ian» -ով ավարտվող բոլոր անունները հայկական են:

Ես տուն գնացի և  ոչ մեկին չպատմեցի այդ զրույցի մասին: Ուզում էի այն մտքիցս հանել: Ամբողջովին չհաջողվեց, բայց կարողացա երկար ժամանակ թաղված պահել: Դրա մասին հիշում էի, երբ մտածում էի իսկական մորս մասին: Ինչպիսի՞ն է նա, ինչպիսի՞ն կլիներ կյանքը նրա հետ,  արդյո՞ք դա կփոխեր ինձ: Ես նրան ինչպե՞ս կկոչեի՝ «մայր» կամ «մա» կամ «մայրիկ»:Մտածում էի, որ լավ է իսկական մայր ունենալը,  միևնույն ժամանակ դա ինձ վախեցնում էր: Հայ լինելը վատ երազի նման բան էր դարձել:

Երեք տարի անց, Ռոյի վատ երազը իրականություն դարձավ, երբ նա առաջին անգամ հանդիպեց հորը և իր ու հոր կամքին հակառակ տեղափոխվեց նրա տուն: Պետությունը պարտադրել էր Ռոյի հորը՝  Ջորջ Սեբուհյան ավագին ընտրել՝ կամ 12 տարվա ալիմենտ էր վճարում, կամ տան դռները բացում էր երիտասարդ Ռոյի առաջ ու կատարում իր հայրական պարտականությունները: Ջորջ ավագը, որը ծովային առևտրական էր և կիսապրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, չէր թաքցնում, որ երեխայի խնամակալության պատասխանատվությունն իր սրտով չէ:

Բարեբախտաբար, Ռոյի պապիկը`Հովհաննես Սեբուհյանը այնքան բարյացակամ էր ու ջերմ նրա հանդեպ, որքան հայրը սառն էր ու անտարբեր: Հենց պապից էլ Ռոյը շատ բան իմացավ հայերիի մասին:

Հայրս գրում էր, որ նա միշտ կատակում էր ու սովորաբար, հայերեն: Նա սիրում էր բառախաղը, մի լեզվից մյուսն էր անցնում: Երբ հինգշաբթի երեկոյան տատիկի մոտ հավաքվում էին, նրա ձայնը լսվում էր հյուրասենյակից, որտեղ հյուրերը զրուցում էին ու ծիծաղում: Չնայած չէի հասկանում նրա հայերենը, բայց գիտեի, որ կատակները չափը չէին անցնում: Տատիկն ասում էր, որ դրանք սարսափելի են, բայց բոլորի նման բարձր ծիծաղում էր: Միասին ռամի էինք խաղում ու նա միշտ հաղթում էր: Ինչպես կարող էի հաղթել մի մարդու, որն ընկերների հետ տարիներ շարունակ կարտ է խաղացել, մարդու, որն ասում էր, թե ինչ խաղաքարտեր ունեմ, երբ փորձում էի կարևոր քայլ անել:

Բայց ես սիրում էի նրան, նրա հաղթական ծիծաղը, սիրում էի, որովհետև պարզապես վայելում էր երկուսիս անհամապատասխանությունը՝  պզուկոտ երեսով փոքրիկն ընդդեմ ճաղատացող ծերուկի: Ես նույնիսկ նրա սուլոցն էի սիրում: Այն հատուկ մեղեդի չուներ, կարող էր երկար սուլել առանց շնչելու կամ էլ նույնիսկ շնչելու ժամանակ: Դա տխուր, շատ տխուր հնչյուն էր:

Այդ  ձայնը հետագայում հայրս հայտնաբերեց դուդուկը (հայկական ֆլեյտա ) լսելիս: Սկավառակը նվիրել էր հորս սիրելի գործընկեր դոկտոր Մինդա Ռեյ Ամիրանը: Հայտնի երաժիշտ Ջորդի Սավալը մի անգամ ասել է, որ դուդուկից հնչած երաժշտությունը «ազդում է ինչպես իսկական բալասան, միաժամանակ զգայական ու հոգևոր, շոշափում է մարդկային հոգին, նրբորեն բուժում է բոլոր վերքերն ու վշտերը»:

Ինչո՞ւ էր այդքան տխուր: Ես իսկապես չգիտեմ: Գուցե դա պայմանավորված էր այն շեղված կիրակի օրերով, որոնք, կարծես, երբեք չեն պատկանել այդ շաբաթվան, այն միջանկյալ ժամերով, որոնք անխուսափելիորեն այնտեղ էին, որոնց կարող էիք մեծ անհամբերությամբ սպասել:

Նյու Յորքի նախկին պետական համալսարանի պրոֆեսոր և OBSERVER –ի սյունակագիր Ջորջ Սեբուհյանը պատրաստվում էր գրել իր կյանքի պատմությունը, երբ 2013 թ. նրա մոտ ախտորոշվեց Ալցհեյմերի հիվանդությունը: Երեք տարի անց նա մահացավ, թողնելով հետազոտական նշումների, բանաստեղծությունների և հուշերի հարյուրավոր էջեր:

Նրա որդին `Դամիան Սեբուհյանը, պատասխանատվություն է ստանձնել ավարտել ու տարածել թեմատիկ հոդվածների հիման վրա գրված իր գործերը, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Ջորջ Սեբուհյանի կյանքն ու ժամանակները իր իսկ խոսքերով: (Նշում. մանկության տարիներին նրա հայրը հայտնի էր որպես Ռոյ):

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment